Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Գևորգ Ալթունյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝ այս ամենը նախաձեռնելով, և Ձեր կարծիքով, արդյո՞ք կար այս ամենի հասարակական պահանջը:
Սերժ Սարգսյան- Նախ ասեմ, որ այդ հարցը, որպես հռետորական է հնչում՝ թե ինչու՞ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակ¬ցու-թյունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք՝ նախագահական ընտրություններից հետո: Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին՝ իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի և կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչու՞ պետք է իրեն առաջարկեի: Իսկ ինչու՞ հիմա: Անկախ նրանից, երբ էլ անեինք, այդ հարցը հնչելու էր, որովհետև աշխարհը սրընթաց փոխվում է, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այլ է, որովհետև այսօր Հայաստանի ներքաղաքական տրամադրվածություններն էլ են այլ, և ես վտանգ եմ տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իմ պարտքն եմ համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել: Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ և ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ: Ընդամենը առաջարկություն է, և ամսի 6-ին տեսնենք, եթե մեր ժողովրդին պետք է այս փոփոխությունը, ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր: Նույնն էլ այստեղ: Բայց ես պարտավոր եմ ասել, պարտավոր եմ, որպես Նախագահ, որպես մարդ, ով իր կյանքի գրեթե կեսն անց է կացրել՝ ծառայելով մարմիններում, որոնք ապահովում են անվտանգությունը: Ես պարտավոր եմ: Թող որևէ մեկն ասի, որ մի մարդու մեջ կենտրոնացված է այդքան փորձ՝ անվտանգության մարմիններում աշխատելու, ներքին գործերի մարմիններում, անվտանգության խորհրդում, պետական կառավարման ամենաբարձր մարմիններում: Պարտավոր եմ: Սա է: Իսկ եթե կուզեք՝ միանգամից կարող ենք խոսել նաև վտանգների մասին, որոնք տեղ են գտել սահմանադրական կարգավորումներում ու նաև խոչընդոտների մասին: Տեսեք՝ ես ուզում եմ ուղղակի զուտ Սահմանադրությունը ցիտել, իսկ մինչ այդ՝ ասեմ, որ մեր Սահմանադրությունում՝ գործող Սահմանադրությունում, կա իրավունքի և պատասխանատվության անհամաչափություն: Ընդամենը երեք օրինակով կփորձեմ խոսել վտանգի ու նաև խոչընդոտների մասին: Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի կարգավիճակը, լիազորությունները և գործառույթները, մենք կարդում ենք հետևյալը. Հոդված 49՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
«Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»:
Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»:
Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության Նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել: Ես ուզում եմ մի կոնկրետ օրինակ բերել և այս օրինակի վրա ցույց տալ այն վտանգը, որ կարող է սպառնալ, իսկ հիմա մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր անվտանգությանն այդ սպառնալիքի հավանականությունը շատ մեծ է: Մի պահ պատկերացնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային դրույթները, իմ խորին համոզմամբ, հակասում են մեր պետական շահերին: Ես չեմ ասում լավ է, թե վատ, ասում եմ՝ իմ համոզմամբ:
Եվ այդ քաղաքական ուժը ի՞նչ պետք է անի ընտրություններում հաղթելուց հետո: Պետք է իր ղեկավարին կամ մարդուն, որին իրենք վստահում են, նշանակեն Վարչապետ: Մեր Սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության Նախագահը Վարչապետ է նշանակում խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ես չէի կարող չնշանակել, պարտավոր եմ նշանակել: Ենթադրենք նշանակեցիքն այդ մարդուն որպես Վարչապետ և ձևավորվեց կառավարություն: Էլ չեմ ասում կառավարության որակի մասին, որովհետև իրենք քաղաքական ուժ են, և եթե ես չհամաձայնվեմ կոնկրետ օրինակ՝ պաշտպանության նախարարի թեկնածուի շուրջ, ապա ճգնաժամ կառաջանա: Բայց ենթադրենք համաձայնվեցի. ի՞նչ պետք է անի այդ կառավարությունը: Այդ կառավարությունը պետք է իրականացնի իր ծրագրային դրույթները: Սա շատ ակնհայտ է, չէ՞: Հիմա ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է: Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել Ազգային ժողով: Բայց, քանի որ իրենք մեծամասնություն են, նոր-նոր տեղի են ունեցել ընտրություններ, իրենք հաղթող են, իրենք կհաղթահարեն վետոն և նորից կուղարկեն նախագահական: Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել: Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև, եթե դու պաշտոնապես ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի:
Հաջորդ դրույթը՝ եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արևմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Կամ էլ պետք է ղեկավարվեմ պարոն Արամ Աբրահամյանի վերջին հեռուստազրուցակիցներից մեկի առաջարկով, այսինքն՝ իրավապահ մարմինների միջոցով ճնշեմ կառավարությանը կամ Վարչապետին: Բայց դա անընդունելի բան է:
Մյուսը՝ եթե հիշում եք, այդ կուսակցության հաջորդ դրույթն այն է, որ պետք է հարկերը կրճատել և աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամա¬բա-նակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք: Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա պաշտպանության նախարարություն, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից և այլն: Դրա համար մենք ունենք զինվորականներ, ունենք մասնագետներ, կա գլխավոր շտաբ և գլխավոր շտաբի գործառույթն է դա: Հանրապետության Նախագահի, այսինքն` Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել Հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի: Այո՛, եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը և Հանրապետության Նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետև բացի Սահմանադրությունից գոյություն ունի նաև կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, և այդ հարցը կարելի է լուծել: Եվ բացի դրանից, եթե դու նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն ես, ապա ունես նույն ծրագրային դրույթները, նույն նպատակները, և այլն: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են: Սա՝ մեկ:
Երկրորդ՝ կարգավորումներում գոյություն ունեն խոչընդոտներ նաև տնտեսական զարգացման առումով: Տեսեք՝ 55-րդ հոդվածը չի պարունակում որևէ լիազորություն՝ կապված մեր տնտեսության հետ: Այսինքն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ի պաշտոնե պատասխանատու չէ տնտեսական իրավիճակի համար: Բայց, քանի որ Հանրապետության Նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության Նախագահի վրա: Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության Նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ու՞ր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել:
Եվ երրորդ՝ ես կարծում եմ, որ ձեզնից որևէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը: Ինչու՞ է այսպիսի կարծիք ձևավորվել:
Շատ պարզ պատճառով՝ բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը: Եվ երբ դատավորները, չեմ ասում բոլոր, որոշ դատավորներ կատարում են իրենց «սև գործը», ապա կատարում են այսպես՝ ցույց տալով Նախագահի նկարը: Մարդիկ էլ հասկանում են, որովհետև Հայաստանում անհնար է հավատալ, որ եթե դու մեկին նշանակում ես, ապա այդ մեկը քո ասածներով չի ղեկավարվում: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության հետ, և առաջարկվող տարբերակով մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով, այս խնդիրն էլ է լուծվում: Ես կարող եմ առնվազն 15 այսպիսի կետեր ասել, բայց կարծում եմ՝ այս երեքն էլ բավարար է, որպեսզի դուք կարծիք կազմեք իմ դրդապատճառների մասին:
Նվեր Մնացականյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, իմ հարցը նույնպես բխում է քիչ առաջ Ձեր նշած անվտանգության վտանգներից: Հարցս թերևս գլխավորի՝ անվտանգության մասին է: Հայտնի է, որ սահմանադրության փոփոխության նոր նախագծով խաղաղ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար չկա, այդ գործառույթը վերապահվում է կոլեգիալ մարմնի՝ տվյալ դեպքում կառավարությանը: Ի դեպ, այս հարցը, այս դրույթը քարոզարշավի ընթացքում ամենաշատ քննարկվածն ու քննադատվածն է՝ ինձ մոտ էլ է հարց առաջացել: Արդյո՞ք Գերագույն գլխավոր հրամանատար չունենալը խաղաղ ժամանակ խնդիրներ, ռիսկեր և վտանգներ չի առաջացնում:
Սերժ Սարգսյան- Նվեր, նախ պետք է ասեմ, որ դու քո հարցում, ասացիր, որ կա Գերագույն գլխավոր հրամանատար, ուղղակի այդ Գերագույն գլխավոր հրամանատարը կոլեգիալ մարմին է, կոլեկտիվ մարմին է: Անշուշտ, «ոչ»-ի քարոզիչները, կախված լսարանից, փորձում են բերել, այսպես, կաղապարներ, որոնք, միգուցե, հաճո են պարզ մարդկանց ականջներին: Եվ իհարկե, երբ գնում են սահմանամերձ շրջան և ասում՝ խաղաղ ժամանակներում մեր երկիրը չի ունենալու Գերագույն գլխավոր հրամանատար, մարդիկ, երևի, տարակուսում են:
Բայց պատասխանատու հայտարարում եմ, որ խորհրդարանական համակարգում, այսինքն` առաջարկվելիք համակարգում Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունը երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է: Տեսեք՝ եթե բարեփոխումներն անցնեն, ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է կառավարությունում, ամբողջը, և այս պարագայում, Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով, կարծում եմ, ևս իր մեջ վտանգ է պարունակում խաղաղ պայմանների համար: Ինչու՞, որովհետև երբ ասում ես Գերագույն գլխավոր հրամանատար, ապա ենթադրում ես Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից զորքի կիրառման անվերապահ մոտեցում: Իսկ խաղաղ պայմաններում զորքը որտե՞ղ կարող է կիրառվել: Չեմ ուզում շատ մանրացնեմ ասելիքս, բայց ունենալով այդքան լիազորություններ և ունենալ նաև խաղաղ պայմաններում զորք կիրառելու լիազորություն՝ շատ վտանգավոր դրույթ է: Ես, օրինակ, կամ իմ նախորդները, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հիմնականում պրակտիկայում ինչո՞վ ենք զբաղվում. ամեն առավոտ պաշտպանության նախարարը զեկուցում է իրավիճակի մասին և բնական է՝ ստանում համապատասխան ցուցումներ: Կարող է օր լինի՝ 4 անգամ զեկուցի, և նա պարտավոր է դա անել: Բացի դրանից, ամեն շաբաթ պաշտպանության նախարարը կոնկրետ ժամի գալիս է և ընդարձակ զեկույց է ներկայացնում՝ կապված զինված ուժերի մարտունակության, ապահովության, տարբեր-տարբեր խնդիրների հետ, կադրային քաղաքականության և այլն ու այդ խնդիրների մասով լուծումներ է ստանում: Նախագահին կից գործում է Զինվորական տեսչությունը, որը պարբերաբար պլանային կամ արտահերթ ստուգումներ է անցկացնում զորքերում՝ նպատակ ունենալով պարզելու զորքերի մարտունակության աստիճանը: Այդ տեսչությունը կարո՞ղ է լինել կառավարությանը կից: Կարող է, չէ՞: Ու բացի դրանից, ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պարբերաբար, տարվա մեջ տարբեր առիթներով, մի քանի անգամ լինում եմ զորամասերում, զորքերում, շփվում եմ հրամանատարական կազմի հետ, զինվորների հետ, զգում եմ, անձամբ զգում եմ բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս գործառույթներից ո՞րը չի կարողանալու անել խաղաղ ժամանակներում Վարչապետը: Պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, այսինքն` պաշտպանության նախարարը կարող է ասել՝ ես ամեն առավոտյան չե՞մ զեկուցելու: Ուրեմն, հաջորդ իսկ պահին կառավարությունում չի լինի: Գերագույն գլխավոր հրամանատարը, նորից եմ ասում, նրա համար է, որպեսզի խաղաղ ժամանակներում ապահովի զորքի մարտունակությունը, իսկ պատերազմական իրավիճակներում մոբիլիզացնի ողջ ռեսուրսները ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար: Եվ եթե բոլոր ռեսուրսները կառավարության տրամադրության տակ են, ո՞վ կարող է ավելի լավ ապահովել այդ գործառույթը՝ մարդ, ով սահմանադրությամբ պետք է համակարգի՞ պետական մարմինների գործունեությունը, թե՞ մարդ, ով պետք է ղեկավարի պետական մարմինների գործունեությունը: Ես կարծում եմ, որ հենց այս պատճառով նաև որպեսզի պատասխանատվությունն ու իրավունքը լինեն մեկ տեղ, այս փոփոխությունները կատարում ենք:
Ես անկեղծորեն եմ ասում, եթե մեր երկրում գործեր մաքուր նախագահական համակարգ, միգուցե ես չգնայի այս բարեփոխումներին, միգուցե չգնայի, որովհետև խորհրդարանական համակարգն ունի իր առավելությունները, նախագահական համակարգն ունի իր առավելությունները: Եվ, օրինակ, պատերազմական իրավիճակում նախագահական համակարգը շատ նորմալ է, որևէ վտանգ իր մեջ չի ներառում, բայց չի կարելի ասել, որ պատերազմական իրավիճակում խորհրդարանական համակարգը կենսունակ չէ: Այս կիսանախագահական համակարգն է, որ կենսունակ չէ: Իսրայելը խորհրդարանական համակարգ ունի, այսինքն` Իսրայելում խորհրդարանական կառավարում է: Իսրայելը վտանգներ չունի՞: Շատ ավելի մոտ օրինակ բերեմ: Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ կառավարման ի՞նչ համակարգ էր: Իհա՛րկե խորհրդարանական: Բայց նորից եմ ասում, ռազմական իրավիճակներում Վարչապետը դառնում է Գերագույն գլխավոր հրամանատար և, ունենալով խորհրդարանի սատարումը, կարող է շատ համարձակ լինել իր որոշումների կայացման մեջ, վստահ լինել: Կառավարման խորհրդարանական համակարգի ժամանակ ենթադրվում է, որ, ապրիորի, Վարչապետն ունի խորհրդարանի մեծամասնության սատարումը, իսկ ապրիորի չի ենթադրվում, որ Հանրապետության Նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն: Ի՞նչ հարց էիք ուզում դարձյալ տալ:
Նվեր Մնացականյան, - «Ոչ»-ի ճակատի առարկությունների թվում է նաև այն, որ մի քիչ շատ լիազորություններ են այս դեպքում Վարչապետի ձեռքին կուտակվում:
Սերժ Սարգսյան- Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ շատ: Ընդհանրապես, շատ ու քիչը, իմ խորին համոզմամբ, հարաբերական են: Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն: Ես այստեղ անդրադառնամ նաև մի շրջանառվող կարծիքի, թե՝ շատ հարմար պահ է: Գիտե՞ք, բնական է, որ ես վերջին ժամանակներում գրեթե որևէ հեռուստաալիքով տրվող լուրերը բաց չեմ թողնում, և որքան էլ շատ դեպքերում անպտուղ լինի այդ ժամանակը, բայց միևնույնն է, նայում եմ և տեսնում, որ շատ-շատերը խոսում են այդ մասին, ասում են՝ ո՞վ կհավատա, որ այս փոփոխություններն անում եմ, որպեսզի ընդդիմության լիազորություններն ավելանան: Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի: Սա՛ է. ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա: Սա՛ է այդ մեխանիզմը: Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն:
Արկադի Գրիգորյան, «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, եթե կարելի է՝ նույն թեմայի շուրջ: «Այո»-ի կողմնակիցները քարոզարշավի ընթացքում հենց նախագծի առավելություններից մեկը նշում են ընդդիմությանը նոր իրավունքներով օժտելը: Հարցս այսպիսին է՝ արդյո՞ք հենց իշխանության խնդիրը կարող է լինել մտահոգվելը ընդդիմությանը նոր իրավունքներ տալով: Կասկածելի միտք չի՞ թվում մի փոքր:
Սերժ Սարգսյան- Հենց դրա համար եմ ասում, մենք պարտադրված ենք դա անել: Եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն: Մենք պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետև խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում և, եթե խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն չի ունենալու ստեղծել, ենթադրենք, քննիչ հանձնաժողովներ, ապա ինչպիսի փաստարկներ պետք է բերի խորհրդարանում ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ուղղի սխալը, կամ էլ բացատրի հանրությանը, թե ինչու՞ է այդպես արել: Նոր Սահմանադրությամբ Վարչապետը պարտավոր է լինելու իր կառավարության հետ միասին առնվազն ամիսը երկու անգամ գնալ Ազգային ժողով և հրապարակավ պատասխանել հարցերի, իսկ եթե ընդդիմությունն իրավունք չունենա արտահերթ հարցի օրակարգ մտցնելու և այլն, ապա մեծամասնությունն ուղղակի կխեղդի նրան, և եթե հարցեր տվողը մեծամասնությունն է, ապա անհրաժեշտություն չկա խորհրդարանում լինելու, որովհետև այդ նույն հարցը, եթե ինքը մեծամասնություն է, կուսակցությունը այլ տեղերում կտա, և դա լայնորեն չի լուսաբանվի: Իսկ ընդդիմության հարցերը շատ լայնորեն լուսաբանվում են: Բացի դրանից, միգուցե ուղիղ հարցի պատասխանը չէ, բայց ասեմ հետևյալը. տեսե՛ք, այսօր Հանրապետության Նախագահը ուղիղ քաղաքական պատասխանատվություն չի կրում, որևէ մեխանիզմ չկա ուղիղ քաղաքական պատասխանատվություն կրելու: Ընտրություններում հաղթեց՝ Նախագահը ո՛չ պարտավոր է գնալ խորհրդարան, ո՛չ պարտավոր է շփվել լրագրողների հետ, ո՛չ պարտավոր է հանրային բացատրություններ տալ և այլն: Եվ նրա պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է: Քաղաքական պատասխանատվություն ի հայտ է գալիս հաջորդ ընտրություններին: Այսինքն` այդ հինգ տարիների ընթացքում շատ բան կարող է երկրում փոխվել: Իսկ կառավարությունը և Վարչապետը կրելու են անմիջական քաղաքական պատասխանատվություն: Որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ կառավարությունը կամ վարչապետը գնում են խորհրդարան, և խորհրդարանի ընդդիմադիր հատվածը հարցեր է ուղղում Վարչապետին կամ կառավարությանն ու նրանք չեն կարողանում լիարժեքորեն պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ պետք է տեղի ունենա: Ակնհայտ է չէ՞, որ դժգոհություններ կառաջանան ոչ միայն ընդդիմադիր հատվածի, այլ նաև իշխանական հատվածի մոտ: Եվ կգա մի գեղեցիկ օր, երբ 10, 15, 20 պատգամավոր կգան Վարչապետի մոտ, կգան կառավարություն և կասեն՝ գիտե՞ս ինչ, հարգելի մեր ընկեր, ախր, այսպես չի լինի, մենք ընտրություններում չենք կարողանալու հավաքել համապատասխան տոկոս, լավ կլինի դու գնաս, մեկ ուրիշը գա, ով իրավիճակին տիրապետում է: Այս պարագայում՝ նախագահական համակարգի պարագայում, դա հնարավոր չէ, որովհետև, եթե ես խիղճս կորցնեմ, կարող եմ ընդհանրապես չընդունել նույնիսկ իմ կուսակից պատգամավորներին, և նրանք ի՞նչ պետք է անեն: Այո՛, կարող են հրապարակավ քննադատել և այլն, բայց դա ինձ չի սպառնում պաշտոնանկությամբ: Եթե պաշտոնանկություն է սպառնում այս Սահմանադրության պայմաններում, ապա սպառնում է միայն փողոցով, անօրինական ճանապարհով հրաժարական պարտադրել: Բայց ա՞յդ ճանապարհն է մեզ համար ընդունելի, թե՞ այս մի ճանապարհը: Իսկ Վարչապետը այն ժամանակ չի կարող ասել՝ ես քեզ չեմ ընդունում, որովհետև հաջորդ օրինագիծն անցկացնելիս նույնիսկ արդեն իշխանությունը ներկայացնող պատգամավորը կարող է չքվեարկել: Մեկ, երկու, երեք օրենք…նոր Սահմանադրությամբ կա հարցապնդում, հետո՝ քվեարկություն, հասկանու՞մ եք:
Արկադի Գրիգորյան- Պարո՛ն Նախագահ, այդ դեպքում ստացվում է, որ տրամաբանությունը մի քիչ հակառակ է չէ՞ ստացվում՝ մարդիկ առանց ոչինչ անելու, քնում, արթնանում են, պատկերավոր ասած, և ունենում են այդքան ընդլայնված լիազորություններ, իրավունքներ, ինչի՞ է գնում այս դիմադրությունը՝ «ոչ»-ը: Չեն կարդացել, միգուցե:
Սերժ Սարգսյան- Ակնհայտ է, և մի քանի խմբերի կարելի է բաժանել այդ մարդկանց: Առաջին խումբն այն մարդիկ են, ովքեր վստահ են, որ իրենք ի վիճակի չեն ձևավորել քաղաքական ուժ և այդ քաղաքական ուժով ստանալ քվեների մեծ քանակ, խորհրդարանում ունենալ մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Բայց քանի որ այդ մարդիկ համարում են, և շատ դեպքերում դա իրականություն է, որ իրենք խարիզմատիկ մարդիկ են, որպես անհատականություն, իրենց հաջողության հասնելու ճանապարհն իրենք տեսնում են նախագահական ընտրությունների միջոցով: Սա մի խումբ մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են և իրենց դեմ լինելը արտահայտել են մինչև նույնիսկ բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխությունների հրապարակումը: Այսինքն` իրենց համար միևնույն է, թե ի՞նչ է այնտեղ գրված, միայն թե՝ խորհրդարանական համակարգ չլինի:
Կան երկրորդ խմբի մարդիկ, ովքեր ուղղակի դեմ են իշխանությունների կողմից ցանկացած լավ կամ վատ առաջարկության: Ուղղակի համարում են, որ եթե իշխանություններն են առաջարկում, ապա սրա հետևում անպայման ինչ-որ բան կա:
Կան երրորդ խումբ մարդիկ, ովքեր դժգոհ են որոշակի իրավիճակներից և իրենց դժգոհությունն արտահայտում են «ոչ»-ի միջոցով: Կարելի է ավելի մանրամասնել, բայց կարծում եմ, որ իմ մոտեցումները, ընդհանուր առմամբ, հասկանալի են:
Միհրան Հակոբյան, «Արարատ» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ պետք է լինեն ուժեղ, կայուն կուսակցություններ, կայացած և համապատասխան քաղաքական միջավայր: Արդյո՞ք մեր հասարակությունը և պետությունը պատրաստ են դրան:
Սերժ Սարգսյան- Միհրան, հարցիդ հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞վ է որոշում՝ պատրա՞ստ են, թե՞ ոչ, և ո՞վ է որոշել՝ մենք պատրաստ ենք դրան, թե՞ ոչ: Դու երիտասարդ ես և, երևի, չես հիշում 90-ականների սկիզբը, երբ մենք անկախություն էինք ուզում: Մի՞թե քեզ թվում է՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները անվերապահորեն, առանց երկմտելու անկախության կողմնակից էին: Իհա՛րկե, ոչ: Շատ մարդկանց մոտ երկմտություն կար: Շատ մարդիկ մտածում էին՝ արդյո՞ք մենք կարող ենք, որպես անկախ պետություն, գոյատևել այս տարածաշրջանում, բազմաթիվ վտանգներ, սպառնալիքներ էին նշում: Բացի դրանից, կայացած կուսակցությունը կամ ժողովրդավարությունը միայն օրենքներով չի որոշվում. գոյություն ունի նաև ավանդույթների խնդիր: Այսինքն` որքան ուշ սկսենք, այնքան ուշ են ավանդույթներ ձևավորվելու: Մեր պրակտիկ կյանքից օրինակ բերեմ. միգուցե, հինգ տարի առաջ բոլորին թվում էր, որ եթե թույլատրենք միտինգների անցկացումը ցանկացած տեղ և ցանկացած պահի, դա միանգամից բերելու է քաղաքացիական պատերազմի: Բայց ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր սատարեցին: Մենք ընդունեցինք այդպիսի օրենք, և ի՞նչ եղավ. մարդիկ ասում էին, ինչ մտավախություն ունեին: Ես հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր մտավախություն ունեն, ովքեր ասում են՝ կայացած կուսակցություններ չկան: Բայց այդպես չէ: Այսօր մեր երկիրն այլ երկիր է: Եվ եթե հնարավորություն տանք՝ կայանալու են այդ կուսակցությունները: Մի մասն արդեն կայացած կուսակցություններ են: Որևէ տեղ չեն դրել չափել, ասել՝ հիմա կայացած ենք, անցնե՞նք խորհրդարանականին, թե՞ չանցնենք: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, ովքեր կարիք ունեն կարդալու, ովքեր կարիք ունեն գործընթացներն ուսումնասիրելու, ովքեր կարիք ունեն ավելի շատ աշխատասեր լինելու: Իհարկե, հենց այդպիսի կուսակցական գործիչները պիտի մաղվեն այս համակարգում: Ինչպես ասացի՝ ես վերջին մեկ- մեկուկես ամիսը, շնորհիվ «Յուքոմի», գրեթե, բաց չեմ թողնում ոչ մի քաղաքական հաղորդում: «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի հետաքրքիր բանավեճ էի դիտում՝ մի կողմը Հանրապետական, մյուս կողմը՝ մեկ այլ կուսակցություն ներկայացնող: Եվ երբ խոսում էին, թե ինչու՞ են իրենք «ոչ» ասում, ասում էին՝ մենք առաջարկում էինք, որպեսզի Հանրապետության Նախագահը լինի Անվտանգության խորհրդի նախագահ և այլն, մեր այս առաջարկն ու այլ առաջարկներ էլ չընդունեցին, այդ պատճառով ենք «ոչ» ասում: Ու օրինակ էր բերում՝ Եվրոպական շատ երկրներում խորհրդարանական համակարգ է, և Անվտանգության խորհրդի նախագահը երկրի նախագահն է, օրինակ` Հոլանդիան՝ Նիդերլանդները: Պատկերացնու՞մ եք, քաղաքական գործիչ, որը դուրս է եկել հարգված հեռուստաընկերության հարգված էկրան և ժողովրդին բացատրում է, որ Հոլանդիայում նախագահ կա: Փառք Աստծո, որ թագավորական արքունիքում չգիտեն այդ մասին, մեզ չեն դիտում:
Պետք են նաև ավանդույթներ: Եվ ձևավորվելու են այդ ավանդույթները:
Միհրան Հակոբյան- Իսկ այդ դեպքում՝ մարդ-կուսակցություննե՞րը, որ մենք տեսնում ենք նրանց ակտիվությունը ընտրություններից ընտրություն: Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ կլինի իրենց հետ:
Սերժ Սարգսյան- Ես վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ընդունվեն, Հայաստանում անպայման տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում: Անպայման, որովհետև մարդն ընդհանրապես ինչու՞ է մտնում կուսակցություն, առավել ևս՝ ինչու՞ է կուսակցություն ստեղծում և ինքը դառնում նախագահ. նրա նպատակը քաղաքական գործընթացներին մասնակցելն է: Ցանկություն ունեն ստանալ մեծ քվե և ղեկավարել երկիրը կամ մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը: Այլ նպատակներով ինչու՞ պետք է կուսակցություն ստեղծել՝ կստեղծվի ինչ-որ հասարակական կառույց, եթե բնության սիրահար է, կենդանիների սիրահար է և այլն: Բայց եթե մեկ-երկու-երեք չստացվի, ստիպված է լինելու այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմել: Այդ մարդ-կուսակցություններից ոմանք նաև առաջադրվում են նախագահական ընտրություններում չէ՞, և հաջորդ հինգ տարին, որտեղ մի գրություն են գրում, գրում են՝ Նախագահի նախկին թեկնածու: Կարծես թե՝ դա էլ է պաշտոն: Այս գործընթացները տանելու են կուսակցությունների խոշորացման և դերակատարման մեծացման:
Կարմեն Դավթյան, «Հ3» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, նոր փոփոխություններով փաստացի որակյալ մեծամասնություն է ձևավորվելու: Որակյալ մեծամասնության համամասնությունը որոշարկվելու է ընտրական օրենսգրքով: Այդուհանդերձ, ձեր անձնական մոտեցմամբ, քանի՞ տոկոս կարող է այդ որակյալ մեծամասնությունը կազմել, ի՞նչ տոկոսային հարաբերությամբ կարող է լինել: Եվ երկրորդը՝ եթե այդ որակյալ մեծամասնությունը լինի ՀՀԿ-ն, այն իսկապե՞ս որակյալ կլինի: Ինչու՞, որովհետև գաղտնիք չէ, որ խորհրդարանի որակը գնալով անկում է գրանցում, և Դուք, որպես ՀՀԿ ղեկավար, որպես ՀՀ Նախագահ, կարո՞ղ եք տալ երաշխիքներ, և ի՞նչ երաշխիքներով կարող ենք վստահ լինել, որ եթե ՀՀԿ-ն լինի որակյալ մեծամասնություն, մենք կունենանք որակյալ խորհրդարան:
Սերժ Սարգսյան- Կարմեն, երևի, նկատի ունեք՝ կայուն մեծամասնություն: Ճիշտ բառը կայունն է, որովհետև «որակյալ» այլ բան է նշանակում: Նախ` պետք է ասեմ, որ սպեկուլյացիայի մեծ մասը կապվում է Սահմանադրության հենց այդ հոդվածի հետ: Բայց ես անկեղծորեն եմ ասում՝ դեռևս որևէ հստակ մոտեցում Ընտրական օրենսգրքի նկատմամբ չկա: Դարձյալ ասեմ, որ և՛ պարոն Աբրահամյանի, և՛ Ձեր զրուցակիցներն այնպես են խոսում, կարծես այդ օրենքն արդեն գրված, դրված է մի տեղ, իրենք էլ գիտեն այդ օրենքի մասին: Եվ այն, իբր, տարածվել է «ծառայողական օգտագործման համար» գրիֆով: Դե, ախր այդ առասպելները բավական են, էլի: Ես զարմանում եմ, որ մեր ժողովրդի մի մասն այդ հեքիաթներին հավատում է: Հասուն մարդիկ, բայց հեքիաթներին հավատում են: Չկա՛ այդպիսի բան: Այս երկրում հնարավոր չի գաղտնի այդպիսի բաներ անել: Հիմա վաղուց կայքերից մեկը հրապարակել էր: Սահմանադրությունն ուղղակի հնարավորություն է տվել, ասելով՝ կարող են: Կարող են՝ պարտադիրը չի, բայց այդ բառն անպայման պարտադրելու է կուսակցություններին՝ ընտրություններում հանդես գալ դաշինքներով: Նույնիսկ, եթե դաշինքներով հաջողության չհասնեն, ապա երկրորդ փուլի առկայությունը և՛ փոքրամասնությանը, և՛ ավելի շատ ձայն տանողներին ստիպելու է լինել ավելի կառուցողական: Ես զարմանում եմ, որ մեկը, ով երբեք մեծ ընտրական գործընթացների չի մասնակցել, ասում է՝ այդ դեպքում շատ ձայներ տանողը ընդհանրապես շատ կոշտ կլինի և չի համաձայնվի: Չի հասկանում, որ ընտրական գործընթացը շատ մեծ հոգս է, առավել ևս, ինչպես ասում եք՝ Հանրապետական կուսակցության համար: Տեղական ինքնակառավարման մարմինների 75 տոկոսի ղեկավարները Հանրապետական են: Հսկայական կառույց է: Այդ կառույցը երկու անգամ օգտագործե՞լն է տրամաբանական, թե՞ ավելի կառուցողական լինելը: Խորհրդարանական համակարգում, առավել ևս մեր երկրում, կայուն կառավարումն առաջնային է, և այդ կառավարումը պետք է լինի ուղղաձիգ, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը կայուն մեծամասնությունն է: Բայց կայուն մեծամասնություն չի նշանակում պարտադիր երկրորդ փուլի անցկացում: Երկրորդ փուլի անցկացումը հնարավորություններից մեկն է: Ինչպես պատկերավոր ասաց հանձնաժողովի անդամներից մեկը՝ պահեստային տարբերակ է: Իսկ ինչու՞ չի կարելի կայուն մեծամասնություն ձևավորել նախ մեկ կուսակցությամբ: Հնարավոր է, չէ՞: Այն որ օրինակներ են բերում, ասում են՝ մեր երկրի պատմության մեջ չի եղել, որ համամասնական ընտրակարգով մի կուսակցություն 50-ից ավելի ձայն տանել և այլն և այլն, բայց դա եղել է այլ պայմաններում՝ այն պայմաններում, երբ մեծամասնական պատգամավորները, որպեսզի իրենք շահեին, ավելի շատ ձայներ տանեին, պայմանավորվածություն էին ձեռք բերում տարբեր կուսակցությունների հետ: Եվ ես չեմ բացառում, որ, միգուցե, եթե ոչ 2017 թվականին, ապա հաջորդող խորհրդարանական ընտրություններում, ինչու՞ չէ, մի կուսակցություն կարող է հանգիստ տանել: Սա՝ մեկ:
Երկրորդ՝ իսկ ինչու՞ եք բացառում նախընտրական դաշինքների առկայությունը, իսկ ինչու՞ մարդիկ չեն կարող միավորվել և նախընտրական դաշինքներ ձևավորել: Ես վստահ եմ, որ մի քանի կուսակցություն միավորվելով, շատ հանգիստ կարող են մեծամասնություն շահել: Եվ հետո, ո՞րն է ավելի ընկալելի, ավելի ընդունելի մեր ժողովրդի համար՝ որ կառավարություն կամ դաշինք ձևավորվի կառավարություն կազմելու համար կուլիսների հետևում, թե՞ ժողովուրդը որոշի այս դաշինքի նկատմամբ իր վերաբերմունքը: Այսինքն, ես նկատի ունեմ, եթե առաջին փուլից հետո մեկը ստացել է 30 տոկոս, մեկը, չգիտեմ՝ 35 տոկոս, մյուսը՝ 10 տոկոս կամ 15, իսկ ինչու՞ իրենք չմիավորվեն և, այո՛, գնան ընտրության, որպեսզի ժողովուրդն իր վստահությունը հայտնի, այսինքն` հավելյալ լեգիտիմություն ցուցաբերի այդ կառավարության նկատմամբ: Դա ավելի ճիշտ ճանապարհ չի՞, քան այն ճանապարհը, որ գնան կուլիսների հետևում ասեն՝ մենք կառավարություն կազմեցինք, կառավարությունը սա՛ է: Եվ ինչու՞ են կայուն մեծամասնությունից խուսափում: Իսկ ի՞նչ ու ինչպե՞ս անենք, որ կայունություն լինի երկրում: Ի՞նչ անենք, որպեսզի մեր կառավարությունը բաղկացած լինի այդպիսի ուժերից: Նույնիսկ ընդդիմության շատ ներկայացուցիչներ ասում են՝ անթույլատրելի է, որ փոքր կուսակցությունները միանան և դաշինք կազմեն, կառավարություն կազմեն: Իհարկե, անթույլատրելի է, որովհետև այդպիսի կառավարության կյանքը մեկ, մեկ ու կես, երկու ամիս է լինելու: Մեզ պե՞տք է, որ ամեն երեք ամիսը մեկ կառավարություն փոխվի: Եվս մի բան ասեմ. ես չեմ կիսում Ձեր կարծիքը, որ գնալով մեր խորհրդարանի որակը վատանում է, ընդհանրապես, այսպես ասեմ, որ որևէ մեկը չնեղանա՝ բոլոր նախորդներին միշտ թվում է, որ իրենց նախորդները և իրենց հետնորդներն ավելի շատ սխալ որոշումներ են կայացնում, քան իրենք են կայացրել: Ես միանշանակ կարող եմ ասել հետևյալը, որ այսօր մեր խորհրդարանում կան պատգամավորներ, ես չեմ ասում ամբողջ խորհրդարանն է այդպիսին, որ պատիվ կբերեր ցանկացած եվրոպական երկրի խորհրդարանի: Իհարկե, ճիշտ չէ իմ կողմից անուններ թվարկելը, բայց, իհարկե, կան նաև պատգամավորներ, ովքեր ներկայացնում են որոշակի սոցիալական խավ: Միգուցե, նրանք գրագիտությամբ, օրենքների հետ աշխատելու այն որակները չունեն, միգուցե, իրենց պահելաձևով չեն համապատասխանում այն պահանջներին, որ առաջադրվում են պատգամավորների, բայց նրանք ներկայացնում են որևէ խավ, չէ՞ : Ու չի կարելի ասել, որ մեր ժողովրդի գրագիտության մակարդակը համահավասար է: Եվ աշխարհի որևէ երկրում այդպես չէ, որ միայն ակադեմիկոսներն են դառնում խորհրդարանի պատգամավորներ: Դրա համար Գիտությունների ակադեմիա գոյություն ունի: Իմ ասածը, նորից եմ կրկնում՝ պետք չէ սխալ հասկանալ, ես չեմ ասում, որ մեր խորհրդարանը իդեալական խորհրդարան է, բայց ես ասում եմ, որ նախ խորհրդարանը հասարակության արտապատկերն է, ուզենք-չուզենք այդպես պետք է լինի, և երկրորդ, այստեղ՝ մեր խորհրդարանում, կան պատգամավորներ, ովքեր չեն զիջում նախկին գումարման խորհրդարանի պատգամավորներին: Կրկնում եմ, դա չի նշանակում, որ ես թերագնահատում եմ Գերագույն խորհրդի անդամներին, դրան հաջորդած խորհրդարանի պատգամավորներին:
Ալիկ Հակոբյան, «ԱՐ» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, Սահմանադրությանը դեմ արտահայտվողների փաստարկներից մեկն այն է, որ մեր երկրում օրենքները լավն են, պարզապես, դրանք չեն գործում: Ու նախ և առաջ, պետք է ապահովել օրենքների կիրառությունը, հետո նոր մտածել Սահմանադրությունը փոխելու մասին: Ձեր վերաբերմունքն այս դիտարկմանը և, ի վերջո, նոր Սահմանադրությունը արդյո՞ք մեր երկրում մեծացնելու է օրենքի գերակայությունը:
Սերժ Սարգսյան- Անշուշտ: Եթերում ելույթ ունեցողներից մեկն ասում էր, թե Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի թեթևացնի ժողովրդի կյանքը: Իհա՛րկե, Սահմանադրությունը դրա համար չէ: Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի կանոնակարգի մեր կյանքը, և այս առումով, անշուշտ, սահմանադրական մշակույթի զարգացումն էական ազդեցություն է ունենալու: Գիտեք, երբ ասում են օրենքը չի գործում, ես մասամբ համաձայն եմ, մասամբ՝ ոչ: Այո՛, կան օրենքներ, որոնք 100 տոկոսով գործում են, կան օրենքներ, որոնք, երևի, դեռևս ժամանակ են պահանջում, որպեսզի մեր իրավագիտակցությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Մյուս կողմից էլ՝ այդ մակարդակը որոշվում է համեմատության միջոցով: Իսկ ի՞նչ եք կարծում, Ալիկ, մեր երկրում 15 տարի կամ 20 տարի առաջ ավելի շա՞տ էին օրենքները գործում, քան հիմա՞: Ես խիստ կասկածում եմ: Իսկ Սովետական Միությունում բոլոր օրենքները գործու՞մ էին և գործում էին բոլորի՞ համար: Կարո՞ղ եք մատնանշել մի երկիր, որտեղ ընդհանրապես օրենքները 100 տոկոսով, ամբողջովին գործում են, որտեղ չկան կաշառակերներ, որտեղ չկան վատ ոստիկաններ, որտեղ չկան դավաճան դատախազներ և այլն: Կան չէ՞: Ուզում եմ ասել, իհարկե, համեմատությունը պետք է անել ժամանակի մեջ և տարածության: Այսինքն` եթե մենք մեզ համեմատենք Եվրոպական որևէ երկրի հետ, իհարկե, օրենքի գործելիության աստիճանը մեզ մոտ ավելի ցածր է, քան այնտեղ: Բայց եթե մենք մեզ համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, ես կարծում եմ՝ մենք այստեղ առաջընթաց ունենք: Նույնը վերաբերում է կենսամակարդակին: Մարդիկ դուրս են գալիս էկրան կամ մամուլում ասում են, որ անվերջ գահավիժում ենք: Իրենց նեղություն չեն տալիս համեմատելու այն ցուցանիշները, որոնք կփաստեն՝ գահավիժում ենք, թե՞ ոչ: Ամեն ինչ, իմ խորին համոզմամբ, պետք է գնահատենք համեմատության մեջ: Եթե մենք այլ չափանիշներ ենք ընդունում, ապա դա մեզ ճիշտ ճանապարհով չի տանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են ասել՝ սա և սա ենք արել, համեմատաբար լավ է, բայց ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ վատ է, վատ է, վատ է: Ո՞վ պետք է այդ դեպքում լինի դատավորը՝ մեր ժողովուրդը ու նաև միջազգային կառույցները: Եթե միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, նկատի ունեմ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը, Եվրոպայի խորհուրդը, եթե այդ կառույցները, նրանց ղեկավարները գալիս են Հայաստան և ասում են՝ սահմանադրական բարեփոխումները ամբողջովին համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին, և որևէ հետընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չկա, ապա մի մարդ, որ դժվարանում է հայերեն արտահայտվել, մարդ, որը իրեն նեղություն չի տվել կարդալ փոփոխությունները, ասում է՝ ո՛չ, մարդու իրավունքներն այստեղ սահմանափակված են և այլն, ժողովուրդը պետք է տեսնի չէ,՞ ո՞վ է գնահատողը: Եվ այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ սկսած Համաշխարհային բանկի փորձագետների կողմից ամեն տարի կազմվող «Դուինգ բիզնեսից» մինչև ԳՐԵԿՈ-ի խմբի զեկույցները: Ամենամեծը, երևի, իմ ցանկությունն է, որ օրենքը 100 տոկոսով գործի, որ Հայաստանում կաշառակերություն չլինի, ընդհանրապես, որ պետավտոտեսուչը փող չվերցի, բայց արի ու տես, որ դա փող տվողին էլ է ձեռնտու, պետավտոտեսուչին էլ: Դրա համար իշխանությունների համար շատ դժվար է իդեալական վիճակ ստեղծելը: Ինչու՞ են մարդիկ դեմ, որպեսզի խախտումները արձանագրի տեխնիկան և ոչ թե մարդը, որովհետև իրենք չեն կարող տեխնիկայի վրա ճնշում գործադրել, իսկ պետավտոտեսուչի վրա՝ ամեն քայլափոխի: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի պատասխանեմ որոշ մարդկանց, այլ հասկանալի լինի, որ որպեսզի օրենքն ամբողջությամբ գործի, մենք պետք է ունենանք նաև տեխնիկական ապահովվածություն, հասկանու՞մ եք: Մենք պետք է նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծենք: Միգուցե, ոչ պոպուլյար բան եմ ասում, բայց կարո՞ղ է, արդյոք, 400 ԱՄՆ դոլար կամ դրամով արտահայտված՝ մոտ 200 հազար դրամ ստացող ոստիկանը օրենքը նույն ձևով պաշտպանել, ինչ ձևով կպաշտպանի 4000 դոլար ստացող ոստիկանը: Իհարկե, ոչ: Ակնհայտ է, չէ՞: Ոչ մեկին չեմ արդարացնում, իրավիճակը չեմ արդարացնում, ուղղակի, ընդգծում եմ, որ բոլորիս ցանկությունները մեծ են, բայց ցանկությունն իրականություն դարձնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք: Բոլորս պետք է ցանկանանք մեր ջանքերը առավելագույնս ներդնել. առանց դրա հնարավոր չէ: Իհարկե, իմ ասածը չի բացառում, որ անբարեխիղճ պաշտոնյաներ են գտնվում, ովքեր իրենց շահը ավելի են գերադասում, քան պետությանը, բայց չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում:
Արթուր Կիրակոսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, նախկինում Դուք սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չէիք: Այն ժամանակ, երբ հրապարակվեց հայեցակարգը, Դուք հիշեցիք Ձեր նախկին հայտարարությունները հօգուտ գործող Սահմանադրության և նաև մտահոգություններ հայտնեցիք, թե փոփոխվելու դեպքում՝ խորհրդարանական կառավարման պարագայում, ինչպես են ապահովվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը: Հիմա, դատելով այսօրվա զրույցից, կարո՞ղ ենք համարել, որ այդ մտահոգությունները իսպառ փարատված են, և Դուք կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից եք: Եթե այո, ապա հանրաքվեից հետո, եթե արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունենանք, ապա ինչո՞վ է զբաղվելու արդեն նախկին Նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյան- Նախ պետք է ասեմ, որ ես Ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել՝ նախկին Նախագահ:
Արթուր Կիրակոսյան- – Լավ, երեք տարին լրանալուց հետո:
Սերժ Սարգսյան- Դա արդեն այլ բան է: Իսկ դրա մասին ես կարծում եմ կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո. հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, և այս կարևոր թեման, չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի թեմայի հետ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ պատասխանելով գործընկերներիցդ մեկի հարցին, ես ասացի, որ եթե մեր երկրում լիներ մաքուր նախագահական կառավարում, միգուցե, չգնայի և հավանականությունը շատ մեծ է, որ չէի գնա այսպիսի բարեփոխումների, որովհետև, նորից եմ կրկնում, այն վտանգը, որի մասին ես ասում եմ, այլ վտանգներ էլ գոյություն ունեն նախագահական համակարգի պարագայում, բայց նշածս վտանգը առկա չի լինի: Ցավոք, էլի եմ ասում, մեր երկիրը նախագահական կառավարման երկիր չի` կիսանախագահական է, որտեղ գործադիր ֆունկցիաները որոշակի պարագաներում կիսում են Կառավարությունն ու Նախագահը, որտեղ Կառավարության ձևավորումը կիսում են Խորհրդարանն ու Նախագահը: Միգուցե, պրակտիկ կյանքում, կենցաղում լավ է կիսելը, բայց երբ խոսքը վերաբերվում է անվտանգությանը, այստեղ իրավունք կամ պատասխանատվություն կիսելը շատ վտանգավոր է: Եվ համոզված եղեք, եթե ես 100 տոկոսով վստահ չլինեի առաջարկվող համակարգի ֆունկցիոնալության վրա, չէի գնա այսպիսի փոփոխությունների, որովհետև, ի վերջո, պատասխանատվությունը շատ մեծ է, չէ՞: Ի՞նչու պիտի, չունենալով լրջագույն պատճառներ, ես գնայի այսպիսի փոփոխությունների: Որքան էլ ես հարգեմ Դաշնակցությանը, որ արդեն 25 տարի է ասում է, որ մեր երկրում խորհրդարանական կառավարում պետք է լինի, որքան էլ ինձ համար նշանակություն ունենար «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» դիրքորոշումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին, ես չէի գնա այդպիսի փոփոխությունների: Բայց տեսնել վտանգն ու ոչինչ չձեռնարկել, իմ պարագայում՝ ես հանցագործություն եմ համարում: Աստված տա, որ դեկտեմբերի 6-ին նորմալ քվեարկություն լինի, փոփոխությունները անցնեն, ամեն ինչ հարթվի: Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը: Իհարկե, այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում: Բայց ի՞նչ, ավելի լավ է վատ բանը իրականությու՞ն դառնա, որ հետո ասենք՝ տեսեք մենք ճի՞շտ էինք, թե՞ փորձենք մեր տեսածը, մեր ապրածը, այդ ճանապարհի ընթացքում մեր ձեռքբերածը մեջտեղ բերել և ասել, որ ճիշտ ճանապարհը սա՛ է: Եթե հիշում եք, 1995 թվականին էլ կային քննադատություններ մեր առաջին Սահմանադրության վերաբերյալ: 2003 թվականին ընդհանրապես փոփոխությունները չանցան: 2005 թվականին էլ էին քննադատությունները շատ: Այսինքն` քննադատելը հեշտ է մի փաստաթղթի, որում շատ ջանք է ներդրված և որը շոշափում է, առնչություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների հետ:
Թող նրանցից մեկը, ով իրեն այդքան համարում է սահմանադրագետ, մի Սահմանադրություն գրի, և ես՝ ոչ իրավաբանս, մեկ անգամ կարդալով միայն 200 նկատողություն կանեմ: Հեշտ է պատրաստիի մասին խոսել: Ո՞վ է ասում, թե այս առաջարկությունները, որ մենք ներկայացրել ենք, բերելու են մեր Սահմանադրության իդեալական վիճակի: Չի կարող այդպիսի բան լինել. չի կարող, որովհետև, ինչպես ասացի, Սահմանադրությունը կարգավորում է մեր առօրյան, իսկ մեր առօրյան փոխվում է՝ փոխվում է աշխարհաքաղաքական վիճակը, փոխվում է հասարակության տրամադրությունը, հասունությունը և այլն: Եվ փաստաթուղթը, որը կարգավորում է քո կյանքի բոլոր ոլորտները, պետք է համապատասխանի իրականությանը: Հակառակ պարագայում, խոչընդոտներ են առաջանում: Հեքիաթներ են պատմում, ասում են, որ այս երկրի Սահմանադրությունը 100 տարի է՝ չի փոխվել, այս մի երկիրը ընդհանրապես Սահմանադրություն չունի: Դա, մոտավորապես, նման է նրան, որ մեծ, շքեղ կտավից մի փոքրիկ հատված վերցնես և ասես՝ այս հատվածում այսպես է: Այդ հատվածը ներդաշնակ է ողջ կտավին: Եվ որևէ մեկը, ով այդ երկրների օրինակը բերում է, մինչև վերջ ծանոթ չէ դրանց ողջ օրենսդրությանը: Ինչպես ասացի, շատ պարագաներում, մեր քաղաքական գործիչներից ոմանք իրենց թույլ են տալիս ասելու, որ գերմանացի սահմանադրագետը լավ չգիտի Գերմանիայի օրենսդրությունը կամ Սահմանադրությունը: Այս առումով, մի մեծ գերմանացի շատ լավ խոսք ունի, ասում է՝ հիմարությունը աստվածային շնորհ է, բայց չարժե այդ աստվածային շնորհը չարաշահել: Այս պարագայում, այդ ո՞վ է մեր մոտից, որ Անգլիայի ողջ սահմանադրական դաշտը, չեմ ասում՝ Սահմանադրությունը, լիովին ուսումնասիրել է և գիտի՝ ինչպե՞ս է կարգավորվում: Այդպես խոսողներից մեկին արդեն մասնավոր զրույցում, մարդկանց ներկայությամբ, երբ ասացի՝ լսիր, իսկ կարո՞ղ ես ասել Մեծ Բրիտանիայում ընդհանրապես ընտրություններն ինչպե՞ս են անցնում, այնտեղ կարգը մեծամասնակա՞ն է, թե՞ համամասնական, վիճում էր ամենայն լրջությամբ, որ այնտեղ համամասնական ընտրակարգ է:
Իհարկե, մենք գործ ունենք նաև այդպիսի մարդկանց հետ, բայց դա չի նշանակում, որ նման մարդիկ են գերակշռում մեր քաղաքական դաշտում: Մարդ պետք է նաև պարտավորություն ունենա տեսնել փոփոխությունները ժամանակի մեջ: Ով դա չի կարող տեսնել, իր խնդիրն է, բայց երբ իր խնդիրը դառնում է ժողովրդի խնդիրը, դա արդեն անթույլատրելի է: Այսօրվա առաջարկությունները շատ ավելի կայուն համակարգ են առաջարկում անվտանգության տեսակետից, քան գոյություն ունեցողն է: Միանշանակ, որևէ կասկած այստեղ չկա:
Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, ընդդիմադիրների քննադատության մեջ մի քանի ճակատ կա, կա երկու դրույթ, որոնք բոլորի մոտ կան որպես քննադատություն: Մեկին Դուք պատասխանեցիք՝ կապված 89-րդ հոդվածի կետերից մեկի հետ, Հանրապետական կուսակցության հետ: Մյուսը, գիտեք, մեր քաղաքականությունը նաև անձնավորված է՝ կապված է անձամբ Ձեզ հետ: Նրանք ասում են՝ տեսեք, եթե Դուք հայտարարեցիք, որ Վարչապետ չեք ուզում էլ դառնալ, որովհետև նույն մարդը երկու անգամից ավելի այլևս էֆեկտիվ չի լինի, որ կառավարի, ասում են՝ Դուք, լինելով իշխող կուսակցության նախագահ և վերահսկողություն ունենալով արդեն Ազգային ժողովի մեծամասնության վրա, կարող եք հանգիստ վերահսկողություն ունենալ նաև կառավարության վրա: Բայց պետական պաշտոնյա չլինելով՝ չունենալ որևէ պատասխանատվություն, կարող եք կուսակցական կաբինետից ղեկավարել երկիրը: Ընդ որում, այս համակարգը կարելի է ցանկացած իշխող կուսակցության ղեկավարի վրա պրոյեկտել: Ով հաղթի, նա կարող է չունենալ պատասխանատվություն և ստվերից ղեկավարել երկիրը: Ասում են, որ նոր Սահմանադրությունը ստեղծում է նման վտանգ:
Սերժ Սարգսյան- Բացառված է: Մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն: Եվ իմ պրոբլեմների մի մասը նաև դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր Նախագահ, Վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաև Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, Պետրոս, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե, գիտե՞ք՝ ամեն ինչ չափ ունի: Բայց ի՞նչ է խանգարում իրենց գնալ և մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երևանում նստել և, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել: Փոխարենը թող գնան սկզբնական կառույցներ ձևավորեն: Թող գնան մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Չեն մասնակցում, չեն աշխատում ու հետո ուզում են համապետական ընտրություններին ստանալ մեծամասնություն: Այդպես չի՛ լինում: Չի՛ լինում այդպես: Քանի առիթ է, ասեմ, նախկին ընտրություններում, այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում, եղել են 30.000 ընտրական իրավունքի սուբյեկտներ: Այսինքն, 30.000 մարդ ունեցել է ընտրությունները վերահսկելու, հսկողություն իրականացնելու գործառույթ: 30.000-ից 14.500-ը ընդդիմադիր էին՝ ներկայացնում էին կուսակցություններ: Նրանք հանձնաժողովի անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ և այլն: Այսինքն, 30.000 մարդ կարող էր բողոք բերել: Եվ եթե ետ դառնաս, վերհիշես, կտեսնես, որ ընդամենը մեկ բողոք է եղել: Երբ ասում են՝ ընտրությունները կեղծել են, ասում են՝ այս, այն: Եթե կեղծել ենք ընտրությունները, բա ինչու՞ բողոքներ չկան, ինչու՞ չեն գրանցվում այն խախտումները, որոնք իրենք տեսնում են: Նաև դա եմ ասում՝ այս նախագահական համակարգը հենց դրանով է նաև վատ, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Նույնիսկ, եթե այդ հաղթողի և պարտվողի ձայների տարբերությունը ընդամենը մեկ կամ երկու տոկոս է. մեկը ստացել է 51 տոկոս՝ նա Նախագահ է ամբողջական իշխանությամբ, մեկը ստացել է 49 տոկոս և ոչինչ չունի: Եվ այդ մարդն իր կյանքի նպատակն է համարում հինգ տարի անընդհատ վարկաբեկել ընտրությունը, վարկաբեկել հաղթողին: Բանը հասնում է նրան, իհարկե, Տիզբոն չեն գնում, որովհետև Տիզբոն չկա հիմա, գնում են այլ մայրաքաղաքներ, բամբասում՝ սեփական իշխանություններից: Այսինքն` դավաճանությունը ինչպե՞ս է լինում: Մենք պարտադրում ենք մարդկանց, որովհետև համակարգն է այդպիսին, որովհետև ինքն այլևս շանս չունի, որ մեկ տարի, կես տարի, տարի ու կես հետո ունենալու է իշխանություն իր ծրագրերը իրականացնելու համար: Իսկ խորհրդարանական համակարգն այդ հնարավորությունը տալիս է, եթե մի կուսակցություն ստացել է կայուն մեծամասնություն, ինչպես Կարմենն էր ասում, իսկ կայուն մեծամասնությունը այն մեծամասնությունն է, Կարմեն, որ հնարավորություն է տալիս պարզ օրենքներ ընդունելու: Այսինքն, դա կարող է լինել 52, 54, 55… Մենք դեռևս Վենետիկի հանձնաժողովի հետ կխոսենք: Մեկը ստացել է 51, մյուսը՝ 49, պատկերացնու՞մ եք, որ քաղաքական մի ուժ խորհրդարանում ունենա 49 տոկոս: Նույնիսկ ոչ 49, այլ՝ 40 տոկոս: Այսինքն` իր քննադատությամբ, իր գործուն լինելով նա կարող է չէ՞ շատ մեծ օգուտ տալ: Ի վերջո, ինչպես ասացի, այդ մեծամասնություն ասվածը, որ այդքան շատ ասում եք՝ կայուն մեծամասնություն, դա կարծրացած չի, չէ՞: Այդ կայուն մեծամասնությունն էլ է շարժվում: Վաղը, մյուս օրը հնարավոր է այդ կայուն մեծամասնությունից երեք, չորս հոգի անցնեն մեկ այլ տեղ, և չկա այլևս այդ կայուն մեծամասնությունը, չկա: Մեկ ուրիշն է դառնում կայուն մեծամասնություն: Այսինքն` կես տարի հետո, մեկ տարի, երկու տարի հետո հնարավոր է լինի իշխանափոխություն, կստիպի այդ մարդուն զբաղվել այդ 49 տոկոս ձայներով, զբաղվել՝ այդ ձայները տեղավորել կուսակցական կառույցներում, նույնիսկ եթե նա այդ ձայները ստացել է դեմ լինելով իշխանություններին: Այսինքն՝ բողոքավոր ընտրողների ձայներն են դրանք: Պետք է տեղավորել, պետք է կառուցակարգել, բայց նրանք փոշիացնում են դա, փոշիացնում են, որովհետև այլևս մոտակա 5 տարիներին այդ ընտրազանգվածը իրենց պետք չէ, հոգս է, չէ՞. հոգս է զբաղվել 100 հազար, 200 հազար, 300 հազար մարդով: Դու պետք է կարողանաս առավոտյան 9-ից միջև 11-12-ը աշխատել, որ կարողանաս այդ մարդկանց ինչ-որ չափով բավարարել: Նույնիսկ այդ մարդկանց հոգսը լսելով՝ կարող ես որոշակի խնդիրներ լուծել, իսկ իրենք այլևս պետք չեն: Եթե դա, կրկնում եմ, լինի կուսակցական համակարգ՝ տեղավորելով այդ ձայները կուսակցական կառույցներում, իհարկե, ամբողջը չես տեղավորի, բայց արդեն կառույցներ կունենաս: Լավ, ինչի՞ է նման, որ իրենց շատ ուժեղ քաղաքական կուսակցություն հորջորջողները այսօր, երբ իրենք սահմանադրական բարեփոխումները համարում են ինչ-որ աշխարհացունց իրադարձություն, չեն կարողանում հանձնաժողովի նույնիսկ կեսերում անդամներ առաջադրել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչը առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու: Վաղը Տիգրան Մուկուչյանին զանգեք, հարցրեք՝ ո՞ր կուսակցությունները որքանո՞վ են ներկայացված հանձնաժողովներում: Իսկ որպեսզի իրենք ներկայացված լինեին հանձնաժողովում, հիշու՞մ եք՝ խորհրդարանում ի՞նչ կռիվներ էին տալիս: Եվ ես տպավորություն ունեմ, որ խորհրդարանի այդ կռիվներն ավելի շատ ներկայացումներ են, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կռիվ է տալիս, այլ ոչ թե նրա համար, որ հետո այդ իրավունքից օգտվի: Կուսակցականաստեղծ աշխատանքը շատ բարդ աշխատանք է:
Պետրոս Ղազարյան- Արդյո՞ք այստեղ չկա նաև օբյեկտիվ պահ, որովհետև, տեսեք, նույն այդ կուսակցությունները, որպեսզի ստեղծեն կառույցներ, մարդիկ անդամագրեն և այլն, ֆինանսական ծախս է, չէ՞: Բայց մեր երկրում բիզնեսը չի ֆինանսավորում, գոնե հրապարակավ, ընդդիմությանը. բիզնեսը միշտ իշխանության կողքին է՝ փողը իշխանության մոտ է: Ընդդիմությունը փող չունի:
Սերժ Սարգսյան- Բայց իշխանությանը փողերը ո՞րտեղից, Պետրոս: Ոնց որ դու էլ էս սկսել ուրիշի փողերը լավ հաշվել՝ առանց տեսնելու:
Պետրոս Ղազարյան- Իշխանությունը ուրիշ չի, Պարոն Նախագահ: Բայց ընդդիմությունը չունի, չեն ֆինանսավորում ընդդիմությանը: Ինչպե՞ս իրենք ստեղծեն այդ կառույցները, որպեսզի մրցեն իշխանության հետ:
Սերժ Սարգսյան- Իսկ այդ իշխանությունը ինչպե՞ս է ստեղծվել. հենց այնպես մեկը բերել, նվե՞ր է տվել, թե՞ մի բիզնեսմեն է նվեր տվել: Դրա համար պետք է աշխատել, պետք է տքնել, պետք է սկզբից կառույցներ ստեղծել ու հետո միավորելով այդ կառույցների հնարավորությունները, կամաց-կամաց մեծացնել և ոչ թե՝ ունենալ փոքր մի կառույց ու միանգամից հայտ ներկայացնել, թե՝ ես վաղը Նախագահ եմ դառնալու, որովհետև մասնակցելու եմ նախագահական ընտրություններին: 2013 թվականը, 2008 թվականը վերցրու, դրանից առաջ էլ, քո կարծիքով, մասնակիցների ո՞ր տոկոսը շանս ուներ հաղթելու նախագահական ընտրություններում:
Պետրոս Ղազարյան- Խորհրդարանականի՞ մասին է խոսքը:
Սերժ Սարգսյան- Բայց ի՞նչ տարբերություն: Այդ մարդկանց ամբիցիաները գործում են միայն նախագահականի՞ ժամանակ. նրանց ամբիցիաները գործում են նաև խորհրդարանականի ժամանակ: Մենք ունենք ընդամենը երեք միլիոն բնակչություն: Վերցրու և համեմատի Հայաստանում կուսակցությունների թիվը ցանկացած այլ երկրի կուսակցությունների թվի հետ: Կտեսնես, որ այդտեղ մենք համաշխարհային առաջատար ենք: , Հասկանու՞մ ես, քանի որ ինքը գիտի, որ ի վիճակի չէ ստեղծել կուսակցություն, որի անդամները տասը հազար են, որովհետև դրա համար փողից բացի այլ բաներ են պետք, դրա համար բավարարվում է նրանով, որ ստեղծում է 50 հոգանոց, 40 հոգանոց, 30 հոգանոց մի կուսակցություն և հետո գնում տանը հպարտանում է, թե իբրև ինքը կուսակցապետ է: Դա նման է նրան, Պետրոս, որ ես և Դուք, ենթադրենք Երևանում կամ Վարդենիսում կամ, եթե կուզես, Գավառում գնանք, մի սենյակ վարձենք և ասենք, որ այդ սենյակը Գիտությունների համաշխարհային ակադեմիան է: Պետրոս, Դուք ակադեմիկոս եք, ես էլ՝ ակադեմիկոսի թեկնածու: Ու հետո, երբ առավոտյան իրար տեսնենք, ասենք՝ բարև Ձեզ ակադեմիկոս, ինչպե՞ս եք: Վիրտուալ աշխարհում ապրող մարդիկ կան, հասկանում ե՞ք: Ու ես սա որպես թերություն չեմ ասում: Զարգացման այս ճանապարհը անցել են շատ-շատ երկրներ: Ուղղակի, մենք պետք է հանդարտ, հանգիստ այդ խնդիրներին վերաբերվենք: Դրանից ողբերգություն չպետք է սարքենք: Չպիտի ասենք՝ վայ, տես ի՞նչ է եղել, այս մարդը ընտրություններին մասնակցեց և 0.2 տոկոս ստացավ: Այո, իսկ ի՞նչ է եղել: Մարդն այդպես է ցանկացել և մասնակցել է, դրանում ի՞նչ ողբերգություն կա: Միգուցե, ինքը ինչ-որ տեղ անձնական ողբերգություն կապրի, բայց պետք է այնպիսի կառուցակարգեր, այնպիսի հնարավորություններ ստեղծենք, որ մարդը ստիպված չլինի դրա համար արդարանալու, հասկանու՞մ եք: Ախր, եզակի թեկնածուներ են, չէ,՞ թեկնածություն դնում նախագահական ընտրություններին, եզակի թեկնածուներ են, ովքեր թշնամի չեն դարձել գործող իշխանություններին, հետևապես նաև՝ երկրին, որովհետև սուտ է, եթե դու իշխանություններին թշնամություն ես անում, ուզած, չուզած՝ քո երկրին ես վնասում: Երբեք Վասակ Սյունին չի ասել՝ ես Հայաստանին եմ ուզում վնասել, այդպես ո՞վ կարող է ասել: Եթե մեկը հանցագործություն է կատարում՝ մարդ է սպանում և դեպքերի ճնշող մեծամասնությամբ ասում է՝ ես ի՞նչ մեղավոր եմ, իրեն վատ պահեց՝ սպանեցի: Թեկնածուների ճնշող մեծամասնությունն այդպիսին են, չէ,՞ դարձել, որովհետև նորից եմ ասում՝ իրենց տարած 10 տոկոսը, նույնիսկ 25 տոկոսը փոշիանում է, հօդս է ցնդում ընդամենը մի քանի ամիսների ընթացքում: Բայց եթե դա լիներ խորհրդարանական կառավարման համակարգում, այդ 10 տոկոսը, 15 տոկոսը, ոչ թե պաշտոնի, այլ մասնակցության առումով եմ ասում, հնարավորություն կտար տվյալ կուսակցությանը գործելու, և ինչու ոչ՝ միգուցե, նոր առաջնորդ, նոր կուսակցության ղեկավար ի հայտ կգար:
Շավարշ Գևորգյան, «Հ2» հեռուստաընկերություն- Քանի որ մեղադրելն ամենահեշտ զբաղմուքն է, հետևաբար, մեղադրանքներն էլ շատ են այս թեմայի շրջանակներում: Մի մեղադրանքի էլ ես եմ ուզում անրադառնալ, որը հնչել է Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի կողմից, թե՝ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնվեն ոչ թե մեկ ստորագրությամբ, այլ՝ քվեարկությամբ: Այսինքն՝ պատասխանատվությունը կիսեն շատերը: Հրանտ Բագրատյանն էր այդ հարցը, եթե չեմ սխալվում, բարձրաձայնում: Արդյո՞ք գոնե տեսական հիմքեր կան նման մեղադրանքի համար, պարո՛ն Նախագահ:
Սերժ Սարգսյան- Գիտե՞ս, ես իմ պետական գործունեության ընթացքում հազարավոր մեղադրանքներ եմ լսել իմ հասցեին, միգուցե, որոնց մի մասը իրական հիմքեր ունեին, մի մասը՝ ոչ: Դրա համար, Շավարշ, ես չեմ զարմանում որևէ մեղադրանքի վրա: Ուղղակի, մի պարզ հարց եմ ուզում տալ՝ արդյո՞ք, մեր Սահմանադրությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Այդ ազատագրված տարածքներ ասածը մտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմ, չէ՞: Այսինքն, մեր Սահմանադրությունը տարածվում է այդտեղի վրա՞: Այսինքն, լուրջ մարդը, ես անկեղծորեն չգիտեմ, ո՞վ է այդպիսի բան հնչեցրել, ո՞նց կարող է այդպես մտածել: Բայց ասեմ ինչու՞ ենք բերել Սահմանադրություն այդ դրույթը դարձյալ մեր պրակտիկայից: Բոլորդ պետք է հիշեք, թե 2000թ. սկզբներին ինչու՞մ էին մեղադրում իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների հետ կապված, հիշու՞մ եք՝ նույնիսկ հոկտեմբերի 27-ը կապում էին Մեղրին Ղարաբաղով փոխելու հետ:
Պետրոս Ղազարյան- Աշոտ Մանուչարյանը ամեն տարի էլ կապում է:
Սերժ Սարգսյան- Դա Աշոտ Մանուչարյանի գործն է: Մեզնից յուրաքանչյուրն իր գործը պետք է անի: Բայց դա գրել ենք Սահմանադրության մեջ, որպեսզի այդպիսի հանիրավի հերյուրանքները տարածում չգտնեն, որպեսզի որևէ մեկը չասի, որ այս իշխանությունները, այս ղարաբաղցիները ուզում են մեր Մեղրին տալ, իրենց Ղարաբաղը բերել Հայաստան: Անլուրջ է, չէ՞: Այսինքն, Հայաստանի որևէ ղեկավար, ինչպիսին էլ որ լինի, ո՞նց կարող է մտքով անցկացնի Հայաստանի որևէ մի մաս ինչ-որ մեկին տալու կամ փոխանակելու: Դա էլ սահմանային կարգավորման խնդիր չէ, որ, չգիտեմ, 100 մետր մի կողմից են քեզ տալիս, 100 մետր՝ այն մյուս կողմից: Ո՞նց կարող ես վերցնել ու այդ բնակավայրերը տալ ինչ-որ մեկին, նույնիսկ՝ ինչ-որ բանի հետ փոխելու ակնկալիքով: Դա տրամաբանական չէ, վերջիվերջո, բանական չէ: Բայց այդպիսի մտքեր հնչեցնում են այն մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց ղեկավարության պարագաներում այդպիսի քայլի գնալու: Շատ հստակ է:
Արամ Աբրահամյան, «Շանթ» հեռուստաընկերություն- Որոշ չափով շարունակելու եմ Պետրոսի և Արթուրի հարցը: Ես ուզում եմ մեջբերում անել Ձեր ելույթից, որը տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 18-ին՝ Ձեր կուսակցության գործադիր մարմնի ժամանակ: Ես մեջբերումը անեմ, հետո հարցը տամ. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ և նկատել, որ այստեղ շահագործվում է իմ Ազգային ժողովի նախագահ դառնալու, «վերարտադրվելու» հնարավորությունը, հեռանկարը, ես ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Ազգային ժողովի նախագահ, Վարչապետ, ՀՀ Նախագահ չեմ պատրաստվում դառնալ: Սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ:
Սահմանադրական փոփոխությունները պետք են պետությանը և երկրին: Եթե ժողովուրդը ընդունի այդ բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, ուշադրություն դարձրեք, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Ազգային Ժողովի նախագահի և թե Վարչապետի պաշտոնին»: Նախ` հարցս հետևյալն է՝ համապատասխանու՞մ է դա իրականությանը, թե ոչ, որովհետև ձայնագրություն կամ տեսագրություն չկա՝ դա տեքստ է: Երկրորդ՝ եթե համապատասխանում է իրականությանը, ապա ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ: Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Դուք տեսականորեն ընդունում եք, որ կարող եք լինել Ազգային ժողովի նախագահ և Վարչապետ, և եթե այո, եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, ապա ինչու՞ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին:
Սերժ Սարգսյան- Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչու՞ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը: Ես այդ հանդիպման ժամանակ նաև ասել եմ, կարծում եմ՝ մենք սղագրությունը ունենք, և եթե թեման շատ հետաքրքրում է, ես կխնդրեմ տղաները քեզ կփոխանցեն սղագրությունը: Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից: Դրա համար հիմա խոսել այդ մասին, ես չեմ կարծում իմաստ ունի: Մոտեցումները բոլոր պարագաներում նույնն են:
Երկրորդ մասը ես շատ ավելի հստակ եմ ասել, ելնելով այն պարզ հանգամանքից, որ մարդիկ շահարկում են, ասում են՝ այս փոփոխությունն անում է, որ գնա ու դառնա: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է, ընդ որում, Ձեր եթերում մի քանի անգամ նկատել եմ, որ զրուցակիցներիդ նույն ձևով դու ես բացատրում: Իրոք, լիուլի ընձեռնում է հնարավորություն, և հեքիաթներ են պատմում՝ իրենք չունեն Նախագահի թեկնածու, իրենք չունեն սա, իրենք չունեն նա: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին: 3 այլ ոչ թե՝ մեկ, առնվազն՝ 3: Ժամանակը կգա, դուք կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ, եթե այդ առիթը ունենանք: Իսկ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններ լինեն, հետո կխոսենք դրա մասին:
Արամ Աբրահամյան- Որովհետև 2014թ. ապրիլի 10-ին, մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը Ձեր ելույթում, Դուք արդեն վկայակոչվել եք, երբ ասում եք, որ գերադասում եք նախագահական համակարգը, այդտեղ Դուք նույնպես ասացիք, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ: Այսինքն, ի՞նչի համար էիք այդ ժամանակ ասում, իսկ հիմա, կարծես թե, հրաժարվում եք դրանից: Հիմա հրաժարվու՞մ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ, Նախագահ և ԱԺ նախագահ:
Սերժ Սարգսյան- Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես,ուղղակի, չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում: Դու պիտի հիշես, երբ մենք ընտրությունների ժամանակ խոսում էինք ապահով Հայաստանի մասին, շատ մարդիկ հեգնանքով էին վերաբերվում, բայց ես հաստատակամ ասացի, չէ՞, որ մենք քայլ առ քայլ գալու ենք դրան: Հիմա շատ-շատերը կարող են ասել՝ սա ի՞նչ ապահով Հայաստան է, ամեն օր հանցագործություններ են լինում, կարծես թե, ապահով Հայաստանում հանցագործություն չպիտի լինի: Բայց երբ միջազգային կառույցները Հայաստանը դասում են աշխարհի 10 ամենաապահով երկրների շարքին, հիմա համոզվա՞ծ ես, որ ես այն ժամանակ համոզմունք ունեի, և ճիշտ ճանապարհով էինք գնում: Թե՞ էլի Սերժ Սարգսյանը տարել կաշառել է այդ միջազգային կառույցին այնպես, ինչպես Վենետիկի հանձնաժողովին, ԺՀՄԻԳ դիտորդական հանձնաժողովին, որ ամեն ընտրություն նախորդից լավն էին համարում: Այսինքն` բոլորին, հա՞: ՄԱԿ-ից սկսած Համաշխարհային բանկով վերջացրած, այդ բոլորին մենք կաշառու՞մ ենք: Ես իմ ասածներն իրականացնում եմ: Իհարկե, հնարավոր է մի քիչ շուտ, մի քիչ ուշ: Երբ ես Ազգային ժողովում ասացի, որ մեզ համար կենսական նշանակություն ունի Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը, Հյուսիս-հարավ ճանապարհ կառուցելը, չանցած 3 ամիս բոլորը սկսեցին քննադատել՝ թե ի՞նչ եղավ: Կարծես, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը մի ձեռքի շարժումով այսպես արեցիր և 3 ամսում եղավ: Բայց հիմա արդեն, երբ հսկայական գումարներ են գտնվել, և Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվում է, մեկը չի ասում՝ սա ասվեց և արվեց, էս ո՞նց եղավ այսպես: 3 տարի հետո, երբ որ ավարտենք և Վրաստանի սահման, Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ճանապարհը, որ այսօր մեքենաներն անցնում են 9.5 ժամում, կանցնեն 4.5 ժամում, դարձյալ կասեն՝ դե սա ի՞նչ է հիմա, մեկ է՝ Շվեյցարիայի պես ճանապարհներ չունենք: Բայց ասածը արվելու է, ասածը՝ արվում է: Ուղղակի, երբ ասածներդ ճիշտ չեն հասկանում կամ խեղաթյուրում են, դրա համար ասողը պատասխանատու չէ: Ես խոսք եմ տալիս Արամ Աբրահամյանին՝ ընտրություններից հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին:
Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, խոսել են սահմանադրական փոփոխությունների այս նախագծի մասին, և երկուսն էլ դեմ են արտահայտվել: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է, անվանել է այն արկածախնդրություն: Ռոբերտ Քոչարյանն այսպիսի մի բան է ասել, որ՝ կա այս նախագծում թաքնված շատ մեծ ռիսկ՝ այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող, առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում և որ՝ երկիրը ունի բազում խնդիրներ, գործող Սահմանադրությունը նույնպես հնարավորություն է տալիս դրանք լուծել, այնպես որ՝ պետք չէր գնալ այս քայլին: Ինչպե՞ս կմեկնաբանեք երկու նախագահների տեսակետները:
Սերժ Սարգսյան- Սաթիկ, ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն: Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ: Այսօրվա աշխարհն էլ 10 կամ 20 տարի առաջվա աշխարհը չէ: Աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ենք. 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` Նախագահ և Խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող: Այսօր մենք ունենք 3 ճանապարհ.
