Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Կատարի Պետություն
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը:
Պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և արաբական աշխարհի միջև առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և այդ ուղղությամբ երկուստեք առկա պատրաստակամության կարևորությունը:
Հանրապետության նախագահն իր խոսքում էմիրին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:
Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին իր խոսքում նշել է, որ տեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությունից և հուսով է, որ իրողությունները կզարգանան կայուն խաղաղության հասնելու օրակարգով: Էմիրը նշել է, որ ներկայում Կատարից Հայաստան և հակառակ ուղղությամբ կատարվում է շաբաթական 10 թռիչք, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի մասին: Թամիմ բին Համադ Ալ Թանին նաև շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը:
Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը, երկուստեք շեշտվել է վերջինիս կարևորությունը, ինչը նոր մակարդակի կարող է բարձրացնել հայ-կատարական տնտեսական, գյուղատնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Կատարի էմիրին հրավիրել է այցելել Հայաստան:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխշահավետ փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:
Անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերին և դրանց հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև պետական կառավարման և մասնավոր ոլորտներում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ավարտին Կատարի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին հրավիրել է իր պաշտոնակից Ռոբերտ Խաչատրյանին մասնակցել Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին», ինչը հնարավորություն կտա վերհանել երկու երկրների համապատասխան ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել կրթության ոլորտում վերջին տարիներին Կատարում կատարված և ընթացող բարեփոխումներն ու վերջիններիս հիմնական ուղղությունները: Մասնավորապես նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմին նշել է, որ կրթությունը որպես գերակա ուղղություններից մեկը ներառված է մինչև 2030 թվականը Կատարի զարգացման ռազմավարության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ լավագույն փորձի, ինչպես նաև ուսանողների փոխանակման համատեղ ծրագրերի կատարմանը:
Երկուստեք շեշտվել է կրթության և գիտության ոլորտներին պետության առանձնահատուկ աջակցության, ինչպես նաև կիրառական գիտության վրա հիմնված արդյունաբերական տնտեսության զարգացման կարևորությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Կատարի և Հայաստանի կրթության, գիտության և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
***
Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:
Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին, ինչպես նաև մտքեր փոխանակել առկա գլոբալ մարտահրավերների պարագայում դրանց ազդեցությանը տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տեխնոպարկում, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտներին ու գրառում կատարել հիմնադրամի պատվո հյուրերի մատյանում:
Գիտատեխնոլոգիական պարկը Կատարի հիմնադրամի առանցքային կառույցներից մեկն է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների զարգացման կենտրոն է, որը կարևոր դեր է խաղում Կատարի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում:
Գիտատեխնոլոգիական պարկը պաշտոնապես բացվել է 2009թ. մարտի 16-ին շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի և շեյխա Մոզա բինթ Նասեր Ալ Միսնադի կողմից: Ստեղծվել է որպես գերազանցության կենտրոն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ընկերությունների համար և ծառայելու, որպես հարթակ սկսնակ ձեռնարկությունների համար:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան և հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը:
Նախագահը նաև շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:
Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Իսլամական արվեստի թանգարան:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզուղ հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի: