23
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Իտալիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել և նպաստել խոշոր կրոնամշակութային կենտրոնի գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Իտալիա այցերի ընթացքում Վենետիկ այցելությունը, ինչը լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ նաև այս պատմամշակութային ժառանգության շնորհիվ է բյուրեղացել հայ-իտալական բարեկամությունը և նշանակալիորեն զարգացել երկու պետությունների միջև արդյունավետ ու բազմաշերտ համագործակցությունը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն։ ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ողջունելով նախագահին, նշել է, որ մեծ պատիվ է իր համար Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսությունում հյուրընկալել նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին է ներկայացրել հյուպատոսության օրակարգային հարցերն ու ծրագրերը:

Հուլիսի 23-26-ին Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի եվրոպական խորհրդի (ECAM Council)՝ «Global Leaders today: multilateralism for a better future» խորագրով միջոցառմանը: 

***

 

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին:

ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցառման շրջանակում:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

«Նախ և առաջ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ամբրոզետտի կենտրոնին, ամենանշանավոր ուղեղային կենտրոններից մեկին, այսօրվա կարևոր և պատեհաժամ միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև առհասարակ իր առաքելության համար՝ խթանելու տարբեր տարածաշրջանների միջև կառուցողական երկխոսությունը, նոր փոխգործակցությունները և ամուր համագործակցությունը։

Իր հիմնադրումից ի վեր գագաթնաժողովը համախմբել է պետությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, Նոբելյան մրցանակակիրների և գործարարների՝ քննարկելու աշխարհի կայուն զարգացման ամենահրատապ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինձ համար առանձնապես հաճելի է հնարավորություն ունենալ հենց այս ամբիոնից դիմելու հարգարժան ներկաներին իմ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:

Քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Հռոմում, ես կցանկանայի հակիրճ անդրադառնալ Հայաստանի և Իտալիայի միջև երկարամյա հարաբերություններին։ Մեր երկու ժողովուրդները պատմական, մշակութային և տնտեսական կապեր ունեն, որոնք դիմակայել են ժամանակի փորձությանը: Իտալիան արժեքավոր գործընկեր է եղել Հայաստանի համար, և մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը:

Տիկնայք և պարոնայք,

Այսօրվա կարևոր միջոցառման խորագիրը՝ «Փոփոխություններն այսօր՝ հանուն վաղվա բարեկեցիկ մոլորակի» և դրա նպատակը լիովին համահունչ են Հայաստանին։ Ինչպես տեղյակ եք, հայ ազգը ներկայումս շարունակում է պայքարել մեր տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար, և երկրի ղեկավարությունն անկեղծորեն հավատարիմ է այդ վեհ նպատակն առաջ մղելուն: Նման հանձնառությունը հավակնոտ, սակայն անհրաժեշտ նպատակ է մեր տարածաշրջանի և աշխարհի համար այս խռովալից ժամանակներում:

Անդրադառնալով պարենային անվտանգության կայունությանը, ես կցանկանայի ընդգծել, որ այն ցանկացած հասարակության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն որոշիչ դեր է կատարում բնակչության անվտանգության և կենսամակարդակի բարձրացման հարցում։

Միևնույն ժամանակ, մենք պետք է այսօրվա օրակարգը դիտարկենք աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների ավելի լայն համատեքստում։ Իմ երկիրը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ՝ հատկապես այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Լեռնային Ղարաբաղում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, իրական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։

Թույլ տվեք տրամադրել որոշ տվյալներ, որպեսզի ավելի հստակ ներկայացնեմ, թե ինչպես է զարգացել իրավիճակը վերջին ամիսներին.

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավական առումով պարտադիր որոշում արձակեց Ադրբեջանի դեմ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ի հեճուկս այս որոշման՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդկերպ կատարում է դատարանի որոշումը։

Հունիսի 15-ին Ադրբեջանը ավելի հեռուն գնաց՝ ամբողջությամբ արգելափակելով միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։

Հուլիսի 6-ին ՄՔԴ-ն արձակեց ևս մեկ հրաման՝ վերահաստատելով իր նախկին որոշումը և Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկելու իր տրամադրության տակ եղած բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, և հետևաբար, անհապաղ դադարեցնելու իր անցակետի շահագործումը, քանի որ դա անտարակույս ոտնահարում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները՝ հանդիսանալով սահմանված խտրականություն:

Հումանիտար տեսանկյունից ամենահրատապը էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներն են, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել իրավիճակը տեղում։

• 2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով։ Ամեն օր տեղի են ունեցել վեցժամյա հոսանքազրկումներ, գրեթե 50%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև արձանագրվել է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման միջոցների սպառում։
• 2022 թվականի դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 21-ից՝ գրեթե շարունակաբար, դադարեցնում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ գծով գազի մատակարարումը, դրանով իսկ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը։
• Վառելիքի և այլ հիմնական ռեսուրսների առկայության նվազման և Հայաստանից մատակարարումների ամբողջական ընդհատման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի գործունեությունը կանգ են առել:
• Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես կաթվածահար է եղել, հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջհամայնքային, առաջիկա օրերին կդադարի գործել, մինչդեռ մասնավոր տրանսպորտը վաղուց է կանգ առել։ Վառելիքի սուր սղության պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտի ներքին հանրային տրանսպորտը գործում է միայն 2 ավտոբուսով, որոնք սպասարկում են ավելի քան 60 հազար մարդու։

Կապված հենց այսօրվա քննարկման թեմայի՝ պարենային անվտանգության հետ, թույլ տվեք ընդգծել, որ.

• Հունիսի 15-ից ի վեր մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործման հետ, հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։
• Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը:
• Արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է սովի ու սովամահության եզրին։

Ապօրինի շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների ոտնահարման, այդ թվում՝

• Առողջապահության իրավունքը, քանի որ վառելիքի բացակայության պատճառով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ հաճախ չկարողանալով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
• Դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասը, զուգորդված հիվանդներին Հայաստան տեղափոխելու արգելքի հետ, աճող վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։
• Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար:
• Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններ ունեցողներ անձինք, մնացել են գրեթե առանց որևէ դեղորայքի:
• Դեղատների դարակները լրիվ դատարկ են, անկարող են անգամ առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Պարոն նախագահ,

Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:

Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհառազմավարական նշանակություն՝ բնականորեն կամուրջ ծառայելով երկու մայրցամաքների միջև։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը մեր կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։ Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում տարածաշրջանային կապի ապահովմանն ուղղված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Հայաստանը միշտ ընդունել է այս հայեցակարգը՝ գիտակցելով այն հսկայական ներուժը, որն այն ունի տնտեսական աճի խթանման, մշակութային փոխանակման և խաղաղության խթանման համար: Մեր տեսլականը ենթադրում է հայկական խաչմերուկ, որը վեր է քաղաքական բարդություններից՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը:

Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի չհիմնավորված պահանջների հետ մեկտեղ խոչընդոտներ են ստեղծում այս և այլ կարևոր նախագծերի իրականացման համար։ Մենք համոզված ենք, որ բաց և հուսալի հաղորդակցման ուղիները կենսական նշանակություն ունեն ազգերի միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ապահովման համար, և մենք հաստատակամորեն պաշտպանում ենք կառուցողական երկխոսության և խաղաղ բանակցությունների հավատը՝ որպես հակամարտությունների լուծման և տարածաշրջանային առաջընթացի խթանման միջոց:

Ավելին, ես կցանկանայի անդրադառնալ այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։ Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովել, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսական պրակտիկաների միջոցով մենք ամրապնդում ենք մեր գյուղատնտեսության ոլորտը, որն առանցքային դեր է խաղում մեր տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության հարցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ անցած ամիս Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2026 թվականների մեր երկրի պարենային անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի ժողովրդավարությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք ամեն կերպ պաշտպանելու այն իմ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։

Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ միաժամանակ ունենալով միջազգային հանրության աջակցությունը, որը կլինի ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի կողքին։

Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային հաղորդակցությանը, կայուն էներգետիկ զարգացմանը, պարենային անվտանգությանը և տնտեսական աճին հետամուտ լինելուն:

Եվ ի վերջո, մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու մեր տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհին:

Եզրափակելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ամբրոզետտիի կազմակերպիչներին, այս հարթակը տրամադրելու համար»։

***

 

 Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է վատթարացող հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։

***

 

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմում անցկացվող «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում հանդիպել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող օրակարգային թեմաների վերաբերյալ:

***

 

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ։

Քու Դոնգյուն ողջունելով նախագահ Խաչատուրյանին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանի նախագահին հանդիպելու և արդյունավետ համագործակցությանը միտված հարցեր քննարկելու հնարավորության համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին, կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համարգործակցությունը։ Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ անմիջական քննարկում ունենալու հնարավորության համար։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ նշանակալի բարեփոխումներ են կատարվել, որոնք գլխավորապես արդյունք են ներկայիս կառավարության քաղաքականության և իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների։ Այդ ամենի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է առավել գրավիչ ներդրումների համար, և մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը վերջերս հաստատել է նաև պարենային անվտանգության ռազմավարությունը, որով առաջնորդվում ենք։ Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտում թվային և բարձր տեխնոլոգիական նորարարությունների ներմուծմանն ու կիրառմանը։ Մենք նաև այս տեսանկյունից հույս ունենք մեծ ռազմավարական ծրագրեր իրականացնել ձեզ հետ»։

Քու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ մեծապես կարևորում է գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը։ Քու Դոնգյուն շեշտել է, որ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպությունը ստեղծում է պայմաններ և համապատասխան միջավայր ներդրումների ու տնտեսական զարգացման համար և դրանով է ներկայացնում իր աջակցությունը։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերի գործադրման կարևորությունը։

***

 

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է պանելային քննարկմանը:

Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «21-րդ դարում ենք ապրում, սակայն խնդիրները շարունակում են մնալ նույնը: Այսօր լրջագույն խնդրի առջև ենք կանգնած: Յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության չափը: Որևէ նշանակություն չունի երկիրը հզոր է, թե ոչ, մեկ մարդ է, թե ժողովուրդ։ Հիմա մենք պատասխանատվություն ունենք այս իրավիճակի համար և լուծումներ ենք փորձում գտնել, և այդ լուծումներն այստեղ հնչած ելույթներում ևս կան:

Յուրաքանչյուրս մեր խնդիրների համար մեր լուծումներն ունենք: Մի երկրում ջուրն ավել է, մյուսում՝ պակաս, մի երկրում սարերը շատ են, մյուսում՝ քիչ: Ամեն մեկս մեր ձևով ենք պատկերացնում՝ ինչպես պետք է լուծենք խնդիրները: Հայաստանն այն երկրներից է, որն ավելի շատ սարեր ունի, քան վարելահողեր, բայց դա չի նշանակում, որ մեր երկրում պարենային խնդիր կա: Հակառակը մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք հազարավոր տարիների ընթացքում փորձել ենք մեր պարենային խնդիրները լուծել, և դա մեզ մոտ ստացվել է:

Մեզ մոտ գյուղատնտեսության զարգացման հիմնական ծրագրերը միտված են բիզնեսի մասնակցությանը, այսինքն՝ մենք տնտեսական, ֆինանսական այնպիսի մի համակարգ ենք ստեղծել, որտեղ բիզնեսը և գյուղատնտեսության ոլորտը հարկային որոշակի արտոնություններ ունեն, և ամենակարևորը՝ դրանք միտված են ժամանակակից բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն ունենալուն։ Անասնապահության մեջ այդպիսի ներդրումներ ունենք և հիմա էլ քննարկումների մեջ ենք մասնագետների հետ, թե գյուղատնտեսության ո՞ր ճյուղը պետք է զարգացնենք»:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար վատթարացող իրավիճակին և նշել, որ գործ ունենք պարենային անվտանգությանը սպառնացող վտանգների յուրօրինակ դրսևորման հետ, երբ խնդիրը ոչ թե պարենի սակավությունն է, այլ սննդամթերքը դրա կարիքն ունեցող մարդկանց հասցնելը։ Այս համատեքստում նախագահը նշել է, որ ցանկացած հակամարտության կամ պատերազմական իրադրության պարագայում անթույլատրելի են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին, հումանիզմի բարձր արժեքներին հակասող գործողությունները։

***

 

 Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է Իտալիայի Սենատի անդամ Պիեր Ֆերդինանդո Կազինիին և լրագրող, հրապարակախոս Վիկտոր Վիտալ Բրանտեգեմին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

***

 

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը նաև անդրադարձել է վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրաիսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Ողջունելով պաշտոնակցին Իտալիայի նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները երկարաժամկետ պատմություն ունեն. «Մենք միշտ զգացել ենք Իտալիայի և իտալական շունչը Հայաստանում և Երևանում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք կարողանում ենք պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային հարթակներում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի սերտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին: Նախագահ Մատարելլան նշել է, որ վերջին շրջանում իր համար նկատելի է իտալական գործարարների մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հայաստանյան տնտեսության նկատմամբ օտարերկրյա բիզնեսների կողմից հետաքրքրության աճին, ընդգծել է, որ դա գլխավորապես պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում կատարված բարեփոխումներով՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Նախագահը նշել է, որ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան տնտեսությունն առավել գրավիչ է դարձել ներդրումների համար:

«Մենք շարժվում ենք ժողովրդավարության ուղիով նաև տնտեսության բնագավառում, այլ ռեսուրս մենք չունենք և անկախացումից հետո ժողովրդավարությունը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և հենց ժողովրդավարացման գործընթացները, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է նպաստել, որպեսզի հայաստանյան ներդրումային միջավայրը գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար»,- ասել է նախագահը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ անկախ դժվարություններից Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:

Նախագահ Մատարելլան ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթների առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:

***

 

Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ:

Ողջունելով նախագահին քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ ուրախություն է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: Հայաստանը բարեկամ երկիր է և Ձեր այցը լավ առիթ կարող է դառնալ մեր համագործակցության հետագա խորացման համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հռոմում և հանդիպել Ձեզ հետ, ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Տեղական իշխանությունների նկատմամբ և շատ լավ եմ հասկանում Ձեր աշխատանքի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Համոզված եմ նաև, որ պարոն քաղաքապետի համար մեծ պատիվ է Հռոմի նման քաղաքի ղեկավար լինելը, Դուք մեծ և պատասխանատու առաքելություն ունենք՝ պահել, պաշտպանել ու սերունդներին փոխանցել Հռոմի շունչն ու ոգին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր է ծանոթանալ պատմամշակութային ժառանգության և հնագիտական արժեքների պահպանության ու վերականգնման իտալական փորձառության և լավագույն ավանդույթների հետ, որի շրջանակում փոխգործակցության լայն հնարավորություններ կան:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երևանում և Հռոմում փոխադարձ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների անցկացման հնարավորության և այդ ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ:

***

 

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսայի հետ:

Ողջունելով Հանրապետության նախագահին Սենատի նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, մեր երկրների միջև հարաբերություններն ընկղմվում են դեպի դարերի խորքը, ինչը կարևոր պայման է մեր ներկայիս կապերի ու սերտ համագործակցության զարգացման ու ընդլայնման համար խորհրդարանական դիվանագիտության, տնտեսական, մշակութային հարթակներում: Ես պատրաստակամ եմ իմ ջանքերն ուղղել այդ հարաբերությունների շարունակական խորացմանը»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել հայ-իտալական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղիները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրողություններին և ներկայիս զարգացումներին: Հանրապետության նախագահը Սենատի նախագահին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր իրադրության վերաբերյալ:

Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսան իր խոսքում կարևորել է հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կարող է հիմք դառնալ նաև դիվանագիտական լուծումներ գտնելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցության սերտացման և ընդլայնման ուղիների վերաբերյալ:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:

Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Լորենցո Ֆոնտանան ասել է. «Բարի գալուստ պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ: Մեր երկրները երկար տարիների պատմական, մշակութային բարեկամական հարաբերություններ ունեն և ցանկություն կա առավել սերտացնել դրանք:

Ես ինքս Վենետո մարզից եմ և շատ լավ գիտեմ հայ-իտալական մշակութային առնչակցությունների մասին: Քաղաքական մակարդակում նույնպես մեր համագործակցությունը լավ ավանդույթներ ունի և պատահական չէ, որ վերակազմավորվել է հայ-իտալական պատգամավորական բարեկամական խումբը: Մենք լավ տեղյակ ենք, որ Հայաստանը հիմա դժվարին ժամանակներ է ապրում և պատրաստակամ ենք աջակցել Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որն իրականացնում է իտալա-հայկական բարեկամական պատգամավորական խումը: Մենք դժվար ճանապարհով ենք անցնում և ցավոք այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Սակայն մեր ելակետն այն է, որ հարևանների հետ պետք է խաղաղ ապրել և սա Հայաստանի դիրքորոշումն է: Իհարկե հարևաններից նույնպես շատ բան է կախված վերջնական խաղաղության հասնելու համար և նաև հենց այս հարցում է, որ Իտալիայի նման երկրները կարող են աջակցել մեր տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հաստատման գործին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանն ուղղված հեռանկարներն ու ուղիները: Երկուստք շեշտվել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա ծանր հումանիտար իրավիճակին:

Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների գերակայությանն ուղղված ջանքերի խթանման, ժողովրդավարության կայացման գործընթացում լավագույն փորձի փոխանակման կարևորության շուրջ:

← Վերադառնալ