Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Սաուդյան Արաբիա
2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։
Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա:
Հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այդ այցի շրջանակում Հայաստանի նախագահը այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։
Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանի նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը: