06
05, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ:

Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի գործունեությունը ոչ միշտ է գովազդվել և հանրայնացվել, սակայն այն մեծ դեր է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում և դրանով իսկ առավել բարձր գնահատանքի է արժանի:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է համագումարի կողմից իրականացվող նախաձեռնությունների հնարավորինս հավասարաչափ բաշխման և ոլորտային բազմազանության կարևորությունը, ինչի արդյունքում այդօրինակ ծրագրերն ընդգրկել են կրթության, գիտության, երիտասարդության զարգացման, սոցիալական, հետերկրաշարժյան վերակառուցման և բազմաթիվ այլ բնագավառներ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան իրողությունների վերաբերյալ սփյուռքահայ կազմակերպություններին օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվության տրամադրման կարևորությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև Տավուշում իրականացվող սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, որոնց գերխնդիրը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումն է: Իր խոսքում նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներին և շեշտել, որն այն փոխշահավետ նախագիծ է տարածաշրջանի բոլոր երկրների համար: 

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ:

Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր Սինոփսիս ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի Հանրապետության առկա սերտ և արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ կիսահաղորդիչների արտադրության մեկնարկի ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանմանն ու ջանքերի մեկտեղմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում մանրամասներ է հայտնել Հայաստանի տնտեսության մեջ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժնի և վերջինիս կարևոր դերակատարության վերաբերյալ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, և ընթացիկ թվայնացման աշխատանքների վերաբերյալ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, կարևոր քայլ կլինի այս ոլորտում կոռուպցիոն երևույթների նվազեցման և կանխարգելման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են կրթական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների համագործակցությամբ կրթության բնագավառում իրականացվող ներդրումներն ու կրթական ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության տասնամյակների գործունեությանը։ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել ՀԲԸՄ դերակատարությունը Հայաստանի պետականության կայացման ու ամրապնդման, հայապահպանության, կրթության, սոցիալական և այլ բնագավառներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչման գործում։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ՀԲԸՄ-ն առաջիկայում էլ շարունակելու է իր կարևոր առաքելությունը Հայաստանի պետականության հզորացման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և սերտացման գործում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ կարևորել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեության վերկուսակցական բնույթը և մշտապես պետականության կողքին գտնվելու և Հայաստանի զարգացման գործում իր նպաստն ունենալու սկզբունքային դիրքորոշումը։

Հանրապետության նախագահը շեշտել է հնարավոր բոլոր բնագավառներում հայաստանյան պետական մարմինների և ՀԲԸՄ սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում աջակցել ՀԲԸՄ նախաձեռնություններին և ծրագրերի կյանքի կոչմանը։

***

 

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։

Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։

Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, որքանով որ պահպանում և ապրեցնում են իրենց սովորույթներն ու ավանդույթները: Եթե չկան մեր սովորույթները՝ մենք ուղղակի կորցնում ենք մեր արժեքային համակարգը:

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր սովորույթները մեր հետ տանենք, որտեղ էլ, որ ապրենք: Շատ կարևոր է դրանք փոխանցել երիտասարդներին, ապագա սերունդներին:

Ես ուրախ եմ, որ այստեղ կան փոքրիկներ, պատանիներ, դեռահասներ, որոնք պարի կամ երգի միջոցով ստացել են մեր հայկական սովորույթները և փոխանցելու են հաջորդ սերունդներին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ այստեղ տեսնում եմ»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահը մասնավորապես ասել է. «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետություն և որպես Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել, ամրապնդել և հաջորդ սերունդներին փոխանցել… Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած: Եվ այս հարցում ամենակարևորը՝ միասնականությունն է, համերաշխությունը, իրար չվիրավորելը, իրար լսելը: Մենք հզոր ենք, երբ ավելի միասնական ենք և հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Խոսքն ուղղելով Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանին, նախագահը ցանկություն է հայտնել, որ «եկեղեցին շարունակի առաջնորդել այն քրիստոնեական արժեքներով, որոնցով միշտ առաջնորդվել է»: «Դա շատ կարևոր առաքելություն է, որը իրականում նաև շատ դժվար է իրականացնել այսօրվա բարդ աշխարհում: Մենք մարտահրավերների առջև ենք կանգնած՝ որպես քրիստոնյաներ, և պետք չէ այս մարտահրավերների ժամանակ թշնամանալ այլ կրոնների հետ: Մենք որպես հայ կարողացել ենք մեր գոյությունը պահպանել, որովհետև մենք իրապես կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ ենք: Մեր հակառակորդ երկրները միշտ փորձում են ներկայացնել, որ մեր պայքարն իրենց հետ եղել է կրոնական: Սակայն իրականում մեր պատմության մեջ մեր պայքարը չի եղել կրոնական: Մենք եղել ենք կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ: Հատկապես Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում մեզ ընդունում են նաև նրա համար, որ մենք կրոնական մեծ հանդուրժողականություն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք, որովհետև մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել»,- ասել է նախագահը՝ բոլորին մաղթելով հաջողություններ և բազում ձեռքբերումներ:

***

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:

Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:

Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այցելել է «Սիլիկոնային հովիտ» և շրջայց կատարել «NVIDIA» ընկերությունում:

Կազմակերպության փոխնախագահ Ռիև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօգլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «NVIDIA» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:

Ջենսոն Հունագը շեշտել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանում բնագավառի հայտնի ներկայացուցիչ կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն զգալի ներկայություն է դրսևորում, ինչը նաև զարգացման միտում ունի: Նախագահը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության թիրախային ուղղություններից է և պետության կողմից, ըստ անհրաժեշտության, արժանանում է նաև բազմակողմանի աջակցության:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև փոխգործակցության և ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ինժեներական կրթության զարգացման ոլորտներում ներդրումների խթանման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկին:

***

 

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։

Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։

Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։

Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:

Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։

Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։

Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։

Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։

Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։

***

 

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։

Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆորնիայում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆորնիայում «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։

Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։

Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆորնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ:

Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում ապրող հայերի բարեկեցությունը՝ տրամադրելով նրանց բարգավաճման համար անհրաժեշտ աջակցությունը։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական գործընթացին նվիրվածության վրա, և մենք ակնկալում ենք շարունակական և ամուր համագործակցություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար, նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ նահանգների միջև տասնամյակներ շարունակ դինամիկ զարգացող համագործակցությունը: Հայաստանում առանձնահատուկ վերաբերմունք կա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի նկատմամբ նախ այն պարզ պատճառով, որ Ձեր նահանգում և մասնավորապես Լոս Անջելելսում է գտնվում ԱՄՆ ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, ապա նաև պայմանավորված մի շարք տնտեսական իրողություններով: Նկատի ունեմ այն, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ էական դերակատարություն է ստացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այս առումով մեր առաջնահերթությունների շարքում է Կալիֆորնիայի «Սիլիկոնային Հովտում» գտնվող ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչների հետ փոխգործակցության ընդլայնումը և Հայաստանում նրանց ներկայացվածության խթանումը: Օգտվելով առիթից, ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ և նաև Միացյալ Նահանգների բարձր ղեկավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը վերջին շրջանում Հայաստանին, մեր պետության համար դժվարին այս ժամանակաշրջանում։ Վստահ եմ նաև, որ մեր հանդիպումը հավելյալ խթան կհանդիսանա մեր երկրների արդյունավետ գործակցության հետագա զարգացման համար»։

Հանրապետության նախագահը շեշտել է, որ էներգակիր ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանը հիմնական շեշտադրում է կատարում մարդկային մտավոր կապիտալի զարգացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շրջանակում ամերիկյան լավագույն փորձառությունը Հայաստանում կիրառելու հնարավորություններին և ուղիներին։ Այս կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը նշել է Լոս Անջելեսի և Երևանի քաղաքապետարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկի խթանման կարևորությունը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ Նահանգներ-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման և մասնավորապես Լոս Անջելես Երևան ուղղությունով նման հնարավորության կյանքի կոչման հեռանկարների և անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը՝ հասնել հարևանների հետ հիմնախնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, ինչպես նաև խաղաղ համակեցության սկզբունքների շրջանակում լուծելու վերաբերյալ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը»,- նշել է նախագահը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործընթացին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ:

Մեր խոսքը պետք է լինի միայն երախտագիտության խոսք Ձեր այս այցի կապակցությամբ: Մեր խոսքը պետք է լինի նաև աղոթք, որպեսզի Աստված մշտապես օրհնի Ձեզ, ողջ այն անձանց, որոնք մեր հայրենի պետականության համար իրենց կարելին ի գործ են դնում, որպեսզի ամուր, անսասան և անխախտ մնա մեր Հայրենիքը բոլոր տեսակի փորձություններից:

Երբ հավատքն է մեզ ուղղորդողն ու առաջնորդողը և ճշմարիտ հայրենասիուրությունն է մեզ նաև մղողը դեպի կյանք, այն ժամանակ մենք պետք է հաղթենք բոլոր տեսակի դժվարությունները: Դա մեր կյանքի նշանաբանն, առաքելությունը և նպատակն է, և պետք է շարունակի լինել՝ որպես հայ եկեղեցու սպասավոր:

Ձեր միջոցով մեր աղոթքն ենք հղում պետական ողջ անձնակազմին, հայրենի մեր իշխանությանը, որ մնան ամուր, հաստատ իրենց ծառայության մեջ, և մեր աղոթքը մեր ժողովրդի համար:

Անցնող տարիները դյուրին տարիներ չեն եղել, եղել են փորձություններով լեցուն, բայց Քրիստոսի խոսքը, նաև Ավետարանի պատգամը պարզ և հստակ ասում է մեզ հետևյալը՝ փորձության միջով ավելի ենք ամրանում, փորձություններն ու դժվարությունները եղել են միշտ, այսօր էլ կան, վաղն էլ լինելու են, բայց պատճառ չեն, որ մենք տկարանանք, այլ հակառակը՝ փորձությունները պետք է դառնան փորձառություն, նաև մեզ պետք է ամրապնդեն առավել միավորվելու, դառնալու մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ մարմին՝ հատկապես, երբ Հայրենիքի համար է մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր գոյությունը և գիտակցական կյանքը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ճշմարիտ խոսքերի համար» նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր խոսքերը շատ կարևոր են բոլորիս, ինչպես նաև այս դժվարին ժամանակներում մեր պետության համար: Կիսում եմ Ձեր տեսակետը, որ՝ իսկապես փորձությունների միջով անցնելով ենք մենք ճիշտ ուղին գտնում: Ցավոք սրտի, այդ փորձությունները կուտակվեցին հատկապես 2020 թվականից հետո, և մեծ դժվարություններ են առաջացրել, բայց մենք աստիճանաբար հաղթահարելու ենք դրանք:

Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա: Սա բոլորը գիտակցում են, որովհետև մեր պատմությունն է դա և այդ պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցին միշտ իր տեղն ու դերն ունեցել է՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք ունենք պետականություն և ապավինում ենք եկեղեցուն, որպեսզի այդ պետականությունն ավելի ամուր լինի, որովհետև այդ պետականության մեջ հոգի է պետք: Մեր խնդրանքն է ձեզ՝ մեզ միշտ ճիշտ ճանապարհով տարեք: Վստահ եղեք, որ այսօրվա իշխանության ընտրած ճանապարհն, իրոք, տանում է խաղաղության:

Մեր խնդիրը շատ հստակ է, մենք հարևանների հետ, անկախ մեր պատմական տարբեր ժամանակաշրջանում ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել: Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ուրիշ տեղ, և իրենց էլ չենք կարող պարտադրել տեղափոխվել: Պատմականորեն ձևավորված միջավայր է, որի հետ կապված մենք հազարավոր տարիներ խնդիրներ ենք ունեցել, պատերազմներ ենք ունեցել, բայց, ի վերջո, կանք և կշարունակենք լինել»:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին:

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահն ի դեմս կուսակցության ղեկավարության շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը մշտապես ունեցել է պետականակենտրոն դիրքորոշում և հնարավորինս նպաստել ու աջակցել է մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

Ավանդական կուսակցության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ քաղաքական կազմակերպությունն իր ողջ հնարավորությունները պատրաստակամորեն ներդրել է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ շրջանային վարչության ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական, ժողովրդավարական, կրթական և այլ բարեփոխումների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեկնարկած սահմանազատման գործընթացը լիովին գտնվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշման տրամաբանության շրջանակներում:

Հանդիպմանը նախագահը նաև պատասխանել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունների, պաշտպանունակության բարձրացմանն ուղղված քայլերի և միջոցառումների, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ հանդիպման մասնակիցների կողմից հնչեցված հարցերին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ընդգծելով, որ սահմանազատումն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու, ինչպես նաև տարածքային ամբողջականության անխաթարության սկզբունքների շրջանակում:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ հայաստանյան իշխանությունն անհրաժեշտ քաղաքական կամք ունի հստակորեն շարժվել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու ուղիով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և առկա խնդիրների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանման կարևորությանը:

Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության, ռազմարդյունաբերության, երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնման, տնտեսության դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին:

Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների պատճառահետևանքային կապերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների փոխազդեցությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՍԴՀԿ ներկայացուցիչները կրկին վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել իրանահայերի և իրաքահայերի միության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներն անմիջական մթնոլորտում հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քարոզչական ապատեղեկատվության տարածման խնդիրներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը Միության ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ինչպես նաև պետության անվտանգային համակարգն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային և համալիր խնդիրները հոգալու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կյանքի կոչման հեռանկարները:

Հանդիպմանը Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադառնալով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում առկա անցուդարձերին:

***

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս տեսանկյունից լավ առիթ է ամռանն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության շրջանակներում քաղաքապետ Վիկտոր Գորդոյի նախատեսվող այցելությունը Հայաստան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքային կառավարման համակարգում օրինակելի փորձի փոխանակման ծրագրերի մեկնարկի հնարավորություններին և աշխատակազմերի վերապատրաստման ծրագրերի նախաձեռնմանը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման շուրջ հնարավոր համագործակցությանը: Փասադենայի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքային միջավայրում փոքր ու միջին բիզնեսի համակարգային կազմակերպման վերաբերյալ իրենց հաջողված փորձի սկզբունքների վերաբերյալ մանրամասներ:

Քաղաքապետն անդրադարձ է կատարել ճարտարապետական ու մշակութային արժեքների, անտառների և կանաչապատ տարածքների պահպանման և բնապահպանական խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանությունների փորձին և հաջողությանը:

***

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին:

Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն:

Քննարկվել են քաղաքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, որպես քույր քաղաքներ, Գլենդելի և Երևանի քաղաքապետարանների աշխատակազմերի միջև լավագույն փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվող Գլենդելի և Լոս Անջելեսի հարակից քաղաքների քաղաքապետերի այցելությունը Հայաստան, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Միացյալ Նահանգների և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության նախագահ դոկ. Նազարեթ Տարագճյանի եւ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Ավետարանչական Ընկերակցության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Ավետարանչական Ընկերակցության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանչական Ընկերակցության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ «Սիլիկոնային հովիտ» կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:

Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող համալիր քայլերին:

Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը և Սրբազան հայրը զրուցել են Հայաստանում և Սփյուռքում հայ կաթոլիկների համայնքային կյանքի անցուդարձերի վերաբերյալ:

Պատասխանելով Միքայել սրբազանի կողմից բարձրացված կաթոլիկ համայնքին հուզող հարցերին, նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է ներքին և արտաքին օրակարգային հարցերում Հայաստանի կողմից որդեգրված իրատեսական քաղաքականության սկզբունքների հետևողական կյանքի կոչման կարևորությունը:

 

 

← Վերադառնալ