14
11, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:

Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ:

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաև հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին: Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կարևորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:

 Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

 Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Խոսելով գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհի մասին՝ նա նշել է, որ աշխարհն այսօր սրընթաց փոփոխությունների ականատեսն է: «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում: Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների: Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը: Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլևս անկասելի են»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր

 

***

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգայի ասոցիացիայի(ANCE) ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին: Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին,ընդգրկում շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի կոմերցիոն և արդյունաբերակա շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում:

 

***

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները

Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աէրոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:

 

***

Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։

Նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։

Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