27
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել «ՎՏԲ Բանկ»-ի գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ իրականացվող գործնական ծրագրերն ու արդյունավետ համագործակցությունը գործընկերության դաշտն ընդլայնելու նոր հնարավորություններ են ընձեռում:

Անդրադառնալով «ՎՏԲ Բանկ»-ի զարգացման առաջիկա ծրագրերին, Անդրեյ Կոստինն ասել է, որ Բանկը Հայաստանը համարում է ամենակայուն եւ հեռանկարային ներդրումային միջավայր ունեցող երկրներից մեկը, հետեւաբար մտադիր է տարբեր ոլորտներում ներդրումային որոշակի փոխշահավետ նախագծեր իրականացնել: Բանկի նախագահը գոհունակությամբ է խոսել մեր երկրում գործունեություն ծավալած «ՎՏԲ Բանկ»-ի հաջողությունների մասին:

Անդրադառնալով Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանն ուղղված վարկային ծրագիրն ու դրա վերաբերյալ «Թեղուտ» ԲԲԸ-ի հետ ստորագրված համաձայնագրին, Անդրեյ Կոստինն այն գնահատել է Հայաստանում բանկի գործունեության ընդլայնման ուղղությամբ կարեւոր քայլ, եւ նշել, որ սա Բանկի կողմից ԱՊՀ տարածքում երբեւէ տրամադրված խոշորագույն վարկային ծրագիրն է:

← Վերադառնալ