Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր:
Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ:
Զրույցների ընթացքում պետությունների ղեկավարներն ու բարձր ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի, միջազգային զարգացումների միտումների, առկա մարտահրավերների և դրանց կանխարգելման ուղիների որոնման վերաբերյալ:
***
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ:
Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, որ Հայաստանն ու Ուրուգվայը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, որոնք ունեն ընդլայնվելու մեծ ներուժ տարբեր ուղղություններով:
Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ նշել է, որ երդմնակալության արարողությունն իր բնույթով ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման լավագույն դրսևորումներից է:
Զրույցի ընթացքում շեշտվել է դեսպանությունների բացման կարևորությունը երկրների համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խթանմանը՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում:
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը հրավիրել է Ժամանդու Օրսիին հնարավորության դեպքում այցելել Հայաստան պատեհ պահին:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը հատկապես կարևորել են Ուրուգվայի հայ համայնքի դերը երկրների հետագա փոխգործակցության զարգացման գործում:
Հանդիպմանն Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, ինչը նոր խթան է հանդիսանալու հետագա համագործակցության ամրապնդման համար:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և ընդունած որոշումների համար:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը և այս տեսանկյունից շեշտել պառլամենտական համագործակցության հետագա սերտացման անհրաժեշտությունը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն:
Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է 2007 թվականին: Այն հիմնական սոցիալական նախագիծ է, որը նպատակաուղղված է կրթության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը:
Այն Ուրուգվայի կառավարության կողմից իրականացվող առաջին ծրագիրն էր, որի նպատակն էր թվային ներառականությունը և կրթության հասանելիությունը երկրի բոլոր դպրոցականների համար: Ծրագրի շրջանակներում բաժանվում են համակարգիչներ և թաբլետներ պետական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Ceibal-ը հայտնի է դարձել որպես հաջող մոդել՝ կրթության մեջ տեխնոլոգիաների ինտեգրման համար և ուսումնասիրվել է այլ երկրների կողմից նմանատիպ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Այն Լատինական Ամերիկայում առաջին ամբողջ երկիրն ընդգրկող ծրագիրն էր, որն իրականացրեց "One Laptop per Child" նախաձեռնությունը և շարունակում է զարգանալ՝ ներառելով նոր տեխնոլոգիաներ և կրթական մեթոդներ:
***
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի:
Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:
Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով: