17
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Բուլղարիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։

Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Գեորգի Տոդորովը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Տզվետա Տիմևան և պաշտոնատար այլ անձինք։

***


Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը, որի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել «Անհայտ զինվորի» գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարևորել է նախագահ Խաչատուրյանի այցը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան հետաքրքրված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամեն ոլորտում բազմաչափ համագործակցության հետագա ընդլայնմամբ:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն պետական այցը լավագույնս վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հարաբերություններ, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա: Նախագահը նշել է, որ այս տարին նշանավորվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով և դա լավ առիթ է՝ գնահատելու անցած ուղին, ձեռքբերումները, մատնանշել չօգտագործված ներուժն ու հնարավորությունները և դրանք լիարժեք օգտագործելու պայմաններ ստեղծել։

Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:

Կողմերը անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։ Այնուհետև ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

*** 

 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Մեծարգո նախագահ Ռադև,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ պետական այցով գտնվել Բուլղարիայի Հանրապետությունում. խորհրդանշական տարում, երբ մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ռադևին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, նշանակալի հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:

Ես հիշատակեցի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն պետք է անդրադարձ կատարեմ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության, եղբայրության, փոխադարձ խորը հարգանքի և ըմբռնման դարավոր ավանդույթներին:

Մեզ միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը:

Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության համար:

Շնորհակալ եմ նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները:

Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ:

Միաժամանակ, կարևորում եմ մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Բուլղարիայի կայուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:

Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում: Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար:

Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը:

Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին:

Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում:

Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար:

Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բուլղարիայի իմ թանկագին բարեկամ և հեռատես պետական գործիչ, միջազգային հեղինակություն վայելող նախագահ Ռադևին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ»:

***

 

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ:

Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեւավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահը նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաև շեշտել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական տարում, քանի որ լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։

ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։

***


Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:

Սոֆիայի քաղաքապետը ուրախությամբ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել նաև Սոֆիայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

***

 

Ի պատիվ պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօր երեկոյան Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անունից տրվել է պետական ընթրիք:

Նախագահները հանդես են եկել բաժակաճառերով։ Նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։

«Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը:

Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ պայմանավորված նաև նրանով, որ 2013 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ դա չի խանգարում Հայաստան ԵՄ ակտիվ համագործակցությանը։

Դասախոսության ընթացում նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի տեմպերին և դրանց պատճառներին, որոնք կապված են նաև մասնավորապես Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատուժի և ընկերությունների ներհոսքի հետ: Նախագահի խոսքով՝ Հայաստանի հարկային դաշտի և ֆինանսաբանկային համակարգի բարենպաստ պայմանները հավելյալ խթան են օտարերկրյա ներդրողների և ձեռնարկությունների համար:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների բնագավառին, օտարերկրյա ընկերություններին և ներդրումներին և գործուն քայլեր է ձեռնարկում դրանք առավել բարենպաստ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։

***

 

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։

Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ «Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը նույնպես տեղակայված է այստեղ, որը գործում է 1834 թվականից ի վեր, մեր քաղաքում կա նաև հայկական եկեղեցի»,- ասել է Զդրավկո Դիմիտրովը և հակիրճ ներկայացրել քաղաքի զարգացման ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Բուլղարիայի բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Նախագահի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծվել են լավ պայմաններ, որի արդյունքում նրանք իրենց գործունեությամբ փորձել են զգալիորեն նպաստել Բուլղարիայի և հատկապես Պլովդիվի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Զդրավկո Դիմիտրովը առանձնահատուկ նշել է Պլովդիվի ազգությամբ հայ քաղաքապետերի մասին, որոնցից մեկը Տիրան Պարիկյանն է եղել (1971-1979թթ), ով ակնառու ներդրում է ունեցել քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Հայազգի Կարապետ Թովմասյանը Պլովդիդվի քաղաքապետ է եղել 1991-1995 թվականներին, հարգարժան բժիշկ և հասարակական գործիչ էր և իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է ժամանակակից կառավարման մի շարք մոդելներ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Պլովդիվ կատարած այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանն այցելել է նաև Ֆիլիպպոպոլիսի հնագույն թատրոն, Վիկտորիա և Գրիգոր Թութունջյանների անվան միջնակարգ դպրոց, Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցի և բուլղարահայ Ստեփան Հինդլիյանի անվան տուն թանգարան։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։

EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։ EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։

Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։

***

 

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, որն ինձ հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այս շքանշանը մեծ նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է այն աշխատանքը, որն իրականացնում են հազարավոր բուլղարներ և հայեր մեր երկրների համագործակցությունը զարգացնելու համար»,- ասել է Աթանաս Զաֆիրովը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ։ «Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը հակիրճ ամփոփել է Բուլղարիա կատարած պետական այցի արդյունքները, անդրադարձել ներկայումս Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա զարգացումներին, Արցախի հակամարտության կարգավորման հիմնախնդրին։ Նախագահը կարևորել է այս օրերին Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը։

«Մենք մեր գործընկեր երկրների աջակցության կարիքն ունենք։ Խոսքը գնում է ԵՄ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճի խնդիրն արձանագրել և հետագայում մոնիթորինգ իրականացնել։

Մենք հույս ունենք, որ դիտորդական առաքելությունը մեզ կօգնի արձանագրել այն խախտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից և դրանք կներկայացնի միջազգային ատյաններում, որից հետո պահանջը՝ զորքերը հետ քաշելու վերաբերյալ, իրականություն կդառնա։ Այս առումով և՛ Բուլղարիայի, և՛ ԵՄ անդամ այլ երկրների օգնությունը շատ կարևոր է մեզ համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը։ -Ադրբեջանը հայտարարում է, որ մենք ցանկություն ունենք իրենց տարածքային ամբողջականությունը չճանաչել, իրենց տարածքները գրավել։ Մենք երբևիցե այդպիսի ցանկություն չենք ունեցել։ Մեր ցանկությունն է ապրել խաղաղ: Մենք պետք է կարողանանք ապահովել այնպիսի միջավայրը, որ մեր երկիրը բարգավաճի և արագ զարգանա։ Մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Այդ խաղաղությունն իր գինն ունի մեզ համար, սակայն դա չի նշանակում, որ մենք ծնկաչոք ենք և աղերսում եք։ Ո՛չ։ Մենք ուղղակի հայտարարում ենք, որ ցանկանում ենք առաջ շարժվել խաղաղության ճանապարհով։ Մենք մեր տարածքի պահապանն ենք, ոչ մի սանտիմետր զիջելու ցանկություն չկա և չի կարող երբևէ լինել»։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հանգամանալից պատասխանել է համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ մարտահրավերներին և Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, տնտեսական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներին:

 

← Վերադառնալ