Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին
Տկն Քաու, Նորվեգիա ԵԺԿ խմբի անունից.
-Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, Եվրոպայի խորհուրդ այցելելու համար: Պարո՛ն նախագահ, Ձեր նախագահության տասնամյակը մոտենում է ավարտին: Ամփոփելով այս տարիները՝ կարո՞ղ եք նշել Հայաստանի հիմնական ձեռքբերումն իր եվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով նաև վերջին պայմանագիրը, որ ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև, որի մասին նշեցիք Ձեր ելույթում: Շնորհակալություն:
-Շնորհակալ եմ: Եթե նկատի ունեք Հայաստանի եվրոպական օրակարգը, ապա պետք է ասեմ, որ այս տասը տարիների ընթացքում Հայաստանն իրոք ունի լուրջ ձեռքբերումներ ինչպես երկկողմ հարաբերություններում եվրոպական երկրների հետ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում: Ինչպես նշեցի՝ և՛ 2016, և՛ 2017 թվականների նախարարների կոմիտեն, ե՛ւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն իրենց զեկույցներում արձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար: Որպեսզի շատ երկար այս առումով չխոսեմ, ուզում եմ ուղղակի մեկ օրինակ բերել: 2008 թվականին, երբ որ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք և շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ Եվրոպայի խորհրդի հետ, և մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ դրանից տասը տարի անց մենք արդեն խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերություններին, ապա, ինչպես նշեցի, մենք ընդամենը երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին, Եվրամիության հետ ստորագրեցինք համագործակցության նոր պայմանագիր, որը շատ լավ հեռանկարներ է բացում Հայաստանի զարգացման համար: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում՝ անկախ նրանից՝ եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Ուստի մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ, եվրոպական կառույցների հետ, բխում է մեր համոզմունքից, և որևէ մեկը մեզ չի պարտադրում: Շնորհակալ եմ:
Տկն Դորիս Բարնեթ, Գերմանիա, սոցիալիստների խմբի անունից.
-Շնորհակալություն: Հարգարժան պարոն նախագահ, Ձեր երկրի, բայց և Ադրբեջանի ներկայացուցչի հետ զրույցները ցույց են տվել, թե ինչպիսի լուծում են ցանկանում տեսնել երկու կողմերը այս ավելի քան 26 տարի տևող հակամարտության համար:
Այդ ուղղությամբ արված առաջարկությունները ոչ թե փաթեթ, այլ առանձին քայլեր են, որոնք իրարից չեն առանձնացվում:
Կարո՞ղ ենք մենք՝ որպես խորհրդարանական վեհաժողով, որը կողմ է երկխոսությանը և փոխըմբռնմանը, աջակցել և առաջարկել Ձեզ և Ադրբեջանի նախագահին հակամարտության խաղաղ կարգավորման ուղի գտնել, որը երկու երկրներին կապահովի համատեղ լավ ապագա:
-Շատ շնորհակալ եմ: Անշուշտ, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները ցանկանում են, որպեսզի հնարավորինս շուտ այս հակամարտությունն ավարտվի, բայց այստեղ խնդիրն այն է, որ այդ ցանկությունների միջև հսկայական տարբերություն կա: Ի՞նչ կարող եք դուք անել, ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ես կարծում եմ, որ բանակցությունների խոչընդոտը հիմնականում հանդիսանում է Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքները բանակցությունների ելքից: Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվելու պատրանքներից և գալու իրատեսական դաշտ, ապա մենք, կարծում եմ, որ կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Իրոք, այս կոնֆլիկտը խոչընդոտում է մեր ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ, և իրոք, անհրաժեշտություն կա, որ այս հակամարտությունը լուծվի:
Գիտեք, բանակցային պրոցեսին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ, ցավոք սրտի, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Ինչպես գիտեք, 2016 թվականին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց՝ նպատակ ունենալով զենքի ուժով իր կազմ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Դրանից հետո մենք ունեցանք հանդիպումներ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Ժնևում, և այդ հանդիպումներին՝ առաջին երկուսին գոնե, մասնակցում էին շատ բարձր մակարդակով պաշտոնյաներ՝ միջնորդներ համանախագահ երկրներից, և մենք եկանք պայմանավորվածության, որ բանակցությունները շարունակելու լավագույն միջոցը վստահության որոշակի էլեմենտներ ստեղծելն է, և այդ առումով որոշեցինք ստեղծել հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմ, ընդլայնել որոշ չափով ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի լիազորություններն ու գործիքակազմը, թուլացնել լարվածությունը, բայց, ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, որովհետև այդ հանդիպումներից հետո անմիջապես Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, որ դրանք համանախագահների հայտարարություններն են, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: Այսպիսի պարագաներում, իհարկե, ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ: Պատասխանելով Ձեր հարցին՝ ուզում եմ ասել, որ մենք խնդրում ենք բոլորին՝ կողմերին բերել իրատեսական դաշտ:
Պրն Թուրքեշ, Թուրքիա, Եվրոպայի պահպանողականների խմբի անունից.
-Պարո՛ն նախագահ, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև կան ստորագրված արձանագրություններ, կարծում եմ, որ դա որևէ մեկի օրակարգում չէ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական հարաբերություններում լճացումը շարունակվելու է տեսանելի ապագայում: Արդյոք հնարավո՞ր է՝ Ձեր երկրում մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանը որևէ քայլ կատարի, որը ցույց կտա նրա մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները տարածաշրջանում:
-Գիտեք, մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու: 2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև, բանակցություններն ինտենսիվ շարունակվեցին, և մենք Շվեյցարիայում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք երկու փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին: Մինչ բանակցություններ սկսելը և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների, բայց, ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է, և հիմա էլ՝ մինչև այսօր էլ, այդ փորձերը շարունակվում են, նախապայմաններ առաջադրել: Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել. բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը, իսկ փաստաթուղթ ստորագրելուց հետո էլեմենտար բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա արդեն ինը տարի անց նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյոք երկրների միջև հարաբերություններ հաստատելը պե՞տք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է, որ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին, իսկ թուրքական կողմը, նորից եմ կրկնում, նախապայմաններ է առաջադրում:
Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել: Այո՛, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության և տնտեսական առումով, և այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ: Ուղղակի շատ ցանկալի կլինի, անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն, առ ոչինչ են հայտարարվելու, որովհետև անիմաստ են դրանք:
Կարծում եմ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում կայունությունը՝ այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան միակ պետությունն էր աշխարհի, ով սատարեց այդ ռազմական գործողությունները, և նախագահի ու վարչապետի մակարդակով չորս օրում հինգ հայտարարություն ընդունվեց՝ ի պաշտպանություն Ադրբեջանի: Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի: Հարաբերություներ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների:
Տկն Ռոդրիգես Էռնանդես, Իսպանիա ԱԼԴԵ խմբի անունից.
-Պարո՛ն Նախագահ, եթե խոսենք ավելի գործնական և անդրադառնանք Հայաստանի և Եվրոպայի միջև ասոցացման համաձայնագրին, մինչ այս պահը ինչպիսի՞ առանցքային միջոցներ են ձեռնարկվել կոռուպցիայի, բռնության, հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Եվ անդրադառնալով ներկայիս համաձայնագրին, որը, բոլորիս համոզմամբ, առավել հավակնոտ է, ի՞նչ տարբերություն կա այս համաձայնագրի և նախորդի միջև, ի՞նչ զգալի բարեփոխումներ են արձանագրվել, ո՞ր բարեփոխումներն են առավել հավակնոտ, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի այս նոր համաձայնագիրը իրականություն դառնա և առավել հավակնոտ լինի: Շնորհակալություն:
-Ես իմ ելույթում շատ կարճ անդրադարձա այն աշխատանքին, որ մենք Հայաստանում կատարել ենք կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, և պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, մեր աշխատանքները շատ մեծ արդյունքներ չեն տվել և այդ զազրելի երևույթը գոյություն ունի նաև Հայաստանում: Ինչպես ասացի, մենք նախորդ տարի օրենք ենք ընդունել և կոռուպցիան կանխարգելելու հանձնաժողով ենք ստեղծել, և այդ օրենսդրությունն ամբողջովին համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին: Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրեն մեր խորհրդարանականները ապրիլի 9-ից հետո, երբ ամբողջովին ուժի մեջ կմտնեն նոր Սահմանադրության դրույթներ: Ինչպես ասացի, մենք ընդունել ենք օրենք ազդարարության և ազդարարների պաշտպանության մասին, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 500-ին մոտ հայաստանցի պաշտոնյաներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, ինչը փոքրիկ Հայաստանի համար հսկայական թիվ է: Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն՝ ամուր քաղաքացիական հասարակությունը, և այդ քաղաքացիական հասարակությունն էլ իր ներդրումն է բերում այդպիսի հանցագործությունները բացահայտելու և այն կանխարգելելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պատիժներին, ապա պետք է ասեմ, որ ամեն տարի Հայաստանում անգամներով ավելի շատ քրեական գործեր են հարուցվում և դատավճիռներ են կայացվում՝ կապված կոռուպցիոն հանցագործությունների հետ: Եթե Դուք նկատի ունեք նաև ընդհանուր հանցագործությունները, ապա պետք է ասեմ, որ 2017 թվականին Հայաստանում գրեթե 20 տոկոս կրճատվել են ծանր հանցագործությունները և հատկապես ծանր հանցագործությունները՝ խոսքս սպանությունների մասին է, խոսքս այլ ծանր հանցագործությունների մասին է, և Հայաստանի իրավապահ համակարգն իրոք շատ լուրջ պայքար է տանում հանցավորության դեմ: Ինչո՞վ է տարբերվում Եվրամիության հետ ստորագրած այս համաձայնագիրը նախկինից: Այստեղ հնարավորությունները շատ ավելի մեծ են: Մենք նախորդ համաձայնագրով, իհարկե, գործողությունների ծրագիր էինք նախատեսել, և ինչպես Եվրոպայի խորհուրդը, այնպես էլ Եվրամիությունը մեր բարեփոխումների աջակիցն են՝ փորձագիտական և տեխնիկական աջակցության առումներով: Այսօրվա ստորագրած համաձայնագիրն իրավական փաստաթուղթ է, որ պետք է վավեցրացվի ինչպես Հայաստանի խորհրդարանի կողմից, այնպես էլ Եվրոպայի անդամ, կարելի է ասել արդեն 27 երկրների խորհրդարանների կողմից, որտեղ տեղ են գտել գրեթե մեր կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող դրույթներ, և դրանք արդեն ունեն օրենքի մակարդակ: Մենք վստահ ենք, որ Եվրամիության հետ մեր համագործակցությունը խորանալու է, որովհետև մենք Եվրոպայի կառույցների հետ, եվրոպական կառույցների հետ համագործակցում ենք ոչ թե նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին ցույց տանք՝ ասենք՝ տեսեք մենք համագործակցում ենք այս կառույցների հետ, այլ որովհետև մենք մեզ համարում ենք եվրոպական արժեհամակարգի կրողներ: Շնորհակալ եմ:
Պրն Սիկոգիոս, Հունաստան.
-Պարո՛ն Նախագահ, անցումը խորհրդարանական համակարգին ի՞նչ ազդեցություն է ունենալու օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Եվ երկրորդը, ի՞նչ ազդեցություն կունենա նոր Սահմանադրությամբ ամրագրված մասնավորեցման և ազատականացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ ազատական քաղաքականությունը՝ կիրառման դեպքում, հանգեցնում է անհավասարության և սոցիալ-տնտեսական իրավունքների խախտման:
Այս համատեքստում կառավարությունը ի՞նչ հակամիջոցներ է ձեռնարկելու:
-Ես կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների տրամաբանական շարունակությունն էր: Մեր խորին համոզմամբ, խորհրդարանական կառավարումը ավելի ներառական կառավարում է, ավելի թափանցիկ կառավարում է և ավելի է համապատասխանում ժողովրդավարության զարգացման տեսլականին: Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ հարցը ես մի քիչ չհասկացա կամ լավ չթարգմանվեց: Պիտի ասեմ, որ մեր կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Խորհրդարանական համակարգը ավելի մեծ ազդեցություն է ունենալու քաղաքացիական հասարակությունից: Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալու ավելի հաշվետվողական լինել: Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալու ավելի սերտ համագործակցել մեր եվրոպական գործընկերների հետ:
Պրն. Ֆուրնիե, Ֆրանսիա, ԵԺԿ խմբի անունից.
-Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ինչպե՞ս է Հայաստանը համադրում մի կողմից իր մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերությանը և մյուս կողմից իր անդամակցությունը Եվրասիական միությանը: Եվ ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:
-Գիտեք, ես կարծում եմ, որ մենք արդեն համատեղում ենք, և մենք կասկած չունենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով, կարելի է վստահորեն առաջ շարժվել: Գիտեք, մենք 2010, 2009 թվականներից ենք բանակցում Եվրոպական միության հետ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, և այդ ժամանակաշրջանը համընկավ Եվրասիական տնտեսական միության հետ մեր բանակցություններին: Ե՛վ Եվրասիական տնտեսական միության պատասխանատուները, ե՛ւ Եվրամիության պատասխանատուները շատ հստակ գիտեին, որ երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում է բանակցային գործընթաց: Եվ սկզբնական փուլում ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը ողջունում էր մեր մոտեցումը: Բայց եկավ մի ժամանակահատված, երբ Եվրամիության մեր գործընկերները համարեցին, որ անհնար է համատեղել այդ երկու ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը: Եվ մենք ստիպված եղանք որոշում կայացնել անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, որովհետև Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված էր Եվրասիական տնտեսական միության տնտեսություններին, մենք ունեինք բազմադարյա հարաբերությունների պատմություն, բարեկամություն և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մինչև 80 տոկոսը, կողմնակից էր Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցելուն: Բայց պետք է ասեմ ի պատիվ Եվրամիության պաշտոնյաների, որ ժամանակը զգալի փոփոխություններ մտցրեց մտածելակերպում, և արդեն Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում որոշում կայացվեց տարբերակված մոտեցման: Որոշում կայացվեց, որ իրոք հնարավոր է համատեղել տարբեր ինտեգրացիոն կառույցներում մասնակցությունը: Եվ մենք սկսեցինք ինտենսիվ բանակցություններ, և ինչպես տեսնում եք, մենք եկանք ճիշտ հանգրվանի և նոյեմբերի 24-ին ստորագրեցինք համաձայնագիր և Եվրամիության հետ: Իմ կարծիքով՝ այս համատեղելու նախապայմանը շատ պարզ մի բան է. պետք է անկեղծ լինել գործընկերների հետ և չթաքցնել բանակցությունների ընթացքը և պարտավորությունները, և եթե մի ինտեգրացիոն գործընթացներում ձեր պարտավորությունները չեն հակասում մեկ այլ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին, ապա ինչո՞ւ չի կարելի համագործակցել: Ես կարծում եմ, որ մենք այդ փորձը ունենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի լիիրավ անդամ լինելով, համագործակցելով նաև ՆԱՏՕ-ի հետ: Եվ այդ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Ես կարծում եմ, որ ապագայում սերտ համագործակցություն է լինելու Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև: Ապագան այդ համագործակցությանն է: Այն խնդիրները, որ այսօր կան և կարող են առաջանալ նաև վաղը, զարգացմանը չեն օժանդակում: Դրանք մեծ ռեսուրսներ են խլում, իսկ այս ռեսուրսները կարելի է օգտագործել մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Շնորհակալ եմ:
Պրն Սեյիդով, Ադրբեջան, Եվրոպայի պահպանողականների խմբի անունից.
-Դուք նշեցիք, որ Ադրբեջանի դեմ տարվող պատերազմի առաջնորդն եք եղել: Ինչո՞ւ Դուք չհիշատակեցիք Խոջալուի կոտորածի մասին, որի ժամանակ երեխաները, տարեց անձինք, կանայք, մոտավորապես 800 հոգի սպանվել է հայերի կողմից: Ինչո՞ւ Դուք չնշեցիք Լեռնային Ղարաբաղում և շրջակա յոթ շրջաններում իրականացված 100 տոկոսանոց էթնիկ զտումների մասին: Իսկ այժմ Դուք փորձում եք մոլորեցնել միջազգային հանրությանը: Ինչպե՞ս եք կարողանալու կազմակերպել ձեր քաղաքականությունը, եթե պատրաստ չեք կատարելու ոչ այս, ոչ էլ այլ կազմակերպության բանաձևերը: ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը և բոլոր միջազգային կազմակերպություններն ասել են ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին, իսկ Դուք պատրաստ չեք ընդունել այս կազմակերպություններից ոչ մեկը: Սա՞ է արդյոք դիտարկման հայկական տարբերակը...
-Գիտեք, ես նախ Ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի: Թե ինչո՞ւ ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Եվ, գիտեք, ես շատ ափսոսում եմ, ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, դա տանջանք է, և կարծում եմ՝ ինչ-որ մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ որ ունեն հայերը: Գիտեք, սա անթույլատրելի մի բան է, ձեր ինչի՞ն է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել և հատկապես հայերի կողմից չի եղել:
Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Դուք սխալվում եք: Չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դուք ընկղմվում եք մի թեմայում, իրոք ընկղմվեք և ուսումնասիրեք, աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին, 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձև ԼՂ հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ չորս բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը ռազմական գործողությունները դադարեցնելու: Եվ մենք ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների՝ կատարել ենք այդ պարտավորությունը: Իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել այդ ռազմական գործողությունները, և ինչպես գիտեք, 1994 թվականին արդեն ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ և ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ազդեցության տակ: Բայց, ցավոք սրտի, այդ պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում: Եվ այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Եվ ինչպես նշեցի՝ բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը:
Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ: