Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գլազգո
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը:
Գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նախագահ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետների, Արգենտինայի, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի, Եվրոպական խորհրդի նախագահների հետ:
Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:
Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը բացել և մասնակիցներին ողջունել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա մասնավորապես ասել է. «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ: Ժամանակն է ասել՝ բավական է: Բավական է դաժան վերաբերվենք կենսաբազմազանությանը: Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով: Բավական է վերաբերվենք բնությանը՝ իբրև զուգարանի: Բավական է վառենք, հորատենք և մեր ճանապարհն ավելի խորը փորենք: Մենք փորում ենք մեր իսկ փոսը:
Վերջին տասնամյակում շուրջ 4 մլրդ մարդ է տուժել կլիմայական աղետների հետևանքով: Ես կոչ եմ անում զարգացող երկրներին ստեղծել անհրաժեշտ ֆինանսական ու տեխնոլոգիական պայմաններ՝ ակտիվացնելու դեկարբոնիզացիան և փուլային ճանապարհով հրաժարվելու ածխից»:
Ուելսի արքայազն Չալզի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները և միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար: Սպառնալիքների ծավալը, որին մենք առերեսվում ենք, մեզ կոչ է անում գտնել գլոբալ լուծումներ՝ ածխի վրա հիմնված տնտեսությունն արմատապես տրանսֆորմացիայի ենթարկելու միջոցով: Ժամանակն արդեն անցել է, աշխարհը պետք է գործի հիմա»:
Մյուս ելույթ ունեցողները նույնպես շեշտել են կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ կլիմայի փոփոխությունը կշարունակի ընդհանուր համաշխարհային մարտահրավեր լինել, և յուրաքանչյուր երկիր պարտավոր է քայլեր ձեռնարկել մոլորակի ապագայի համար՝ հանուն գալիք սերունդների։
Նշվել է, որ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրով մասնակից երկրները համաձայնեցին միասին աշխատել գլոբալ տաքացումը սահմանափակելու ուղղությամբ, պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, ինչպես նաև այդ նպատակների իրագործման համար ապահովել պետական ֆինանսավորում։ Իսկ Գլազգոյում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են ներքին և միջազգային մակարդակում իրենց երկրների կողմից նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ արտանետումների նվազեցման ծրագրերը, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով բնական միջավայրերը և էկոհամակարգերը պաշտպանելու և վերականգնելու ուղղությամբ քայլերը։
Կարևորվել է արագ անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությանն արձագանքելու նախաձեռնություններում հարկ է առաջնային կարևորություն տալ կանաչ մատակարարման շղթաներին ու կայուն զարգացմանը:
Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:
ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողովը, որը հայտնի է նաև COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:
***
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։
Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսենբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
***
Ձե՛րդ Գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նորին Մեծություն Թագուհուն ու նրա կառավարությանը՝ նման կարևոր և ճիշտ ժամանակին կազմակերպված միջոցառման համար:
Հատուկ շնորհակալություն վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրա գործընկերներին և Գլազգո քաղաքին՝ հիանալի համաժողովի և ջերմ հյուրընկալության համար:
Նախ՝ Հայաստանի մասին, որը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ:
Համաձայն Համաշխարհային բանկի վերլուծության՝ Հայաստանն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 4-րդ ամենախոցելի երկիրն է կլիմայական փոփոխությունների առումով: Հայաստանն արձանագրել է ջերմաստիճանի 1,3 աստիճանի աճ՝ ըստ Ցելսիուսի, իսկ տեղումների քանակը նվազել է 9 տոկոսով:
Չնայած կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մարտահրավերներին՝ մենք հանձնառու ենք ավելի մեծ ներգրավվածություն ունենալ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային օրակարգում և ի ցույց դնել կլիմայական հարցերում մեր հավակնությունների աճը:
Հայաստանը մշտապես արտահայտել է իր հանձնառությունը՝ միանալու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համաշխարհային ջանքերին: 2021 թվականին Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունն Ազգային մակարդակով սահմանված ներդրումների միջոցով և հայտարարեց մինչև 2030 թվականը, 1990-ի մակարդակների համեմատ, ջերմոցային գազերի արտանետումները 40 տոկոսով կրճատելու նպատակի մասին:
Հայաստանի երկարաժամկետ նպատակն այս դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելն է:
Անցումը կլիմայական չեզոքության երկրի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի քաղաքականության հիմքում է:
Դիմակայուն և ցածր ածխածնային աճի մեր տեսլականն ուղղակիորեն կապված է հուսալի և արդյունավետ ադապտացիայի ռազմավարության հետ՝ հիմնված էկոհամակարգային մոտեցման, անտառավերականգնման, վերականգնվող էներգիայի ու էներգաարդյունավետության մեջ ներդրումների, նոր բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ էլեկտրական շարժունակության խրախուսման և միջուկային էներգիայի հետագա զարգացման վրա:
Հարգելի՛ գործընկերներ,
Պետական զգալի պարտքի բեռը զարգացող շատ տնտեսությունների համար խոչընդոտ է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար արտոնյալ և ոչ արտոնյալ ֆինանսավորում ստանալու հնարավորության առումով:
Այս համատեքստում խիստ կարևոր է որդեգրել ստեղծագործական մոտեցում:
Ուրախ եմ ձեզ ներկայացնել մեր նոր՝ «Պարտք՝ կլիմայի դիմաց» նախաձեռնությունը: Այն կլիմայական ֆինանսավորման նոր գործիք է, որը զարգացող երկրներին կօգնի ավելի արդյունավետ հարմարվել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման առանձնահատկություններին, ինչպես նաև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ:
Պարո՛ն նախագահ,
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իր հրահրած պատերազմի ժամանակ կիրառեց միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև՝ հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների և այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը:
Բնապահպանական մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ ու հակամարտության գծեր, և մենք պետք է աշխարհի բոլոր երկրներին բերենք համապարփակ համագործակցության:
Այժմ մի քանի խոսք այս համաժողովի մասին:
Ես իսկապես մեծ բավականություն ստացա այս համաժողովի բացման արարողությունից և ողջ աշխարհի իմ գործընկերների ելույթներից: Այստեղ բոլորը հաստատեցին մի մեծ խնդրի՝ կլիմայական փոփոխությունների առկայությունը, որը սակայն միակ խնդիրը չէ, որ այս օրերին ունենք, քանի որ մենք առերեսվում ենք նաև համավարակին, ողջ աշխարհում տնտեսական դժվարություններին, առերեսվում ենք պոպուլիզմի աճին, անորոշությանն ու անկանխատեսելիությանը:
Մյուս կողմից, ունենալով բոլոր այս խնդիրները՝ մենք նաև ընդունում ենք, որ կա տրիլիոնավոր դոլարների մեծ կարողություն, որը կարող է լուծել խնդիրները: Միևնույն ժամանակ, քվանտային տեխնոլոգիաների և ֆիզիկայի վրա հիմնված հարյուրավոր տարիների զարգացումների շնորհիվ՝ մենք մեծ նվաճումների ենք հասել գիտության ու տեխնոլոգիաների ասպարեզում: Այդ տեխնոլոգիաներն են, որ այսօր կարող են լուծել մեր խնդիրները՝ լինեն դրանք կլիմայական փոփոխությունները, կորոնավիրուսի համավարակը, թե այլ խնդիրներ, որոնց մենք առերեսվում ենք:
Հետևաբար, ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ մենք անհրաժեշտ չափի արդյունավետ չենք: Կարծում եմ՝ մի բան կա, որը պետք է սովորենք գիտության պատմությունից, երբ 100 տարի առաջ մեծ գիտնականները, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Մաքս Պլանկը, Հայզենբերգը, գիտակցեցին, որ ֆիզիկայի և մեխանիկայի դասական օրենքները չեն կարող գործել նոր հայտնագործած տարրերի և ատոմների վրա: Պետք է փոխես մտածելակերպդ, փիլիսոփայությունդ, տրամաբանությունդ, անգամ առողջ դատողությունդ՝ հասկանալու և ստեղծելու քվանտային ֆիզիկայի տեսությունը:
Մենք խաչմերուկին ենք, իսկ աշխարհը դարձել է քվանտային: Սա այն խաչմերուկն է, որտեղից մենք պետք է սկսենք մտածել այլ կերպ, քանի որ աշխարհը, որը մեր առջև է, այն չէ, ինչ 10 կամ 20 տարի առաջ էր: Եթե փոխենք մեր մտածելակերպը և ձևավորենք մեր հավակնություններն ու ռազմավարությունը, ապա արդյունավետ կերպով կկարողանանք օգտագործել այն ֆինանսները և հարստությունը, որ աշխարհը ստեղծել է այս ֆենոմենալ զարգացման ընթացքում, և օգտագործել այդ տեխնոլոգիաները՝ լուծելու այն խնդիրները, որոնց առերեսվում ենք: Եվ պետք է ոչ միայն լուծենք խնդիրները, այլև՝ ստեղծենք զարգացման հիմք՝ հանուն ավելի լավ ապագայի:
Եվ վերջապես,
Այս համաժողովի բացմանը պրոֆեսոր Բրայան Քոքսը մեզ բոլորիս տարավ Տիեզերք՝ վերևից ցույց տալու, թե ինչ հիասքանչ է այս մոլորակը և գիտակցելու, որ ողջ Տիեզերքում սա է մեր տունը, մեր միակ տունը, և մենք չունենք այլընտրանք՝ այս կանաչ ու կապույտ մոլորակի համար աշխատելուց և պայքարելուց բացի:
Հայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը: Եվ ես լավատես եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարություններն ու կառուցել ավելի պայծառ ապագա բոլորիս համար:
Շնորհակալ եմ: