20
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը “Եվրանյուզ” հեռուստաընկերությանը

album picture
Պարոն Նախագահ, բարի երեկո եւ բարի գալուստ “Եվրանյուզ”: Սկսենք ամենակարեւոր հարցից: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայնով 1915թ. մեկ միլիոնից ավելի հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում ճանաչեց որպես ցեղասպանություն: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Կոնգրեսի հանձնաժողովը հենց այս պահին քվեարկեց այս բանաձեւի օգտին:

Ցեղասպանության խնդրի քննարկումն ամերիկյան քաղաքական կյանքում նոր երեւույթ չէ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միայն վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ ընդունել է բանաձեւեր` ճանաչելով Ցեղասպանության փաստը: Միացյալ Նահանգների 42 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Այնպես որ, մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ տարօրինակ էր եւ ոչ էլ` նորություն:

Եւ այդուհանդերձ, Դուք հատուկ պատճառ տեսնո՞ւմ եք քվեարկության ժամանակի ընտրության հարցում` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Գիտեք, մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին: Ի սկզբանե ասել ենք, որ այդ հարաբերությունները կարող են սկսվել առանց նախապայմանների: Չեմ կարծում, թե թուրքերը բարոյական իրավունք ունեն մեզ` հայերիս, Հայաստանին, մեղադրել ինչ-որ պայմաններ խախտելու մեջ:Առանց նախապայմանների արդեն իսկ նշանակում է, որ մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել: Հակառակ պարագայում մենք չենք կարող որեւէ արդյունքի հասնել:

Եթե հիմա նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Թուրքիայի Ազգային մեծ ժողովը եւ Հայաստանի խորհրդարանը հաստատեն այդ արձանագրությունները, եւ մենք հարաբերություններ հաստատենք, ապա ցանկացած մի երկիր, որը, ենթադրենք, չի ցանկանում, որ մենք թուրքերի հետ հարաբերություններ ունենանք, կարող է հանգիստ արծարծել ցեղասպանության խնդիրը, եւ թուրքերը կարող են սա պատճառ բռնել ու խզել մեր հարաբերությունները:

Այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրներն են գործազրկությունը, տնտեսական մեկուսացումը, երկարատեւ հակադրությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ձեր կարծիքով` դրանք ներկայում ավելի հե՞շտ է լուծել:

Ի վերջո, 17 տարի է Թուրքիան փակ է պահում սահմանները: Ինչու՞: 17 տարի առաջ արդյո՞ք կար այդ բանաձեւը: Մենք հասկանում ենք, գիտակցում, որ Թուրքիան Հայաստանից մեծ երկիր է` ե՛ւ տարածքով, ե՛ւ ժողովրդով, ե՛ւ հզորությամբ: Եթե մենք ապրեինք մեկուսացված, ապա դա ինչ-որ չափով հասկանալի կլիներ: Բայց եթե ե՛ւ մենք, ե՛ւ թուրքերը մաս ենք կազմում միջազգային հանրությանը, ապա այդ մասը կազմում են նաեւ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրոպական Միությունը: Եւ միջազգային հանրությունն իր գնահատականները պետք է տա:

Նորից վերադառնանք ցեղասպանության ճանաչման հարցին: Եթե այդ հարցն այդքան մեծ կարեւորություն ունի հայաստանցիների եւ սփյուռքահայերի համար, ապա ինչո՞վ կբացատրեք, որ Երեւանի պետական համալսարանը 2007թ. Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեջադին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: Չէ՞ որ, այդ քաղաքական գործիչը չի ընդունում ցեղասպանությունը:

Գիտեք, մենք չենք կարող պարտադրել մեր հարեւան երկրներին, դրանց ղեկավարներին մտածել այնպես, ինչպես մենք ենք մտածում: Պետության ղեկավարներին որեւէ կոչում կամ պարգեւ տալը պետք չէ անձնավորել: Պետության ղեկավարին կոչում կամ պարգեւ տալ` նշանակում է վերաբերմունք ցուցաբերել տվյալ ժողովրդի նկատմամբ: Իսկ իրանցիները մեր դարավոր բարեկամներն են, եւ Իրանը մեզ համար չափազանց կարեւոր երկիր է:

Համաձա՞յն եք Երեւանի պետական համալսարանի որոշումը համարել իրական քաղաքականություն վարելու հայկական դրսեւորում:

Ես դա կգնահատեմ որպես Երեւանի պետական համալսարանի յուրահատուկ մոտեցում կոնկրետ խնդրին, ինչը շատ ընդունված մոտեցում է Եվրոպայում եւ զարգացած ժողովրդավարության երկրներում:

Փետրվարին Լոնդոն կատարած այցի ժամանակ Դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Թվում է, թե միջազգային հանրությունն այդ հարցում այլ մոտեցում, այլ պատկերացում ունի:

Միջազգային հանրությունն այլ պատկերացում չունի: Աշխարհին է հայտնի, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառվել է Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ:

Ինչու՞ միջազգային հանրությունը ողջունեց Սովետական Միության փլուզումը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չհամարեց, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլ երկրներ Սովետական Միության բաղկացուցիչ մասն էին, իսկ Ղարաբաղի պարագայում պետք է համարել, որ այն Ադրբեջանի բաղկացուցիչ մա՞սն է: Անտրամաբանական է, չէ՞:

Ի՞նչ փոխզիջումների եք Դուք պատրաստ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Մենք չենք կարող վերացնել միայն հակամարտության հետեւանքները` պատճառները թողնելով նույնը: Կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է եւ այդ իրավունքի իրացման հնարավորությունը: Մնացած բոլոր խնդիրները շատ կարճ ժամանակում կարող են լուծվել: Տրամաբանական է, որ մենք ենք շատ ցանկանում, որպեսզի խնդիրը լուծվի, բայց` ոչ այն ճանապարհով, ինչ ադրբեջանցիներն են ցանկանում: Մենք չենք կարող Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցել ադրբեջանցիներին:

Ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը, եթե Ադրբեջանը հստակ եւ միանշանակ ասում է, որ երբեք չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ միավորի գոյությանը:

Միջազգային հանրությունը մեզ ի՞նչ է առաջարկում: Ասում է` այս հակամարտությունը լուծեք միջազգային իրավունքի երեք սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կիրառման բացառման հիման վրա:

Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին` եկեք ստորագրենք ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Այն մարդկանց թույլ կտա համոզվել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Դրանից հետո կարելի է աշխատել մանրամասների վրա:

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմիցս դրա մասին հայտարարել ենք, իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք: Երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարություն ենք անում ինքնորոշման մասին, Ադրբեջանը Հայաստանի, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում, չէ՞, խոսում է հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Թող բացատրեն` ինչպե՞ս են դա հասկանում:

← Վերադառնալ