22
01, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Իսրայելի Պետություն

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։ Յուլի Էդելշտեյնը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք»,- ասել է Իսրայելի Կնեսետի նախագահը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված»,-ասել է Հայաստանի նախագահը՝ կարևորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր»:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում:

***

 

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ:

Նշելով, որ Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, նախագահ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա նշել է, որ ակնկալում են առաջընթաց Հայաստանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ, ինչի շնորհիվ երկկողմ հարաբերությունները նոր խթան կստանան:

Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ջերմ ու մարդասիրական վերաբերմունքը Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև կանադական ընկերություններ:

Հայաստանի նախագահը Կանադայի նահանգապետին, նաև որպես տիեզերագնացության և տիեզերագիտության ոլորտի մասնագետ-գիտնականի, հրավիրել է Հայաստան՝ իր մասնակցությունը բերելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում Հայաստան կայցելեն նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմականության» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի և Յադ Վաշեմի համագործակցությամբ, տեղի է ունենում համաժողովը: Շնորհակալություն հայտնելով համաժողովի​ մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:

Ելույթներով հանդես են եկել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Յադ Վաշեմի խորհրդի նախագահ, Հոլոքոսթը վերապրած ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն:

Ելույթ ունեցողները նշել են, որ պատահական չէ, որ համաժողովը տեղի է ունենում Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը՝ համաժողովը ևս մեկ անգամ հղել է այն ուղերձը, որ հակասեմականությունը, այլատյացությունը, ռասիզմը, անհանդուրժողականությունը չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Դրանց հիշատակումը, ճանաչումը և աներկբա դատապարտումը բոլորի բարոյական պարտքն է և առաջնային պարտականությունը՝ հանուն անցյալի և մարդկության ապագայի։

Նշվել է, որ Յադ Վաշեմում հավաքված առաջնորդներին համախմբել է պատասխանատվությունն անցյալի և ապագայի հանդեպ։ Հիշողությունն անհրաժեշտ է՝ չմոռանալու զոհերի և վերապրածների տառապանքների մասին,​ թույլ չտալու, որ այլևս երբեք որևէ երկրում որևէ ժողովրդի կյանքում, որևէ անգամ նման հանցագործությունները կրկնվեն: Որպես պատասխանատվություն ապագայի և սերունդների հանդեպ՝ նրանք հնչեցնում են «Այլևս երբեք․․․»:

Բազմազգ նվագախումբը և երգչախումբը մաեստրո Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ​ երաժշտության համամարդկային լեզվով ուղերձ են հնչեցրել հանուն խաղաղության և ներդաշնակության:

Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ:

Հայաստանի նախագահը և համաժողովի մասնակից մյուս պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:

***

 

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ:

Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, մասնավորապես, ասել է. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Ցեղասպանության ժամանակ: Մենք միշտ կհիշենք պատմության այդ ողբերգական էջերը:

Մենք մեծապես գնահատում ենք Ձեր այցելությունն Իսրայել, աշխարհի այլ 41 երկրների ղեկավարների հետ նշանավորելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը:

Հայաստանն ընտրել է մոդեռնիզմի և ժողովրդավարության ճանապարհը։ Հայտնի է, որ կրթությունը, գիտությունը մեծ և վճռորոշ դեր ունեն երկիրն ավելի լավ ապագա տանելու համար: Այստեղ մենք արդեն 50 տարի կերտում ենք մեր ապագան՝ սերտ համագործակցելով արդյունաբերական հասարակության հետ, զարգացնելով մեր երկրի ակադեմիական կապերն աշխարհի շատ երկրների հետ։

Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է՝ առաջ ընդլայնելու հարաբերությունները և համագործակցությունը մեր համալսարանի և Հայաստանի, ձեր գիտակրթական հաստատությունների հետ»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով:

1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:

Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին:

Այստեղ այցելելու իմ նպատակներից է նաև կամուրջ ստեղծելը Հայաստանի և Իսրայելի գիտնականների միջև: Այդ կապը շատ ուժեղ էր Խորհրդային Միության ժամանակահատվածում: Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն աշխարհի առաջատարն էր: Այդ փաստով մենք հպարտ ենք, քանի որ այն մեզ մեծ գիտնականներ տվեց: Խորհրդային Միության ժամանակ շատ հայ, ինչպես նաև հրեա գիտնականներ են աշխատել Մոսկվայում, Լենինգրադում, Հայաստանում: 1970-ականներին Խորհրդային Միությունում շատ խիստ էր․ հրեական ծագում ունեցող ուսանողներին թույլ չէր տրվում ընդունվել համասարաններ, և նրանք գալիս էին Հայաստան: Մեր անկախությունից հետո ինչ-որ առումով կորցրեցինք այդ կապը, և հրեական ծագում ունեցողներից շատերը, որոնք Հայաստանում էին, եկան Իսրայել:

Ես այսօր այստեղ եմ՝ փորձելու նոր էջ, նոր սկիզբ ազդարարել մեր գիտական համայնքների համար: Բայց դա անելուց առաջ եկեք մտածենք, թե ապագայում ինչ հետազոտություններ կարող ենք անել: Ապագայի և դրանում մեր տեղի մասին մտածելու համար ճիշտ կլինի պատկերացնել, թե աշխարհն ինչպիսի տեսք կունենա 5, 10, 20 տարի հետո: Եթե նայենք մինչև 1950-ականները՝ այս մոլորակի բնակչությունը մոտ 2 կամ 2,5 միլիարդ էր և ամեն տարի մի քանի տոկոսով աճում էր։ Բայց 1950-ականներից ի վեր այն ավելի արագ է աճել: Այսօր արդեն ապրում ենք աշխարհում, որտեղ 10 կամ ավելի միլիարդ մարդ ապրում է միասին: Երբ նայում ենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներին, ամեն ինչ լավ է թվում, բայց այնքան շատ անորոշություններ, հարցեր կան, թե ինչպես է աշխարհը զարգանալու, ինչպես են քաղաքական գործիչները ճիշտ որոշումներ կայացնելու, ինչ է լինելու Մերձավոր Արևելքի հետ, տարբեր ազգերի միջև առճակատումների հետ, ինչպես է տնտեսությունը աճելու և այլն: Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, իսկ դասական պատասխաններն այլևս չեն աշխատում: Շփոթվածություն կա ամենուր: Բայց որտեղի՞ց է այս ամենը գալիս:

Եթե մենք 100, 150 հետ գնանք, երբ աշխարհն առաջնորդվում էր դասական մեխանիկայով, ֆիզիկոսները, մարդիկ սկսեցին գտնել այնպիսի մի ֆենոմեն, որը չէին կարողանում բացատրել, և գրեթե նույն իրավիճակն էր: Շատ երևույթներ կային, որ գիտական հսկանները չէին կարողանում բացատրել, մեծ շփոթություն կար, թե ինչ է կատարվելու, թե ինչ է լինելու գիտական տեխնոլոգիաների հետ: Ի՞նչ պատահեց հետո: Հանճարներ ծնվեցին՝ Ալբերտ Այնշտայն, Վերներ, Հայզենբերգ:

Այս ֆենոմենը բացատրելու համար դու պետք է փոխես քո մոտեցումը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը: Այն պահին, երբ դա փոխեք, ամեն ինչ հնարավոր կլինի բացատրել: Բայց դա ամբողջովին տարբեր է, երբ դու գիտես քվանտային մեխանիկան, երբ ամեն ինչ աշխատում է հավանականության տրամաբանությամբ: Օրինակ, երբ ուզում ես շարժվել Ա կետից Բ կետ, այստեղ կան բանաձևեր, որոնք կարող են դա բացատրել, բայց քվանտային մեխանիկայում ամեն բան բացարձակապես տարբեր է: Քվանտային մեխանիկայում դու պետք է փոխես ինքդ քեզ, ամբողջապես, քո փիլիսոփայությունը, քո մտածողությունը, քո տրամաբանությունը, մաթեմատիկան, որ օգտագործում ես, քանի որ քվանտային մեխանիկան օգտագործում է ամբողջովին այլ մաթեմատիկա, քան դասականը: Այն պահին, երբ դու փոխես ինքդ քեզ և քո ընկալումները, ամեն ինչ հնարավոր է: Այն, ինչ մենք մոտ 100 տարի առաջ բացահայտել ենք, ֆենոմենալ էր: Դա ֆենոմենալ էր ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև տեխնոլոգիաների համար: Այն ամենի համար, ինչ մենք այսօր ունենք և ինչ կունենանք 10, 20 տարի հետո, պարտական ենք քվանտային մեխանիկայի հսկաներին:

Թռիչքը տիեզերք, միջուկային էներգիայի բացահայտումը,
հեռախոսները, որ մենք բոլորս ունենք, փոխել են մեր կյանքը: Ի՞նչ է հեռախոսը. հաղորդակցման միջոց: Պատկերացրեք մեր կյանքն առանց հեռախոսի: Ձեզնից շատերը նույնիսկ չեն էլ հիշի, որ կար ժամանակ, երբ կյանքն առանց հեռախոսի էր: Մեր երեխաները, թոռները ապրելու են բացարձակապես ուրիշ աշխարհում և ասելու են մեզ, ինչպես եք գոյատևել, երբ չեք ունեցել հեռախոս: Մարդը չի կարող առանց հաղորդակցման: Աշխարհի հետ մեր առաջին կապը ձևավորվում է մեր մայրերի միջոցով, երբ նա մեզ կերակրում է, սովորեցնում է, մեզ համար հանդիսանում է կապի ու հաղորդակցման միջոց աշխարհի հետ: Իմ երկու տարեկան թոռնիկը, ունի երկու կյանք՝ նորմալ նյութական կյանք և վիրտուալ կյանք: Հնարավոր է, որ նրանք վիրտուալ կյանքից ավելի շատ բան են սովորում: Այն բացարձակապես տարբեր է նյութական կյանքից, քանի որ հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է դարձել: Մենք դառնում ենք անհատներ, ում հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է: Հաղորդակցումը կամ կապը, այսպիսով, կարևորագույն գործոն են:

Այս նոր աշխարհը տարբեր է: Երբ ես այսօր նայում եմ մեզ՝ մարդկային էակներիս, մտածում եմ, որ մենք տարրական մասնիկների ենք նման, մենք քվանտային առարկաներ ենք դառնում: Այս աշխարհը վերածվում է մի վայրի, որտեղ մենք մեծ աշխարհի քվանտային մասնիկներն ենք և կարողանում ենք յուրահատուկ ձևով հաղորդակցվել: Եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպիսին է նոր աշխարհը լինելու, թե ինչպիսի ապագա են ունենալու արդյունաբերությունը, տնտեսությունը, բիզնեսը, քաղաքականությունը, մենք պետք է սկսենք փոխել մեր մտածելակերպը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը, տեսակետները: 20, 50 տարի հետ գնացեք և որևէ մեկին պատմեք, որ երկու տղաներ, որոնք համալսարանում համապատասխան աստիճան չեն ստացել, իրենց պապիկի ավտոտնակում ինչ-որ բան են ստեղծել և դարձել են մուլտիմիլիոնատերեր։ Մարդիկ չեն հավատա ձեզ: Սա է նոր աշխարհը։ Մոսկվայում, Երևանում, Նյու Յորքում կամ այստեղ ապրող յուրաքանչյուր երիտասարդ մտածում է ստարտափ ստեղծելու մասին, քանի որ նրանք հավատում են գաղափարի ուժին, որ այս նոր աշխարհում նրանք կարող են հաջողության հասնել: Այս աշխարհը տարբեր է ամեն առումով:

Ինչպե՞ս է դասական քաղաքականությունը ղեկավարվում: Այն ղեկավարվում է հետևյալ ձևով՝ կան գաղափարներ, գաղափարախոսներ, աջեր, ձախեր, լիբերալներ, և մարդիկ ստեղծում են քաղաքական կուսակցություններ: Վերջիններս մասնակցում են ընտրությունների, ձևավորվում է կառավարությունը: Նախկինում հաշվետվությունը հասարակությանը տրվում էր ընտրություններից ընտրություն, կամ քաղաքական գործիչներն իրենց ուղերձները հղում էին ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով: Սակայն այժմ կան Ֆեյսբուքը, Թվիթերը, որի միջոցով քաղաքական գործիչները կարող են հաղորդակցվել հանության հետ ամեն օր: Տեղի ունեցող քաղաքական գործընթացները ևս ունեն քվանտային վարքագիծ: Ես կարող եմ բերել աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ օրինակներ, երբ փոքր իրադարձությունը շղթայական ռեակցիա է ստանում:

Տեսեք, թե զվարճանքն ու քաղաքականությունն ինչքան են միահյուսվել: Քաղաքականությունը միշտ էլ եղել էլ զվարճանքի մի մասը, և քաղաքական գործիչները դեռևս հին ժամանակներից սկսած օգտագործում էին զվարճանքի միջոցներ․ հիշենք գլադիատորներին: Սակայն այժմ իրադրությունը տարբեր է. քաղաքականությունը և զվարճանքը միախառնված են: Կան շատ երգիծաբաններ, որոնք դառնում են քաղաքական գործիչներ: Եվ կան նաև շատ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս որպես կատակերգուներ: Քանի որ այս գործընթացն ինտերակտիվ է, այն դառնում է ավելի ու ավելի շատ գրավիչ:
Մի բան է, երբ դու գալիս ես տուն և դիտում «Գահերի խաղը», և մեկ այլ բան, երբ դու սոցիալական ցանցում ուղիղ մեկնաբանություն ես գրում սերիալի պրոդյուսերին: Դու արդեն դառնում ես գործընկեր: Դու դրանից լավ ես զգում, և քո կարծիքը ինչ-որ նշանակություն է ունենում: Երբ մեծ թվով մարդիկ գրում են մեկնաբանություններ քաղաքական ինչ-որ իրադրության հետ կապված, դա արդեն իսկ մեծ ազդեցություն է ունենում քաղաքական գործիչների վրա: Եվ այստեղ մենք գործ ունենք ինտեգրացիայի հետ:

Այժմ անցնենք գիտությանը: Գնալով ավելի ու ավելի անհնար է դառնում ուսումնասիրել և զարգացնել «մաքուր գիտությունը», քանի որ արդյունաբերությունն ու գիտությունը շատ են մոտեցել: Արդյունաբերությունն է թելադրում, թե ինչ է պետք անել: Ինչ-որ առումով ես հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան: Քանի որ անհատներն այսօր հզոր են, նրանք դարձել են քվանտային, ուստի ձեր գործողությունները միահյուսված են: Դուք կապակցում եք ձեր հետազոտությունը, ուսումնառության գործընթացը: Այդ հետազոտությունը շատ մոտ է արդյունաբերությանը: Օրվա վերջում դուք այս ամենը կապակցում եք ձեր կյանքի մյուս ոլորտներին՝ արվեստ, երաժշտություն: Դուք սկսում եք անհատապես ապրել այնպես, ինչպես Վերածննդի դարաշրջանի հռչակավոր մարդիկ: Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն նկարիչ էր, քանդակագործ, այլ նաև՝ մեծ գիտնական, ինժեներ: Ուստի ձեզ համար գալիս է Վերածննդի ժամանակաշրջանը: Հույս ունեմ՝ դուք բոլորդ հաճույք կստանաք ձեր կյանքից: Ես կցանկանայի 50 տարի անց վերադառնալ այստեղ և տեսնել, թե ինչ է կատարվում:

Այսօր աշխարհում շատ բաներ միանգամայն տարբեր են՝ ներառյալ ձեր կրթության ձևը: Այսօրվա սերունդը նախքան դպրոց հաճախելն արդեն իսկ կարողանում է հաղորդակցվել գաջեթներով՝ առանց իմանալու այբուբենը: Ինչպե՞ս պետք է այս սերնդին կրթել, պահել դպրոցում 10 կամ 12 տարի՝ նրանց ստիպելով 45 րոպե նստել յուրաքանչյուր դասաժամին, երբ այդքան շատ տեղեկություն կա: Նրանց ստացած տեղեկությունը բացառիկ է: Մենք պետք է նորից սկսենք մտածել՝ ինչպես կրթել մեր երեխաներին: Նրանք ապագայից եկած երեխաներ են: Նրանք գիտեն՝ դեպի ուր են վազում: Այժմ մենք խնդիր ունենք այսքան տեղեկություն ստացած երեխաներին սովորեցնել՝ ինչպես գործի դնել այն, ինչպես լինել նորարար և օգտակար ինչ-որ բան ստանալ ունեցածից, այլ ոչ 10 կամ 12 տարի նրանց նստեցնել դասասենյակներում: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ ինչ-որ տաղանդ ունի: Եվ կրթական համակարգի մեծագույն առաքելությունը պետք է լինի այդ տաղանդը բացահայտելը: Մեկը աթոռ ստեղծելու տաղանդ ունի, մյուսը՝ երաժշտություն: Եվ կրթական համակարգում պետք է յուրաքանչյուրին քվանտային տեսանկյունից օգնել գտնելու իրենց տաղանդը և աջակցել նրանց: Երբեք մի արեք այնպիսի բաներ, որոնք ձեր սրտով չեն: Սիրուց, ընտանիքից, ծնողից բացի, այս կյանքում ամենաարժեքավոր բանը ժամանակն է: Դա բացարձակ արժեք է: Ուստի, երբեք չվատնեք ձեր ժամանակ. գտեք ինքներդ ձեզ:

Ես այստեղ եմ նաև ձեզ հրավիրելու Հայաստան: Այն իսկապես գեղեցիկ երկիր է: Մենք նավթ չունենք, սակայն մենք հաջողակ ենք այն առումով, որ ունենք ջուր: Մենք 5-6 անգամ ավելի շատ ջուր ունենք, քան իրականում օգտագործում ենք: Մենք ձեզանից սովորելու բան ունենք, քանի որ դուք ձեր երկրի ջրային պաշարներն ավելի լավ եք կառավարում, քան՝ մենք: Կան բաներ, որ մենք կարող եք ձեզանից սովորել, և ինչ-որ բան էլ մենք կարող ենք ձեզ սովորեցնել: Եկեք բացահայտենք այդ ամենը: Եվ շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք բացահայտել միմյանց ոչ միայն վիրտուալ հարթակում՝ այցելելով Google և փնտրելով տեղեկություն Հայաստանի մասին:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միլիոնավոր հարցեր չունեն պատասխաններ: Սա նոր աշխարհ է՝ տվյալների աշխարհ: Բոլորը խոսում են այն փոքր երկրների մասին, որոնք հաջողակ են, քանի որ ունեն նավահանգիստներ: Ապագայի կարևոր և հզոր օվկիանոսը լինելու է տվյալների օվկիանոսը: Եվ ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել միջազգային նավահանգիստ տվյալների, տեղեկության, գիտության և տեխնոլոգիաների օվկիանոսում: Սա իմ երազանքն է: Եվ դրան հասնելու համար ես այստեղ եմ՝ մի երկրում, որն ունի մեծաթիվ նավաստիներ, նավապետեր, հասարակ ծովային մասնագետներ այս օվկիանոսում, առաջարկելու՝ աշխատել միասին, անել մի բան, որը կարող է օգտակար լինել ձեզ, մեզ և աշխարհի համար:

Ո՞րն է գաղափարի արժեքը: Արդյո՞ք այն ունի կոմերցիոն արժեք, կարելի՞ է կանոնակարգել «գաղափարների շուկան»: Կարևոր է նոր բան ստեղծելու կարողությունը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա իր ոլորտի Ռիչարդ Ֆեյնմանը՝ բարդությունից հասնելով պարզության, որը գեղեցիկ է:
Նոր աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվելու: Նորարարությունը շատ արագ է կատարվում, և մենք պետք է մեզ հարմարեցնենք թե՛ հաջողություններին, թե՛ ձախողումներին: Շատ որակներ կան, որ պետք է ձեր մեջ կարողանաք մարզել՝ 21-րդ դարում հաջողության հասնելու համար: 21-րդ դարն արհեստական բանականության և քվանտային կյանքի դարաշրջանն է:

100 տարի առաջ մեծ մտածողները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային: Ես այստեղ եմ՝ ասելու, որ, որպես նրանց համեստ ուսանող, ես ոչ միայն համաձայն եմ նրանց հետ, այլև այն զգացողությունն ունեմ, որ մենք նույնպես՝ մարդկային հասարակությունը, որը բնության մի մասն է, կրկին դասական չէ, քվանտային է: Եվ դուք այս նոր քվանտային աշխարհի դարպասների մոտ եք: Հիանալի և գրավիչ է, որպեսզի դուք ձեր ուղին գտնեք և փորձեք հասկանալ այս քվանտային աշխարհը»: Հանդիպման ավարտին Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության և Հոլոնի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Նախագահը և տիկինը շրջել են տաճարում, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:

Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: Հետևաբար, հեռանալով այդ պատմական օրվանից, չի նշանակում, որ այդ օրվա նշանակությունն աշխարհի և մեր ժողովրդի համար նվազում է։ Ընդհակառակը՝ այն ավելանում է, քանի որ աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում:

Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»:

Հանրապետության նախագահը և Սրբազան Հայրը խոսել են նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:

***

 

Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ ողջ​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար:​ Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​ Կաթոլիկ​ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին​ և​ տիկնոջը​ դիմավորել​ են Երուսաղեմի​ Հայոց​ պատրիարքության​ լուսարարապետ​ Գերաշնորհ​ տեր​ Սևան​ արքեպիսկոպոս Ղարիբյանը,​ հայ հոգևոր դասի​ ​ այլ ներկայացուցիչներ։

Նախագահ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանը​ շրջել​ են​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, մոմ​ վառել,​ աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների​ հետ:

Հայ​ հոգևորականների հետ​ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային,​ հոգևոր​ արժեքներ​ ունի​ այս​ հողում​ և​ կարիք​ կա այդ​ ամենը​ շատ​ ավելի​ լավ ցուցադրելու​ և​ Երուսաղեմի​ այցելուներին,​ և​ աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը​ կարող​ են կամուրջ դառնալ,​ որ այն​ մարդիկ,​ ովքեր այցելում​ են​ այստեղ, նաև Երուսաղեմի​ միջոցով​ ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:

***

 


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար:

Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում։ Դա Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության մասին:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:

Այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներ:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ Ձեր ներկայությունն այս փառավոր և նվիրական աթոռում: Մեր ոգևորությունը մեծ է Ձեր պատվաբեր այցելությամբ: Մաղթում ենք, որ մեր պետության կապերն ավելի զորանան մեր Սուրբ աթոռի հետ, որովհետև բազմահազար օտար այցելուներ առաջին անգամ այս պատրիարքարանում են լսում հայի անունը, ծանոթանում հայության և մեր հոգևոր-մշակութային արժեքների հետ»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Սուրբ Հակոբեանց եկեղեցի և աղոթել։ «Աղոթել մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի, նրանց ամրության և մեր աշխարհասփյուռ հայրենակիցների, իմ ընտանիքի համար,-ասել է նախագահը։ -Մենք փոքր պետություն ենք, բայց՝ մեծ ազգ: Մեծ ենք ոչ միայն մեր թվով, այլ նաև մեր պատմությամբ, համաշխարհային մշակույթի մեջ ունեցած մեր ներդրումով։ Աշխարհի տարբեր կենտրոններ այցելելիս միշտ գտնում ես մեր հայ մեծության ապացույցները՝ լինի դա Իտալիայում, Վենետիկում, թե Փարիզում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Միջին Արևելքում։ Սակայն Երուսաղեմն առանձանահատուկ է նախ և առաջ իր յուրօրինակ և տարբերվող պատմությամբ։

Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ այցելելով Երուսաղեմ՝ ծանոթանում են նաև մեր ժողովրդի պատմության, կրոնի և մեր մշակույթի հետ։ Երուսաղեմը կարծես թե տարածքային և ժամանակային դարպաս է դեպի Հայաստան, որովհետև ծանոթանալով մեր մշակույթին, մեր եկեղեցուն Երուսաղեմում, բնականաբար, հաջորդ քայլն է՝ այցելել Հայաստան, ճանաչել մեր ժողովրդին կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են, գտնել հայերի։ Եթե Պորտուգալիայից են՝ անպայման գտնեն այն հսկայական ներդրումը, որ Գալուստ Գյուլբենկյանը բերել է այդ երկրին և այդ երկրի մշակույթին՝ հիմնելով իր հիմնադրամը և թանգարանը, որը յուրօրինակ է և միակը Պորտուգալիայում, մի ընտանիքի, որն իր հետքն է թողել նաև այստեղ՝ Երուսաղեմում։

Հայությունը, լինելով աշխարհասփյուռ, նաև աշխարհակենտրոն մշակույթ ունի, և այդ համատեքստում, Երուսաղեմն առանձին նշանակություն ունի։ Կարծում եմ, մենք պետք է համատեղ աշխատենք, որ կարողանանք ներկայացնել մեր ազգը, պատմությունը և հատկապես մեր մշակույթը: Դուք այնքան բան ունեք ցույց տալու աշխարհին:

Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի նախագահն իր ուշադրության կենտրոնում են պահելու այն փոքր, բայց կարևոր համայնքը, որ կա այստեղ։ Հնարավորության սահմաններում կաջակցենք, որ մեր ներկայությունը Երուսաղեմում լինի ավելի ամուր: Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»։

Հայաստանի նախագահն իսրայելահայերին կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Հայաստան:

***

 

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է։ Սա նաև միասնական լինելու մասին է՝ ֆաշիզմը, ռասիզմը, ատելությունը, հակասեմականությունը դադարեցնելու համար։

Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ։ Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է։ Մենք նաև պետք է նայենք ապագային։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»:

Շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ձեր նշած նույն մտքերով եմ եկել Երուսաղեմ։ Դրանք անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են։ Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա։ Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար։

Մենք, ձեզ և այլ ազգերի հետ միասին պայքարել ենք նացիզմի դեմ։ Հպարտ եմ ասել, որ շուրջ վեց հարյուր հազար հայեր մարտնչել են խորհրդային բանակում, նրանցից երեք հարյուր հազարը զոհել են իրենց կյանքն այդ պայքարում։ Եվ սա նախկին Խորհրդային Միության անդամ փոքր մի երկրի մասին է։ Նրանք պայքարում էին նացիզմի դեմ, միևնույն ժամանակ, պայքարում էին իրենց հայրենիքի համար։ Ավելի քան հարյուր հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Հայերն իրենց ներդրում են ունեցել աշխարհի, Խորհրդային Միության խաղաղության համար՝ պայքարելով բոլորիս համար։

Հպարտ եմ լինել այստեղ՝ ներկայացնելով իմ ժողովրդին, որը մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում»:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝
Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են։ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ՝ զբաղվելու արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև իսրայելական ընկերություններ, գիտակրթական հաստատություններ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության ներուժը բավականին մեծ է և պետք է շատ աշխատել՝ ներգրավվելով նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչներին:

Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները։

Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

***

 

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին և կրկնակի պատիվ՝ հյուրընկալել գիտնական-նախագահի:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր անում աստղաֆիզիկայի և ձգողականության ոլորտում։ «Այս համալսարանի նման համալսարանները կդառնան աշխարհի զարգացման հիմքը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ նոր տեխնոլոգիաների ընկերություն: «Այս աշխարհը նոր ստարտափ է, և յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի,- ասել է նախագահը։ -Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը և գաղափարն են կարևորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափերին։ 21-րդ դարում նորարարությունները և նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է և հետագայում ավելի դրամատիկ կլինի»։

Նախագահի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք նոր աշխարհում. «Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է, ինչպես տարրական մասնիկները։ Մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ և սկսում ենք քվանտային առարկաների վարքագիծ դրսևորել։ Այսօր մենք բոլորս փոխկապակցված և շաղկապված ենք, գլոբալ ռիսկերը դառնում են քվանտային»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ասվածը վերաբերում է նաև քաղաքականությանը: «Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է: Ուստի, գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու բացահայտել մարդկային վարքագիծը դասական ձևերով: Աշխարհը նույնպես գնալով դառնում է քվանտային: Մենք պետք է փոխենք մեր տրամաբանությունը՝ ինչպես ենք մենք ղեկավարում քաղաքականությունը, արտաքին հարաբերությունները, ինչպես ենք դիտարկում ապագան: Նոր աշխարհում շատ բաներ անկանխատեսելի են, և եթե մենք փոխենք մեր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, հնարավոր կլինի շատ բաներ հասկանալ: Քվանտային աշխարհը գրավիչ է, քանի որ մեծ հեռանկարներ է բացում նոր տրամաբանություն գործի դնելու համար»:

Խոսելով արհեստական բանականության մասին և անդրադառնալով աշխարհի վրա նրա ազդեցությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ արհեստական բանականության զարգացման պայմաններում ևս ամենակարևոր էակը մնալու է մարդ արարածը: «Եթե մենք կորցնենք պարզ մարդկային զգացմունքները՝ սեր, հարգանք, ազնվություն, բարոյական արժեքները, ապա կստեղծենք դժոխք այս մոլորակի վրա: Ուստի բարոյականությունը մնալու է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը»,- նշել է նա:

Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: «Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը ևս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ասել է Հայաստանի նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև Technion տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայ ուսանողների հետ:

***

 

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Յաֆֆայում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի:

Նախագահը և տիկինը շրջել են եկեղեցական համալիրում, մոմ վառել, զրուցել հոգևորականների հետ:

Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ, գիշերում, ապա շարունակում ճանապարհը: Այդ իսկ պատճառով եկեղեցին ստացել է ուխտավորների և ծովագնացների հովանավոր սուրբ Նիկողայոսի անունը:

***

 

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:

Հանդիպմանը քննարկվել է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ծրագրի շրջանակում փոխգործակցության մեծ հնարավորություններ կան:

Ամիրամ Ապելբաումն ընդգծել է, որ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր քննարկելու, թե ինչպես կարող են երկու փոքր երկրներ միասին աշխատելով, միմյանցից սովորելով փոքրը դարձնել մեծ առավելություն:

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ, հզոր և հաջողակ: «Մենք կարող ենք համագործակցել հատկապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ժողովուրդներն այդ ոլորտներում պատմականորեն հաջողություններ են ունեցել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի նորարարությունների կենտրոնը և ATOM նախաձեռնությունը կարող են համատեղ արժեք ստեղծել:

Հայաստանի նախագահը Իսրայելի նորարարությունների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան:

***

 

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմում այցելել են Ռոքֆելլեր հնագիտական թանգարան և դիտել այստեղ բացված՝ հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը, որը կազմակերպել է հախճապակու ստեղծմամբ զբաղվող Բալյանների հայտնի ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը:

Հայկական հախճապակին իր պայծառ գույներով Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասն է: Հայաստանի նախագահի հետ զրույցում Սեդրակ Բալյանը պատմել է, որ հախճապակու արվեստը Սուրբ քաղաքում սկիզբ է առել 1919 թվականին, երբ 3 հայ ընտանիքներ բրիտանացիների օգնությամբ տեղափոխվել են Երուսաղեմ և հիմնել գործարան: Այսօր հայկական ավանդույթները շարունակում են այս ընտանիքների երիտասարդ սերունդները: Սեդրակ Բալյանի խոսքով՝ Երուսաղեմում բացված ցուցահանդեսը պատմում է հայկական հախճապակու և Երուսաղեմում դրա դերի ու նշանակության մասին:

Նախագահ Սարգսյանը և տիկին Սարգսյանը դիտել են ցուցադրությունը, որի բոլոր ցուցանմուշները պատրաստվել են Երուսաղեմում, զրուցել են Հայաստանում ևս նման ցուցադրություն կազմակերպելու, ինչպես նաև հայկական հախճապակու արվեստը Հայաստան վերադարձնելու հնարավորությունների մասին: Սեդրակ Բալյանը նշել է, որ ցանկություն ունեն իրենց փորձառությունը ներդնել և հախճապակի արտադրել նաև Հայաստանում:

***

 

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուրի Սիրկիսի և ընկերության գործառնությունների տնօրեն Դորիթ Կալիմիի հետ:

Զրուցակիցները, մասնավորապես, խոսել են օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության, մասնավորապես Թել Ավիվի և Երևանի միջև կանոնավոր օդային չվերթների կազմակերպման հնարավորությունների մասին:

 

 

← Վերադառնալ