Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն:
Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։
Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:
***
Սերբիայի պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։
Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։
Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին՝ պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար:
***
Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ:
«Պատիվ է ընդունել Ձեզ այստեղ, - նշել է Սերբիայի նախագահը՝ դիմելով Հայաստանի նախագահին և հայտնելով առանձնազրույցից իր տպավորությունները:- Զգացեք Ձեզ ինչպես տանը: Դուք, որպես ոչ միայն հիանալի քաղաքական գործիչ, այլև գործարար նախկինում մեծ աշխատանքներ եք իրականացրել: Ես իսկապես տպավորված էի տարբեր հարցերի շուրջ Ձեր ունեցած գիտելիքներով»: Հիշատակելով Սերբիայում մեծ ժողովրդականություն վայելող «Վեր կաց, Սերբիա» երգը, որի հեղինակը երկար տարիներ Սերբիայի հեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրությունը ղեկավարած հայազգի Վարդգես Բարոյանն է, Ալեքսանդար Վուչիչն ասել է․ «Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած տեղ գնալով և ցանկացած մեկի հետ խոսելով: Շատ հպարտ ենք Հայաստանի հետ մեր ունեցած լավ հարաբերություններով: Կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է անցնել գործնական քայլերի»: Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական հարաբերությունները մեր երկրների միջև մշտապես լավ մակարդակի վրա են եղել: «Սակայն պետք է քայլեր ձեռնարկենք դրանք ավելի լավը դարձնելու համար: Դրա առաջին քայլերից մեկը կարող է լինել Երևանում նոր դեսպանատուն բացելը, - ասել է Սերբիայի նախագահը: - Միևնույն ժամանակ, խոսելով հստակ քայլերի մասին, պետք է քննարկենք, թե միասին ինչ կարող ենք անել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: Ունենալով երիտասարդ տաղանդավոր անձինք՝ պետք է օգտագործենք նրանց գիտելիքները»:
Շնորհակալություն հայտնելով Սերբիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդար Վուչիչին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել մեր երկրում: «Գալով Հայաստան՝ վստահ եղեք, որ տուն կունենաք, ինչպես ես այստեղ,- ասել է նախագահ Սարգսյանը: - Դա տուն է բարեկամների համար, քանի որ ես ընկերությունը լուրջ եմ ընդունում, ինչպես բոլորը Հայաստանում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանն ավելի մոտենա Սերբիային: Թերևս մենք մի քանի տարի կորցրել ենք, սակայն կարող ենք շատ արագ վերականգնել այդ ամենը:
Համաձայն եմ՝ որ կան մի շարք ոլորտներ, որոնք հատկապես կարևոր են մեր համագործակցության տեսանկյունից՝ նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում և այլն: Մենք ցանկանում ենք Հայաստանը ներդաշնակեցնել ապագայի հետ, նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան»: Հանրապետության նախագահն ասել է, որ այդ ամենը մեծ ջանքեր են պահանջում, այդ թվում՝ զարգացնելու կրթական համակարգը: «Պետք է տնտեսապես գրավիչ լինել, ունենալ ավանդույթներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Բացի այդ, պետք է ապահովել խոշոր ընկերությունների ներկայությունը: Կարծում եմ՝ սա է ապագան, - ասել է նախագահ Սարգսյանը: - Հայաստանում մեծ ջանքեր ենք ներդնում՝ ստեղծելու գաղափարներ, սովորեցնելու նոր տեխնոլոգիաները: Հպարտ կլինեմ Ձեզ և Ձեր գործընկերներին ներկայացնել դրանք»: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկրում առաջ է մղվում ստարտափների մշակույթը, և ներկայացրել Հայաստանում կազմակերպվող Seaside ստարտափը, որն ամեն տարի մեկ շաբաթով մեկ հարկի տակ է հավաքում հարյուրավոր անձանց: «Նախաձեռնել ենք նաև ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որի շրջանակում ուրախ կլինեինք տեսնել սերբական ընկերություններ կամ ինստիտուտներ Հայաստանում, ինչպես նաև լավ կլիներ, եթե հայկական ընկերություններն այցելեն Սերբիա,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք տարբեր առումներով շատ նմանություններ ունենք՝ մեր ամենամեծ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որ այս մակարդակով մեր կապը շարունակվի»:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման սերբական կողմի որոշումները՝ նշելով, որ դրանք երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլ են։
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մեծարգո պարոն նախագահ,
Նախ և առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:
Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք մեր մյունխենյան հանդիպման շարունակությունն էին։ Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր և լայն։ Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը։
Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը մեր այսօրվա քննարկումների արդյունքում համագործակցության հնարավոր նոր ճանապարհներ է բացում գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարության, լեռնամետալուրգիայի և շատ այլ ոլորտներում: Պետք է աշխատենք նոր նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար։
Հավատացած եմ, որ մեր համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները: Այդ իսկ տրամաբանությամբ մեր պատվիրակության կազմում ընդգրկել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների: Մենք նպատակ ունենք երկու երկրների այդ ոլորտները բերել սերտ համագործակցության:
Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար։
Տիկնայք և պարոնայք,
Պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող տարբեր հարցեր։ Երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման և կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Առանձնակի կարևորեցինք մշակութային կապերը։ Այս շրջանակում, կարծում եմ, շատ էական է, որ ես կրկին շնորհակալություն հայտնեմ Սերբիայի կառավարությանը, անձնապես պարոն նախագահին․այսօր հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարևոր նշան է մեր համագործակցության համար:
Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը:
Խոսելով մարդկային շփումների կարևորության մասին՝ կցանկանայի նշել, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա մեզ օգնության ձեռք մեկնած եղբայրական սերբ ժողովրդի անգնահատելի աջակցությունը, որը ցուցաբերվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու ժամանակ։ Վաղն այցելելու եմ Ավալա՝ մեր երախտագիտությունը հայտնելու այն օդաչուներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելիս: Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։
Մեծարգո պարոն նախագահ,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության և քայլերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք պաշտոնական այցով հյուրընկալելու Ձեզ Հայաստանում»:
***
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին։ Կողմերն ընդգծել են, որ փոխշահավետ կարող են լինել կապերը մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական պատվիրակության կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ստարտափ հանրության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են իրենց ոլորտներում սերբական ընկերությունների հետ համագործակցությամբ: «Ուրախ կլինենք զարգացնել Ձեր երկրի հետ հարաբերությունները և ավելի շատ հայկական ներկայություն ունենալ Սերբիայում», -ասել է Անա Բռնաբիչը։
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների: Այս համատեքստում կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը, միմյանց փորձին ծանոթացումը, ինչն էապես կարող է խթանել տնտեսական ակտիվությունն ու զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար:
***
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։
Տիկին Գոյկովիչը նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Ձեր այցը նոր էջ է բացում մեր հարաբերություններում,-ասել է նա։- Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը։ Երկու ժողովուրդներն ունեցել են նման ճակատագիր և պետք է կառուցեն համատեղ ապագա, հատկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը միմյանց ավելի լավ ճանաչի»։
Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ խորհրդարանի պատմական շենքը մի վայր է, որտեղ ներկայացված է ժողովրդի ձայնը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս խորհրդարանական հարաբերություններին,- նշել է Հայաստանի նախագահը, -ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն, այլև որ մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը։
Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ, ունենք հսկայական ներուժ, որը կարող ենք իրացնել տնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Հոկտեմբերի 25-ին Սերբիան համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ հետ, ինչն ուրախալի նորություն է և համագործակցության նոր հնարավորություններ է բացում»։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցության կարևորությունը։
Նախագահ Սարգսյանն էական է համարել մշտապես տեղեկատվություն փոխանակելն ու դրա շնորհիվ միմյանց ավելի լավ ճանաչելն ու հասկանալը:
Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում Երևանում կկայանա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի՝ որպես մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և սերբական Նովի Սադի՝ քույր քաղաքներ հռչակելը։
***
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում:
Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել տեխնոլոգիական պարկում, ծանոթացել գործունեության ուղղություններին, զրուցել պարկի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պարկի տնօրենը նշել է, որ կառույցն իդեալական միջավայր է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ձգտում են բարձր տեխնոլոգիական համայնքի մաս դառնալ:
«Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ընկերությունների հետ և այսօրվանից պատրաստ ենք սկսել համագործակցությունը նաև Հայաստանի ընկերությունների հետ»-, ավելացրել է տնօրեն Դանիլովիչը։
Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը հիմնվել է Սերբիայի կառավարության, Բելգրադի քաղաքային խորհրդի և Բելգրադի համալսարանի համագործակցության արդյունքում՝ օգտագործելով միջազգային լավագույն փորձը: Այն նախատեսված է ստարտափների և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացող ընկերությունների համար, աջակցում է նրանց` զարգացնելու և կոմերցիալիզացնելու իրենց նորարարական արտադրանքն ու ծառայությունները: Պարկը միավորում է մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ընկերություններ և թիմեր՝ ապահովելով նրանց տարբեր ծրագրերով և կարևոր դեր խաղալով Սերբիայի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում: Այն նաև իրավական և վարչական, մարքեթինգային ծառայություններ, անհատական խորհրդատվություն է տրամադրում տեղական և օտարերկրյա ընկերություններին, կազմակերպում թրեյնինգներ:
***
Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։
Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական, հաղորդակցության ենթակառուցվածքների կառավարման և մի շարք այլ բնագավառներ։
Նշվել է, որ ինստիտուտն ազգային նշանակության կարևոր ծրագրեր է իրականացնում՝ համադրելով ինժեներական համակարգերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակում նորարարական լուծումներ՝ ավտոմատացման և վերահսկման, հեռահաղորդակցության և համակարգչային ցանցերի ոլորտներում, ինչպես նաև հավելվածներ՝ էլեկտրոնային կառավարման տարբեր բնագավառների համար:
«Մեր ինստիտուտը համարվում է ակադեմիական ոլորտն ու արդյունաբերությունը փոխկապակցող հաջողված օրինակ: Հետազոտական աշխատանքների առաջնահերթություններն ընտրվում են՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտներում զարգացման միտումները, շուկայի պահանջները և հետազոտության արդյունքների կոմերցիալիզացման հնարավորությունները»,-ասել է ինստիտուտի տնօրենը՝ նշելով, որ տարեկան շրջանառության 90 տոկոսը ապահովվում է մշակված նորարարական տեխնոլոգիաներն արտադրանքի ու ծառայությունների վերածելու շնորհիվ: Ինստիտուտը համագործակցում է նաև միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների և հաստատությունների հետ։
Հայաստանի նախագահը շրջել է ինստիտուտում, ծանոթացել իրականացվող հետազոտությունների արդյունքներին, տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարական լուծումներին։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի գործունեության մի շարք ուղղություններ հեռանկարային են փոխշահավետ համագործակցության համար, քանի որ Հայաստանը նույնպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի։ «Մեր մի շարք ընկերություններ և գիտական հաստատություններ կարող են տարբեր ոլորտներում համագործակցել Ձեր ինստիտուտի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը։
***
«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան երկար տարիներ։
Ուրախ եմ, որ առաջին իսկ օրն արդյունքներ ունեցանք․ նախագահ Վուչիչի հետ պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կճանապարհորդեն Սերբիա։ Սա կարևոր է, քանի որ եթե ուզում ենք երկու երկրների միջև կազմակերպել հետագա տնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատորեն ճանապարհորդել մի տեղից մյուսը»։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սերբիայի նախագահը, վարչապետը, կառավարությունը շատ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ «Մեզ պես լինելով փոքր երկիր, շրջապատված տարբեր հարևաններով` իրենք էլ հասկանում են, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է։ Հետևաբար, համագործակցությունը շատ բնական է լինելու։ Մի մոռացեք, որ Սերբիան անում է ամեն բան՝ դառնալու ԵՄ անդամ», -նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ունենում ենք մի գործընկեր-երկիր, որը բարեկամ է, որը Եվրոպայի ֆիզիկական մաս է, և որը վաղը կդառնա ԵՄ անդամ։ «Հոկտեմբերի 25-ին Սերբիայի վարչապետը Մոսկվայում ստորագրելու է համաձայնագիր, որով ազատ առևտրի հնարավորություն կունենան եվրասիական տնտեսական համակարգում,-ասել է նախագահ Սարգսյանը։- Ուրախալի է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Սա նոր հնարավորություն է բացում․ եթե սկսենք լավ աշխատել, Սերբիայի և Բալկանների համար մուտքը եվրասիական տարածք կլինի Հայաստանով։
Խոսեցինք նաև ավիացիոն հաղորդակցության մասին, ինչը զբոսաշրջության համար նոր ուղիներ կբացի։ Սերբիան գյուղատնտեսական ապրանքների մեծ կենտրոն է, իրենց ապրանքները մեր միջոցով կարող են տարածվել տարածաշրջանում»։
Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, Սերբիայի հետ մեր հարաբերություններն ավելի են խորանում։ Պատասխանելով Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրների նման լինելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք նույնը չեն, ուստի անհրաժեշտ է, որ այս հարցում Սերբիան ու Հայաստանն իրար ճիշտ հասկանան և միջազգային հարթակներում ճիշտ քաղաքականություն վարեն։ «Եթե չունենանք ամենօրյա երկխոսություն, մեզնից յուրաքանչյուրը խնդիրը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, համապատասխան որոշում ընդունել և քվեարկել տարբեր միջազգային կառույցներում։ Մեր երկխոսությունն ու ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ խնդիրները,-նշել է Հայաստանի նախագահը։- Մենք պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, շատ շփվենք, բացատրվենք միմյանց հետ»։
Բելգրադի տեխնոպարկ այցելությանն անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով։
Ինչ վերաբերում է Գյումրիի և սերբական Նովի Սադ քաղաքի միջ կապեր ստեղծելուն, Արմեն Սարգսյանը լրագրողներին մանրամասնել է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, որը Նովի Սադ քաղաքից է, ինքն առաջարկել է, որ Նովի Սադը և Գյումրին դառնան քույր քաղաքներ․ Նովի Սադը պատմական հին քաղաք է, որտեղ գտնվում են Սերբիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնները։ «Զարգացման համար Գյումրին պետք է ունենա քույր քաղաքներ աշխարհում, որպեսզի զգա, որ մենակ չի մնացել և աշխարհի մասն է կազմում,- նշել է Հայաստանի նախագահը։- Առաջարկը շատ ջերմ ընդունվեց․ մինչ պայմանագիրը կստորագրվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները Գյումրիից կգան Նովի Սադ, իսկ Նովի Սադից կգան Հայաստան։
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների, զբոսաշրջության համար։ Իմ գործն է խորհուրդ տալը, աջակցելը, բայց կառավարությունը, Ազգային ժողովը, մասնավոր ընկերությունը, ամեն կառույց իր մասը պետք է վերցնի։ Մենք բոլորս՝ նախագահական ինստիտուտ, կառավարություն, Ազգային ժողով, մեր ամբողջ հասարակությունը, բոլորս ծառայում ենք մեր երկրի բարեկեցությանը։
Իմ մեծ նպատակը մեր երկիրը բարեկեցիկ դարձնելն է, և ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»։
***
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
Այստեղ նրանց դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը։
Նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին։ Արարողությանը ներկա են գտնվել նաև զոհված օդաչուների ընտանիքի անդամները։ Հայաստանի և Սերբիայի նախագահները զրուցել են նրանց հետ։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պատահական չէր, որ այդ օրերին եղբայրական Սերբիան առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց հայերին։
«1988-ի աղետալի երկրաշարժը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար, ու մենք կրկնակի ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ մեզ օգնության եկած օդաչուներն աղետի են ենթարկվել։ Զոհված օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է, և Հայաստանում, ինքնաթիռի կործանման վայրում, նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան, որը դարձել է հայ և սերբ ժողովուրդների բարեկամության ինքնատիպ վկայություն»,-նշել է նա։
Նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրին և սերբական Նովի Սադը քույր քաղաքներ հռչակելու մասին և ասել, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել Հայաստանում։
***
Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։
Ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջել են գիտական հաստատությունում, այնուհետև հանդիպել ղեկավար կազմի հետ։ Վլադիմիր Կոստիչը ներկայացրել է ակադեմիայի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները։
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի գիտահետազոտական գործունեությամբ, ինչպես նաև համագործակցության հնարավորություններով։
Նախագահին տեղեկացվել է, որ 1841 թվականին հիմնված ակադեմիան ներկայումս ունի ութ գիտական հաստատություն, գիտահետազոտական կենտրոններ, ինչպես նաև մասնաճյուղ՝ Նովի Սադ քաղաքում։ Ակադեմիան ունի հարուստ արխիվ և մեծ գրադարան, որտեղ պահվում է գիտության ու արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող ավելի քան 1.5 մլն անուն գիրք:
***
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի պատրիարքն ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու և Սերբ ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները:
Նախագահ Սարգսյանը պատրիարք Իրինեյին է հաղորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ նշելով, որ ուրախ կլինեն Նորին Սրբությանը հյուրընկալել Հայաստանում։
Նշելով, որ սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն իրենց բաժին հասած դժվարություններով ու փորձություններով՝ Պատրիարք Իրինեյը կարևորել է երկու եկեղեցիների միջև առավել սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները նշել են, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված հարաբերությունները, դեռ միջնադարյան շրջանում հայերի ներկայությունը Սերբիայում, հայկական եկեղեցիների, հոգևոր և մշակութային ժառանգության ստեղծումը ամուր հիմք են՝ Հայ առաքելական և Սերբ ուղղափառ եկեղեցիների միջև համագործակցությունն ընդլայնելու համար։
***
Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։
Հուշարձանը կառուցվել է 1938 թվականին այն վայրում, որտեղ ամփոփված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված անհայտ սերբ զինվորի մասունքները։
Հուշարձանի մոտ Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել առաջին աշխարհամարտում զոհված զինվորների հիշատակին, որից հետո նախագահ Սարգսյանը գրառում է կատարել հուշամատյանում․ «Այս պատմական պահին հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին»։
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այնուհետև այցելել են Բելգրադի պատմական կենտրոնում գտնվող՝ հնագույն «Կալեմագդան» ամրոց։ Բելգրադի քաղաքապետ Զորան Ռադոյիչիչի և ամրոցի տնօրեն Մարիա Ռելյիչի ուղեկցությամբ նրանք շրջել են ամրոցում, ծաղիկներ դրել հայատառ տապանաքարերին։
Ամրոցը, որը 1979թ.-ին հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան, որպես միջնաբերդ կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Այն բազմիցս ավերվել է տարբեր արշավանքների ժամանակ, իսկ 12-րդ դարում վերակառուցվել է որպես ամրոց։ Այստեղ նաև հայկական հետք կա․ 16-18-րդ դարերում շատ հայ առևտրականներ հաստատվել են Սերբիայում, հիմնել հայկական եկեղեցի։ Եկեղեցին չի պահպանվել, իսկ տարածքի՝ հայատառ գրություններով տապանաքարերը տեղափոխվել են ամրոցի տարածք և պահպանվում են այնտեղ։
Բելգրադի քաղաքապետ Զորան Ռադոյիչիչն ասել է. «Սերբ ժողովուրդը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, արժևորում է այն և գնահատում Հայաստանի նախագահի այցն այս պատմական վայր, որտեղ նաև հայկական հետք կա»։ Նա նշել է, որ ուրախ կլինեն Բելգրադը և Երևանը հռչակել քույր քաղաքներ։
***
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։
Սերբիայի հետ համագործակցությունը սերտացնելու մյուս պատճառներից մեկը նախագահը համարել է էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Երևանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։ Եվ Սերբիան ներկայումս պահպանել է այդ ավանդույթները։ «Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Ապագան նոր տեխնոլոգիաներն են և, կարծում եմ, Հայաստանն ու Սերբիան այս ոլորտներում կարող են համատեղ աշխատել և լա՛վ աշխատել։ Դրա ապացույցը թե՛ Սերբիայի նախագահի, թե՛ վարչապետի հետ մեր բանակցություններն էին»,-նշել է նախագահ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան կարիք ունեն զարգացնելու նաև տրանսպորտային կապերն ու խթանելու զբոսաշրջությունը։ Երկու երկրները սննդի արտադրության ոլորտում ևս մեծ ներուժ ունեն և կարող են ներդրումներ ներգրավել այս և մի շարք այլ ոլորտներում։
Հայաստանի նախագահն այնուհետև անդրադարձել է պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։
Նախագահը խոսել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երևանի հետ։
«Երկու օրվա ընթացքում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք և կարող ենք ասել, որ հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Հուսով եմ, որ ձեզնից շատերն ապագա լայն համագործակցության մասնակիցը կդառնան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու, մինչև տարեվերջ Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելու պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։
Այնուհետև նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես երկկողմ հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատմանը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանը և այլն։