Ճանապարհ մեկ՝ թողնել գործընթացներն այսպես զարգանան, ինչն ինձ համար ընդունելի չէ:
Ճանապարհ երկու՝ պակասեցնել ժողովրդավարությունը: Դա էլ ինձ համար ընդունելի չէ, որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք, և այդ բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործել, չի գործում և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն: Հայաստանին անհրաժեշտ է կանոնակարգել իր կյանքը, որպեսզի այդ կյանքը դառնա շատ ավելի հաճելի: Մենք չունենք այդ ռեսուրսը: Այդ ռեսուրսը կարող են օգտագործել մեր այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և չգիտեն այն ու՞ր դնեն՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: Աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի, իրենց իշխանությունն էլ ամուր կլինի և իրենք 90 տոկոս ձայն կստանան: Մենք չունենք այդ հնարավորությունը:
Եվ երրորդ ճանապարհը՝ կարող է շատերին տարօրինակ թվալ, բայց այդ երկու մանդատների կոնֆլիկտը, որ սպառնալիք է մեր անվտանգությանը, ժողովրդավարությունը մեկ աստիճան բարձրացնելով, մենք այդպիսով խնդիրը լուծում ենք: Մեր խնդիրն այն չէ, որ ժողովրդավարությունը սահմանափակենք, միտինգները սահմանափակենք, այս ու այն սահմանափակենք: Մեր խնդիրը՝ մեկ աստիճան բարձրացնելն է, իհարկե, այդ ընթացքում նաև կանոնակարգելով պետական ինստիտուտների գործառույթները: Երբ պետական ինստիտուտների գործառույթները խառնված են, չի կարող դրանից լավ բան լինել: Պատասխանատուն պետք է լինի մեկը, իրավունքը պետք է լինի այդտեղ և, իհարկե, պետք է լինեն վերահսկողներ, որպեսզի գործընթացը ճիշտ ընթանա: Մենք այսօր շատ ավելի հասուն հասարակություն ենք, և ով դա չի տեսնում, իր խնդիրն է:
Սաթիկ Սեյրանյան- Որո՞նք են այդ հայտարարությունների դրդապատճառները:
Սերժ Սարգսյան- Այդ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, ես կարող եմ միայն ասել մեկի մասին. մարդիկ տասը տարի ղեկավարել են մեր երկիրը և այդ ընթացում ընդունել են սահմանադրություններ` առաջին Սահմանադրությունը, Սահմանադրության փոփոխությունները: Գիտե՞ք, երկրի հիմնական օրենքը մի տեսակ զավակի նման է: Հիմա ուզում են փոխել դա: Ես հասկանում եմ, եթե իրենք այլ կերպ համոզված լինեին, այլ կերպ կընդունեին Սահմանադրությունը կամ այլ կերպ կփոխեին: Իրենց համոզմունքը դա է: Ամենաճիշտ Սահմանադրությունը, առաջին Նախագահի կարծիքով, այն Սահմանադրությունն է, որ մենք ընդունել ենք, երկրորդ Նախագահի կարծիքով՝ այս մյուս Սահմանադրությունը: Բայց, արդյո՞ք, նախկին նախագահների կարծիքը պետք է որոշիչ լինի ինձ համար: Նորից եմ ասում՝ ես հարգում եմ բոլորի կարծիքները, այդ դեպքում, եթե նախկին մի նախագահը մի բան ասի, երկրորդ նախագահը՝ մեկ ուրիշ, իսկ 15 տարի հետո էլ երրորդ, չորրորդ Նախագահը, իսկ գործող Նախագահն ի՞նչ պետք է անի: Կարծիք արտահայտելը լավ բան է, այ, մերկապարանոց մեղադրանքը՝ վատ է:
Սաթիկ Սեյրանյան- Պարո՛ն Նախագահ, խոսեցիք, որ այն խնդիրները, որոնք ունենում է երկիրը գործող Սահմանադրության պայմաններում՝ անվտանգության խնդիրը, վտանգները, այսօրվա մարտահրավերները, որ կան՝ արտաքին քաղաքական, տնտեսության զարգացման խնդիրները, դատական համակարգում, խոչընդոտներ է ստեղծում գործող Սահմանադրությունը: Արդյո՞ք այս սահմանադրության նախագծով այդ խնդիրները կլուծվեն: Այսօր հասարակությանը վստահաբար չի հետաքրքրում այդքան Սահմանադրությունը որքանո՞վ իր կյանքում փոփոխություններ կբերի:
Սերժ Սարգսյան-Սաթիկ, միամտություն է կարծել, որ եթե սահմանադրական բարեփոխումներն անցնեն, մեկ շաբաթ հետո Հայաստանը դառնալու է դրախտ, լուծվելու են բոլոր տնտեսական խնդիրները, արդարադատությունն իրականացվելու է ամենաբարձր չափանիշներով և, ընդհանրապես, մենք մեզ երջանիկ ենք զգալու: Ոչ, այդպես չի: Բայց Սահմանադրությունն ընդունելով՝ մենք վերացնում ենք խոչընդոտները, և դրանից հետո մեր աշխատանքից է կախված, թե ինչպիսի՞ կենսամակարդակ մենք կունենանք, ինչպիսի՞ իրավապահ համակարգ կունենանք: Առանց մեր հասարակության բոլոր անդամների մասնակցության, անհնար է լավ պայմաններ ստեղծել, բոլորը պետք է պատրաստ լինեն մասնակցելու: Գիտե՞ք, Սահմանադրությունը նրա համար չէ, որպեսզի բարելավի պարզ քաղաքացու կենսամակարդակը: Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա բարելավելու իր կենսամակարդակը: Հասկանալի է, չէ՞, որ բոլոր երկրներում կան դժգոհներ` անկախ իրավիճակից: Չի լինելու մի իրավիճակ, երբ Հայաստանում բոլորն ամեն ինչից գոհ լինեն: Եվ այդ ամեն ինչը, նորից եմ ասում, մենք պետք է տեսնենք համեմատության մեջ: Ինչպիսի՞ն է այսօր միջին աշխատավարձը, ինչպիսի՞ն էր միջին աշխատավարձը տասը տարի առաջ, և մնացած բոլոր ոլորտները, երբ համեմատենք իրար հետ: Ինչպիսի՞ հնարավորություն ուներ տիկին Սաթիկ Սեյրանյանը տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ իր կարծիքն ազատ արտահայտելու, և ինչպիսի՞ հնարավորություն ունի այսօր տիկին Սաթիկ Սեյրանյանը այդ առումով: Կարող եք համեմատել: Եթե տարբերություն չկա, ուրեմն՝ մենք շատ վատ ենք աշխատում: Իսկ եթե կա տարբերություն, ես չեմ ասում` ասեք լավ եք աշխատում, գոնե ասեք՝ ինչ-որ բան արվել է: Չի կարող, հասկանու՞մ եք, առանց համեմատության լինել որևէ գնահատական: Սա՛ է իմ մոտեցումը:
Սաթիկ Սեյրանյան-Եվրասիական տնտեսական միությունում և այլն երկիրը ներկայացնելու է երկրի Նախագա՞հը:
Սերժ Սարգսյան-Չեմ կարծում, կարծում եմ՝ Վարչապետը: Եվ դա բացարձակապես որևէ խոչընդոտ չէ: Այնպես, ինչպես այսօր տիկին Մերկելը ներկայացնում է Գերմանիան և, ընդհանրապես, եվրոպական երկրների մեծ մասին ներակայացնում են վարչապետները: ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանը ներկայացված է վարչապետով, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը նույնիսկ իրեն թույլ է տալիս մտածել՝ այս մարդը Նախագահ է, թե՞ վարչապետ: Այսինքն` եթե ինքն է լիազորված անձը, պաշտոնի հետ չեն բանակցում, չէ՞, բանակցում են լիազորված անձի հետ: Եթե վաղը մենք որոշենք, որ բանակցությունները, օրինակ, Ղարաբաղի թեմայով, պետք է վարի արտաքին գործերի նախարարի տեղակալը, այդպես էլ լինելու է: Հասկանում եմ` ստատուսների խնդիր կա, բայց Նախագահ-Վարչապետ, ես մեծ տարբերություն չեմ տեսնում՝ գոնե այսքան շատ մոտիկից շփվելով եվրոպական և եվրասիական երկրների լիդերների հետ:
Արտակ Ալեքսանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն- Եվ վերջին հարցը, պարո՛ն Նախագահ, հաշվի առնելով, որ գործընկերներս հիմնական հարցերը տվեցին, թույլ տվեք իմ հարցը Սահմանադրությունից չլինի: Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն իրականացրեց, ավելի քան երկու տասնյակ մարդ ձերբակալված է: Ինչպե՞ս եք գնահատում գործողությունը, կա՞ն արդյոք նախաքննությամբ հայտնաբերված նոր փաստեր կամ մանրամասներ:
Սերժ Սարգսյան- Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը: ՈՒ մենք ուղղակի պետք է շնորհակալություն հայտնենք, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին, և՛ Ոստիկանությանը` այդ աղետը կանխելու համար: Բայց այստեղ ես ուզում եմ, ուղղակի, մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել իրականացված աշխատանքը: Մինչդեռ, այս մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել: Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում, այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին: Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ Հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը: Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում: Երբ գործողությունը տեղի է ունենում, այն ժամանակ են ասում` բա ինչու՞ չկանխարգելեցիք: Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ազգային անվտանգության մարմիններին, մեր աշխատողներին, օպերատիվ կազմին, տեխնիկական կազմին ու նաև, իհարկե, Ոստիկանությանը` այդ գործողությունները բարձր մասնագիտական մակարդակով անցկացնելու համար: