Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունները ԶԼՄ-երի ներկայացուցիչների համար
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո
Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:
Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում:
Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:
Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին:
Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը:
Պարոն Նախագահ, Ձեր այցը չափազանց կարևոր է, բայց, ցավոք, շատ կարճատև: Հուսով եմ, որ Ձեր գերծանրաբեռնված օրակարգում ժամանակ կգտնեք կրկին այցելելու Հայաստան, քանի որ մեր ինտենսիվ շփումները չափազանց կարևոր են մեր հարաբերություններն ամրապնդելու համար: Մեկ անգամ ևս բարով եք եկել: Շնորհակալ եմ ուշադրության համար, աջակցության համար:
***
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո
Պարո՛ն Նախագահ, հաճույքով եմ առաջին անգամ Հայաստան այցելում: Մի երկիր, որն այդքան բան է տվել եվրոպական պատմությանը և մշակույթին, որի հետ շատ բաներ ենք կիսում ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում: Անչափ շնորհակալ եմ այն ջերմ և սիրալիր հյուրընկալության համար, որին արժանացա ես և իմ պատվիրակությունը:
Սա մեր երրորդ հանդիպումն է: Մենք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ենք Վարշավայում Եվրոպական հարևանության գագաթնաժողովին և Բրյուսելում: Եվ ինչպես միշտ, Նախագահ Սարգսյանը և ես շատ լավ զրույց ունեցանք՝ անդրադառնալով մեր երկկողմ ու տարածաշրջանային օրակարգին:
Ես ուզում եմ առանձնացնել հետևյալ երեք կետերը.
Առաջին՝ մենք զգում ենք ընդհանուր առաջընթաց ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայանգրի շուրջ: Սկսել ենք բանակցությունները Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Ավելին, այս տարվա փետրվարին սկսվեցին Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները՝ որպես առաջին քայլ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
Ես խրախուսեցի Նախագահ Սարգսյանին լավագույնս օգտագործել Արևելյան հարևանության հնարավորությունները Հայաստանի համար: Մենք շատ լավ առաջընթաց ենք արձանագրել Վարշավայի գագաթնաժողովից ի վեր:
Եվ, ինչպես նշեցի, մենք ճիշտ ուղի ենք բռնել, որպեսզի ժամանակին՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, հասնենք այն նպատակներին, որոնք սահմանվել էին Ճանապարհային քարտեզի համաձայն:
Երկրորդ՝ ողջունում եմ Եվրոպական միության հիմնական արժեքների հիման վրա բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի հանձնառությունը, որն ուղղորդելու է դեպի ԵՄ չափանիշների և նորմերի հետ մոտարկում: Սա ակնհայտորեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է:
Ես խրախուսում եմ Հայաստանին շարունակել այդ ճանապարհը՝ հզորացնելով իր ժողովրդավարական հաստատությունները, խրախուսելով թափանցիկությունը, արմատախիլ անելով կոռուպցիան և հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, ներառյալ խոսքի և մամուլի ազատության իրավունքը: Դուք, պարո՛ն Նախագահ, ճիշտ ճանապարհի վրա եք, անգամ եթե դեռ շատ անելիք կա առջևում:
Ես նաև մատնանշել եմ և դա արել եմ նաև խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ: Որքան ավելի զորեղ կլինի ձեր հանձնառությունը իրական բարեփոխումներ իրականացնելու և համընդհանուր արժեքները պաշտպանելու գործում, այդքան էլ դուք կարող եք հենվել ԵՄ-ի վրա՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:
Այս կապակցությամբ ես ուրախ եմ հայտարարելու, որ ԵՄ-ը որոշել է Հայաստանի համար 2012 թվականի տարեկան օժանդակությանը հավելել ևս 15 մլն եվրո՝ Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության հոդվածի ներքո: Սա Հայաստանին տրամադրվող օգնության 25 տոկոսի աճ է:
Այդ միջոցներն օգտագործվելու են մի շարք հիմնական բարեփոխումներին աջակցելու համար՝ Հայաստանին ասոցացման ճանապարհին օժանդակելու նպատակով:
ԵՄ-ը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ավելի մրցակցային և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցում: Դա դեպի առաջ տանող շատ կարևոր քայլ էր: Այնուամենայնիվ, ինչպես մատնանշված էր ԵԱՀԿ ԺՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության ամփոփիչ զեկույցում՝ որոշակի խնդիրների դեռևս անհրաժեշտ է անդրադառնալ: Մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա մինչև գալիք նախագահական ընտրությունները:
Սրա հիման վրա ես հաճույքով հայտարարում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը այժմ ի վիճակի է սկսել դոնորների կոնֆերանս անցկացնելու նախապատրաստությունները Հայաստանի և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:
Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացը շարունակում է հանդիսանալ ԵՄ առաջնահերթություն: Յուրաքանչյուր օր, որ անցնում է առանց լուծման, բոլորիս համար կորսված հնարավորություն է: Լուծում գտնելու համար անհրաժեշտ է կառուցել փոխադարձ վստահություն, հավատ և հարգանք:
Լուրջ մտահոգությամբ ենք տեղեկացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և շփման գծում վերջին լուրջ զինված միջադեպերի մասին: Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար: Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց ազգականներին և հարազատներին:
Ռազմական ուժը չի լուծելու այս հակամարտությունը: Միայն խաղաղ և բանակցային լուծումը կարող է թույլ տալ ամբողջ տարածաշրջանին շարժվել ստատուս քվոյից անդին՝ դեպի անվտանգ և բարգավաճ ապագա: Եթե հնարավոր լինի նախապատրաստել անվտանգ և կայուն տարածաշրջանային մթնոլորտ, ապա կայունությունը և խաղաղությունը իրենց բարիքները կբերեն բոլոր հայերին:
Ես կրկնում եմ այն, ինչ ասվել էր ավելի վաղ ԵՄ կողմից և այն, ինչ հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին Մեծ 20-յակի հանդիպման ժամանակ արված իրենց հայտարարության մեջ. երկու կողմերն էլ պետք է որոշումներ կայացնեն, որպեսզի հանգեն երկարաժամկետ և խաղաղ հանգուցալուծման մադրիդյան սկզբունքների հիման վրա, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ամբողջությամբ իրականցնեն իրենց հանձնառությունները, որոնք ստանձնել են իրենց Նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երկու կողմերն էլ պետք է խստագույնս հարգեն հրադադարը, ցուցաբերեն զսպվածություն տեղանքում և խուսափեն թշնամական հռետորաբանությունից իրենց հրապարակային հայտարարություններում:
ԵՄ-ը փոխվստահության և հաշտեցման ջանքերին աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում: Դրա համար մենք ունենք ինչպես միջոցներ, այդպես էլ անհրաժեշտ փորձառություն: Դեսպան Լեֆորի նշանակումը որպես Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ վկայում է ԵՄ-ի աճող հանձնառության մասին:
Պարոն Նախագահ, կրկին շնորհակալ եմ մեզ այստեղ՝ Երևանում հյուրընկալելու համար: Հայաստանը գործընկեր է՝ մեր շատ սերտ գործընկերը: Ուրախ եմ, որ մենք այստեղ վերահաստատեցինք մեր համատեղ ընդհանուր աշխատանքը՝ հանուն Հայաստանի լավ ապագայի: