Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:
Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:
Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:
ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:
Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:
Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:
Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:
Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին:
***
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև` Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո
Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ և հարգելի՛ գործընկերներ, Ձեր ջերմ ընդունելության համար այստեղ՝ Հայաստանում: Հաճելի և միաժամանակ հետաքրքիր հնարավորություն ունենք՝ քննարկելու և երկխոսություն ծավալելու արտաքին քաղաքականության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՀԿ գործունեության շուրջ Ձեր թիմի և Ձեզ հետ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ուզում եմ վերահաստատել, որ դրանք ջերմ բարեկամական են: Ինչպես Դուք նշեցիք, դրանք տարեցտարի զարգանում են: Մենք հետաքրքրված ենք ընդլայնելու տնտեսական համագործակցությունը, շվեյցարական ընկերությունների կողմից մասնավոր, ինչպես նաև պետական ներդրումների ծավալը: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է համալրված երկկողմ իրավապայմանագրային բազա, որը Հայաստանի հետ մենք արդեն ունենք: Ինչպես նաև չպետք է մոռանալ գործարար համաժողովը, որի հերթական նիստը, ինչպես նշեցիք, անցյալ ամիս տեղի ունեցավ Ցյուրիխում: Նշենք նաև հունիսին Հայաստան ժամանող Տնտեսական զարգացման շվեյցարական գրասենյակի պատվիրակության մասին: Զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունն սկսվել է 1988 թվականին՝ երկրաշարժի տարիներին: Հետագայում այն վերածվել է ծրագրի: Արդյունքում մենք այսօր ծրագիր ենք իրականացնում՝ ուղղված գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը, բնական աղետների կառավարմանը: Մենք փորձում ենք ինչ-որ բան նախապատրաստել մասնագիտական կրթության և գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստում անցկացնելու ուղղությամբ, ինչն ապագային միտված հետաքրքիր ծրագիր է:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործունեությանը՝ առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ ինչպես այս առաջին ամիսներին, այնպես էլ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում մեր նախագահության նախապատրաստական աշխատանքներում մեզ ցուցաբերած կայուն աջակցության համար: Շնորհակալ եմ: Դա շատ կարևոր է: Միաժամանակ, ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է լինել անկողմնակալ: Շվեյցարիան չեզոք երկիր է, և ԵԱՀԿ-ն պետք է լինի անկողմնակալ կազմակերպություն, ուստի այս տարի մենք կրկնակի անկողմնակալ պիտի լինենք: Սա կարող է օգտակար լինել միջազգային հանրությանը, և մենք փորձում ենք օգտակար լինել այս առումով: Շնորհակալ եմ Ձեզ նաև այն հետևողական աջակցության համար, որ ցուցաբերվում է ԵԱՀԿ գործունեությանն այստեղ՝ Հայաստանում: Դրանք օգտակար են Հայաստանի համար, ԵԱՀԿ-ն այստեղ ունի հստակ, արդյունքների միտված, լիարժեք առաքելություն, ուստի մենք շնորհակալ ենք այս արդյունավետ համագործակցության համար: Ուկրաինայի հետ կապված՝ մեր երախտագիտությունն եմ հայտնում մարտ ամսին Հայաստանի ցուցաբերած աջակցության համար, երբ կազմակերպության 57 անդամ-երկրները կոնսենսուսի վրա հիմնված որոշում կայացրին հատուկ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, ինչը այս դժվարին ճգնաժամի պայմաններում շատ կարևոր էր: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. այժմ այս հակամարտությամբ զբաղվում է Մինսկի համաժողովը: Առաջին հերթին, որպես ԵԱՀԿ գործող նախագահ և որպես Շվեյցարիայի Նախագահ՝ ցանկանում եմ իմ խոր հարգանքն արտահայտել կարգավորմանն ուղղված այս դժվարին խնդրի և տևական ձևաչափի կապակցությամբ: Մենք գիտենք, որ դա դժվար է և չենք թերագնահատում ընթացքում հանդիպող դժվարությունները: Մենք նաև հայտնում ենք մեր խոր հարգանքը, քանի որ շատ միջադեպեր և զոհեր են եղել: Մենք դրա մասին չենք մոռանում: Որպես գործող նախագահող՝ այս հարցի հետ կապված իմ հստակ մոտեցումն այն է, որ ստատուս քվոն իրականում լուծում չէ, և մենք պետք է քայլ առ քայլ շարժվենք դեպի խաղաղություն, ինչը նշանակում է, որ շվեյցարական գործող նախագահությունը պետք է աջակցի զինադադարի ռեժիմի ամրապնդմանը: Սա, նախ և առաջ, նշանակում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, որը բոլորը ողջունել են, բայց երբեք չի իրականացվել: Միաժամանակ մենք խրախուսելու ենք երկխոսությունը, առաջին հերթին, իհարկե, երկու նախագահների միջև: Նախագահ Օլանդը հրավիրել է հանդիպում անցկացնելու Փարիզում: Մենք ամբողջությամբ սատարում ենք այս ջանքերը, այս նախաձեռնությունը: Նախագահների այս նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ՝ տանելով դեպի համակարգված բանակցային գործընթաց, որն էլ իր հերթին կհանգեցնի հաշտության համաձայնագրի: Սա է գաղափարը, որը, միգուցե, ավելի հեշտ է ասել, քան իրագործել, բայց այդ իմանալով հանդերձ՝ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ՝ մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրա:
Առաջին հերթին այն, ինչ մենք կարող ենք անել, հանդիպումներ անցկացնելուն ուղղված աջակցությունն է, օրինակ` փորձագիտական, կազմակերպական, ինչպես նաև ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել հնարավոր հաշտության համաձայնագրի կիրառման համար: Այստեղ ես հստակ ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք այդ անել մեր նախագահության ընթացքում, անհրաժեշտության դեպքում, և եթե բոլոր կողմերը ցանկանան, շվեյցարական կառավարությունը պատրաստ կլինի ապահովել իր ներկայությունը նաև նախագահությունից հետո և, հարկ եղած դեպքում, նորից աջակցություն կցուցաբերի: Մենք կարող ենք նաև աջակցություն ցուցաբերել՝ մթնոլորտը խաղաղության նախապատրաստելու, օրինակ՝ մարդկային շփումների, տարածաշրջանային համագործակցության միջոցով: Նախ և առաջ, մենք ծրագիր ունենք շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված և այլ ոլորտներում նույնպես: Մենք պատրաստ ենք՝ շարունակելու շվեյցարական աջակցությունը և խաղաղության գործընթացում շվեյցարական ներդրումը: Թույլ տվեք, միայն նշել, որ խաղաղությանը միտված գործունեության մեջ ներգրավվելը Շվեյցարիայի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներից, նպատակներից և շահերից մեկն է: Շատ շնորհակալ եմ ձեր ուշադրության համար: