16
12, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։

Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։

Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։

Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:

 

***


Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել հարևան ու բարեկամ երկրում։

Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առավել խորացնելու կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հարցերին։

← Վերադառնալ