Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով:
«Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ:
Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»:
Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը դրա վառ օրինակն է։
Խոստովանենք, որ ներկայումս մենք բախվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով բռնի բախումներին, և մարդկանց ապահովությունը և անվտանգության զգացումը մարդկության պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է: Այսինքն՝ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն դրսևորել և ի ցույց դնել իրենց տաղանդներն ու զարգացնել ներուժը` ի նպաստ հասարակության զարգացման, քանի որ կա նոր պատերազմի կամ հակամարտության վտանգ:
Սա նշելով, մենք համակարծիք ենք, որ մեր առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:
Այս համատեքստում կցանկանայի ողջունել Գերմանիայի և Նամիբիայի գլխավորությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս ընդունած «Հանուն ապագայի դաշնագիրը», որն ուղղված է միջազգային համագործակցության ամրապնդմանը և կայուն զարգացմանը:
Խաղաղության կերտումը և խաղաղապահությունն օգնել են վերջ դնել պատերազմներին, կանխել հակամարտությունների և լարվածության վերաճումը լայնածավալ բռնության: Այս առումով թույլ տվեք բերել իմ երկրի օրինակը։
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին երկու տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում:
Ինչպես շեշտվել է դաշնագրում, մենք ակնկալում ենք ունենալ ապահով, խաղաղ, կայուն աշխարհ, որտեղ տիրում է արդարություն, հավասարություն և, որտեղ բարեկեցությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորված են բոլորի համար:
Զարգացման, «կանաչ անցման» և կայունության ֆինանսավորումը պետք է լինի այս խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերի կենտրոնում ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրներին և հատուկ իրավիճակում գտնվող երկրներին:
Մենք պետք է բարեփոխենք միջազգային ֆինանսական համակարգը, որպեսզի ապահովենք զարգացման արդյունավետ ֆինանսավորում՝ հաշվի առնելով միջին եկամուտ ունեցող երկրների հատուկ կարիքները։
Մենք նաև փորձում ենք ներդնել նոր և նորարարական մոտեցումներ՝ օգնելու զարգացող երկրներին բավարարել իրենց կարիքները։ Նման նախաձեռնություններից մեկը «Պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմն է, որը մենք առաջարկում ենք օգտագործել կլիմայի ֆինանսավորման համատեքստում՝ որպես օգտակար գործիք զարգացող երկրների պարտքի բեռը մեղմելու համար՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու նրանց ջանքերի դիմաց։
2030 թվականի օրակարգում հստակ նշված է, որ չկա կայուն զարգացում առանց խաղաղության, և խաղաղություն՝ առանց կայուն զարգացման:
Առաջնորդվելով հենց այս փիլիսոփայությամբ և խաղաղության հաստատուն հանձնառությամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված գործողություններ: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու և մեր եռանդը դեպի կայուն զարգացում և կանաչ աճ ուղղորդելու մեր ջանքերին:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը այս կարևոր նոր նախաձեռնությանը մասնակցելու հրավերի համար և մաղթել ամենայն հաջողություն դրա իրականացման գործում»:
***
Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը:
Ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը, Գերմանիայի նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար:
Բեռլինի «Հատուկ օլիմպիական խաղերին» մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ձեր տարածաշրջանի տարբեր իրողություններ և զարգացումներ: Ներկայումս էլ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և հակամարտություններ և այս տեսանկյունից Կայունության համաժողովը կարևոր բովանդակություն ունի՝ ավելի խաղաղ ու զարգացող աշխարհ ունենալու համար:
Պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով և տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է: Հուսով եմ նաև, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար:
Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում:
Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա է երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»:
Հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար: