01
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայ-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորի,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հենց նոր ավարտվեց մեր հանդիպումը Ուկրաինայի նախագահի՝ Վիկտոր Յանուկովիչի հետ, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Չնայած դժվար է դրանք բանակցություններ անվանել, որովհետև մթնոլորտը ջերմ էր և եղբայրական:

Տեղի ունեցավ որոշակի, դրական և նպատակաուղղված զրույց, որի ընթացքում մենք քննարկեցինք ամենատարբեր հարցեր, խոսեցինք այն մասին, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն անցյալ տարի Կիևում և Յալթայում կայացած հանդիպումներից հետո:

Մեր երկրների միջև հարաբերությունների օրակարգը եղել է և շարունակում է մնալ գերհագեցած: Իհարկե, նշանակալից ժամանակ մենք հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության, մեր երկրներում առկա ներդրումային մթնոլորտին վերաբերող հարցերին: Մենք համոզված ենք, որ ամուր տնտեսական կապերը խթանում են մնացած բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը:

Չնայած երկկողմ առևտրաշրջանառությունը 2009թ. սկզբին մի փոքր նվազել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով, բայց այժմ կան բոլոր հիմքերը հաստատելու, որ տարեվերջին, հնարավոր է՝ հաջորդ տարեսկզբին, մենք կհասնենք մինչճգնաժամային մակարդակին:

Խոսեցինք միջազգային իրավիճակի, Հարավային Կովկասում այսօր գոյություն ունեցող հանգուցային խնդիրների, անվտանգության և կայունության հարցերի մասին: Դա հատկապես արդիական է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջիկա նախագահության լույսի ներքո: Հուսով ենք, որ Ուկրաինայի նախագահությունը կարևոր ներդրում կունենա Կազմակերպության սկզբունքների և արժեքների առաջխաղացման գործում, ինչին մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենալայն և գործնական աջակցություն:

Իմ կողմից մեկ անգամ ևս հաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրությունների հիման վրա հետագայում ևս Ուկրաինայի հետ փոխգործակցել միջազգային ասպարեզում: Ես նկատի ունեմ, առաջին հերթին, Միացյալ ազգերի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, ԵՄ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ձևաչափերում, միջազգային և տարածաշրջանային այլ հարթակներում: Համոզված եմ, որ դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի շահերից:

Խոսեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Հայաստանի դիրքորոշումը մեզ համար առանցքային, զգայուն այդ հարցի նկատմամբ անփոփոխ է և համահունչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը: Մասնավորապես՝ հարցը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում՝ ընդունված 2009թ. հուլիսին Լ՚Աքվիլայում, 2010թ. հունիսին Մուսկոկայում և 2011թ. մայիսին Դովիլում:

Մենք նշեցինք այն առանցքային դերը, որ ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և համաձայնվեցինք, որ նրանց մոտեցումները պետք է հիմք հանդիսանան այդ հարցի վերաբերյալ ցանկացած հայտարարության համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչված կրողը: Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, պետք է լիարժեքորեն իրագործվի. Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա:

Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք, անկասկած, կնպաստեն մեր գործընկերության հետագա առաջխաղացմանը: Ես պարոն Նախագահին հրավիրեցի և այժմ հաճույքով դա անում եմ ձեր ներկայությամբ պաշտոնական այցով լինել Հայաստանում նրա համար ցանկացած պատեհ ժամանակ:

Մենք գոհունակություն հայտնեցինք հումանիտար ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև շփումների ակտիվ զարգացման կապակցությամբ: Մենք հպարտորեն ուկրաինացի հանդիսատեսին ենք ներկայացնում այսօր մեկնարկող «Հայաստանի մշակույթի օրերը Ուկրաինայում» և, մասնավորապես, 19-20-րդ դարերի հայտնի հայ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը: Մյուս տարվա համար նախատեսված է անցկացնել «Ուկրաինայի մշակույթի օրեր Հայաստանում»: Ես համոզված եմ, որ սա մեր երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության արդեն գոյություն ունեցող կապերի պահպանման և նոր կապերի զարգացման հիանալի ձև է:

Մեր երկրների միջև հարաբերություններում կարևոր կապող օղակ է Ուկրաինայի հայ համայնքը: Այն հայտնի է ոչ միայն իր բազմադարյա պատմությամբ, այլ նաև այսօրվա իր մարդկանցով, նրանց ստեղծագործական և գործնական որակներով: Կարելի էր շատ անուններ տալ, բայց մեր ժամանակակիցներից մեկին ես չեմ կարող շրջանցել. Նա Ղարաբաղում ծնված, կիևցի հրաշալի կինոռեժիսոր Ռոման Բալայանն է: Այդպիսի մարդիկ մեր ժողովուրդների միջև ստեղծում են բնական կամուրջներ, և դա թանկ արժե:

Մեր ժողովուրդների այդպիսի մեծ զավակ է եղել Սերգեյ Փարաջանովը՝ հայ, վրացական և ուկրաինական կինոյի դասականը, ում «Մոռացված նախնիների ուրվականները» ֆիլիմից հետո նույնիսկ մեղադրեցին ուկրաինական ազգայնականության մեջ: Այդ մարդիկ, նրանց ժառանգությունը՝ մեր ընդհանուր հարստությունն են, որոնք մենք բոլորս միասին պետք է բազմապատկենք:

Բոլորվին վերջերս Հայաստանում ուկրաիներեն հրատարակվեց հայկական պոեզիայի ժողովածու, որը պատրաստել է հիանալի գրող, թարգմանիչ Միրոն Նեստերչուկը: Ես արդեն չեմ խոսում Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հարգված հայագետ Ալեքսանդր Բոժկոյի այդ անդաստանում երկարամյա և արդյունավետ գործունեության մասին, ում հայերենին մեզ մոտ շատերը կնախանձեին:

Ամփոփելով այսօրվա բանակցությունները, կցանկանայի գոհունակությամբ ընդգծել հետևյալը. պետությունների ղեկավարների մակարդակով ևս մեկ անգամ հաստատվեց հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը, նաև ձգտումը ապահովել դրանց տեղափոխումը նոր բարձր մակարդակ:

Դա, անկասկած, շատ կարևոր է: Դա մեր երկրների բարգավաճման և Հայաստանի ու Ուկրաինայի ժողովուրդների բարեկեցության, մեր տարածաշրջաններում անվտանգության և կայունության ամրապնդման շահերից է բխում:

Շնորհակալություն ուշադրության համար և ևս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար:



← Վերադառնալ