Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառում¬ներին:
2012թ. Լիմբուրգի նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու: Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
Հանրապետության Նախագահը ԵԺԿ գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Լիմբուրգ նահանգի կառավարության շենքում, նաև գրառում է կատարել նահանգապետարանի պատվավոր հյուրերի ոսկե մատյանում: