18
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

***

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

«Պատահական չէ, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, դա հետևանք է մեր դարավոր բարեկամության և համագործակցության»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։

Նախագահ Վահան Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին ջերմ ընդունելության համար և ընդգծել է, որ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամուր հիմքերը երաշխավորում են այն ընդհանրական արժեքները, որոնք դավանում են երկու երկրները։ Դրանք են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությանը նպաստում է նաև այն, որ մեր երկրների պատմությունն ու ճակատագիրն ունեն մեծ նմանություն։ Մեր ժողովուրդները դժվարին խոչընդոտներ են հաղթահարել իրենց անկախության ճանապարհին և հասել են դրան, իհարկե ունենալով նաև ծանր կորուստներ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Իր խոսքում նախագահ Նաուսեդան ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Լիտվայի նախագահը կարևորել է նաև երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքներից է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Մեծարգո՛ պարոն նախագահ, թանկագին Գիտանաս,

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Նաուսեդային՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար:

Ինձ համար մեծ պատիվ է այսօր պաշտոնական այցով գտնվել Լիտվայի Հանրապետությունում:

Երախտագիտություն եմ հայտնում ինձ և իմ պատվիրակության անդամներին ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Լիտվայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:

Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին:

Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար, և կարծում եմ՝ այդ առումով առկա է բավարար ներուժ:

Այսօր նախագահ Նաուսեդայի հետ ունեցանք անկեղծ մթնոլորտում ընթացած հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա, առողջապահություն, բնապահպանություն, կապ և հաղորդակցություն, տրանսպորտ, հումանիտար հարցեր և այլն: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր երկխոսությունը՝ բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

Անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:

Լիտվան ԵՄ մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Անշուշտ, նախագահի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձանք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի:

Քննարկեցինք տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Այս համատեքստում ընդգծեցի Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:

Լիտվայի նախագահի հետ միակարծիք էինք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-լիտվական հարաբերություններին:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել մեզ երկկողմ ու բազմակողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում»:

***

 

Ի պատիվ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:

Առանձնահատուկ ընդգծվել են Լիտվայի և Հայաստանի միջև ամուր արժեհամակարգային ընդհանրությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքների վրա:

***

 

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Անտակալնիսի հուշահամալիր:

Նախագահը ծաղկեպսակ է զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին:

***

 

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.

«Ուրախ եմ ողջունել հայ-լիտվական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին:

Երախտագիտություն եմ հայտնում լիտվական կողմին այսօրվա միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ֆորումի նկատմամբ զանազան գործարար շրջանակների ներկայացուցիչների ցուցաբերած այսչափ հետաքրքրությունը, իսկապես քաջալերող է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ հայկական կողմից ֆորումին մասնակցելու հետաքրքրությունը շատ ավելի մեծ էր: Հանձնառու եմ ապահովել բոլոր անհրաժեշտ քայլերը հաջորդ բիզնես ֆորումը Հայաստանում անցկացնելու համար։

Որպես տնտեսագետ և քաղաքական գործիչ՝ նշեմ, որ տնտեսությունը դա սեղմ քաղաքականությունն է, մինչդեռ սեղմ տնտեսությունը՝ հաջողած բիզնեսն է: Ուստի բիզնեսի հաջողությունը թե՛ տնտեսության և թե՛ քաղաքականության հաջողության վկայությունն է:

Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ իմ այցի ծրագրի նախագծման մեկնարկից սկսած՝ ցանկանում էի, որ այցի ընթացքում ունենանք գործարար բաղադրիչ, և ես ուրախ եմ, որ դրանում հաջողեցինք:

Հարգելի մասնակիցներ,

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ՝ կոչ եմ անում օգտվել այս պատեհ առիթից՝ բացահայտելու, համախմբելու և իրագործելու ձեր հետաքրքրությունը երկու երկրների համար կարևորություն ներկայացնող բիզնեսների նկատմամբ, և լավագույնս օգտվելու Լիտվայի իշխանությունների կողմից սիրով տրամադրված այս հարթակից:

Խոսքս կավարտեմ այս նկատառումով, որ բիզնեսը ոչ թե երկարաշունչ ելույթների, այլ գործողությունների և արդյունքների մասին է, ուստի մաղթում եմ բոլորիդ արգասաբեր միջոցառում, և, հավաստիացնում, որ պատրաստակամ եմ աջակցելու ձեր բոլոր գաղափարներին և նախաձեռնություններին»:

Գործարար ֆորումի մեկնարկին նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի ներկայությամբ ՀՀ և ԼՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները համագործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել նաև համաժողովի մասնակից հայ և լիտվացի գործարարների միջև:

***

 

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լիտվայի Սեյմ և հանդիպել խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենի հետ:

Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, կարևորել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

«Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանն առավել սերտացնի համագործակցությունը Եվրամիության հետ, ինչը կնպաստի ժողովրդավարական, տնտեսական և այլ բարեփոխումներին, որոնք կատարվում են Ձեր երկրում»,- նշել է խոսնակը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Մեր ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում բազմիցս պայքարել են իրենց ազատության և անկախության, իսկ երբեմն էլ պարզապես գոյություն ունենալու համար: Այդ պայքարը պսակվել է հաջողությամբ, քանի որ այսօր Հայաստանն ու Լիտվան անկախ պետականություններ են: Ես սրտանց ուրախ եմ այն շարունակական հաջողությունների համար, որոնք ունի Լիտվան և հուսով եմ, որ մեր բարեկամության ու համագործակցության արդյունքում դուք կկիսվեք ձեր լավագույն փորձով»,- նշել է նախագահը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և ընդհանուր զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հնարավորություններին և հեռանկարներին:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ խաղաղ, առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Նախագահը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման և Ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողությունների նվազումը պայմանավորված է նաև Հայաստանում ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությամբ: Այս կապակցությամբ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվային, որի ակտիվ ջանքերով Քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկվեց Հայաստան:

Հանդիպման ընթացում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերն ու նախաձեռնություններն, ինչպես նաև երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև գրառում է կատարել Լիտվայի Սեյմի Պատվո հյուրերի մատյանում:

***

 

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։

Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։

Վարչապետ Շիմոնիտեն իր հերթին շեշտել է, որ Լիտվան որպես չեզոք երկիր հնարավորության սահմաններում պատրաստ է իր նպաստն ունենալ մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու գործում։

Զրույցի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատումն է։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին և այլ սպառնալիքներին։ Շեշտվել է, որ հումանիտար խնդիրները և հումանիտար ճգնաժամի՝ առանց նախապայմանների հաղթահարումն առաջնահերթություն է։

← Վերադառնալ