05
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ

album picture
Շնորհակալ եմ պարո՛ն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Նախագահ Տադիչին ջերմ հյուրընկալության համար: Սա իմ և առհասարակ` ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցն է Սերբիա:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը: Դա գնահատում եմ որպես հայ-սերբական միջպետական հարաբերությունների զարգացման նոր մեկնարկ:

Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, սակայն նշեմ ամենակարևորը` վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը։ Արձանագրվեց, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:
Անդրադարձանք 2009թ. հուլիսին Նախագահ Տադիչի Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման առաջընթացին: Նշեցինք, որ այցից հետո ունենք որոշակի արդյունքներ. կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես` քաղաքական ոլորտում։ Մեր երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պարբերաբար հանդիպում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային տարբեր ֆորումների շրջանակներում։ Աշխատանքներ են տարվել իրավապայմանագրային դաշտը հարստացնելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում ակտիվ զարգացել է հայ-սերբական մշակութային կյանքը, ինչն ամուր հիմք է ստեղծում մեր ժողովուրդների փոխճանաչողության, փոխվստահության բարձրացման, ուստի և՝ այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Դրա հետ մեկտեղ՝ նախանշեցինք այն համատեղ քայլերը, որ պետք է ձեռնարկվեն համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար: Առաջին հերթին ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը և ընդգծեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, տուրիզմի և էներգետիկայի ոլորտներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այցի շրջանակներում ստորագրվեցին երկու կարևոր միջկառավարական համաձայնագրեր` օդային հաղորդակցությունների մասին և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Այդ փաստաթղթերն ընդլայնում են մեր իրավապայմանագրային դաշտն ու լավ նախադրյալներ ստեղծում համագործակցության զարգացման համար:

Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Հայ և սերբ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում է և նոր որակ ստանում մեր ժամանակներում: Այսօր նաև մշակույթի նախարարները ստորագրեցին առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագիր: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները հումանիտար կապերի զարգացման ոլորտում, այդ թվում երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով:

Իմ սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն Նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միևնույն ժամանակ զերծ կմնա որևէ ռազմական գործողություններ վարելուց: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, և անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը, մասնավորապես երբ հարցը վերաբերում է միջազգային հարթակներում Հայաստանի և Սերբիայի համար կենսական կարևորություն ունեցող հարցերին։

Ընդհանուր առմամբ, մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս եմ հայտնում, որ հայ-սերբական քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ այսուհետև կկրեն կանոնավոր ու շարունակական բնույթ:

← Վերադառնալ