Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Չիլի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։
Չիլիի նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։
«Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հրավերի համար: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։
Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է նախագահը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և զարգացումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն իր գործընկերոջը մանրամասներ է հայտնել ընթացիկ գործընթացների վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտների բացահայտման և առաջնահերթ ուղղությունների ճշգրտման շուրջ։ Այս համատեքստում հատուկ շեշտվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունը և դրա լիարժեք կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նոր և արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների համար։
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։
***
Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը:
Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ:
Զրույցների ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովին:
Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը:
***
Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը և պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը։
***
Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ելակետերին։















































