14
03, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:

Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ Նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ և բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարևորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:

Առանձնազրույցից հետո, ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադառնալով բարձր մակարդակի հայ-հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման և փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին, ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով փոխկապակցված, երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև այդ բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող Հունաստանի հայ համայնքին: «Բարեկամ հույն ժողովրդի հյուրընկալության մասին վկայությունները հիշատակվում են դեռևս մեծն Հոմերոսի «Ոդիսականում», այդուհանդերձ, հունական «քսենիան» մեզ՝ հայերիս, քաջածանոթ է ոչ միայն գրականությունից: Անծանոթին անօգնական չթողնելու պատգամին հավատարիմ՝ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան տվեց հայրենազրկված և անօթևան մնացած հազարավոր հայերի: Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը:

Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ` հայերիս, սակայն, հյուրասիրության այս դրսևորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ: Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ: Նրանք միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով:

Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ և հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Պայքարել են կողք կողքի՝ վաստակելով գոյատևելու իրավունքը: Այսօր էլ, որպես համանման արժեքների ու բարոյականության կրողներ, հանդես են գալիս կողք կողքի՝ վաստակելով հարատևելու ու բարգավաճելու իրավունքը: Այդ ժառանգության հիման վրա ենք այսօր շարունակում ամրապնդել հայ-հունական բարեկամությունը, որն արդեն 24 տարի է, ինչ միջպետական բնույթ է կրում:

Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսու-թյունից մինչև համագործակցություն կրթության և մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարևորագույն գործընկերներից է: Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ: Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն հայ և հույն ժողովուրդների դարավոր պատմության, հանուն ներկա բարեկամության և ապագա սերունդների հարատև համակեցության:

Ողջունելով ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը` Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան ևս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարևորությունը: Նշելով, որ հայերը և հույները միմյանց հետ կապված են ամուր պատմական, բարեկամական կապերով, Նախագահ Պավլոպուլոսը շեշտել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում` դժվարին պայմաններում. «20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը: Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը: Պետք է հիշենք, պարո՛ն Նախագահ, որ պատմական հիշողությունը կարևոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարևոր է նաև մարդկության ապագայի տեսանկյունից: Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սև, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,- ասել է Հունաստանի Նախագահը, ում տեսակետի հետ ՀՀ Նախագահն այս հարցում համակարծիք է եղել` ընդգծելով, որ ցեղասպանությունը հիշելը և դատապարտելը հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակ ունի և փաստելու, որ մեր թշնամիներին չի հաջողվել իրականացնել մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու իրենց ծրագիրը:

Հունաստանի Նախագահը խոսել է զարգացման լայն հնարավորություններ և հեռանկար ունեցող հայ-հունական երկկողմ կապերի մասին, որոնք, նրա համոզմամբ, ավելի կամրապնդվեն ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքում:

Նախագահ Պավլոպուլոսը բաժակաճառում հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարևորագույն հարցերի` Հունաստան-Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին: Այդ համատեքստում նա ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների և նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը և, անշուշտ, նույն տեսակետին է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Հունաստանի Նախագահի խոսքով, իր երկիրը կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:

«Վստահ եմ, պարո՛ն Նախագահ, որ նկատի ունենալով այս մարտահրավերները, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դիմագրավենք այս ճգնաժամները:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել ու խմել անձամբ Ձեր և բարեկամ հայ ժողովրդի կենացը` մաղթելով ազգային իղձերի և նպատակների իրականացում, առաջընթաց բոլոր ոլորտներում»,-ասել է Հունաստանի Նախագահը:

Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Աթենքում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ)»:

Հայաստանի և Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ի երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար և տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է փաստել, որ հայ-հունական դարավոր ջերմ հարաբերությունները ոչ միայն պահպանվել են, այլև պետական և քաղաքական հարաբերությունների փուլ են թևակոխել, ինչում, Նախագահի համոզմամբ, ակնհայտորեն կարևոր դերակատարում ունի հունահայ համայնքը: «Անթաքույց հպարտության պահեր եմ ապրում, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,-ասել է Նախագահը։

Հայ-հունական հարաբերություններից բացի, Նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25-ամյակը նշող մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին և գերակա ուղղություններին, Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին, տարածաշրջանային և միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան-Սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում` Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլև 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանության ժխտումը:

Երբեք չենք մոռանա Հունաստանի և հույն ժողովրդի անգնահատելի աջակցու-թյունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում: Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի և Թրակիայի ընդարձակ տարածքներում և այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը։

Այսօր նույնպես մենք ականատեսն ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործուն մասնակցությանը Հայոց ցեղասպանության հիշատակմանը, մասնավորապես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մենք ուշի ուշով հետևում էինք համայնքում իրականացված աշխատանքներին և, այս առումով, կցանկանայի առանձնակի շնորհակալություն հայտնել տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբին, նրա աջակիցներին, բոլոր կառույցներին, անհատներին՝ ձեռնարկներն այդչափ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ 100-րդ տարելիցը մի հանգրվան է, որտեղից մեր պայքարը նոր թափ է առնելու: Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված և համակարգված առաջ տանելու համար։

Սիրելի՛ ներկաներ,

Մենք իսկապես ունենք միայն երկու մնայուն արժեք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ ածանցվում է սրանից։ Հետևաբար մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված և ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման և լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետևողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային և հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին նախևառաջ հզոր Հայրենիքն է: Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան:

Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, և Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց։ Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության կոչին միացան նաև աշխարհասփյուռ հայկական համայնքները, այդ թվում նաև դուք, ինչի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թեթևացնել նրանց առօրյա խնդիրները՝ հատկապես Սիրիայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի և մեծ շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, նվաճումներ ու կորուստներ: Անցած 25 տարիները լի էին բազում դժվարություններով և անելանելի թվացող իրավիճակներով։ Մենք անկախացանք իսկապես դժվարին պայմաններում՝ երկրի հյուսիսը պատուհասած ավերիչ երկրաշարժը, մեզ պարտադրված պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը, դրան գումարած քաղաքական ու տնտեսական համակարգի արմատական բարեփոխումների հրամայականը բազում մարտահրավերների առաջ էին կանգնեցրել մեզ: Բայց մենք չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։

Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երևույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարևոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում: Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից` չնկատելով ձեռքբերումները: Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, և բոլորս` մեր միասնական ու համատեղ աշխատանքով։

Չնայած դժվարություններին՝ անկախության այս մեկ քառորդ դարում մենք հաջողություններ ենք արձանագրել, որոնք մեր զարգացման ուղին անդառնալի են դարձնում: Ձևավորել ենք ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներ: Այս 25 տարիների ընթացքում մեր երկիրը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իր համեստ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Հավասարակշռված, թափանցիկ և հետևողական արտաքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք խուսափել լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումներից՝ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելով մեր տարածաշրջանում ներգրավված տարբեր ուժերի հետ:

Այդուհանդերձ, պետականաշինությունը շարունակական գործընթաց է. ժողովրդավարական ինստիտուտները, օրենսդրական դաշտը պետք է մշտապես կատարելագործվեն՝ լավագույնս ծառայելով մեր քաղաքացիներին ու մեր նպատակների ձեռքբերմանը: Դուք գիտեք, որ վերջերս մենք կարևորագույն փոփոխություններ կատարեցինք Հայաստանի Մայր օրենքում` Սահմանադրությունում: Այս գործընթացով մենք թևակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որն իմ խորին համոզմամբ մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար։ Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում, տեսնում ու չենք թաքցնում մեր արատներն ու առաջ գնալու հստակ քայլեր ենք անում»,- Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:

***

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին  ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև Հանրապետության Նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները և շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջև՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետը իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ևս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում:

ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը
բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ: ՀՀ Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք կարևորել են խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում:

Նշելով, որ, Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից մեծապես կարևորել է Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի վերաձևավորումը, ինչը, նրա համոզմամբ, երկկողմ խորհրդարանական կապերի զարգացման լուրջ խթան է: Հանրապետության Նախագահը առանձնահատուկ ընդգծել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը միմյանց համար զգայուն հարցերում: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Նիկոս Վուցիսին և ի դեմս նրա` Հունաստանի խորհրդարանին, որը առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախանցյալ տարի օրենք ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: ՀՀ Նախագահը նշել է, որ հունահայ համայնքի և Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իր հետ ունեցած հանդիպմանը խնդրել են այդ կապակցությամբ իրենց անունից շնորհակալություն փոխանցել Հունաստանի խորհրդարանի նախագահին և պատգամավորներին` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ ունեցած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում երկուստեք ընդգծվել է կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը:

Խորհրդարանական կապերի ամրապնդման գործում ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի անձնական ներդրումը և նշել, որ ակնկալում է շարունակական ակտիվ քայլեր՝ ուղղված հայ-հունական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետություն այցի վերջին օրը, մինչ խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ աշխատանքային ճաշը, հանդիպումներ է ունեցել հայկական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