Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Վրաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։
Օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի դրոշները։ Երկու բարեկամ երկրների դրոշները տեղադրված էին նաև քաղաքի կենտրոնական հատվածներում։
***
Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Ուրախ եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնում եմ եղբայրական Վրաստան։ Համոզված եմ՝ որպես բարիդրացիական պետությունների նախագահներ մեր նշանակալի ներդրումը կունենանք երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում»,- գրել է Հայաստանի նախագահը:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, շատ գնահատելի է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակին, որոնք երկու երկների համար սերտ բարեկամական հարաբերությունների 30 տարիներ են եղել և այսպես էլ կշարունակվի։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, այդ թվում առանձնացվել են տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։
***
Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար:
Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր:
Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:
Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին:
Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա:
Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն:
Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները:
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը:
Անշուշտ, տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել երկկողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:
Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»:
***
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։
Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։
***
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ։ Նախագահ Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ:
***
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Վրաստանի Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր մակարդակի այցերով»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում և մեծապես կարևորում է հայ-վրացական հարաբերությունները։ Հայ և վրացի ժողովուրդների եղբայրական դարավոր հարաբերություններն այսօր էլ հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական համագործակցության վրա»։
Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամության խմբերի, երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման հարցերին, նշվել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը շահագրգռված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմամբ, քանի որ դա է տարածաշրջանի զարգացման հիմնական և ամենակարևոր գրավականը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակում, կան ներկայում և կշարունակվեն ապագայում։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։
«Ուրախ եմ առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում՝ երկիր, որի հետ ունենք հազարամյա հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ:
Վստահ եմ, որ այցս նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների։
Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
***
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքում և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով։ Նա շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։
Վրաստան այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։