Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն
Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որը գործում է 1974 թվականից, ներկայումս Եվրոպայի հազվագյուտ վայրերից է և միակն է Շվեյցարիայում, որտեղ ուսանողները կարող են հայոց լեզվի և գրականության ամբողջական վերապատրաստում անցնել՝ բակալավրիատից մինչև դոկտորական:
Միջոցառման մեկնարկին բացման խոսք է ասել հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարին:
Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին, հանդես է եկել ելույթով:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ նշելու Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիսունամյա հոբելյանը։ Այս օրը ոչ միայն տոնելու առիթ է ընձեռում, այլև պատեհ հնարավորություն՝ գնահատելու անցած ճանապարհը և երախտիքի խոսքեր հղելու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր կրթամշակութային հաստատության ստեղծման և զարգացման գործում:
1974 թվականից Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի շնորհիվ 2007թ. համալսարանում հիմնադրվեց Շվեյցարիայում առաջին հայագիտության ամբիոնը՝ դառնալով հայոց լեզվի, մշակույթի և ժառանգության պահպանման ակնառու օջախներից մեկը։
Այսօր Հայագիտության հետազոտությունների կենտրոնը միավորում է հայոց լեզվով, գրականությամբ, մշակույթով ու ժառանգությամբ հետաքրքրված անձանց՝ անմասն չմնալով Ժնևի մշակութային կյանքից։ Այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում Հայաստանի և Շվեյցարիայի հասարակությունների միջև՝ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը։
Օրվա խորհուրդը չի ավարտվում միայն ակադեմիական ամբիոնի հոբելյանի նշանավորմամբ։ Այսօր մենք վերստին գնահատում ենք հայկական տոկուն մշակույթը և հարուստ լեզուն ու գրականությունը, որոնք անցնելով հազարամյակների փորձություններով միահյուսվել են համաշխարհային մշակույթի հետ՝ միաժամանակ պահպանելով իրենց ինքնատիպ բնույթը։
Քրիստոնեության ընդունումից մինչև գրերի գյուտը, հայկական մշակույթի ոսկեդարից մինչև մեր օրեր՝ հայոց լեզուն և հայ մշակույթն անգնահատելի դերակատարություն են ունեցել հայոց պետականության կայացման և զարգացման գործում։
Այսօր անկարելի է թերագնահատել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու, վտանգված մշակութային ժառանգության պահպանման և փաստագրման և այժմ արդեն՝ հայկական հարուստ ժառանգության թվայնացման գործում։ Այս կենտրոնները Հայաստանն ու հայ ժողովրդին ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհի համար՝ թույլ տալով հայերենով ուսումնասիրել հայոց մշակույթն ու գրականությունը, համապարփակ գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն հայկական մշակույթի, այլև այլ մշակույթների մասին՝ հայալեզու աղբյուրներից։
Այսօր, երբ մշակութային համագործակցությունը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է, ցանկանում եմ ընդգծել հայագիտական կառույցների համագործակցության կարևորությունը։ Այս հարցում կցանկանայի առանձնանշել Ժնևի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ամբիոնի ղեկավար տկն. Վալենտինա Կալցոլարիի ավանդն ինչպես կենտրոնի և ամբիոնի ստեղծման ու պահպանման, այնպես էլ տարբեր աշխարհամասերում գործող հայագիտական կենտրոնների միավորման հարցում:
Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել ուսանողների, հետազոտողների և պարզապես հայ մշակույթով հետաքրքրվողների համար։ Թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ամբիոնի կենսագործունեության հարցում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, համալսարանի աշխատակիցներին և, իհարկե, ուսանողներին։ Ձեր ներդրումն ամբիոնի կայացման և զարգացման հարցում անգնահատելի է։ Այսօր ես ցանկանում եմ ոչ միայն գնահատել այս հիսուն տարիների ձեր աշխատանքը, այլև նայել դեպի ապագան՝ վստահ լինելով, որ գալիք սերունդները ևս հնարավորություն կունենան ուսումնասիրել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայկական մշակույթը։
Շնորհավորում եմ բոլորիս արժանահիշատակ այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ»:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:
Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին:
Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների և երկրների քաղաքական իշխանությունների կողմից ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում որակյալ կրթության ապահովման կարևորության վերաբերյալ։
***
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր:
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել միջազգային աշխատանքային օրակարգի ձևավորմանը:
Զրույցի ընթացքում նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ից հանդիսանալով Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ, մշտապես սերտ համագործակցում է ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի, ինչպես նաև Ժնևում տեղակայված ԱՄԿ կենտրոնակայանի հետ։
Ժիլբեր Ունգբոն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ և նշել, որ ԱՄԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացման ծրագրերին՝ մասնավորապես աշխատանքի մշտական և արժանապատիվ պայմանների ապահովման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև արհմիութենական համագործակցության կարևորությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ արհմիություններն ունեն կարևոր դեր ներգրավվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում, և Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը, որը նպաստում է սոցիալական երկխոսությանը և աշխատանքային պայմանների բարելավմանը:
Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2018թ.-ից ի վեր մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։
Հանրապետության նախագահը կարևորել է նաև մեր երկրի միացումը «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային»՝ իր նպաստը և մասնակցությունը բերելով Կայուն զարգացման նպատակների և «Արժանապատիվ աշխատանք» օրակարգի խթանման միջազգային գործընկերության հարթակին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հնարավոր ջանքերը գործադրել ակտիվ համագործակցության հետագա խթանման և ընդլայնման ուղղությամբ:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA) ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։
«Այսօր այստեղ հավաքվել ենք կիսվելու մեր գաղափարներով և գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնք ոչ միայն անդրադառնում են մեր հասարակությունների բարեկեցության վրա, այլև անմիջականորեն ներկայացնում գոյատևման սպառնալիքներ:
Սակայն մինչ բուն ելույթիս անցնելը, կցանկանայի նկատել, որ այս տարին հոբելյանական է և առանձնահատուկ նշանակություն ունի Ֆորումի առանցքային՝ խաղաղության օրակարգի համար, քանզի լրանում է Կռան Մոնտանայի Ֆորումի բուխարեստյան նստաշրջանում կայացած՝ Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի պատմական հանդիպման 30-ամյակը: Նկատեմ, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության այս էջը՝ ներառյալ Օսլոյի երկու համաձայնագրերի պատմությունը՝ ինձ համար, անձամբ, առանձնակի նշանակություն ունի: Հիշեցնեմ, որ ի նշան իրենց վճռականության և խիզախության գնահատանքի՝ երկու առաջնորդները, հանդիպումից ամիսներ անց, արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ավելին, այս տարի լրանում է նաև 25 տարին այն պահից, երբ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան՝ Ֆորում մասնակցության նպատակով իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում հայտարարեց 1999թ. Ալժիրի քաղաքացիական համաձայնության հանրաքվեի մասին, որն առանցքային քայլ էր երկրում քաղաքացիական պատերազմի՝ «սև տասնամյակի» կարգավորման ուղղությամբ:
Անվտանգության մարտահրավերներն այսօր զարգացել են բուն սպառնալիքներից անդին. կիբերանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկական անվտանգությունը, երբ պետական և ոչ պետական սուբյեկտներն ունեն նույն հասանելիությունը թվային զինամիջոցներին, որոնք կարող են խաթարել կարևոր ենթակառուցվածքները և քաոս սերմանել:
Այս ամենի հետ մեկտեղ, կլիմայի փոփոխությունն էլ իր հերթին ներկայացնում է անվտանգային սպառնալիք՝ ազդելով պարենային անվտանգության և ջրային պաշարների վրա՝ հանդիսանալով միգրացիայի ևս մեկ խթան:
Զուգահեռաբար, անդրազգային հանցավոր ցանցերն ավելի արագ են օգտագործում տեխնոլոգիական առաջընթացը, քան իրավապահները կարող են արձագանքել: Սոցիալական վերափոխումները, անվտանգային մարտահրավերները, ռազմական և ոչ ռազմական վտանգները պահանջում են համակ ուշադրություն և անհապաղ գործողություններ՝ քաղաքական և գաղափարական անջրպետների միջև հաստատելու կառուցողական երկխոսություն: Նշված ոլորտները դառնում է ավելի փոխկապակցված՝ ազդելով կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Եվ այստեղ է, ուր երևան է գալիս կրթության կարևորությունը: Ընթացիկ պահի մարտահրավերները պահանջում են բոլորիս հանձնառությունն առ կրթություն՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ներդրումները կրթության ոլորտում աղքատության և թշնամանքի շղթան կոտրելու և ապագա սերունդներին հաջողության և բարգավաճման համար անհրաժեշտ հմտություններով զինելու բանալին է: Կրթությունն առաջընթացի անկյունաքարն է, սոցիալական արդարության հասնելու կարևոր բաղադրիչը:
Այս ուղղակիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խնդրին: Մարդու իրավունքների պարզունակ օժտում չէ՝ այլ պարտավորություն, որը կրում ենք բոլորս: Մենք միասնական ենք վճռականության մեջ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատի իրավունքները հարգվեն և պաշտպանվեն, քանզի մարդու իրավունքների հարգումը պարտադիր պայման է մեր հասարակությունների բարօրության ապահովման գործում:
Վերջին շրջանի համաճարակներն ի հայտ բերեցին մեր խոցելիությունը և ուստի՝ հանրային առողջապահական կուռ համակարգեր ունենալու անհրաժեշտությունը, որոնք կարող են հայտնաբերել, կանխել և արդյունավետորեն արձագանքել նման սպառնալիքներին: Մենք պարտավոր ենք խթանել համագործակցությունն՝ ապագա բռնկումներից պաշտպանվելու համար, երաշխավորելով, որ որևէ համայնք չի մնա անպաշտպան:
Եվ վերջապես, էներգետիկ անվտանգության ապահովումն առանցքային է կայուն զարգացման և տնտեսական տոկունության համար: Էներգետիկ անվտանգության ապահովումը կենսական է մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական հավասարության հաստատման համար:
Հարգելի գործընկերներ, կա մի այսպիսի ասացվածք՝ «յուրաքանչյուր մարտահրավել հնարավորություն է ընձեռնում»: Եվ այդ հնարավորությունն ակնհայտ է, ուստի եկեք համախմբվենք մեր հասարակությունների առջև հառացած մարտահրավերների հաղթահարելու գործում: Եկեք իմաստությամբ միասին առերեսվեինք այս մարտահրավերներին՝ մեր հասարակությունների համար ավելի լավ ապագա կառուցելու անսասան հանձնառությամբ: Ավելի լավ ապագայի միտված հեռանկարն ու ընթացքը պայմանավորված է մեր համատեղ ջանքերի և գիտելիքների փոխլրացման կարողության մեջ:
Խոսքերս ավելի առարկայական դարձնելու համար՝ յուրաքանչյուրիդ հրավիրում եմ ներկա գտնվելու Հայաստանի պատվիրակության կողմից այսօր Ֆորումում կազմակերպվող շնորհանդեսին:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար և մաղթում արդյունավետ քննարկումներ։ Մենք պետք է անընդմեջ հիշեցնենք ինքներս մեզ, որ մեծ փոփոխությունը կարող է սկսվել գեթ մեկ պարզունակ թվացող գաղափարից»։
***
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։
Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
***
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական կարգավորման և կայունության ապահովման գործում: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԱՀԿ-ի գործունեությունը կարևոր է ոչ միայն առևտրի ազատականացման, այլև համաշխարհային տնտեսության բարելավման տեսանկյուններից։
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը Նգոզի Օկոնջո-Իվեալային է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնել տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ապահովման:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման հնարավորությունների և կարևորության վերաբերյալ, նշելով, որ թվային տնտեսության խթանումը կարող է նպաստել երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և խթանելով ներդրումները։