25
12, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և նրա տիկնոջ` Մակա Չիչուայի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք: 

***

Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է բարեկամ Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիում՝ ընդգծելով, թե ուրախ է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարին ավարտվում է Նախագահ Սերժ Սարգսյանի նշանակալի այցով, որը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում ևս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, և անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ երկուստեք հետևողականորեն շարունակել աշխատանքը:

Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին կարևորել են նաև տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ պատվիրակությունների անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները և դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար:

Այս տարին նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ այցը լավ առիթ է ամփոփելու մեր համատեղ աշխատանքը, արձանագրած արդյունքները և մեր հետագա անելիքները:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, և մենք շատ անելիքներ ունենք։

Անցած քառորդ դարում հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների մշակութային հարուստ ավանդույթների, փոխկապակցված պատմության և արժեքային ընդհանրությունների հենքի վրա:
Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի, մենք իսկապես բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի հանդեպ: Պատահական չէ, որ հայաստանցիների մի ստվար մասը նախընտրում է իր արձակուրդները և տոները անցկացնել հենց Վրաստանում։

Բարձր եմ գնահատում Վրաստանի Նախագահի հետ մեր արդյունավետ բանակցությունները, որոնք, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:

Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը: Շահագրգռված ենք պահպանելու բարձր մակարդակի փոխայցերի ակտիվությունը, որը զարկերակի դեր է կատարում երկուստեք պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև նոր ծրագրեր նախանշելու համար։ Կարծում եմ բոլորի համար հասկանալի է՝ եթե այստեղ հայերի նկատմամբ լիներ ոչ բարյացակամ վերաբերմունք, ապա հայերը հաճույքով չէին գա Վրաստան:

Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև իհարկե մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը: Խոսեցինք զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը: Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն:

Անշուշտ, պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով:

Մեզ համար օրենք է, և ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին:

Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել պարոն նախագահին, այստեղ ներկա փոխվարչապետներին, կառավարության անդամներին արդյունավետ բանակցությունների համար և ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել, որ մենք խորապես շահագրգռված ենք եղբայրական Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և մշտապես լինելու ենք այդ տեսակետի կողմնակիցը:

Շատ շնորհակալ եմ:

***

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը

Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկին Չիչուա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ, իսկապես եղբայրական ընդունելության համար: Այս այցը, աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Այսօր տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս վկայեցին երկկողմ հարաբերություններին ավելին տալու, դրանց որակական նոր բովադակություն հաղորդելու մեր ձգտումը:

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պատմությունն ի սկզբանե խարսխվել է մեր ժողովուրդների անկեղծ համակրանքի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Դարեր ի վեր մեր մշակութային ռահվիրաները՝ գրողներն ու լուսավորիչները, նկարիչները, դրամատուրգները, դերասաններն ու երաժիշտները իրենց խոսքն ու գործը ծառայեցրել են հայ և վրացի ժողովուրդների մերձեցմանը:
Այս պահին տեղին է հիշել մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը. «Մի մեծագույն իմաստություն կա՝ ժողովուրդների լավ հարաբերությունները, որ գալիս են դարերի խորքից»: Իսկապես, հենց այսպիսին՝ պատմության էջերից սերող է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Այն ծնվել է հեռավոր անցյալում, արմատավորվել ու կաթիլ-կաթիլ ամրացել դարերի ընթացքում։

Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը և թե՛ վրացական հացը, գինին և խոհանոցը։

Եվ կարևոր է, որ այսօր Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ, ինչը մեր միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների անսասան հիմքն է, և ինչը մենք իրավացիորեն կոչում ենք՝ եղբայրական:

Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի այս հոբելյանական տարում մենք հպարտանալու բան ունեք։ Կարող ենք գոհունակությամբ փաստել, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ուրախ եմ, որ մեր երկրների միջև ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարևոր ոլորտներում համատեղ ձեռքբերումների մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները: Հետևողականորեն ընդլայնվում և բազմազան է դառնում մեր առևտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում:

Խորհրդանշական է, որ մեր երկխոսությունը մշտապես ընթանում է լիակատար փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում: Հավատացած եղեք, որ մենք հետևողական ենք մեր փոխադարձ ջանքերի առարկայացման հարցում, ինչի արդյունքները անկեղծորեն գոհացնում են հայ ժողովրդին։

Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան: Մի առիթով վրաց ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, հռչակավոր գրող Նոդար Դումբաձեն ասել է. «Հայերը և վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարևաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»։

Պատմությունն ինքն է վկայում, որ մեր պետությունների ամենակարևոր շաղկապը հենց մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, հոգևոր ու մշակութային մտերմությունը: Մեզ միավորող արժեքներ, որ երկար, շատ երկար փորձաշրջան են անցել։ Եվ հենց սա է մեր փոխգործակցության ելակետը:

Հարգելի՛ բարեկամներ,

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Վրաստանի Նախագահի և տիկին Չիչուայի, Վրաստանի բարօրության ու առաջընթացի, և իհարկե ի պատիվ մեր երկկողմ բարեկամության ապագայի:


***

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելությանը

Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Նախագահ,
Պարո՛ն Սերժ Սարգսյան,
Տիկի՛ն Ռիտա Սարգսյան,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց ողջունում եմ բոլորիդ:

Ուրախ եմ ինձ ընձեռված հնարավորության՝ Վրաստանում Ձեզ հյուրընկալելու համար:

Այսօրվա այցը Վրաստանի և Հայաստանի միջև պատմական բարեկամության ևս մեկ ակնառու արտահայտություն է: Հատկանշական է, որ մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակն ավարտվում է նման հիշարժան իրադարձությամբ:

Մենք միայն հարևաններ չենք, մեր համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, և այն այսօր ևս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի և Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով:

Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերիների դեմ և պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները:

Ձերդ Գերազանցություն,

Վրաստանը շատ է գնահատում և փայփայում այս բարեկամությունը:Մենք ուրախությամբ ենք հետևում այն հաջողություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը հասնում է Ձեր ղեկավարությամբ:

Օգտվելով առիթից և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով:

Այստեղ կրկին ցանկանում եմ հավաստել, որ Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ակտիվ աջակցող:

Մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օգուտներով և այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների և մայրցամաքների միջև համագործակցության առումով:

Պարո՛ն Նախագահ,

Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամուր և հրաշալի ավանդույթները ամրապնդվում են մեր անձնական բարեկամությամբ ևս: Ես հիշում եմ իմ այցը Հայաստան և անջնջելի տպավորությունները, որոնք ես ունեցել եմ Ձեր սրտաբուխ հյուրընկալության արդյունքում: Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և դրանք բոլորն էլ բարեկամությամբ և անկեղծությամբ էին ոգեշնչված:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ճիշտ այս ոգով թույլ տվեք ձեզ առաջարկել մեր թանկագին հյուրի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի և առաջին տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի, կենացը:

Ուզում եմ նաև շնորհավորել Ձեր բոլորի գալիք՝ 2018 տարին և մաղթել երջանկություն, առողջություն և բազում հաջողություններ՝ բարեկամ հայ ժողովրդի խաղաղության և բարեկեցության համար:

Կեցցե՛ն մեր հյուրերը,

Կեցցե՛ մեր բարեկամությունը:

***

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:

Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության Նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով:

***

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարևոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության պահպանման և խորացման համար նրա աղոթքների համար:

Նախագահ Սարգսյանը և Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են պետության և եկեղեցու միջև հարաբերությունները: Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի կյանքում բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում` առևտրաշրջանառության ծավալների աճը և կարևորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է: Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևորել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից:

Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին` ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում:

Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրներն ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, և սերտ փոխգործակցությունը լավագույն ձևն է արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում:

«Նախատոնական այս օրերին բարեկամ Վրաստան իմ հերթական պաշտոնական այցը լավ առիթ է բարեմաղթանքի տողեր գրելու Վրաստանի խորհրդարանի՝ ինձ արդեն քաջ ծանոթ այս հուշամատյանում։

Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում և Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով ևս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կեցցե՛ն հայ և վրաց եղբայրական ժողովուրդները»,-գրել է Նախագահը։

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:

Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն և դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սարգսյանին և ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների:
Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին և վրացի ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն և լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

 

← Վերադառնալ