26
05, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի համատեղ մամուլի ասուլիսը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար

Պարոն Նախագահ, ուրախ եմ Ձեզ եւս մեկ անգամ հանդիպելու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի հատուկ դերակատարումը Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը զարգացնելու գործում:

Պարոն Բառոզուի հետ այսօր բովանդակալից եւ հետաքրքիր բանակցություններ ունեցանք Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները համընկնում են: Արձանագրեցինք հետագա համագործակցության քայլերի վերաբերյալ երկկողմ հանձնառությունը:

Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը, հատկապես` 2009թ. մայիսին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ` ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները: Այս համատեքստում ես ողջունեցի Եվրամիության կողմից սույն թվականի մայիսի 10-ին Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը: Այս համաձայնագիրը որակապես նոր հարթություն է տեղափոխում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն բուն բանակցությունները, ուստի, լրջորեն նախապատրաստվում ենք բանակցային գործընթացին: Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է աշխատելու նոր փաստաթղթի նախագծի շուրջ:

Կարեւորեցինք Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցում առաջ շարժվելու անհրաժեշտությունը: Մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցումը էապես կխթանի մարդկային շփումները` դարձնելով Եվրոպան շատ ավելի ընկալելի Հայաստանի քաղաքացիների համար: Շնորհակալություն հայտնեցի Եվրոպական Միությանը Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերվող աջակցության համար: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում, ինչը, ընդհանուր գնահատմամբ, հաջողված եւ օրինակելի նախաձեռնություն է:
Պարոն Բառոզուի` Եվրահանձնաժողովի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Հայաստան-Եվրամիություն կապերը վերընթաց զարգացում են ապրել, եւ հավատացած եմ, որ առաջիկայում եւս մեզ կհաջողվի կառուցողական երկխոսության միջոցով արձանագրել համագործակցության զգալի առաջընթաց:

Քննարկեցինք նաեւ մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Պարոն Բառոզուին ներկայացրի իրերի առկա դրությունը, գործընթացի ներկա փուլը: Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացում լուրջ եւ հետեւողական աշխատանք կա անելու, որը կողմերից պահանջում է կամք, խնդրին համապարփակ լուծում տալու նպատակասլացություն եւ բարդ որոշումներ կայացնելու ունակություն: Հայաստանը չի համարում, որ իրական աշխատանքի տեղն ու ձեւաչափը թողած` աշխարհով մեկ խնդրի առանձին դրվագների վերաբերյալ թատերական ներկայացումներ բեմադրելը հիմնահարցի լուծմամբ մտահոգ գործելաոճ է: Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական իշխանությունների մասնակցությամբ եւ դերի մեծացումով կարելի է բանակցային գործընթացը հասցնել որակական նոր փուլի: Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ աշխարհի շատ երկրներից հրավիրված բազմաթիվ դիտորդների` դրանց վերաբերյալ տված եզրակացությունները եւս մեկ անգամ վկայեցին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այս տարիների ընթացքում կարողացել է կայացնել արդի ժողովրդավարական պետություն, որն ի վիճակի է քաղաքակիրթ հարաբերություններ զարգացնել իր բոլոր հարեւանների հետ:
Եւ, վերջապես, Հայաստանը չի համարում, որ գոյություն ունեցող բանակցային գործուն մեխանիզմի պայմաններում դրսից “տղա բերելու” գործելաոճն ինչ-որ բանի կարող է օգնել: Ավելին` համարում ենք, որ դրանով Թուրքիան ոչ միայն չի օգնում Ադրբեջանին, այլեւ օր օրի նվազեցնում է տարածաշրջանում սեփական որեւէ կառուցողական դերի հեռանկարը:



***


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հայտարարությունը մամուլի համար

Տիկնայք եւ պարոնայք,

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ շատ կառուցողական հանդիպում ունեցանք: Ուրախ եմ նրան կրկին ողջունել Բրյուսելում: Սա ինձ համար առիթ է վերահաստատելու, որ մենք հավատարիմ ենք կայունության, ժողովրդավարության սկզբունքներին Հայաստանում եւ պատրաստակամ ենք խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները, այդ թվում` ավելացնել Եվրոպական Միության ֆինանսական, տեխնիկական աջակցությունը` ուղղված Հայաստանի բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանի 2008թ. նոյեմբերին կատարած այցից ի վեր` մենք տեսնում ենք, որ շարունակվում են դրական զարգացումները մեր հարաբերություններում: Դրա վկայությունն այն է, որ վերջին շրջանում բանակցությունների մասին ցուցում ընդունվեց Եվրամիություն-Հայաստան ասոցացման համաձայնագիր կնքելու նպատակով: Նախագահ Սարգսյանին ասացի, որ Հանձնաժողովը պատրաստ է սկսել ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն հուլիս ամսից: Համաձայնագրի կարեւոր մաս է կազմելու ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունը, որը կարող է մեկնարկել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը լիովին կատարած կլինի արտաքին առեւտրի վերաբերյալ Հանձնաժողովի անցած տարվա հունիսին արած առաջարկությունները: Վստահ եմ, որ Հայաստանը նոր թափ կհաղորդի այս ուղղությամբ իր ջանքերին, կբարելավի ներդրումային միջավայրը, ինչի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կլինի տնտեսական աճ: Ես այս մասին խոսեցի, եւ ՀՀ Նախագահը նույնպես ընդգծեց, որ այս բարեփոխումները բխում են հենց Հայաստանի շահերից եւ, անկախ Եվրոպական Միության բանակցություններից, դա բխում է Հայաստանի շահերից:

Մենք նաեւ քննարկեցինք մուտքի արտոնագրերի դյուրացման ռեադմիսիայի պայմանագրերի գործընթացը: Ես լիովին հասկանում եմ մարդկանց տեղաշարժի հարցի կարեւորությունը Հայաստանի համար: Հանձնաժողովը պատրաստ է այս հարցերով պայամանագրերի շուրջ բանակցել, բայց տեխնիկական բանակցություններ են պետք Հայաստանի եւ առանձին անդամ պետությունների միջեւ:

Ես Նախագահ Սարգսյանին հավաստիացրեցի, որ մենք շարունակում ենք սատարել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պատմական քայլ է կատարվել` ստորագրվել են երկկողմ արձանագրությունները եւ հիմա պետք չէ թափը կորցնել: Ուզում եմ երկու պետություններին էլ կոչ անել` շարունակել երկխոսությունն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետում:

Տարածաշրջանի հետ կապված հաջորդ խնդիրը, որն այսօր քննարկեցինք, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղ բանակցություններն են: Հուսով ենք մոտ ապագայում առաջընթաց տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ ընթացող բանակցությունների շրջանակում: Նախագահ Սարգսյանին տեղեկացրի, որ Եվրոպական Միությունը պատրաստ է նոր թափ հաղորդել հակամարտության լուծմանն ուղղված իր ջանքերին, մասնավորապես` իրականցնել Եվրոպական Միության միջոցառումների ծրագիր, որը կնպաստի ժողովուրդների միջեւ շփումներին: Հուսով եմ` Նախագահ Սարգսյանը կողմ կլինի այդ ծրագրի իրականացմանը:

Վերջում ես ուզում եմ ընդգծել, որ մենք կարող ենք բավարարված լինել նրանով, որ մեր հարաբերություններն արագորեն զարգանում են եւ ընդլայնվում: Ես անհամբերությամբ կսպասեմ հետագա քայլերին, որպեսզի սերտացնենք քաղաքական ասոցացումը եւ խորացնենք տնտեսական ինտեգրումը Հայաստանի հետ:

← Վերադառնալ