11
10, 2010

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի համատեղ մամուլի ասուլիսը Սլովենիայի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հենց նոր ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Նախագահ պարոն Դանիլո Թյիրկի հետ։ Իմ գնահատմամբ, մենք բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և բազմակողմ մի շարք հարցերի շուրջ:

Նշեմ, որ սա Սլովենիայի Հանրապետության Նախագահի առաջին այցն է Հայաստան։ Անկախության հռչակումից հետո երկու երկրներն էլ գտնվել են պետականության կառուցման կարևորագույն շրջանում՝ յուրաքանչյուրն իր արտաքին քաղաքական առաջնայնություններով, և զարմանալի չէ, որ մեր հարաբերությունները բավարար արագությամբ չեն զարգացել։ Ուրախ եմ, որ այս այցը կայացավ և լիահույս եմ, որ ապագայում բարձր մակարդակի փոխշփումներն իրենց կայուն շարունակականությունը կունենան։

Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, սակայն նշեմ ամենակարևորը` պետությունների ղեկավարների մակարդակով վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք պատրաստակամությունը։ Ակնհայտ է, որ սա բխում է թե՛ Հայաստանի, և թե՛ Սլովենիայի շահերից։ Արձանագրեցինք, որ համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունի և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել մեր փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Ստորագրվեց չորս կարևոր միջկառավարական համաձայնագիր, որոնք լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ու տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:

Դրանցից երկուսը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը առանցքային փաստաթղթեր են հայ-սլովենական առևտրատնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման և ընդլայնման գործում։

Բացահայտում արած չեմ լինի, ասելով, որ արդի աշխարհում տնտեսությունը դարձել է գերակա գործոն, և հաճախ հենց տնտեսական շահն է որոշիչ հանդիսանում քաղաքական օրակարգի ձևավորման համար։ Այս առումով մենք կարևորեցինք հայ ու սլովենացի գործարարների` այցին զուգահեռ ընթացող համաժողովը, և երկու երկրների զարգացման գործակալությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը` վստահ լինելով, որ տնտեսական բաղադրիչի հզորացումը երկկողմ հարաբերությունների կարևորագույն հրամայականներից է:

Հայաստանում տպավորված ենք Սլովենիայի տնտեսական ցուցանիշներով. Սլովենիան ԵՄ-ին նոր անդամակցած երկրների խմբում, տնտեսության աճի ցուցանիշներով, գտնվում է առաջատար դիրքերում: Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի տնտեսության մեջ սլովենական ներդրումների ներգրավման և փորձի ներդրման հնարավորությունները:

Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Այս ուղղությամբ այսօր կնքված կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը կնպաստի հումանիտար կապերի զարգացմանը, մշակութային փոխճանաչողությանը, և ընդհանրապես, մեր ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը։

Պակաս կարևոր չէր նաև Հայաստանի և Սլովենիայի կառավարությունների միջև կնքված դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Սա դիտում ենք որպես Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված ևս մեկ քայլ։

Ընդհանրապես, հայ-սլովենական համագործակցությունը մենք դիտում ենք նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Պարոն Թյիրկի հետ համակարծիք էինք, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը համագործակցության նոր հեռանկարներ է բացում և պայմանավորվեցինք է՛լ ավելի ակտիվացնել մեր փոխգործակցությունն այս շրջանակում:

Ես ներկայացրեցի նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքն ու վերջին զարգացումները։ Հայկական կողմի դիրքորոշումն այս առանցքային հարցի շուրջ մնում է անփոփոխ՝ խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյություն ունեցող ձևաչափով և միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ։ Եւ որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան հեշտությամբ կարելի է գալ խնդրի լուծմանը: Ավելի ճիշտ` որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան մեր ակնկալիքները, դրական լուծման առումով, կարող են ավելի շատ լինել:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Թյիրկին բովանդակալից քննարկումների համար եւ հաճույքով խոսքը տրամադրել նրան:



***



Նախագահ Դանիլո Թյիրկի ներածական խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Շնորհակալություն, պարո´ն Նախագահ: Թույլ տվեք ասել, որ շատ հաճելի է պատվիրակությանս եւ Սլովենիայի 35 առաջատար գործարարների հետ միասին գտնվել Երեւանում` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցության, այդ թվում` տնտեսական գործակցության, ապագա հնարավոր ուղիները: Սլովենիայում մեծ հիացմունքով ենք վերաբերվում Հայաստանին` որպես հարուստ մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող, ժամանակակից հավակնություններով երկիր, եւ որպես երկիր, որը կարող է մեծ ներդրում ունենալ Կովկասում` տարածաշրջանային համագործակցության գործընթացում:

Մեր երկկողմ հարաբերություններում հատկապես ցանկանում եմ ընդգծել մշակույթի կարեւորությունը: Փորձն է ցույց տվել, որ մշակույթը, ոչ միայն ոգեշնչման եւ հիացմունքի աղբյուր կարող է լինել, այլ նաեւ` գործնական համագործակցության միջոց եւ գործիք: Այս տարվա սկզբին Սլովենիայի հիմնական մշակութային կենտրոնում` ”Ցանկարեւ դոմ”-ում անցկացվեց Հայաստանին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարք, որի շնորհիվ ե՛ւ սլովենացիները, ե՛ւ այլ երկրներից ժամանած հյուրերը կարողացան ավելի մոտիկից ծանոթանալ հայոց մշակույթին ու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Մյուս տարի այստեղ` Հայաստանում, մենք կկազմակերպենք Սլովենիայի մշակույթի միջոցառումների շարք` մշակույթի օրեր Հայաստանում, որպեսզի փոխադարձենք արվածը: Մեր հարաբերությունների խորհրդանիշը եւ մեր մտադրությունների լրջության վկայությունն է այն հանգամանքը, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալ հանձնեց “Ցանկարեւ դոմ”-ի տնօրեն Միտյա Ռոտովնիկին: Այս ամենը շատ ենք կարեւորում, քանի որ մշակույթը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը եւ միջազգային համագործակցության դյուրինացմանը: Անհամբերությամբ եմ սպասում նաեւ գործարարների համաժողովին, որին օրվա ընթացքում կմասնակցենք նաեւ ես եւ Նախագահ Սարգսյանը: Կարծում ենք, որ կան համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որոնցում գործարարները կարող են հաջողության հասնել, դրանցից են, օրինակ, քիմիական, դեղագործական արդյունաբերությունը, առողջապահական ծառայությունները եւ բազմաթիվ այլ ոլորտներ:

Այսօր առավոտյան ես եւ Նախագահ Սարգսյանը շատ հետաքրքիր ու օգտակար քննարկում ծավալեցինք անվտանգության տարբեր խնդիրների շուրջ: Ես այն համոզման եմ, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է անվտանգության միջազգային իրավիճակը: Կարծում եմ` կան նոր նախաձեռնություններ, որոնց պետք է շատ լրջորեն վերաբերվել, եւ որոնք աշխարհով մեկ անվտանգությունն էլ ավելի ամրապնդելու եւ բարելավելու մեծ ներուժ ունեն: Դրա լավ օրինակ է Եվրասիական տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը:

ՆԱՏՕ-ն անվտանգության նոր ռազմավարական հայեցակարգ է մշակում, որը կընդունվի նոյեմբերին Լիսաբոնում: Եւ դատելով գործընթացից` մենք կարող ենք սպասել, որ այն նոր շրջանակ, նոր հնարավորություններ կընձեռնի ողջ Եվրասիական եւ Եվրատլանտյան տարածքում` անվտանգության հետագա ամրապնդման համար: ԵՄ-ն հայտարարել է Արեւելյան գործընկերության մասնակից պետություների հետ համագործակցության իր քաղաքականության մասին: Սլովենիայում այն համոզման ենք, որ Արեւելյան գործընկերությունը Եվրոպական Միության համար ապագայում կարեւոր գերակայություն է լինելու: Եվրոպայի համագործակցությունը Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների հետ կարող են նոր երանգ եւ նոր բովանդակություն հաղորդել Եվրասիական եւ Եվրատլանտյան տարածաշրջաններում Եվրոպայի անվտանգության ապագա քաղաքականությանը: Հայաստանն այդ ռազմավարության կարեւոր մասնակիցներից է եւ այս տարածաշրջանում` ամենազգայուն իրավիճակում հայտնված պետություններից: Աշխարհը պետք է լսի Հայստանին, աշխարհը պետք է հասկանա Հայաստանին, պետք է աշխատի Հայաստանի հետ` լուծելու տարածաշրջանում բոլոր խնդիրները, անվտանգության խնդիրները եւ հանուն ապագայի` ծավալելու ընդլայնված համագործակցություն: Բնականաբար, պրակտիկ իրագործման մեջ բազմաբնույթ քայլեր կարող են ձեռնարկվել: Մասնավորապես` կպահանջվի մարդկանց տեղաշարժի որոշակի ազատականացում: Մենք պետք է առաջընթաց արձանագրենք: Սլովենիան հավատարիմ է այս ամբողջ տարածաշրջանում վիզաների ազատականացման սկզբունքին: Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացման համաձայնագրի այսօրվա ստորագրումը` հենց քայլ է այդ ուղղությամբ: Համեստ, բայց նշանակալից քայլ է, եւ հուսով ենք, որ նմանատիպ քայլեր ապագայում եւս կձեռնարկվեն: Անդրադարձանք նաեւ տարածաշրջանում անվտանգության մի շարք հիմնախնդիրների, եւ շատ երախտապարտ եմ Նախագահ Սարգսյանին նրա համար, որ սպառիչ կերպով ներկայացրեց ու բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Նրա վերլուծությունից եւ դիտարկումներից եզրակացնում եմ, որ շատ կարեւոր է առաջ շարժվել հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով, ընդգծում եմ`հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով: Ընդ որում` վստահության կառուցման միջոցառումների անհրաժեշտության կարեւորմամբ, որոնք պետք է մեկնարկեն անմիջապես: “Սառեցված հակամարտություն” եզրույթը ապակողմնորոշող է, մոլորեցնող: Սառեցված հակամարտությունը չպետք է սառեցված թողնվի, այն պետք է ապասառեցվի եւ լուծվի: Լուծման տանող կարեւոր կամուրջներից է վստահության ամրապնդումը:

Եվ վերջում մենք անդրադարձանք նաեւ Կովկասում տարածաշրջանային մեխանիզմների ստեղծման հնարավորությանը: Եվ ես` որպես Սլովենիայի նախագահ, հավատացած եմ, որ Եվրոպայի ցանկացած ենթատարածաշրջանում առկա են այնպիսի մեխանիզմների ստեղծման օրինակներ, որոնք թույլ են տալիս անմիջական հարևաններին ծավալել արդյունավետ և խաղաղ համագործակցություն:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս ներածականը, թերեւս, սովորականից երկար տեւեց, բայց դրա պատճառը միայն այն է, որ մեր զրույցները բազմաբովանդակ էին, քանի որ մեր համագործակցության հեռանկարներն ապագայում շատ խոստումնալից են:



***



Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի հարցուպատասխանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Կոսովոյի անկախությանը սատարող երկրները մշտապես շեշտում են, թե Կոսովոն յուրահատուկ դեպք է: Այնուամենայնիվ, եթե մի կողմ թողնենք քաղաքական նպատակահարմարությունը, ապա բերվող փաստարկներն անհիմն են թե՛ քաղաքական ու իրավական, եւ թե՛ բարոյական տեսանկյունից: Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման բանավեճը, երեւի կհամաձայնեք ինձ հետ, որ չի սկսվել և չի սահմանափակվելու Կոսովոյով, ՄԱԿ-ի անդամ երկրների աճը դրա վառ օրինակն է: Ո՞րն է այդ երկու սկզբունքների վերաբերյալ Ձեր գնահատականը:

