14
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը:  

***

 

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող հանդիպումներին, որոնք ամուր հիմք են ծառայում ղազախա-հայկական գործընկերության համար։ Ղազախստանը շատ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ղազախստանում հայ ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունք կա: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձարկված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ եմ նշում երկկողմ հարաբերությունների դինամիկ և առաջանցիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է նաև, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, և այս համատեքստում՝ երկկողմ հարաբերությունների համար ձևավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։ «Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ՝ մեր ժողովուրդների միջև ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը ։ Անցյալ տարի Երևանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։ Այսօր արդեն մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ջերմ ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր՝ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվելու հրավերի և ջերմ, բարեկամական ընդունելության համար: Այս այցն, անկասկած, Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատև են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգի վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ ջանքերի խթանման կարևորությունը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան և շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ղազախստան։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրադրության շուրջ: Այս համատեքստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է Ղազախստանի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում հարթակ տրամադրել խաղաղության օրակարգի առաջմղման համար, ինչպես նաև ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնումը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Երլան Կոշանովը, ողջունելով Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան, նշել է, որ Հայաստանն իրենց համար մտերիմ և բարեկամական երկիր, վստահելի գործընկեր է:

«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում մեծածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում: Դրանք ընթանում են բոլոր հիմնարար ուղղություններով, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:

Մենք մշտապես անկեղծորեն ուրախանում ենք Ձեր հաջողություններով: Մեր երկրների հարաբերություներն արդյունավետորեն զարգանում են, և ամեն տարի համալրվում են նոր բովանդակությամբ:

Վստահ եմ, Ձեր այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև մեր երկրների բազմակողմ համագործակցության խորացմանը»,- ասել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ու բարեկամական ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը: «Մեծապես կարևորում ենք նաև հայ-ղազախական խորհրդարանական փոխգործակցությունը, և գտնում ենք, որ այն մեր հարաբերությունների լայն շրջանակի առանցքային ոլորտներից մեկն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության հետագա զարգացման օրակարգային հարցերին և ուղղություններին:

Երկուստեք շեշտվել է օրենսդիր մարմինների գործունեության կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և բարեփոխումների կյանքի կոչման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում խորհրդարանների բարեկամական խմբերի և պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը:

***

 

Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիա։ Նախագահը ողջունել է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, ապա հանդես է եկել Հայաստանի ընդհանուր նկարագրին նվիրված դասախոսությամբ, որի շրջանակներում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

***

 

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ։

ՂՀ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի ուղեկցությամբ նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել արդիական ստարտափերին։

Շրջայցի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Թումո» կենտրոնի և Աստանա հաբի միջև։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ շրջայց կատարել։

ՄՖԿ-ի տնօրեն Նուրխատ Կուշիմովը ներկայացրել է կենտրոնի գործունեության մանրամասները։ ՀՀ և ՂՀ նախագահների համատեղ շրջայցից հետո կենտրոնի տնօրենը հանդես է եկել ՄՖԿ-ի վերաբերյալ զեկույցով:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

 

 

 

 

 

← Վերադառնալ