01
08, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ԻՌՆԱ իրանական պետական լրատվական գործակալությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությանը:

-Ինչպե՞ս եք գնահատում ԻԻՀ և ՀՀ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական հարաբերությունները և ի՞նչ ծրագրեր կան դրանց մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

-Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։ Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց հանդեպ:
Հայաստանը և վստահ եմ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնը ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, ինչը վերահաստատվեց նաև իմ իրանցի գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում համընդգրկուն փոխգործակցության հետագա ամրապնդման ու խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ուղղություններով։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԻԻՀ և ՀՀ միջև միջպետական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Կարծում եմ, որ միջպետական հարաբերություններում մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր կամ որևէ սահմանափակում դրանք զարգացնելու համար:

Սակայն մեր գնահատմամբ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար գոյություն ունեցող մեծ ներուժը՝ լինի դա առևտրաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումային, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման առումներով:

Մշակութային ոլորտում ևս սերտ համագործակցում ենք: Երկու երկրների մշակութային ոլորտը համակարգող գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են գրահրատարակչության, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման բնագավառները, թանգարանային և գրադարանային գործը: Երբ մենք ասում ենք, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, դրանք սոսկ խոսքեր չեն: Մենք բարձր ենք գնահատում , որ Իրանում միշտ խոր հարգանքով են վերաբերվում մեր մշակութային ժառանգությանը, վերականգնում են մեր հին հուշարձանները, եկեղեցիները. դրանցից մի քանիսն ընդգրկված են համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որոնցից ամենահինը թվագրված է 7-րդ դարով: Իր հերթին, Երևանում վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապույտ մզկիթը և նախատեսվում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

-Ի՞նչ կասեք Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի հայաստանյան ճանապարհային հատվածի կառուցման ծրագրերի մասին: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը այդ միջանցքի վերաբերյալ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Մեր երկկողմ հարաբերություններում, կարծում եմ, զգալի տեղ կարող է զբաղեցնել տրանսպորտի բնագավառում համագործակցությունը, որի մաս է կազմում Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ինչը չի սահմանափակվում միայն երկկողմ ձևաչափով, այլ հստակ տարածաշրջանային ուղղվածություն ունի: «Պարսից ծոցից - Սև ծով ճանապարհային միջանցք» անվանումը կրող տարանցիկ ճանապարհային ցանցի ստեղծման ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում զարգացնելու Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի ենթակառուցվածքային ծրագրերը, նպաստելու համագործակցող երկրների տնտեսական զարգացմանը:

Մեր այս տեսլականում նախատեսվում են նաև մուլտիմոդալ փոխադրումների իրականացման ծրագրերը` ուղղված Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

Ինչ վերաբերում է միջազգային տրանսպորտային այդ միջանցքի հայաստանյան ճանապարհային հատվածին, ապա նշեմ, որ Հայաստանի իշխանությունները մեծածավալ աշխատանքներ են իրականացնում՝ դրանք ավելի բարեկարգելու և տարանցիկ հնարավորությունները բարձրացնելու նպատակով: Նմանատիպ նախաձեռնություններից է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը: Հատելով Հայաստանի ամբողջ տարածքը հարավից մինչև հյուսիս՝ այն միանում է Փոթիի և Բաթումի նավահանգիստներ տանող ճանապարհին, նաև՝ դեպի Ռուսաստան, ԱՊՀ և եվրոպական երկրներ ձգվող վրացական ճանապարհի հարավային հատվածին: Շահագործումից հետո այս ուղին էապես կկրճատի ՀՀ տարածքում ճանապարհի վրա ծախսվող ժամանակը և կմեծացնի տարանցման հնարավորություններն ու որակը: Այն հնարավորություն կտա իրանական ապրանքներին նվազագույն ծախսերով, անվտանգ ուղիով և կարճ ժամկետներում մուտք գործել եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցումն այլ երկրներից:

-Նկատի ունենալով վիզայի ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջև երթևեկության ու զբոսաշրջիկների թվի աճը, Հայաստանի կառավարությունը ի՞նչ ծրագրեր ունի երկկողմ և բազմակողմ, այդ թվում նաև առողջապահական, զբոսաշրջության ոլորտում:

-Կարծում եմ՝ վիզայի ռեժիմի չեղարկումը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից դա հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր կապերը էլ ավելի խորացնելուն միտված քայլ էր, մյուս կողմից, իհարկե, դա կնպաստի մեր երկու հարևան պետությունների միջև փոխգործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում՝ տնտեսական, ներդրումային, զբոսաշրջության և այլն: Առանց վիզայի ռեժիմի սահմանումն արդեն իսկ տվել է իր արդյունքը. Նախորդ տարիների համեմատ Իրանից ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի զգալիորեն աճել է:

Հայաստանում զբոսաշրջությունը դիտարկվում է տնտեսական գերակա ուղղություններից մեկը. մենք Հայաստանի համար նոր հեռանկարային ուղղություններ ենք մշակում, քայլեր ենք ձեռնարկում մեր երկիրը զբոսաշրջիկների համար, այդ թվում իրանցի, ավելի գրավիչ դարձնելու համար: Ի թիվս այլ միջոցառումների՝ մենք աշխատում ենք, որպեսզի յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար Հայաստան ժամանումը հարթ անցնի բոլոր առումներով: Այդ նպատակով անընդհատ բարելավում ենք առկա ենթակառուցվածքները և կառուցում նորերը, փորձում ենք մեր երկրում առկա մշակութային և ժամանցային հնարավորությունները մատչելի դարձնել այցելուի համար: Կարծում եմ՝ մեր երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե չսահմանափակվի միայն երկկողմ հարթակով: Հայաստան-Իրան տարածաշրջանային միասնական զբոսաշրջային ներուժի լիարժեք իրացումը և միջազգային շուկայում պատշաճ ներկայացումը շահավետ կլինի բոլոր կողմերի համար:

-Էլեկտրաէներգիայի արտադրությունը և տարանցումը երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է: Ներկայումս իրականացվում է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիր: Ինչպե՞ս եք գնահատում այս համագործակցության ապագան, նկատի ունենալով տարածաշրջանային էներգետիկ միջանցքի ստեղծումը, գազի և էլեկտրաէներգիայի տարանցման հնարավորությունները:

-Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը կարևոր է ոչ միայն տնտեսական շահավետության առումով, այլ նաև երկու երկրների էներգետիկ անվտանգության տեսակետից: Ներկայումս գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները սահմանափակվում են երկու երկրների միջև առկա էլեկտրահաղորդման գծերի թողունակությամբ, որի բարձրացման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման միջոցով:
Այս ասպարեզում ծրագրերի իրականացումը կընդլայնի ոչ միայն համագործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում, այլ նաև թույլ կտա զարգացնել համագործակցությունը գազի ներկրման և հետագայում գուցե նաև տարանցման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ կա նաև Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ծրագիր:

-Նկատի ունենալով իրանական ընկերությունների կարողություններն ու մեծ փորձը արտերկրում, ինչպես նաև Հայաստանում, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, ի՞նչ արտոնություններ կարող են տրամադրվել վերջիններիս հայաստանյան նախագծերին մասնակցելու համար:

-Մենք կարևորում ենք իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան ենթակառուցվածքային ծրագրերին։ Եվ այս առումով առանցքային է մեր իրանական գործընկերների համար Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը: Տվյալ ուղղությամբ էական ձեռքբերում էր ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը, որը նաև հայ և իրանցի գործարարներին համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնելու աշխատանքներ կիրականացնի։

Ինչ վերաբերում է հատուկ արտոնություններին, ապա ներկայումս մշակվում է պետության-մասնավոր գործընկերության օրենսդրական դաշտը, որի շրջանակում նաև կսահմանվեն կոնկրետ արտոնություններ՝ ընկերությունների համար պետության-մասնավոր գործընկերության ծրագրերը շահավետ դարձնելու նպատակով։

-ԻԻՀ-ի համար Հայաստանը ԵԱՏՄ մուտք գործելու դարպասն է և Սյունիքի ազատ տնտեսական գոտին մեծապես կարող է նպաստել ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի կառավարությունն իրանցի ներդրողներին խրախուսելու ինչպիսի՞ արտոնություններ է նախատեսում Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու համար:

-Իսկապես, Հայաստանն այսօր կարող է կապող օղակ դառնալ իրանցի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև ապրանքների և՛ արտահանման, և՛ ներմուծման առումով, և այս տեսանկյունից Սյունիքի մարզում Իրանի սահմանագծին ստեղծվող ազատ տնտեսական գոտու դերը նշանակալի է: Մենք Իրանի հետ նախաձեռնել ենք արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, որ անցկացվում են ԵԱՏՄ շրջանակներում: Նման փոխգործակցության արդյունքում ոչ միայն իրանցի գործարարները հնարավորություն կունենան իրենց արտադրանքն արտահանել ԵԱՏՄ մոտ 180 միլիոնանոց շուկա, այլ նաև մեզ՝ ԵԱՏՄ անդամ-պետություններիս համար է նոր հնարավորություն ստեղծվելու մուտք գործել իրանական շուկա: Այս բանակցություններում մենք նախատեսում ենք պարզեցված գործընթացներ առաջարկել հայկական արտադրության ապրանքների իրանական շուկա մուտքի համար:

-Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:

-Գիտեք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը ներկայացրել է միջազգային հանրությունը` ի դեմս միջնորդության միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների:

Ղարաբաղյան հիմնախնդրի հակամարտության կարգավորման հիմքում, ըստ այդ առաջարկությունների, ընկած է Արցախի ժողովրդի` ազատ կամարտահայտվելու իրավունքը և այդ իրավունքի ճանաչումը բոլորի կողմից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես սատարել է տարածաշրջանի երկրների միջև հակամարտությունների և վեճերի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված և սկզբունքային դիրքորոշումը։
Իսկ լավագույն ներդրումը, որ միջազգային հանրության յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հասցեական հայտարարություններով և առավել գործնական քայլերով Ադրբեջանի ապակառուցողական, շարունակական սադրանքների քաղաքականության զսպումն է և վերջինիս կառուցողական դաշտ բերելը:

-Երկու երկրների միջև զբոսաշրջության աճն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մշակութային, գիտատեխնիկական ոլորտների, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության խորացման վրա:

-Զբոսաշրջության աճը նպաստում է ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացմանը, այդ թվում նաև՝ միմյանց մշակութային ժառանգության, ազգային յուրահատկությունների, ավանդույթների և սովորույթների իմացությանը: Ուստի, ցանկացած զբոսաշրջիկ, ժամանելով Հայաստան, իր հետ բերում է տվյալ երկրի մշակույթի մի մասնիկ, իսկ հեռանալով՝ իր հետ տանում է հայկականության ինչ-որ մաս: Ես հավատացած եմ, որ նման շփումների արդյունքում բարելավվում է երկրում մատուցվող ծառայությունների որակը՝ հարմարեցվելով զբոսաշրջիկների նախասիրություններին, ինչպես նաև զարգանում են ենթակառուցվածքները:

Միաժամանակ, որքան լավ են երկու ժողովուրդներ ճանաչում ու հասկանում միմյանց, այնքան մեծանում է միմյանց հանդեպ վստահության մակարդակը՝ նպաստավոր հող ստեղծելով տարատեսակ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման համար՝ լինի դա մշակութային, գիտատեխնիկական, թե տնտեսական:

Ստացվում է, որ սա երկկողմանի շրջափուլ է, որտեղ զբոսաշրջիկների աճը նպաստում է ոլորտի զարգացմանը, և մյուս կողմից էլ, որքան կատարելագործվում է ոլորտը, այդքան մեր երկիրը մեծացնում է իր գրավչությունը:

-Մի կողմից նկատի ունենալով իսլամատյացությունը գաղափարականացնելու որոշ երկրների գործելակերպը, մյուս կողմից մեր երկրների հայ և մահմեդական համայնքների բարեկամական հարաբերությունները, ո՞րն է Ձեր մոտեցումը իսլամատյացության քարոզիչների նկատմամբ:

-Իսլամատյացությունը, ինչպես նաև այլատյացության այլ դրսևորումներ, անընդունելի են:
Այլատյացության յուրաքանչյուր դրսևորում միայն խորացնում է տարբեր դավանանք, մշակույթ և աշխարհայացք ունեցող ժողովուրդների միջև անջրպետը, որը կարող է ունենալ ողբերգական և անշրջելի հետևանքներ: Հայ ժողովուրդը ևս, ցավոք սրտի, 1915 թվականին դարձավ այլատյացության աննախադեպ դրսևորման զոհ, երբ Օսմանյան կայսրության կողմից իրագործվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Ցավալի է, բայց մինչ այժմ մեր ժողովրդի դեմ շարունակվում է ատելության քաղաքականությունը, ինչը հանդիսանում է հիմնական խոչընդոտներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հայաստան-Իրան հարաբերությունները հրաշալի օրինակ են այն բանի, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ կարող են ունենալ քրիստոնյա և մահմեդական պետությունները, բարեկամական և մշակութային ինչպիսի ամուր կապեր կարող են լինել երկու ժողովուրդների միջև: Աշխարհում խաղաղության կարևոր երաշխիքներից մեկը միմյանց նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունն են:

Այս կապակցությամբ չեմ կարող չանդրադառնալ Իրանի հայ համայնքին: Իրանում հայ ժողովրդի զավակները ապրել և արարում են մահմեդականների հետ կողք կողքի և որևէ խտրականության չեն ենթարկվել: Նրանք իրենց մահմեդական հայրենակիցների հետ հավասարապես կիսել են և´ ուրախության, և´ դժվարության պահերը, իրենց մասնակցությունը բերելով եղբայրական Իրանի զարգացման, բարգավաճման և պաշտպանության գործին:

-Իրան-Ռուսաստան-Հայաստան տարածաշրջանային համագործակցությունն ի՞նչ ազդեցություն ունի տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության վրա:

-Իրանը, Հայաստանը և Ռուսաստանը բարեկամական երկրներ են թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ եռակողմ համագործակցության տեսակետից: Մեր երկրների վարած խաղաղասիրական քաղաքականությունը տարածաշրջանում ինքին հանդիսանում է խաղաղության և կայունության կարևոր գրավական: Միաժամանակ, կարծում եմ մեր երկրներն ունեն եռակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման ներուժ:

Ներկայումս մեր տարածաշրջանում դիտարկվող գործընթացների պայմաններում կարևոր է, որ Հայաստանն ու Իրանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, էլ ավելի միատեղեն իրենց ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ ամուր պատվար դառնալով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում:

-Ինչպիսի՞ն է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործում երկու երկրների համագործակցությունը և այն ընդհանրապես ի՞նչ ազդեցություն ունի այս հիմնահարցի լուծման վրա:

-Հայաստանը հավատարիմ է թմրանյութերի դեմ պայքարում ստանձնած իր միջազգային պարտավորություններին և գործնական քայլեր է ձեռնարկում դրանց իրականացման ուղղությամբ՝ այդ համատեքստում սերտորեն համագործակցելով ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ՝ առանձին երկրների հետ: Դրանց թվին է դասվում նաև Իրանը:

Իհարկե, հարևան Իրանի պարագայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարելու գործում մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք և, կարծում եմ, համատեղ ձեռնարկվող միջոցառումներն էլ ավելի են ամրապնդում հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները:

Պետք է ավելացնեմ, որ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Իրանի գործակցության ամրապնդման գործում էական նշանակություն կունենա նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրի իրագործումը:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև իրավական ոլորտի գործակցությունը նույնպես մեծ ներուժ ունի և այդ ներուժը պետք է զարգացնենք: Համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը շարունակական են և մշտապես գտնվում են մեր օրակարգում։

-Նկատի ունենալով իրանցի զբոսաշրջիկների համար «հալալ» սննդի անհրաժեշտությունը, ՀՀ պետական մարմինների կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համապատասխան պայմանների և ենթակառույցների ստեղծման ուղղությամբ:

-Կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության, հայկական արտադրանքի սպառման ծավալների աճը և իրանցի զբոսաշրջիկների համար իրենց մշակույթին համապատասխան միջավայրի ապահովումը՝ այս տարի մարտին Երևանում բացվեց «Հալալ» գրասենյակը, որի կողմից տրամադրված «Հալալ» սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ-երկրներում։ Տվյալ գործընթացը մեծ արձագանք գտավ հայ գործարարների շրջանում։ Նշեմ նաև, որ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել Հայաստանի և Իրանի համապատասխան կառույցների միջև այս ուղղությամբ համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով:

-Սյունիքի հարևանությամբ գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորությունները արդյունավետ օգտագործելու համար Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:


-Մենք շահագրգռված ենք ընդլայնելու «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ փոխշահավետ համագործակցությունը՝ հաշվի առնելով նաև սահմանի այս կողմում կառուցվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտու իրողությունը, որին արդեն անդրադարձա:

Ինչ վերաբերում է «Արաս» ազատ տնտեսական գոտուն, ապա նշեմ միայն, որ Հայաստան այցելած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մեր համապատասխան գերատեսչությունների և գործարարների հետ, ծանոթացել միմյանց հնարավորություններին։ Մեր գործարարներն էլ փոխադարձ այցելություն են ունեցել այդ գոտի։

Կարծում եմ, որ նմանատիպ փոխայցելությունները, որոնք շարունակական բնույթ են կրելու, հնարավորություն են տալիս մանրամասնորեն ծանոթանալու այս ազատ տնտեսական գոտիների արդյունավետ օգտագործման ուղիներին և նպաստելու են այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքերի գործադրմանը:

-Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում համագործակցության ծրագրեր իրականացնելու համար ՀՀ կառավարությունն ի՞նչ արտոնություններ կարող է տրամադրել իրանցի գործարարներին:

-Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Մասնավորապես, այդ բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու իրական հնարավորություններ ենք տեսնում բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում։

Օտարերկրյա ներդրողների հանդեպ Հայաստանն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով:

Ավելին, այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որից կարող եմ նշել, օրինակ, ներդրումային ծրագրի շրջանակում սարքավորումների և հումքի նկատմամբ կիրառվող հարկային և մաքսային արտոնությունները, հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնման դեպքում շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունը՝ ինչպես համատեղ արտահանման, այնպես էլ նախաարտահանման փուլերում։ Իրանական ընկերությունների կողմից խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում պատրաստ ենք քննարկել ըստ կարիքների հավելյալ արտոնությունների տրամադրման հարցը։

-Նկատի ունենալով երկու երկրների սփյուռքի առկայությունը, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել նրանց ներուժը ի շահ Իրան-Հայաստան հարաբերությունների օգտագործելու համար:

-Գիտեք, տնտեսական, քաղաքական և այլ զարգացումները, իրավամբ, հանդիսանում են յուրաքանչյուր պետության հզորության և կայունության հիմքը: Սակայն Հայաստանի և Իրանի պարագայում մեր ուժը նաև մեր կենսունակ Սփյուռքն է:

Հայաստանն աշխարհի տարբեր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի մեջ եղած ազգային գաղափարն է, որն ամուր կանգնած է բարգավաճ Հայրենիք կերտելու մեր միասնական ձգտման ակունքներում: Աշխարհի տարբեր երկրներում ապրող և տվյալ երկրի հասարակությունում լիովին ինտեգրված հայ համայնքը միաժամանակ յուրովի կամուրջ է հանդիսանում տվյալ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Քիչ չեն նաև այն երկրները, որոնցում ճակատագրի բերումով կողք-կողքի են հայտնվել հայկական և իրանական համայնքները, որոնց հնարավորությունների համատեղումը մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար դեռևս չօգտագործված ներուժ է: Կարծում եմ ժամանակն է համապատասխան խորհրդակցությունների միջոցով ձևավորել այդ ներուժի օգտագործման մեխանիզմները:

 

← Վերադառնալ