Դանիլո Թյիրկ-Պատասխանելով Ձեր հարցին` ասեմ, որ այդ երկու սկզբունքները երբեւէ չեն գործում ինքնաբերաբար: Դրանց իրագործմանը նախորդող բազմաթիվ միջանկյալ իրավիճակներ եւ քայլեր կան: Ձեր հարցի հետաքրքիր ասպեկտն այն է, թե ինչո՞վ է Կոսովոն հատուկ կամ առանձնահատուկ: Թույլ տվեք բացատրել, թե ինչով. 1998թ., որոշակի իրադարձություններից հետո, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ Կոսովոն սպառնալիք է միջազգային խաղաղությանը: Կոսովոն խաղաղությանը սպառնալիք ճանաչելու մասին հայտարարությունը հիմք դարձավ ապագայում ե՛ւ ռազմական, ե՛ւ այլ որոշակի միջոցառումներ այնտեղ իրականացնելու համար: Արդյունքում, 1999թ. Կոսովոն դրվեց միջազգային վարչարարության ներքո: 1999թ. հունիսին ստեղծվեց Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունը, որն էլ սկսեց վարչարարություն իրականացնել այդ տարածքում, ինչի արդյունքում էլ Կոսովոն դուրս բերվեց թե՛ Սերբիայի, թե՛ այն ժամանակվա Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության հսկողությունից եւ վերահսկողությունից: Իհարկե, Կոսովոյի կարգավիճակը կանխորոշող կարեւորագույն գործոն է, եւ դա էլ հիմք ծառայեց Արդարության միջազգային դատարանի կողմից վերջերս հրապարակված խորհրդատվական եզրակացության համար: Ինչպես գիտեք, Արդարության միջազգային դատարանն իր եզրակացության մեջ նշեց, որ միջազգային վարչարարության ՄԱԿ-ի սահմանած կանոնների համաձայն ստեղծված Կոսովոյի Ազգային Ժողովի կողմից անկախություն հռչակելը չէր խախտում միջազգային իրավունքի նորմերը: Միաժամանակ, դատարանը շատ զգուշորեն խույս տվեց բուն ինքնորոշման մասին որեւէ բան ասելուց: Ես կարծում եմ, որ խորհրդատվական եզրակացության հիմնական բնորոշ գծերից մեկն այդ լռությունն է, ինքնորոշման հարցի վերաբերյալ դատարանի չարտահայտվելը:

Ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստատեսության ներկայացուցչի հարցի, պետք է կրկնեմ, որ թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ ինքնորոշման սկզբունքն ինքնին եւ ինքնաբերաբար չեն գործում: Յուրաքանչյուր դեպք առանձին է եւ առանձնահատուկ: Եւ յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են լուծումներ, որոնք համահունչ կլինեն ե՛ւ միջազգային իրավունքի նորմերին, ե՛ւ տվյալ դեպքի, տվյալ իրավիճակի առանձնահատկություններին: Իհարկե, Կոսովոն հիմա ընթանում է իր իրավիճակի առանձնահատկություններից բխող վերջնական որոշակի լուծում ստանալու ճանապարհով:

Սերժ Սարգսյան-Ես խորապես համոզված եմ, որ ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, եւ չի կարելի բոլոր դեպքերը "մի սանրի տակով անցկացնել": Բայց, իրավական որոշումները պետք է բխեն միեւնույն սկզբունքներից: Կոսովոյի նախադեպը մեզ համար կարեւոր է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հստակ պատասխանեց մի հարցի. հարցը հետեւյալն է` միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ: Պատասխանը եղավ` ո՛չ, չի՛ հակասում: Հիմա, ի՞նչ է տեղի ունեցել Ղարաբաղի պարագայում: Հակառակ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի` իր հազարամյա պատմության մի փոքրիկ ժամանակահատվածում` մի քանի տասնամյակ, նրան ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում: Ղարաբաղցիները երբեք դրա հետ չեն հաշտվել, չեն հաշտվել նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Եւ առաջին իսկ բարենպաստ պայմանի առկայության ժամանակ ինքնորոշվել են, այսինքն, միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը` անցկացնելով հանրաքվե: Ինչպես գիտեք, դա տեղի ունեցավ Սովետական Միության փլուզման ժամանակ: Այսինքն, գործեցին միջազգային իրավունքին համահունչ: Ադրբեջանը պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին` ծանր, դաժան պատերազմ, բոլոր օրենքները խախտող պատերազմ, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ, անշուշտ, Հայաստանի ժողովրդի օգնությամբ, կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Ահա, այստեղ է տարբերությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատեւել եւ այսօր էլ բարձրաձայն ասել, որ այո՛, նա տե՛ր է իր անկախությանը, միջազգային որեւէ սկզբունք չի խախտել եւ համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը: Իսկ որ բոլոր դեպքերը տարբեր են, ինձ համար միանշանակ է:

Որքան գիտեմ, Սլովենիան սատարում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բայց ես դժվարությամբ եմ պատկերացնում Թուրքիային ԵՄ անդամի դերում, քանի որ սա մի երկիր է, որը ցանկություն չունի բացել Եվրոպայի միակ փակ սահմանը, սատարում է Հայաստանին մեկուսացման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությանը, շահարկում է բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի բարի կամքը` այլ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Հարցս հետեւյալն է` ուղղված Սլովենիայի Նախագահին, արդյո՞ք Եվրամիության դռները պետք է բաց լինեն Թուրքիայի առջեւ, թե՞ այնուամենայնիվ, կշարունակեն դռները փակ լինել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Դանիլո Թյիրկ-Սլովենիան ի գիտություն ընդունեց եւ հաշվի առավ այն փաստը, որ Թուրքիան սկսել է Եվրամիության հետ կապված իր ջանքերը գործադրել արդեն մի քանի տասնամյակ առաջ, ընդ որում` շատ ավելի վաղուց, քան Սլովենիան է դարձել Եվրոպական Միության անդամ պետություն: Սլովենիան Եվրոպական Միության անդամ դարձել է 2004թ. եւ կողմնակից է Եվրոպական Միության հետագա ընդլայնմանը: Հուսով ենք, որ շատ շուտով Եվրոպական Միության անդամ կդառնան մեր հարեւան Խորվաթիան, եւ մոտ ապագայում` արդեն 2011թ., կամփոփվեն բանակցությունները Խորվաթիայի հետ:

Մի քանի տարի առաջ Թուրքիան ձեռք բերեց Եվրոպական Միության անդամ պետության անդամության թեկնածուի կարգավիճակ: Թուրքիան այժմ անդամակցության բանակցությունների փուլում է, ընդ որում` այդ բանակցությունները շատ դանդաղ տեմպով են առաջ շարժվում: Բնականաբար, թեկնածու յուրաքանչյուր պետություն պետք է բավարարի Եվրոպական Միությանն անդամակցելու համար սահմանված չափանիշները: Ես այն համոզմանն եմ, որ Թուրքիան ոչ միայն քաջ գիտակցում է եւ հասկանում այդ չափանիշները, այլ նաեւ պատրաստակամ է առաջ շարժվելու` հիշյալ չափանիշների պահպանմամբ: Բացառություններ չեն կարող լինել. այդ անդամակցության չափանիշները ստիպված եղավ բավարարել Սլովենիան, հիմա ստիպված է լինում բավարարել Խորվաթիան, եւ Թուրքիան էլ է ստիպված լինելու դրանք բավարարել:

Այս համատեքստում, Սլովենիան ողջունում է մոտ մեկ տարի առաջ Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումը: Մենք Թուրքիային կոչ ենք անում շարունակել այդ գործընթացը, դրա շրջանակներում առաջ գնալ, որպեսզի, ինչպես մենք ենք ցանկանում, այդ արձանագրությունները լիարժեքորեն ուժի մեջ մտնեն, դառնան գործող արձանագրություններ, եւ որպեսզի դրանց կիրառությունը երկար սպասել չտա:

Եւ վերջինը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես արդեն ասացի, կարծում եմ, որ առաջ շարժվելու համար պետք է ուղղակիորեն ներգրավված կողմերի միջեւ զգուշորեն ձեւակերպել վստահության ամրապնդման միջոցառումներ: Բոլոր մյուս դերակատարները` ներառյալ Թուրքիան, պետք է շատ զգուշորեն մոտենան վստահության կառուցման այդ միջոցառումների բարեհաջող իրականացման աջակցությանը: Այսօր, ես երջանիկ կլինեի, եթե կարողանայի ավելի հավակնոտ ծրագրից խոսել: Սակայն, այժմ առկա իրողությունը պահանջում է վստահությունն ամրապնդել: Եւ աշխարհում ցանկացած դերակատար երկիր պետք է գիտակցի դա ու վարվի այնպես, որ միայն ու միայն նպաստի վստահության ամրապնդմանը:

← Վերադառնալ