22
01, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։

Հանրապետության Նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում և թե՛ Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ Նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։

Հանրապետության Նախագահը շնորհավորել է քաղաքապետին` Փարիզը «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երևանի քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, և որ Փարիզը պատրաստակամ է Երևանի հետ կիսելու իր լավագույն փորձն, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսևորումներ:

Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` Նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։

Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ և սիրով ընդունել է հրավերը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին։ Այս համատեքստում Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին հայերին հուզող խնդիրների և փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և զգայունության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին:

Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ

 

Հարգելի՛ տիկին քաղաքապետ, հայ ժողովրդի սիրելի՛ բարեկամ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու այստեղ՝ Փարիզի քաղաքապետարանում, որն իր ճարտարապետական կատարելությամբ կարող է զարդարել մշակութային հարուստ ավանդություններ ունեցող՝ աշխարհի ցանկացած երկիր: Իրոք, հուզիչ է ելույթ ունենալ, հանդիպել հայրենակիցների հետ այնտեղ, որտեղ հարյուրամյակներ շարունակ աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկի՝ Փարիզի պատմությունն է կերտվել, որտեղ մշտապես հյուրընկալվել են ժամանակների ականավոր դեմքերը, քաղաքական գործիչները, մտավորականներն ու արվեստագետները:

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ նաև այս ջերմ մթնոլորտում ձեր ներկայության համար։ Նաև շնորհիվ ձեզ եմ մշտապես հպարտություն զգում այս երկիր այցելելիս։ Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, մտավոր ներուժով և արժանապատիվ կեցվածքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարգավաճման գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ և Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը:

Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ Վիկտոր Հյուգոն.«Փարիզն իր դռներն է բացում, և ժողովուրդներն այստեղ գալիս են ՝ գերված հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին ևս մեկ անգամ իրեն դրսևորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում։ Շնորհակալ ենք, տիկի՛ն քաղաքապետ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ֆրանսահայությունը, փարիզահայությունը վայելում է Ֆրանսիայի իշխանությունների հոգածությունը։

Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ ևս դրվատանքի խոսքեր ասել այստեղ ներկա ու բացակա իմ հայրենակիցներին, որ մեր կողքին էին ավերիչ երկրաշարժի, Արցախյան պարտադրված պատերազմի օրերին, որ մեր կողքին են նաև այսօր՝ մեր երազանքների Հայրենիքը կերտելու օրերին: Ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում շատ տեսանելի է։

Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը։

Տիկի՛ն քաղաքապետ,

Շատ շնորհակալ եմ Ձեր և՛ գործերի, և՛ խոսքերի համար` կապված Թումոյի հետ: Գիտեք, Երևանը, Փարիզից շատ բան է սովորել և շատ բան է ընդօրինակել: Թող մի բան էլ Փարիզը Երևանից ընդօրինակի: Մենք դրա համար շնորհակալ ենք: Տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։ Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է։

2018 թվականը կարևոր տարի է մեզ համար, և ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն էլ շատ կարևոր են մեզ համար, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարևորություն ունի Հայաստանի համար, որովհետև այն իր ընդգրկմամբ թերևս ամենածավալուն իրադարձությունն է և վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին: Մենք դրա համար միայն ուրախ կլինենք: Եվ շատ շնորհակալ եմ, տիկի՛ն քաղաքապետ, որ Դուք համաձայնեցիք գալ ու մասնակցել գոնե այդ միջոցառումներից մեկին:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել նաև Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև, որի շրջանակներում մշտապես աջակցություն է ցուցաբերվում Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը:

Հարգելի՛ տիկին Իդալգո,

Ես մեծապես կարևորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն:

Իհարկե, հետամուտ ենք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017 թվականին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը՝ «Հորիզոն-2020» ծրագրի կողմից: Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե՛ լավ կառավարման փորձի, թե՛ նոր տեխնոլոգիաների և թե՛ բնապահպանական ծրագրերի ներդրման առումով: Իհարկե, երբեք Երևանը Փարիզ չի լինելու, բայց շատ-շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք և շարունակելու ենք վերցնել, և որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն, մեր շփումները պետք է լինեն երկարատև, պետք է լինեն հավերժ, որովհետև շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ մենք տիկին քաղաքապետի ընդունարանում կարճ զրույց ունեցանք, և այդ հանդիպման ժամանակ ես տիկին քաղաքապետին ասացի, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և իր պատմության էջերում միշտ ջերմությամբ է պահում այն մարդկանց, ովքեր հաղորդակից են լինում մեր խնդիրներին: Տիկին Իդալգոն այդ մարդկանցից մեկն է, և ես առաջարկում եմ բոլորս միասին ծափահարենք տիկին քաղաքապետին նրա ջերմության, նրա զգայունության և մեր ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:

***

Քաղաքապետ Անն Իդալգոյի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք նախարարներ,

Հարգելի՛ Էդվարդ Նալբանդյան՝ Արտաքին գործերի նախարար,

Հարգելի՛ Սուրեն Կարայան՝ Էկոնոմիկայի և ներդրումների նախարար,

Հարգելի՛ Հրանուշ Հակոբյան՝ Սփյուռքի նախարար,

Երևանի քաղաքապետ՝ հարգելի՛ Տարոն Մարգարյան,

Տիկնա՛յք և պարոնա՛յք դեսպաններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք ընտրյալներ,

Հարգելի՛ բարեկամներ,

Երևանում սքանչելիորեն հյուրընկալվելուց ընդամենը մի քանի ամիս անց շատ երջանիկ եմ այսօր հյուրընկալել ձեզ Փարիզում: Եվ թեև իմ ելույթը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցի շրջանակներում, այն երջանկությունը, որ ես այսօր տածում եմ, բնավ սոսկ արարողակարգային չէ։ Այն արտահայտում է ուրախություն, որն ունենում են բարեկամները միմյանց հանդիպելիս՝ միմյանց հետ հաղորդակցվելու և միմյանց տարբերություններով հարստանալու նպատակով:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Դուք ինձ մեծ պատիվ եք մատուցում՝ այս շքանշանը հանձնելով, որն ինձ համար իրապես խորհրդանիշ է այն յուրօրինակ բարեկամության, որը միավորում է մեզ, որը միավորում է Փարիզը Հայաստանին, և ես մաղթում եմ Ձեզ բարի գալուստ Փարիզ և քաղաքապետարան, որը փարիզեցիների տունն է: Այն բարեկամությունը, որը փարիզահայերը կարողացել են ստեղծել իրենց անդրդվելի մարդասիրությամբ, որի նորագույն պատմության մարտիրոսները և միաժամանակ պահապաններն են հանդիսանում նրանք: Այսօր ես մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր կարողացել են նույն էներգիան ներդնել Ֆրանսիան սերտելու և Հայաստանը հիշելու, ֆրանսիացի դառնալու և հայ մնալու, ֆրանսիական ավանդույթներն ապրելու և միևնույն ժամանակ նախնյաց ավանդույթները պահպանելու մեջ: Ես ցանկանում եմ ողջունել այդ արտակարգ աշխատանքը, որ կատարվում է այն կանանց և տղամարդկանց կողմից, ում հետ ես հաճույք ունեմ հանդիպելու և համագործակցելու, և որը ներկայումս իրականացվում է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների կողմից։ Ուստի, թույլ տվեք մասնավորապես ողջունելու այստեղ ներկա Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին՝ իրենց կատարած աշխատանքի համար:

Սիրելի՛ փարիզահայ և ֆրանսահայ բարեկամներ,

Ես վստահ եմ, որ ձեր համայնքի ինտեգրումը և հաջողությունն արդյունքն է ձեր աշխատանքի, ձեր հետևողականության, որը երբևէ չի մոռանում լինել նաև մեծահոգի, ինչպես նաև ձեր յուրահատուկ կարողության՝ համատեղելու անցյալի գիտակցումը հեռանկարի գիտակցման հետ։ Քանի որ իմ կարծիքով անցյալի և հեռանկարի գիտակցման միջև կա մի շատ գնահատելի արժեքավոր կետ, որում իրար են հանդիպում Փարիզը և Հայաստանը։ Նախ, քանզի անցյալի գիտակցումը մեզ դարձնում է պատասխանատուն այն պատմության, որի ժառանգորդներն ենք, բայց միևնույն ժամանակ պատասխանատուն այն ներկայի, որը մենք այսօր միասին կիսում ենք:

Այսօր այստեղ ցանկանում եմ հրապարակայնորեն և հանդիսավոր կերպով կրկնել այն, ինչ ասացի հոկտեմբերին՝ ձեր կողմից ինձ տրամադրած հանդիպման ժամանակ: Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի իրավունքն ապրելու խաղաղության և անվտանգության մեջ: Միևնույն հանդիսավորությամբ վերստին կուզենայի շեշտել 1915 թվականի Ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա ժխտողականության քրեականացման կարևորությունը: Փարիզը եղել է և մշտապես կլինի հայ ժողովրդի կողքին՝ պաշտպանելու նրա անցյալի հիշողությունը և ներկայիս կյանքի անվտանգությունը, քանի որ դրանք անբաժանելի են: Այդ նպատակով ենք մենք Երևանի քաղաքապետարանի և Երևանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ այստեղ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը, այդ նպատակով ենք մենք ամեն տարի հիշատակի ոգեկոչման արարողություն կազմակերպում Փարիզի քաղաքապետարանում և միևնույն ժամանակ ոգեկոչում վերապրածներին՝ Հայր Կոմիտասի: Հիշատակի պահպանությանն ուղղված այդ աշխատանքի շարունակությունն է նաև մեր նախաձեռնությունը՝ Փարիզի կենտրոնում ստեղծելու մի վայր, որը միևնույն ժամանակ կհավերժացնի ցեղասպանության հիշողությունը և կնշանավորի հետագա վերածնունդը, որը հայ ժողովրդի ճակատագրի դրոշմն է:

Ես առաջին իսկ օրվանից մշտապես պաշտպանել եմ կենտրոնի ստեղծման գաղափարը և հույս ունեմ, որ այն շատ արագ կյանքի կկոչվի պետության և ռեգիոնի կողմից, և Փարիզ քաղաքը կանգնած կլինի նրանց կողքին։ Կցանկանայի ողջունել բոլոր քաղաքական միավորների ներկայացուցիչներին, որ ինձ ուղեկցում էին, Երևան կատարած իմ այցելությունից ես ստացել եմ ոգևորող և թարմաշունչ ուղերձ․ արձանագրել եմ նախ այն առանցքային դերը, որ հայ հասարակությունը հատկացնում է մշակույթին՝ անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտների։ Սիրով, որպես օրինակ, կմեջբերեմ ֆրանսիացի մի պատասխանատուի միտքն առ այն, որ հայ ժողովրդի համար մշակույթի արտահայտման միջոցներ գտնելը համարժեք է մարդկային կյանքի համար անհրաժեշտության:

Երևանի փողոցներում մշակույթը մեր դեմ հառնեց իբրև յուրօրինակ մարդկայնությամբ օժտված հասարակությանն անհրաժեշտ մի երևույթ, այսինքն՝ ոչ թե որպես մի երևույթ, որը մնացել է, երբ ամեն այլ բան մոռացվել է, այլ մի երևույթ, որ մենք հրաժարվում ենք մոռացության մատնել։

Հայաստանի մայրաքաղաքի հիասքանչ այդ եռանդի մեջ ես տեսա գեղեցիկ արձագանքն այդ հարստության, որի պահպանողը և փոխանցողն էր դարձել Կոմիտասը: Ձեր երկիր իմ այցելությունից ի վեր, կարծում եմ, առավել լավ եմ հասկանում Կոմիտասի աշխատանքի այն հսկայական արժեքը. այն է, հայ ժողովրդի ահարկու փորձության նախօրեին հայկական ժողովրդական մշակույթի պահպանմամբ փրկելու հայ ժողովրդի յուրահատուկ, համամարդկային կենդանի մասնիկը:

Ճանաչելով հանդերձ Կոմիտասի հանճարը՝ Երևանում մշակույթը ես զգացի ոչ թե որպես հազվագյուտ մի երևույթ, որը միայն մշակութային վերնախավի սեփականությունն է, այլ այն հասանելի է բոլորին և սնվում է բոլորից:

Մեզ հատկապես ցնցեց ԹՈՒՄՕ կենտրոնի բացահայտումը։ Հարյուրավոր պատանիներ, երբեմն գերօժտված, երբեմն էլ միգուցե չօժտված, սովորում են ինֆորմատիկա, հայտնագործում են նորարար տեխնոլոգիաներ, և հաստատապես ստեղծելու են սթարթափներ: Այդ կենտրոնն, իհարկե, նորարարական կենտրոն է, բայց միևնույն ժամանակ մի տարածք՝ նախատեսված ստեղծելու ապագայի ուղեղներ, և նման կենտրոն մենք Ֆրանսիայում դեռևս չունենք: Եվ այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի ներմուծենք այդ լավ օրինակը մեր քաղաքում:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ինչպես տեսնում եք, Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանը իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան և իրարից ընդունելու, և հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը:

Կցանկանայի նաև, օգտվելով ֆրանսահայ համայնքին ծառայող հոգևորականության առաջնորդների և Ձեր, տիկին Սփյուռքի նախարար, ներկայությունից, հայտնել, որ Փարիզը համերաշխ է արևելյան քրիստոնյաների, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում հակամարտության բոլոր զոհերի հետ:
Այդ համերաշխությունը հստակ է, այն դրսևորվում է բազմաթիվ փախստականներին ընդունմամբ, կամուրջների ստեղծմամբ, որոնք հաճախ փխրուն են, երբեմն էլ հաջողված կամուրջներ, բայց ես գիտեմ, որ ցանկացած փոքր կամուրջ ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր գոռոզ պատերը:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հենց այդ կամուրջներով է անցել սփյուռքահայությունը։ Փարիզը պարտական է նրանց իր մշակութային, մտավոր և հոգևոր հարստության համար, ինչպես փարիզահայերն են նրան երախտապարտ իրենց վերապրման և հետագա վերածննդի համար:

Որպես այդ կամուրջների վկայություն՝ մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները:
Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաև Երևանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները և նախաձեռնությունները:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ, որպեսզի այսու շարունակվի, ի հիշողություն վատագույնի և հանուն լավագույնի, փոխադարձ երկխոսությունը մեր այս երկու դրսևորումների՝ փարիզյանի և հայկականի միջև՝ հարուստ իրենց մեծ և գեղեցիկ ապագայով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 22-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն Նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։ Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդա­րա­նա­կան երկխո­սության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում:

Հանդիպումների հաճախակիությունը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:

Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին իր ստորագրությունն է դրել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում:

***

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ Նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

***
 Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ,

Հարգելի տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։

Բոլորին է հայտնի, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությունը բարեկամության պատմություն է, և մենք անկեղծ սեր ու հարգանք ենք տածում Ֆրանսիայի և նրա տաղանդաշատ ժողովրդի հանդեպ։ Ուստի այսօր ցանկանում եմ վերահաստատել փոխադարձ հարգանքի և վստահության ոգով երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու, ընդլայնելու և խորացնելու՝ Հայաստանի հանձնառությունը:

Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում։

Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակության համար:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում։

Կցանկանայի առանձնացնել նաև մեր երկրների միջև առկա սերտ խորհրդարանական կապերը: Քիչ անց հանդիպելու եմ Ֆրանսիայի Ազգային ժողովում գործող Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամների հետ: Մի խումբ, որի գործունեությունը լիովին համապատասխանում է իր անվանմանը: Ֆրանսիացի խորհրդարանականներն իրենց գործունեությամբ տարիներ ի վեր ոչ միայն նպաստել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցության ձևավորմանը, այլև հարստացրել ու խթանել են երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը:

Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս ամենաբարին մաղթել իմ գործընկեր նախագահ պարոն Մակրոնին Ֆրանսիան առաջնորդելու իր առաքելության մեջ, և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիան կդառնա ավելի բարգավաճ, ավելի գեղեցիկ ու ավելի ապահով երկիր:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, շատ լավ երկխոսության և ջերմ ընդունելության համար:

 

***
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզ այց կատարելու, ինչպես նաև այն ջերմ ու հաճելի զրույցի համար, որ մենք ունեցանք ճաշի ընթացքում: Ես վերահաստատեցի, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արևմուտքի և Արևելքի հատման վայրում կայուն և ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարևանությամբ մի տարածաշրջանում, և ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում:

Մենք միասին հանդիպելու ենք Շառլ Ազնավուրին: Ես չէ, որ պետք է նշեմ, որ նա ձեր դեսպանն ու մեր հայրենակիցն է և նա մշտապես երկուսն է մեկում: Նա այսօր մեզ հետ է լինելու, սակայն ամենից առաջ կարծում եմ, որ նա նվիրված է իր երկրպագուներին: Կարծում եմ, որ նա Պրովանսում է՝ Մարսելում, որտեղ համերգ ունի, բայց այսօր երեկոյան կարծես կլինի մեր կողքին: Նա մշտապես եղել է Ֆրանսիան ու Հայաստանը միացնող կենսական կապերից մեկը, և այն մարդկանցից մեկն է, ով աշխույժ է պահում մեր ամենօրյա հարաբերությունները, ինչպես, օրինակ, Ազգային ժողովի բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Մարիլոսյանը, ով այսօր մեր կողքին է, ով ևս ներկայացնում է մեր երկրների ընդհանուր հիշողությունն ու մշակույթը:

Ես հնարավորություն կունենամ արտահայտվելու պատմության չար քամիներին հակառակ ձևավորված մեր խորը հարաբերությունների մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ճաշի ընթացքում, որին կմասնակցեմ հաջորդ շաբաթ: Ինձ համար շատ կարևոր է այն դերը, որ խաղում է սփյուռքը մեր միջազգային ներգրավվածության հարցերում, ես կցանկանամ նրանց հետ շփվել և լսել նրանց: Ճանաչում եմ նաև այն պայքարը, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքը տանում է Ցեղասպանության հիշողության համար և կողմ եմ այդ պայքարին, որի հանդեպ մեծ հարգանք ունեմ, ինչպես նշել էի մի քանի ամիս առաջ:

2018 թվականը Հայաստանի համար կարևոր տարի է: Մայիսին դուք նշելու եք Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակը, և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը մասնակցելու է այդ միջոցառումներին: Ավելին, ես Ձեր հրավերով կայցելեմ ձեր երկիր, որի համար շնորհակալություն եմ հայտնում, պարո՛ն Նախագահ, քանզի հոկտեմբերին ներկա եմ գտնվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի հետ մեկտեղ Նախագահի հրավերով պետական այց կկատարեմ Հայաստան: Մենք խոսեցինք գագաթնաժողովի անցկացման մասին և այսօրվանից ձեռք ձեռքի տված աշխատելու ենք դրա կազմակերպման և հաջողության ծրագրի շուրջ:

Այս առումով Երևանում կայանալիք գագաթնաժողովը կարևոր է երեք պատճառով. առաջին հերթին Հայաստանը հյուրընկալելու է մեծ դիվանագիտական իրադարձություն և իր տեղն է հաստատելու Ֆրանկոֆոն երկրների շարքում՝ մի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերեն լեզուն պետք է զարգանա այն բոլոր արժեքներով, որ ներառում է: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար ևս կարևոր է, քանի որ այն ավելի ու ավելի կարևոր դեր է սկսում խաղալ և ավելի գրավիչ է դառնում բազմաթիվ երկրների համար՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ժողովրդագրական դինամիզմի: Եվ ի վերջո կարևոր է Ֆրանսիայի համար, քանի որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք որոշել ենք ավելի մեծ ուժ հաղորդել Ֆրանկոֆոնիային, ինչին ես ավելի մանրամասն կանդրադառնամ մարտին: Մենք որոշեցինք, որ այս գագաթնաժողովի հեռանկարը Հայաստանում նոր ազդակ կհաղորդի ֆրանսերենին, մասնավորապես կրթական համակարգում ֆրանսերենի տեղին՝ փորձելով ստեղծել երկլեզու միջնակարգ դպրոցներ: Մենք փորձում ենք նաև ունենալ հնարավորինս լայն մշակութային համագործակցություն, զարգացնել նաև Հայաստանում առկա Ֆրանսիական համալսարանը: Մեզ համար կարևոր հանձնառություն է նաև զարգացնել Երևանում Շառլ Ազնավուրի թանգարան-մշակութային կենտրոնը:

Մենք անդրադարձանք նաև հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, կարևորեցինք տնտեսական կապերին դինամիզմ հաղորդելու անհրաժեշտությունը, խոսեցինք նաև Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներդրումների մասին, մասնավորապես, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, սննդի արդյունաբերության ոլորտներում, որոնց առումով ունենք մեծ ծրագրեր, ինչի մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին:

Ողջունեցի անցած նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը՝ հաշվի առնելով այն բացառիկ մոտեցումը, որ Ֆրանսիան ցուցաբերեց այս հարցում:
Վերջում անդրադարձանք նաև միջազգային հարցերին՝ հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի մերձավոր հարևանությունում տեղի են ունենում խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում: Դրանք կարող են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաև գործելու շարժառիթ են: Նախագահ Սարգսյանին ասացի իմ համոզմունքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:

Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Բանակցությունների վերսկսումը, որին մասնակցում էիք Դուք, պարոն Նախագահ և Ձեր ադրբեջանցի գործընկերը Ժնևում անցած հոկտեմբերի 16-ին, որոնք հետագայում շարունակվեցին արտաքին գործերի նախարարների մակարդակում, քաջալերող են: Դրանց պետք է հետևեն կոնկրետ գործողություններ: Մեզ ևս շնորհավորում եմ, որովհետև անցած շաբաթ Կրակովում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և հուսով եմ, որ այդ ոգևորությունը մեզ առաջ կտանի: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի: Համենայնդեպս, ես վստահեցրեցի պարոն Նախագահին իմ անձնական ներգրավվածության մասին, ինչպես նաև իմ վճռականության, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ իր դերը՝ որպես անկողմնակալ միջնորդ: Մենք հետևում ենք այս իրավիճակին և մեր ռուս ու ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր հնարավորությունները:

Եվս մեկ անգամ, պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ, որ եկել եք Փարիզ տարվա սկզբին: Առաջիկա ամիսները կլինեն բուռն աշխատանքի ամիսներ, և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր հրավերի համար, որը ես սիրով ընդունում եմ և Հայաստան կժամանեմ պետական այցով այս աշնանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ:

Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին` ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը: Այդ գործունեությունը, ըստ Նախագահի, դրսևորվում է նաև պատգամավորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձևավորմամբ և համապատասխան տեղեկատվության տարածմամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիայում առավել ամբողջական և օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի մասին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև հայ-ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում` Արցախի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը:

***

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը

Հարգելի՛ Ժակ Մարիլոսյան,
Հարգելի՛ պատգամավորներ,

Այսօրվա հանդիպումն ինձ համար, իհարկե, առաջին հերթին հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Մարդկանց հետ, ովքեր իսկապես հանձն են առել իրենց ներդրումը բերել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամության ամրապնդմանը, մեր միջպետական օրակարգի համալրմանը, մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման բարձրացմանը։ Եվ այդ պատասխանատու առաքելությունը ձեզ հաջողվում է հիանալի իրականացնել։ Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք և կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարևոր հարցերում, այդ թվում նաև՝ ժողովրդավարության և բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում:
Հանդիպելով թե՛ Հայաստանում և թե՛ Ֆրանսիայում, մենք միշտ էլ քննարկելու հարցեր ունենք, քանի որ իսկական բարեկամներին վայել մեր ծավալուն օրակարգը դինամիկ զարգացում է ունենում, միշտ նորացվում է, փոփոխվում է՝ մեր երկրների, տարածաշրջանի և գլոբալ զարգացումներին համընթաց:

Ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Գիտեմ, իհարկե, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այդ վեհաժողովներում ֆրանսիական պատվիրակությունների կազմերը նորացվել են, բայց ես հույս ունեմ, որ այսօրվա պատվիրակությունները կշարունակեն համագործակցությունը մեզ հետ, մշտապես հետամուտ կլինեն այն հարցերին, որ զգայուն են նաև Հայաստանի համար: Իհարկե, նաև շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին: Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաև այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ:

2017 թվականն, իսկապես, կարևոր տարի էր թե՛ Հայաստանի և թե՛ Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու և հզորացնելու գործում: Իհարկե, Հայաստանում ևս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված Սահմանադրական բարեփոխումների և ընդունված նոր Ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձևին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների և մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը։

2017 թվականին ստորագրվեց նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա մեզ համար առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել:

Եվ այս համատեքստում մեծապես կարևորում եմ նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետևելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ ձեզ ասել, որ այս տարի մեր մայրաքաղաքում կտիրեն ֆրանկոֆոն ոգին, ֆրանսիական շունչը, կծածանվեն ֆրանսիական խորհրդանիշերը։ Երևանը հոկտեմբերին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ «Ապրել միասին»՝ չափազանց կարևոր այս ուղերձը պիտի մենք բարձրաձայնենք։ Եվ ուրախ կլինենք բոլորիդ տեսնելու այդ միջոցառմանը:

Եվ, իհարկե, ես լիահույս եմ, որ դուք կշարունակեք խորացնել արդյունավետ համագործակցությունը ձեր հայ գործընկերների հետ, կշարունակեք այցելել Հայաստան և Արցախ, տեղեկանալ մեր անցուդարձին, կարող եք օբյեկտիվ տեղեկատվություն տարածել՝ ի շահ մեր երկրների, ի նպաստ եվրոպական ժողովրդավարության, մարդասիրության և խաղաղության: Ձեր աշխատանքն, իսկապես, շատ կարևոր է, մեզ համար շատ արժեքավոր:

Ինչպես դուք՝ ֆրանսիացիներդ եք ասում «Ցանկանալ նշանակում է կարողանալ» (Vouloir, c'est pouvoir): Վստահ եմ, որ ցանկության դեպքում հետևողական, ամենօրյա, ամենժամյա աշխատանքով մենք կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և ի հարատևումն մեր ժողովուրդների պատմական բարեկամության։ Եվ ուզում եմ կրկնել պարոն Մարիլոսյանի խոսքերը՝

Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

*** 

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը

Պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բազմադարյա են, ունեն փառավոր էջեր, բայց նաև սև էջեր, այդ թվում՝ Ցեղասպանության ժամանակահատվածի էջերը, երբ Ֆրանսիան դարձավ շատ հայերի համար երկրորդ հայրենիք՝ տալով անվանի զավակներ՝ մեծ երգիչներ, պատգամավորներ, անգամ «Ֆորմուլա-1»-ի վարորդներ:

Այսօր մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստում մենք հատկապես ուզում ենք շեշտը դնել տնտեսական բաղադրիչի վրա: Եվ մեր մյուս գործընկերը՝ պարոն Գիյոմ Գասպարյանը՝ դարձյալ պատգամավոր, առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երկկողմ հարաբերություններում տնտեսական զարգացմանը: Ինչպես այսօր արդեն խոսեցինք նախագահ Մակրոնի ներկայությամբ` հունիս ամսին մենք մտադիր ենք ֆրանսիական պատգամավորական պատվիրակություն բերել Հայաստան: Մեր այցի ծրագիրը դեռևս մշակման ընթացքում է, բայց նախատեսում ենք ներառել մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, այդ թվում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարությանը: Կուզենայինք ինչ-որ կերպ նպաստել Հայաստանում ներդրումների խրախուսմանը: Մենք կուզենայինք նաև փորձի փոխանակում իրականացնել սահմանադրական գործընթացների և սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված երկու երկրների խորհրդարանականների միջև քննարկումների անցկացմամբ:

Եվ վերջապես մի թեմա, որի մասին, կարծեմ, Ձեր այցի ընթացքում շարունակ խոսվել է. հոկտեմբերին լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այդ մեծ միջոցառումը, որը տեղի է ունենալու Երևանում, կգա ևս մեկ անգամ խորհրդանշելու ձեր երկրի խորքային կապը մեր լեզվի և մեր մշակութային ինքնության հետ:

Ես առայժմ խոսեցի միայն 2018 թվականի մեր ծրագրերի մասին, բայց, անկասկած, կան հետագա տարիներ, որոնք կգան տարեցտարի ամրապնդելու մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող դաշինքը:

Ուրեմն, թող հայ-ֆրանսիական հարաբերությունները հարատև լինեն: Կարծեմ, հայերեն դա այդպես է հնչում՝ կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:
Մինչ հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»:

«Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց, որի ներքո են առաջ մղվում այն արժեքները, որ կոչված են ապահովելու մարդու ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը:
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 17-ամյակի նախօրեին իմ այս այցը ևս մեկ առիթ է հաստատելու Հայաստանի հանձնառությունն այդ արժեքներին:
Հավատալով մեր կառույցի ապագային՝ գտնում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կարևոր մարտահրավերներին առերեսվելիս՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով՝ հանուն մեր Կազմակերպության միասնության և հեղինակության»,-գրել է Նախագահ Սարգսյանը։

Այնուհետև Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ, Նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը:

Կողմերը, մասնավորապես, ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել նաև ԵԽ «Ոսկե գրքում»:

«Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի: Մեծապես կարևորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը և համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է:

Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը այդ արժեքներին, քանի որ միասնական աշխատանք ենք իրականացնում՝ հանուն ժողովրդավար և խաղաղ Եվրոպայի մեր համընդհանուր տեսլականի»,-գրել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

 

***

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ:

Հանդիպման սկզբում Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Միկելե Նիկոլետիին խորհրդարանական վեհաժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ այդ ընտրությունը ԵԽԽՎ-ում դրական փոփոխություններ կբերի, և պարոն Նիկոլետիի անձնական որակներն ու փորձը լավագույնս կծառայեն կազմակերպությանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, այնպես էլ ԵԽ կոնվենցիոն և միջկառավարական մարմինների հետ։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ 17 տարի առաջ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը եղել և մնում է Հայաստանում իրակա­նացվող բարեփոխումներին աջակցող կարևոր գործընկերներից: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին Հայաստանում համալիր բարեփոխումների իրականացման նպատակով կազմակերպությունից ստացված փորձագիտական և խորհրդատվական աջակցությունը: Նախագահը մեծ կարևորություն է տվել ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացին, Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների զեկույցներին, որոնք Սերժ Սարգսյանի համոզմամբ, ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիների կյանքի բարելավմանն ու Հայաստանի առաջընթացին և արձանագրում են կազմակերպությանն անդամակությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, տրամադրված է ակտիվ փոխգործակցության: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ևս իր դրական ազդեցությունը կունենա ԵԽԽՎ-ի հետ փոխգործակցության հետագա զարգացման գործում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ կազմակերպությունը և ինքն անձամբ բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ հաստատուն քայլերով Հայաստանի առաջընթացը և պատրաստակամ են շարունակելու արդեն իսկ արդյունավետորեն զարգացող փոխգործակցությունը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության օրակարգին վերաբերող այլ հարցեր:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով

Շնորհակալ եմ Մեծարգո՛ Գլխավոր քարտուղար,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար։

Ինչպես միշտ, Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:

Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ։

Իհարկե, քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։

Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:

Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը և բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնականնության ապահովման նպատակով։

Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրում է ունեցել Եվրոպայի խորհուրդը։

Շնորհակալ եմ:

***
ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով


Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար շատ հաճելի է և մեծ պատիվ է այսօր այստեղ հրավիրել Հայաստանի Նախագահ պարոն Սարգսյանին:

Ինչպես գիտեք, մենք շատ լայն համագործակցություն ունենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև: Մենք տեսանք, թե Հայաստանն ինչպես ընդունեց նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, ընտրություններն անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով, բոլոր բարեփոխումներն ընթացքի մեջ են և մենք շատ համակողմանի համագործակցություն ունենք այս բոլոր հարցերի շուրջ: Շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահը մեզ այցելում է՝ նշելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը:

Մենք շատ հետաքրքիր մտքերի փոխանակություն ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ, սակայն մինչև Ձեզ խոսքը փոխանցելը, պարո՛ն Նախագահ, կցանկանայի նշել, որ ես շատ բարձր եմ գնահատում այն բոլոր պայմանագրերը, որ Դուք այսօր ստորագրեցիք: Ես նախկինում երբեք այդքան շատ պայմանագիր չէի ստորագրել որևէ պետության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի հետ: Երբեք չէի տեսել, որ այդքան շատ կոնվենցիաներ ու պայմանագրեր ստորագրվեն միանգամից: Դա շատ բան է ասում այն առաջընթացի մասին, որ Հայաստանն արձանագրել է այս ընթացքում: Այսպիսով, խոսքը փոխանցում եմ Ձեզ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ:

Շնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և ընդգծել, որ շուրջ երեսուն տարվա պատմություն ունեցող այս կառույցի բարձր հեղինակությունը նաև Վենետիկի հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած Ջաննի Բուքիքիոյի արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքն է։

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ արդյունավետ համագործակցության խորաց­ման գործում իր նշանակալի նպաստն է բերել Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի սերտ և գործնական երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմա­նա­դրական փոփոխություններից հետո` այդ փոփոխություններով նախատեսված դրույթների կյանքի կոչման, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ Հայաստանում մեկնարկած ծավալուն աշխատանքի ընթացքին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարևոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերված մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար:

Ջաննի Բուքիքիոն վստահեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, և հանձնաժողովում ուրախ կլինեն ՀՀ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում ևս օգտակար լինելու փորձագիտական աջակցության տրամադրմամբ:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին


Խորհրդարանական վեհաժողովի hարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Նախ ջերմորեն ողջունում եմ ձեզ ու իհարկե շնորհավորում Ձեզ, հարգարժա՛ն պարոն Նիկոլետի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հիրավի, Ձեզ վիճակվել է նախագահել մեր Վեհաժողովը բավական բարդ ժամանակաշրջանում: Հավատացած եմ, որ Ձեր երկարամյա փորձն ու անձնական որակներն ավելի քան պահանջված են մեր կառույցի հետագա հաջողության և հեղինակության համար: Ցանկանում եմ նաև բարձր գնահատել տիկին Կիրիակիդեսի աշխատանքը, ով լավագույնս իրականացրեց ԵԽԽՎ նախագահի առաքելությունը։
Նախորդ անգամ պատիվ եմ ունեցել ելույթով հանդես գալու այս բարձր ամբիոնից 2013 թվականին, երբ Հայաստանը նախագահում էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում։ Այդ առաքելությունը կարևոր հանգրվան էր Եվրոպայի խորհրդի ընդարձակ ընտանիքում մեր ինտեգրվելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մենք այն պատվով իրականացրինք:

Վաղը հունվարի 25-ն է՝ այն օրը, երբ մենք 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին: Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու: Գիտակցում էինք նաև, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը առանց Եվրոպայի խորհրդի կառույցների աջակցության և անմիջական մասնակցության դյուրին չէին լինելու: Իսկապես, քաղաքական կամքի ու համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների:

Այսօր Վեհաժողովի այս դահլիճում, հպարտությամբ կարող եմ հայտարարել. մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ: Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի։ Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար. մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով։ Եվ դա շարունակելու ենք։ Ավելին, այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ՝ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և երկրորդ՝ մենք արդեն սկսում ենք Եվրոպական միության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը։

Յուրաքանչյուր ժողովրդավարություն կենդանի օրգանիզմ է: Մեր պետականաշինության քառորդդարյա ջանքերն ուղղված էին հենց դրա սնուցմանը: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորում, զարգացում. այն չի կարող դոփել տեղում և կենսունակ լինելու համար պետք է քայլի ժամանակին համընթաց։ Հենց այս տրամաբանությամբ էլ ձեռնամուխ եղանք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, որին Եվրոպայի խորհուրդը ցուցաբերեց իր համակողմանի աջակցությունը։

Ապրիլ ամսին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով։ Մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձևին։ Այդ գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր մենք ականջալուր ենք եղել մեր գործընկերների թե՛ քաջալերանքին, թե՛ քննադատությանը։ Կասկած չունեմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը իրենց նպաստն են բերել Հայաստանի առաջընթացին:

Այս ողջ ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որի փորձագիտական կարծիքի հիման վրա լրամշակվել էր սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Փոխվստահության մթնոլորտում արդյունավետ այս աշխատանքը շարունակվում է առ այսօր՝ բարեփոխված Սահմանադրության ներքո բազմաթիվ նոր օրենսդրական լուծումները կյանքի կոչելու գործընթացում։ Դա լավագույնս դրսևորվեց Հայաստանի ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ, որն ընդունվեց տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թափանցիկ և ներառական գործընթացի արդյունքում: Մենք անգամ դիմեցինք աննախադեպ քայլի՝ օրենքում ամրագրելով քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջ: Դա, ինչպես գիտեք, ընդունված պրակտիկա չէ, հատկապես անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Սակայն մենք դա արեցինք՝ ընտրությունների հանդեպ հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար։
Նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսևորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին հրավիրված մեծ թվով դիտորդական առաքելությունների թվում էր նաև այս Վեհաժողովի պատվիրակությունը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ընտրական նոր օրենսգրքի շնորհիվ Ազգային ժողովում այժմ հատկացված են պարտադիր տեղեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Դա ևս մեկ քայլ է առավել մասնակցային կառավարում ապահովելու ուղղությամբ:
Այժմ բարեփոխման ընթացքում են դատական, քրեական, քրեական դատավարության օրենսգրքերը, հանրաքվեի ու սահմանադրական դատարանի մասին օրենքները։ Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատաիրավական համակարգի պայմաններում։
Այս համատեքստում մենք կարևորում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով: ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա կատարել ենք մի շարք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործել ենք իրավակիրառ պրակտիկան: Սրանք կարևոր քայլեր են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր այդ աշխատանքն աննկատ չի անցնում. ՄԻԵԴ-ի վճիռները պատշաճ և հետևողական կատարելու հարցում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների առաջատարներից մեկն է:

Հավատացած ենք, որ մարդու իրավունքների պատշաճ երաշխավորումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը չեն կարող արդյունավետ լինել` առանց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նոր որակի գործիքակազմ է նախատեսել: Մասնավորապես, նախորդ տարվա կեսերին խորհրդարանը միաձայն ընդունեց մի քանի օրենքներ, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Այն կսկսի գործել այս տարվանից, և դրա անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից: Նույն հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում ընդունվեց ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության օրենքը: Մենք նաև քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված և հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային և հետևողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ:

Վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր մեր երկիրն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել թե՛ ստանձնած պարտավորությունների կատարմանը, թե՛ այս կառույցի հիմնարար արժեքների հանդեպ մեր հավաքական հանձնառությանը:

Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերևս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր:
2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ և աղմկահարույց զեկույցներ, բանաձևեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միևնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երևույթների կյանքը կարճ է։ Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձևերը, ինչպես նաև հեղինակազրկելով դրանց հետևում կանգնած մարդկանց և ուժերին: Հավատացած եմ, որ կոռուպցիոն բացահայտումներն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի զեկույցը արմատախիլ կանի այդ արատավոր երևույթը՝ նպաստելով անդամ պետություններում մեր կառույցի հանդեպ վստահության ամրապնդմանը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Հայաստանը պարտավորություն ստանձնեց նաև հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով` շարունակելով այդ նպատակով գործադրել իր ազդեցությունը Արցախի վրա: Թեև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, այդուհանդերձ, ելնելով մեր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունից՝ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ այս խնդրին:

Սրանից ուղիղ 30 տարի առաջ արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում: Սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ էր: Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ:

Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, քանի որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Եթե 1926 թվականի մարդահամարով հայերը կազմում էին Արցախի բնակչության գրեթե 90 տոկոսը, ապա Բաքվի այդ քաղաքականության հետևանքով 1988 թվականին՝ ընդամենը 77 տոկոսը: Ես ինքս այդ իրողություններով մտահոգված արցախցիներից մեկն եմ եղել:

1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին Բաքվի քաղաքականության դեմ և փորձեցին խաղաղ ճանապարհով իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես այդ ընդվզման առաջին շարքերում եմ եղել: Արցախի խորհրդարանը որոշում ընդունեց, մարդիկ դուրս եկան խաղաղ ցույցերի: Ադրբեջանի պատասխանը պարզապես բացասական չէր: Ադրբեջանի պատասխանն էր Արցախից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայերի հանդեպ կոտորած իրականացնելը: Հայերից վրեժ էին լուծում Արցախի կայացրած որոշման համար:

Կշեռքի մի նժարում խորհրդարանի որոշումը և խաղաղ ցույցն էր, մյուս նժարում՝ բռնությունն ու կոտորածը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ առնչվող յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի այս իրողությունը:

Հենց այդ պատճառով սին են հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելու բոլոր փորձերը: Նման հավասարեցումը կեղծ անկողմնակալություն է: Այդպիսով հավասարության նշան է դրվում Սումգայիթի ջարդարարի և նրա զոհի միջև: Այս տարի փետրվարի 27-ին մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի ջարդերի զոհերին:

Ջարդերը վերածվեցին պետական քաղաքականության և Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որի նպատակն էր Արցախի հայ բնակչության լիակատար բնաջնջումը: Արդարության պակասուրդի և բնաջնջման սպառնալիքի պայմաններում Արցախը չուներ որևէ այլ ելք, քան ինքնապաշտպանության դիմելը: Այստեղ ևս ես առաջին շարքերում եմ եղել և վայրկյան իսկ չեմ ափսոսում ժամանակին կատարած իմ ընտրության համար:

Հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է: Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է։ Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում նաև Եվրոպայի խորհուրդը։ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:

Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը:

Ցավոք, երբեմն այս Վեհաժողովում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշածս իրողությունները` ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա։

Պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդա-վարություն կառուցել և խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը և իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը: Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է և այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է:

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է. ի թիվս Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի՝ Արցախը դեռևս 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և պարտավորվել լիարժեքորեն կիրարկել այն։ Հատկապես գնահատելի է, որ Լեռնային Ղարաբաղը այս ամենին հասել է իր սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների շոշափելի աջակցության, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը զուտ խոսքեր չեն, այլ գիտակցված ու հետևողական ընտրություն:

Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ ընդհուպ մինչև ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առևանգում մեկ այլ երկրի տարածքից:

Այստեղ կրկին պետք է անդրադառնամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը: ՄԻԵԴ-ի քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պարզ է, որ ՄԻԵԴ-ը հարցին մոտենում է «գորշ գոտիներ» բացառելու և մարդու իրավունքները Եվրոպայի տարածքում երաշխավորելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներում քաղաքական ձևակերպումներն ու գնահատականները կարող են ուղղակիորեն բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականներում չափազանց զգուշավոր լինի՝ խուսափելով քաղաքական ձևակերպումներից:

Վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Ներկայիս գլոբալ մարտահրավերների համատեքստում առավել քան խոցելի են մեր երկրների տնտեսությունները: Արդյունքում սոցիալական արդարության և բարեկեցության խնդիրները հանրային ուշադրության կիզակետում են հայտնվում։ Մեր տարածաշրջանի բարդ իրողություններն իրենց հերթին սահմանափակում են տնտեսական աճի ներուժը: Ուստի մենք ձգտում ենք լավագույնս օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ ինտեգրացիոն կառույցների ընձեռածները։

Հինգ տարի առաջ՝ 2013 թվականին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից քիչ անց, շատերը, այդ թվում՝ այս դահլիճում, թերահավատություն էին հայտնում Հայաստանի հանդեպ։ Սակայն Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը և նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել։ Ուղիղ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է համագործակցության բոլորովին նոր որակ։ Եվ Հայաստանի լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ կազմում բնավ խոչընդոտ չհանդիսացավ:

Մենք այսօր շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր միջազգային ներգրավումը նաև այլ ուղղություններով: Մեզ համար համագործակցության յուրատեսակ հարթակ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը թե՛ մարդու իրավունքների առաջխաղացման, թե՛ լեզվամշակութային տեսանկյուններից։ Մեր երկրին ընձեռվել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում հյուրընկալելու պատիվը։
Գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասին» կարգախոսի ներքո և նախատեսվում է համանուն դաշնագրի ընդունում՝ ուղղված մարդու իրավունքների, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդմանը: Մեզ համար սա պարզապես կարգախոս չէ. հայ ժողովուրդը գիտի ատելության քարոզի, անհանդուրժողականության ու խտրականության գինը և հնարավոր բոլոր հարթակներում պայքարում է դրանց դեմ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հաջորդ տարի նշելու ենք Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-րդ տարեդարձը։ Սա լրջագույն հանգրվան է մեր մեծ ընտանիքի համար, որը գրեթե յոթ տասնամյակ պայքարում է Եվրոպայում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար: Ընդամենը 10 պետության կողմից հիմնադրված այս կառույցն այսօր միավորում է եվրոպական ընտանիքի 47 պետություն՝ 820 միլիոն բնակչությամբ։ Կարծում եմ` սա մեծ ձեռքբերում է, որը պետք է փայփայել, ջանք չխնայել դրական օրակարգի ձևավորման, կառույցի դերի ու նշանակության առավել բարձրացման համար:

Սակայն սրանով Եվրոպայի խորհրդի առաքելությունը չի սահմանափակվում: Այս կազմակերպությունը մեծ դերակատարում ունի ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքակրթական առումով: Կարծում եմ, որ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել կազմակերպությանը՝ վերաիմաստավորելով համաեվրոպական քաղաքական կառուցվածքում նրա դերն ու նշանակությունը: Կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ արդիական մեխանիզմներ, որոնք իրապես պահանջված են մեր հասարակությունների կողմից։ Մենք արդեն տևական ժամանակ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում Գլխավոր քարտուղարի ձեռնարկած՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների ողջունելի գործընթացը:

Հայաստանը սատարում է նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը գումարելու գաղափարը։ Կարծում եմ՝ այն լավ առիթ կլինի վեր հանելու մեր մայրցամաքի համար առավել հրատապ խնդիրները և վերահաստատելու առավել կուռ և ներառական Եվրոպայի տեսլականը։ Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի հիմնադիրները առավել քան հպարտ կլինեին Եվրոպայի 47 երկիր մեկ հարկի տակ միավորելու փաստով։ Սա ձեռքբերում է, որի կարևորությունը չպետք է թերագնահատենք. այս միասնականությունը բոլորիս շարունակական ջանքերի կարիքն ունի։

Հայաստանը պատրաստ է լծվելու հետևողական աշխատանքի այս ուղղությամբ՝ ստանձնելով համագործակցության առավել հասուն մակարդակ: Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու ժողովրդավարության և իրավունքի գերակայության մեր ընդհանուր տանիքի՝ Եվրոպայի խորհրդի հաջողությանը։

Շնորհակալ եմ։

***

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ


Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի´ հայրենակիցներ,
Տիկնա´յք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։

Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժո-ղովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:

Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։

Պարո՛ն Գլխավոր քարտուղար,

Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։

Շնորհակալություն:

***

 

ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Նալբանդյան, պարո՛ն Ռասմուսեն, պարո՛ն դեսպան, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես ուրախ եմ ընդունել այս նվերը՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը: Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ: Պաշտպանելու և առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների:

Այս քարը և Ձեր անձնական ներկայությունն այստեղ այսօր, Նախագա՛հ Սարգսյան, հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների և մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ: Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարևոր է և առավել գնահատելի: Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների: Գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել:

Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները: Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ: Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար:

Հայաստանը նաև կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում: Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին Դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ Եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ: Միաժամանակ, մենք ընդունում ենք այս նվերը հաճույքով և երախտագիտությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60-րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարևոր հենքերից է։ Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ՝ Նախագահը նշել է, որ իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների և նրանց քաղաքացիների շահերից: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաև Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման և ընդհանրապես եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարևոր է:

Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ ևս այցելելու համար և կարևորել նման հանդիպումներն ու շփումները: ՄԻԵԴ նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաև ՄԻԵԴ-ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը: Գիդո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է և որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ:

← Վերադառնալ