02
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը "The Armenian Reporter"-ին

Նպատակատենչ նախագահություն

Թվում է, որ Նախագահ Օբամայի և Ձեր միջև կան նմանություններ` կապված համապատասխանաբար ԱՄՆ և Հայաստանի վաղեմի և չլուծված մարտահրավերներին առերեսվելու Ձեր մոտեցումների հետ: Նախագահ Օբամայի պարագայում նա պայքարում է իր կողմից ժառանգած ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, միաժամանակ մարում է Իրաքի պատերազմը, ակտիվացնում Աֆղանստանի պատերազմը, հետամուտ է եղել ֆինանսական ինստիտուտների նկատմամբ կառավարական վերահսկողության մեջ հիմնարար փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև հանդես է գալիս Ամերիկայի առոջապահության համակարգում զանգվածային փոփոխություններ կատարելու կոչերով: Ձեր պարագայում, Դուք նույնպես պայքարում եք գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեմ հսկայածավալ փոխառումների միջոցով, միևնույն ժամանակ առաջ եք շարժվում ԼՂ բանակցություններում, ինչպես նաև անցել եք Թուրքիայի հետ հարաբերությունների հավասարապես բարդ խնդրին: Թե՛ Դուք, թե՛ Օբաման մեղադրվում եք չափից ավելի շատ, չափից ավելի արագ նախաձեռնելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք նման քննադատությանը:

Երկրի ղեկավարի պաշտոնում ծառայելու ողջ բարդությունը կայանում է նրանում, որ թեև ունես առաջնահերթությունների քո սանդղակը, հաճախ պարտադրված ես լուծել ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագել են անկախ քո կամքից: Անշուշտ համաշխարհային ճգնաժամը դրանցից մեկն էր, և կարծում եմ, որ դրա հետևանքների չեզոքացումը ներկայում նմանեցնում է աշխարհի գրեթե բոլոր առաջնորդներին` թե քաղաքական, թե տնտեսական և թե հանրային դաշտում: Իհարկե լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ:

Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը մեծ է, և մենք փորձում ենք խրախուսել վարկային միջոցներով իրականացվող այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք թույլ կտան և նոր աշխատատեղեր ստեղծել, և սոցիալական խնդիրներ լուծել: Օրինակ` մեծ շինարարական ծրագիր ենք իրականացնում երկրաշարժի գոտում: Յուրաքանչյուր ճգնաժամ նաև մեծ հնարավորությունների սկիզբ է: Եվ մենք պետք է անենք ամեն բան` այդ իրավիճակում ճիշտ ուղղությամբ բարեփոխումները տանելու նպատակով:

Քաղաքական խորհրդակցություններ

Ամերիկահայ համայնքում և ամբողջ Սփյուռքում մեծ մտահոգություն կա մեր կառավարության կողմից Թուրքիայի հետ բանակցված համաձայնագրի շուրջ: Դուք հանդիպել եք Հայաստանի առաջատար քաղաքական և լրատվական աշխարհի ներկայացուցիչների հետ: Այժմ պատրաստվում եք հանդիպել սփյուռքի հայ համայնքների առաջնորդների հետ: Ի՞նչ ուղերձ եք տանելու նրանց:

Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ` աշխարհին: Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարևոր մաս է: Հայաստանի շուրջ յոթը միլիոն դեսպաններ` աշխարհի տարբեր երկրներում կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով և լարերով:

Մենք՝ Հայաստանն ու Սփյուռքը, մեկ ընտանիք ենք: Ես ուղղակի ուզում եմ խոսել սփյուռքահայ մեր եղբայրների եւ քույրերի հետ, լսել նրանց կարծիքը եւ, ինչու չէ, խորհրդակցել նրանց հետ: Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաև քննարկումներ Հայկական Սփյուռքում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հայ-թուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, և Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ:

Անշուշտ, պետք է ասեմ նաև, որ շրջանառվող գաղափարների և տեսակետների մի զգալի մասին ընդհանուր գծերով լավ ծանոթ եմ, դրանք նոր չեն և այս կամ այն չափով առկա են եղել վերջին երկու տասնամյակների հայկական քաղաքական բանավեճում:

Օգուտներ և ռիսկեր

Հիմնվելով Ձեր նախնական գնահատականի վրա և հաշվի առնելով հանրային կարծիքի տիրույթում հնչած տեսակետները, որո՞նք են Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների վավերացման և իրականացման ուղղությամբ շարունակելու օգուտները և ռիսկերը: Ի՞նչ է հնարավոր անել ռիսկերը նվազեցնելու համար:

Հայ և թուրք ժողովուրդների ներկա սերունդները, յուրաքանչյուրը յուրովի, անցյալից ծանր ժառանգություն են ստացել, և մեր հասարակությունները լուրջ խնդիրներ ունեն լուծելու` երկու ժողովուրդների միջև առկա խորը անվստահությունը հաղթահարելու ուղղությամբ: Հայերը ենթարկվել են Ցեղասպանության, կորցրել են իրենց պատմական հայրենիքի մի մասը, սփռվել են աշխարհով մեկ և շարունակում են պայքարել միջազգային հանրության ու հատկապես Թուրքիայի կողմից այդ պատմության ճանաչման և դատապարտման ուղղությամբ, ինչը մեր ժողովրդի համար կնշանակեր արդարության երկար սպասված հաղթանակ:

Թուրքերի ներկա սերունդն էլ ունի սեփական պատմության հետ հաշտվելու խնդիր. ի վերջո, Հայոց Ցեղասպանությունն ու հայկական հարցը Թուրքիայում տասնամյակներ շարունակ արգելանքի տակ են եղել, իսկ այն բարձրաձայնողները ենթարկվել են դատական հետապնդման եւ հասարակական պարսավանքի: Անշուշտ, սրան են գումարվում նաև վերջին երկու տասնամյակների զարգացումները, երբ Թուրքիան, միանշանակորեն սատարելով Ադրբեջանին, սառեցրեց Հայաստանի հետ որևէ հարաբերությունների զարգացումը, շրջափակման ենթարկեց Հայաստանը՝ լուրջ վնաս հասցնելով մեր նորանկախ պետության տնտեսությանը :

Ահա այսպիսի ընդհանուր համատեքստում է, որ մենք փորձում ենք կարգավորել երկու պետությունների միջև հարաբերությունները: Անշուշտ, երկու հասարակություններում էլ ոչ բոլորն են պատրաստ գնալ կարգավորման ճանապարհով, և դա բնական է: Հասկանալի են նաև դժվարությունները և կանխատեսելի են հնարավոր խոչընդոտները: Այդուհանդերձ, ամենակարևոր գրավականը, կարծում եմ, երկու կողմերի այդ ճանապարհով գնալու մտադրության անկեղծությունն ու եղած կնճիռները ապագա սերունդներին չթողնելու վճռականությունն են: Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավե-րացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, և որ երկու կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը:

Իսկ մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ որևէ քաղաքական գործիչ չի կարողանա մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:

Հայաստան և Ադրբեջան


Արձանագրությունների առանցքային կետերից մեկն այն է, որ Թուրքիան համաձայնվում է բացել սահմանն առանց Ղարաբաղի հիշատակման: Սակայն Թուրքիայի վարչապետը մշտապես կրկնում է իր այն խոստումը, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանը օկուպացնում է, ինչպես ինքն է անվանում, Ադրբեջանի տարածքները: Ինչպե՞ս կարող են համադրվել գրավոր համաձայնությունը և բանավոր հայտարարությունները: ԱՄՆ փոխպետքարտուղարն այս շաբաթ ասաց, որ հույս ունի Մոլդովայի գագաթնաժողովում “շոշափելի արդյունքներ” տեսնել: Արդյո՞ք հավանականություն կա, որ այնտեղ կամ մինչև տարվա վերջ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեք:

Այո, Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Կրկնել եմ բազմիցս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որեւէ այլ նախապայմանով: Փոխշաղկապման որևէ փորձ վտանգում է այս երկու գործընթացից յուրաքանչյուրը: Մի առիթով ես ասել եմ թուրքական կողմին. «Միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»:

Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրները ամենևին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին՝ մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին: Ոչ, Մոլդովայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք և, անշուշտ, քաղաքական կամք:

Երկար ժամանակ Հայաստանի դիրքորոշումն էր ընդգծել Ղարաբաղի` Ադրբեջանին “ենթակայության անհնարինությունը”: Հայաստանյան պաշտոնյաները վերջերս խոսեցին Ղարաբաղի “ինքնորոշման իրավունքի” մասին, իսկ, ինչպես գիտենք, Ադրբեջանն ասում է, որ կհամաձայնի “ինքնորոշմանը” իր սահմանների շրջանակում: Արդյո՞ք Հայստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին “ենթակայության անհնարինության” քաղաքականությանը:

Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, և այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության:

Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Ինչպիսի՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին:

Երբ Իրանը փորձում է զինհամակարգեր գնել, ԱՄՆ-ը հրապարակայնորեն առարկում և փորձում է մատակարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, արդյո՞ք Հայաստանը ծածուկ արտահայտում է մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից հրթիռային համակարգերի գնման դեմ, որոնք կարող են հարված հասցնել Երևանին և Հայաստանի այլ քաղաքներին: Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների օրակարգում առկա է զինաթափման խնդիրը:

Ադրբեջանի սպառազինումը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը անշուշտ մնում են մեզ համար որպես մտահոգության առարկա: Ադրբեջանը շարունակում է գերազանցել ԵՍԶՈՒ-ով սահմանված մակարդակները զինտեխնիկայի գրեթե բոլոր տեսակների մասով: Մենք բազմիցս տարբեր մակարդակներում բարձրացրել ենք այդ խնդիրը: Ցավոք, միջազգային հանրությունը լռում է: Հայաստանը մատնանշում է Ադրբեջանի սպառազինման խնդիրը:

Մենք կարծում ենք, որ այդ մասին պետք է մտածեն նաև Ադրբեջանից նավթ գնող պետությունները, քանի որ իրենց վճարած գումարները գնում են եվրոպական անվտանգության համակարգի առանցք համարվող պայմանավորվածությունները խախտող սպառազինման:

Հայաստանը, միևնույն ժամանակ, շարունակում է բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը` ապահովելով ժամանակակից և առկա սպառնալիքներին համազոր զինատեսակների ձեռքբերում, բարձրացնելով իր ներգրավվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ընդլայնելով համագործակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, ապա, անշուշտ, առանց որոշ զինատեսակների տեղակայման և գործարկման շառավղի խնդիրները հստակեցնելու խոսք անգամ լինել չի կարող անվտանգության երաշխիքների առկա համակարգի վերանայման մասին:

Հայոց Ցեղասպանություն

Թուրքական կառավարությունը որդեգրել է դիրքորոշում, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը գալիս է Հայկական Սփյուռքից, և դա առաջնահերթություն է Հայկական Սփյուռքի, այլ ոչ Հայաստանի համար: Այդ տեսակետն են կրկնում նաև Միջազգային ճգնաժամային խումբը, ինչպես նաև այլ ազդեցիկ կարծիքներ ձևավորողներ: Այնուամենայնիվ, Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը, որը մշակվել է, երբ Դուք Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էիք, որոշակիորեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ է անում: Հայաստանում հանրային կարծիքի մեր ուսումնասիրության համաձայն հայ ժողովրդի համար սա նույնպես առաջնահերթություն է: Ո՞րն է այս հարցի շուրջ Ձեր տեսակետը:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ մեր օրակարգից: Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպես կարող է որևէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է:

Սակայն կուզենայի այս համատեքստում ընդգծել մեկ հանգամանք. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը և Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչեն Ցեղասպանության փաստը: Երբևէ թուրքական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության խնդրի քննարկումը չի ունեցել ներկայիս ծավալները: Վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ սկսել է իր ձայնը բարձրացնել մի հատված, որի ներկայացուցիչները, չնայած տասնամյակների պետական հակաքարոզչությանը, պատրաստ են սթափ և պատասխանատու հայացքով նայել իրենց պատմության մութ էջերին: Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Խնդիրը միայն հայ-թուրքական հաշտության մեջ չէ, կրկնում եմ, կա նաև թուրքերի ներկա սերունդների՝ իրենց պատմության հետ հաշտվելու խնդիր: Կարծում եմ մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն դռներ է բացում նաև այդ ներքին քննարկման, ներքին հաշտեցման համար:

Հայաստանում և ողջ Սփյուռքում էական մտահոգություններ կան արձանագրություններում ուրվագծված պատմական հարթության ենթահանձնաժողովի կապակցությամբ: Մտահոգությունն այն է, որ երկկողմ հանձնաժողովի գոյությունը արժանահավատ է դարձնում Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի “Արդյո՞ք տեղի է ունեցել ցեղասպանություն” հարցի պատասխանը դեռ հայտնի չէ: Ի՞նչ կարող եք ասել փարատելու այս մտահոգությունը և այն մարդկանց մտավախությունը, որոնք պնդում են, որ հանձնաժողովը խարխլում է Հայոց ցեղասպանության փաստի և նրա շարունակվող հետևանքների համընդհանուր ճանաչման շարունակական միջազգային ջանքերը:

Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջև պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը:

Սա երկարատև գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որևէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձևակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար:

Գուցե որոշ երկրներում և որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշակի դժվարություններ, բայց պետք է հասկանալ նաև, որ դժվարին այս գործընթացը ենթադրում է որոշ բարդություններ:

Տարբեր առիթներով կրկնել եմ. միամտություն է կարծել, որ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ցեղասպանության ընդունման վերաբերյալ որոշումների կայացումը կարող է կանխորոշվել այլ երկրների կողմից արվող քայլերով կամ բերվող փաստարկներով: Այդ երկրներն ունեն Հայոց ցեղասպանության փաստային հիմնավորման աղբյուրների հսկայական ծավալ: Կա քաղաքական որոշման խնդիր: Անշուշտ, հայկական լոբբիի ջանքերը նպաստում են նման որոշումների կայացմանը, բայց միայն ու միայն իրենց՝ որպես այդ երկրների քաղաքացիների ձայնի ուժով: Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են:

Այս ուղղությամբ, կարծում եմ, մեր ամենակարևոր կռվանն են ցեղասպանության խնդիրներով զբաղվող խոշորագույն գիտնականների և իրավաբանների գնահատականները, ինչպես նաեւ հարցի ներառումը բազմաթիվ երկրների ուսումնական ձեռնարկներում:

Բանակցություններ Թուրքիայի հետ

Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև տարիների ուղղակի և անուղղակի շփումներին, Ձեր նախորդներին չհաջողվեց համաձայնության հասնել: Համաձայնություն ձեռք բերվեց Ձեր օրոք: Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը: Արդյո՞ք վերագրում եք միջազգային իրավիճակում տեղ գտած որոշ փոփոխություններին: Արդյո՞ք դա տեղի ունեցավ, որովհետև Թուրքիան հասկացավ, որ Հայաստանը շրջափակելու իր քաղաքականությունը ձախողվել է և այժմ պատրաստ է, չնայած Ադրբեջանի մտահոգություններին, հետամուտ լինել իր սեփական շահերին: Արդյո՞ք Հայաստանն ավելի ճկուն է դարձել բանակցային իր դիրքորոշումներում: Արդյո՞ք դա վերոնշյալ գործոնների համակցությունն է:

Կարծում եմ, որ, այո, առկա է Ձեր թվարկած գործոններից մի քանիսի համադրումը:

Հարավային Օսիայում պատերազմն իսկապես փոխեց մթնոլորտը մեր տարածաշրջանում: Այն ի ցույց դրեց ազգերի ինքնորոշման համար մղած պայքարին ուժային արձագանքի անհեռատեսությունը:

Որոշակի փոփոխություններ առկա են նաև Թուրքիայի ընկալման մեջ: Իհարկե, շրջափակման գաղափարը՝ թե Հայաստանը ծնկի կգա տնտեսապես և կզիջի ադրբեջանա-թուրքական տանդեմին, չարդարացրեց իրեն: Անկախ Հայաստանի շրջափակված լինել-չլինելու հանգամանքից, Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը:

Ինչ վերաբերում է մեր կողմից ավելի զիջողական լինելուն, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է ՝ հարաբերությունների հաստատումն ու շրջափակման վերացումը անհրաժեշտ են երկու կողմերին, և այդ ուղղությամբ շարժվելու համար Հայաստանը չպետք է որևէ բան զիջի: Մեր կառուցողական մոտեցման վառ ապացույցն է արդեն իսկ այն, որ մենք պատրաստ ենք համագործակցության անգամ մինչև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Հայաստանի մասին խոսելիս Թուրքիան հետևողականորեն երեք խնդիր է բարձրացրել` սահմանները, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման արշավի դադարեցումը և Ղարաբաղը: Որո՞նք են Հայաստանի մտահոգությունները: Բացի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից և փակ ցամաքային սահմանից, Հայաստանի շահերին առնչվող Թուրքիայի քաղաքականության այլ գծերից որո՞նք եք համարվում ամենախնդրահարույցը և կուզենայիք փոփոխություններ տեսնել դրանցում:

Այն, ինչ դուք անվանում եք «մտահոգություն», Թուրքիայի կողմից տարիներ ի վեր առաջադրվում էր որպես նախապայման: Մենք նախապայմաններ չէինք առաջադրում, բայց անշուշտ դա չի նշանակում, որ չունեինք կամ չունենք մտահոգություններ: Դրանք բազմաթիվ են, երկուսը դուք արդեն նշեցիք՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և Հայաստանի շրջափակումը:

Ավելացնեմ մի քանիսը ևս.

Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը, ինչը հայերի մեջ դեռևս պահպանում է պատմական անարդարության և անվտանգության շարունակական բացակայության զգացմունքները,

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, այդ թվում և ռազմական օժանդակությունը, ինչը չի նպաստում տարածաշրջանում վստահության ամրապնդմանը,

Թուրքիայում հայկական հուշարձանների, և ընդհանրապես հայկական ժառանգության աղետալի վիճակը,

Եվ ևս մի շարք մտահոգություններ, որոնք գուցեև պաշտոնապես չեն հնչեցվել, բայց առկա են և նույնպես հաշվի են առնվել կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մեր որոշումն ընդունելիս:

Բաց սահմանի հետևանքները

Խնդրում եմ մեկնաբանել, թե որո՞նք են Հայաստանի տնտեսական օգուտները Թուրքիայի կողմից Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու պարագայում: Ձեր պատկերացմամբ, ինչպե՞ս պետք է Հայաստանը մրցակցի տարածաշրջանային այս մրցունակ միջավայրում:

Սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին բազմիցս խոսվել է: Իհարկե, սահմանի բացումը ստեղծում է որոշակի մրցակցություն, կարծում եմ, համենայնդեպս, մեր տնտեսության համար` միանշանակորեն առողջ մրցակցություն: Նման տեսակետներ հնչում էին նաև անկախության առաջին տարիներին իրանական ապրանքների մրցակցությանը չդիմանալու մասին: Ժամանակը ցույց տվեց, որ մտավախությունները չափազանցված էին: Կարծում եմ, սա մեծ երկրների հարևանությամբ գտնվող փոքր երկրի բարդույթ է:

Ի վերջո, մեր արտադրողների առջև բացվում է 70 մլն. բնակչությամբ պոտենցիալ շուկա: Ես նույնիսկ կասկած չունեմ, որ մեր գործարարները հաջողելու են այդ մրցակցության մեջ: Ասեմ ավելին, ես դեռ չեմ հանդիպել հայաստանյան մեկ լուրջ գործարարի, ով կասկած հայտնի սահմանի բացման տնտեսական շահավետության մեջ:

Ինչ վերաբերում է տեղական արտադրողների և մասնավորապես մանր բիզնեսի պաշտպանությանը, դա արդեն կառավարության հոգածության առարկան պետք է լինի: Նրանցից շատերն այսօր նույնիսկ մեր երկրի ներսում են խնդիրներ ունենում մրցակցության առումով: Շուկայական տնտեսության պայմաններում կառավարությունները ունենում են համապատասխան լծակներ՝ հակադեմպինգային, հակամենաշնորհային և այլն, որոնք պաշտպանում են ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ մանր ու միջին բիզնեսի շահերը: Ուղղակի պետք է աշխատել և աշխատել գրագետ:

Ինչ-ինչ, այս առումով իմ մտահոգությունը նվազագույն է:

← Վերադառնալ