Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ճապոնիա
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ:
Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվելու և ապաստան գտնելու հարցում: Հիմնադրամի ստեղծման գործում դերակատարություն է ունեցել նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:
Ժամանակի ամենաազդեցիկ գործիչ, «Ճապոնական կապիտալիզմի հայրը» համարվող Շիբուսավան առաջնորդող դեր է ունեցել Ճապոնիայի ժամանակակից հասարակության զարգացման գործում, եղել է նաև Ճապոնիայում առաջին ժամանակակից բանկի, ինչպես նաև Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության պալատի հիմնադիրը: Նա ներգրավված է եղել մոտ 500 ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ստեղծման, ինչպես նաև սոցիալական ապահովության, կրթական կազմակերպությունների հիմնադրման գործում: Շիբուսավա Էիչիի դիմանկարը 2024 թվականից լինելու է ¥ 10000 թղթադրամի վրա:
Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Կոիչի Կաբայամայի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը այցը կարևոր է համարել մեր երկրի համար: Ողջ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտության հայտնելով ժամանակին Էիչի Շիբուսավայի և նրա հիմնադրամի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ նախագահը նշել է, որ Ճապոնիան օրինակ է մեզ համար. «Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»:
Անդրադառնալով Էիչի Շիբուսավայի գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Ճապոնացի մեծ գործարարի և բարեգործի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են և ինչ-որ առումով յուրօրինակ ուղերձ՝ հայ-ճապոնական հարաբերությունների խորացման համար:
Այնուհետև նախագահ Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը: «Ձեր մեծ պապը՝ Էիչի Շիբուսավան մեծ գործարար էր, Ճապոնիայի տնտեսության հիմնադիրներից մեկը: Նա մեկն է, ում շնորհիվ փրկվեցին մեծ թվով հայեր: Եվ այստեղ խոսքը միայն կյանքեր փրկելու մասին չէ: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վերապրում ու վերածնվում է, եթե ունի հույս: Կարևոր չէ, թե այսօր որքան ծանր վիճակում ես, եթե կա հույս, կարող ես վերապրել, եթե կա հույս, կարող ես վերակառուցել, եթե կա հույս, կարող ես շարունակել քո կյանքը: Հույս կունենաս, եթե ուժեղ ես, հույս կունենաս, եթե ունես ընկերներ՝ ինչպես 1915 թվականին՝ Ցեղասպանությունից հետո: Մենք ունեինք ընկերներ, և նրանցից մեկը դեսպան Մորգենթաուն էր, իսկ մյուսը՝ Ձեր մեծ պապը,-ասել է նախագահը:- Այսօր այս գնահատականը ինչ-որ առումով ուղղված է նաև ապագա հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը, Հայաստանի տնտեսական վերածննդին Ճապոնիայի ակտիվ օժանդակությանը, այնպես, ինչպես Ցեղասպանության ժամանակ ճապոնացի մեծ գործարարի ու բարեգործի կողմից հայ ժողովրդին մեկնած ձեռքը նրանց վստահություն ներշնչեց և ապագայի, երազանքների իրականացման ու ապագա հաղթանակներ կերտելու հույս տվեց»:
Նախագահը ծանոթացել է նաև հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին, շրջայց է կատարել հիմնադրամում գործող թանգարանում: Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկել են ինչպես գործարար, այնպես էլ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, խոսել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությունների մասին: Նախագահ Սարգսյանը հիմնադրամի տնօրեն Կոիչի Կաբայամային և Մասահիդե Շիբուսավային հրավիրել է այցելել Հայաստան:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, ի թիվս տարբեր երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների:
Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձին նրա՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։
Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար և նշել, որ տպավորված է բացման արարողությունով ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով։
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։
Նախագահ Սարգսյանը կարևորել է նորարարության, սննդի անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում ճապոնական ընկերությունների հետ համագործակցությունը։ Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։
Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության և դրամաշնորհային ծրագրերի համար։
Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ ճապոնացի հայտնի գործիչ Էիչի Շիբուսավայի գործունեությունը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է, և ճապոնական կողմը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։
Կողմերն ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը։ Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։
***
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։
Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:
Տեղեկանք
YAMAHA ընկերության մասին
YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորումներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: YAMAHA-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: YAMAHA-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:
***
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։
Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:
***
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին:
«Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր,- ասել է նախագահը:- Պետք է սովորել ասել ճշմարտությունը՝ ինչքան էլ այն դառը լինի, քանի որ, երբ ճշմարտություն ես ասում, հաջորդ քայլով պետք է պատրաստ լինես խնդիրները լուծել: Լուծելը հեշտ չի լինելու, որովհետև տարիներ են պետք»:
Նախագահը նշել է, որ պարտությունը պետք է դաս լինի բոլորիս համար՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, մինչև շարքային քաղաքացի: «Իսկ դասերը բազմաթիվ են: Առաջինի մասին ասացի՝ պետք է իրականության հետ ապրենք: Մյուս եզրակացությունն այն է, որ ցանկացած պետություն, ի վերջո, իր ապագան կառուցում է՝ հենվելով իր առավելությունների վրա: Իսկ մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են: Այստեղ մենք առավելություն ունենք, որովհետև ունենք Սփյուռք. Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ապրում, և դա հսկայական առավելություն է,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հայրենակիցներ ունենք, որոնք կրթում են, կրթվում են, զարգանում, փորձառություն են ձեռք բերում, հետո այդ ամենը կարող են բերել Հայաստան, բայց մենք արգելքներ ենք դնում: Իսկ 21-րդ դարն, ի վերջո, չի լինելու բնական ռեսուրսների դար: Աշխարհի ամենամեծ ընկերությունները վաղուց արդեն ոչ թե նավթային, այլ տեխնոլոգիական ընկերություններն են»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»:
Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»:
Խոսելով զարգացած երկիր ունենալու տեսլականի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»:
Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, երիտասարդներին հայրենիքում պահելու խնդրին:
Հանդիպման ավարտին հաջողություններ մաղթելով մասնակիցներին՝ նախագահը նշել է. «Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան»:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում է ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։
Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։
Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:
Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործակալության աջակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների ու ծրագրերի համար. «Մենք բոլորս, սակայն, ապրում ենք ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար: Որպես երկրի նախագահ՝ առաջարկում եմ մտածել վաղվա համագործակցության մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին»:
Կողմերը քննարկել են բնական աղետների կառավարման և կանխարգելման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև մի շարք այլ՝ գիտության ու բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին՝ նշելով, որ մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս ծրագրի շրջանակում արդեն իսկ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխարհի մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գիտակրթական հաստատությունների հետ, և ակնկալվում է համագործակցություն նաև ճապոնական ընկերությունների ու համալսարանների հետ: «Կարևոր է, որ կենտրոնանանք գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու վրա, քանի որ դա է մեր երկրի ապագան»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը նշել է, որ իրենց կառույցը պատրաստակամ է քննարկել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:
***
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ:
Նախագահ Սարգսյանն ու Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը Հայաստանի հետ փոխգործակցության հարցեր են քննարկել: Մասնավորապես անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է մասնավորապես ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները:
***
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը համարվող՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն, հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ։
Նախագահ Սարգսյանն ու Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել են նախորդ հանդիպման ժամանակ ունեցած քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ ափսոսանքով արձանագրելով, որ համավարակն իր ազդեցությունն է թողել նաև տարբեր ծրագրերի իրականացման վրա:
Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ կողմերն առանձնացրել են գիտության, հատկապես՝ ֆիզիկամաթեմատիկական բնագավառում գործակցությունը, անդրադարձել Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների ու փորձի կիրառման հնարավորություններին։
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության ընթացքը՝ նշելով, որ լինելով ապագային միտված ծրագիր՝ այն կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման վրա, և ուրախ կլինի գործընկերների թվում տեսնել նաև ճապոնական տեխնոլոգիական հսկային: «Աշխարհը փոխվում է, և կարծում եմ՝ աշխարհի առաջատար ուժը լինելու են տեխնոլոգիաները, գաղափարները, մաթեմատիկան, և հենց այստեղ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը,-ասել է նախագահը: -Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին: Եթե չփոխվենք, ապա կմնանք հետևում: Ես ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել»:
Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրենց ընկերությունը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի հետ առաջին հանդիպումից հետո Հայաստան ծրագրված այցը չի կայացել համավարակի պատճառով, և մոտ ապագայում նախատեսում են այցելել Հայաստան՝ տեղում առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։
Mitsubishi Heavy Industries-ը աշխարհի առաջատար արդյունաբերական ընկերություններից է, որը մասնագիտացած է մասնավորապես ռազմական և ուղևորափոխադրող ինքնաթիռների, տիեզերանավերի շարժիչների, տիեզերակայանների սարքավորումների, ուղևորափոխադրող և բեռնափոխադրող նավերի, սուզանավերի, հետազոտական սարքավորումների, ծովային նավիգացիոն համակարգերի, էլեկտրակայանների, կլիմայական սարքավորումների արտադրության մեջ: Ընկերությունն ունի փորձարարական և տեխնիկական հետազոտությունների առաջատար համակարգ, որում ընդգրկված են գիտատեխնիկական հետազոտությունների և գիտահետազոտական կենտրոններ։
***
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ (Kavli IPMU):
2007 թվականին հիմնադրված հաստատությունը ֆիզիկամաթեմատիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների իրականացման կենտրոն է: Ինստիտուտը ներկայումս համարվում է ամենագրավիչ հետազոտական կենտրոններից մեկը աստղաֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում աշխարհի առաջատար հետազոտողների համար:
Նախագահ Սարգսյանը շրջել է գիտահետազոտական կենտրոնի տարածքում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանն ու ծրագրերին, հանդիպել ինստիտուտի ղեկավար կազմի հետ:
Ինստիտուտի տնօրեն Հիրոսի Օգուրին նախագահ Սարգսյանին ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող հետազոտական ծրագրերը: Քննարկվել են Կավլի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջև փոխգործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ինստիտուտի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու գալիք տարի Հայաստանում նախատեսվող Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
Նախագահ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև ինստիտուտում հետազոտական աշխատանքներ իրականացնող երիտասարդ հայ մասնագետների հետ: