Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:
Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր:
Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Մինչ Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն ԲՈՒՀ-երը: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաև միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ:
Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ:
Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա:
Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում զարգացնելու և ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Նախագահ Սարգսյանը:
Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր տրվել է պաշտոնական ճաշ:
***
Չինաստանում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:
ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:
Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա կարևորել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում Նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման և հայ-չինական կապերի առավել սերտացման գործում Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը: Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձևավորված փոխգործակցության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ-չինական բարեկամությունն ու վստահությունը: Հանդիպմանը կարևորվել է նաև տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը:
ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ բնագավառներ:
ՀՀ Նախագահը և ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով: Ընթացիկ տարվա ամռանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը:
Սերժ Սարգսյանը և Լի Քեցյանը գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը:
Հանդիպման ընթացքում քննարկված այդ և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու նպատակով, Չինաստանի պետական խորհրդի նախագահը հանձնարարել է այդ հարցերով պատասխանատու նախարարին՝ անձամբ զբաղվել նշված աշխատանքով:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, Հանրապետության Նախագահի խոսքով, տեսանելի են և բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից:
***
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»,-գրել է Նախագահը:
Պեկինի համալսարանում այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանի Նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար և իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:
Նախագահն անդրադարձել է նաև հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրում:
Նախագահի խոսքով՝ այդ կարևորագույն փաստաթղթով երկու երկրները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները և ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:
«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի և թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում:
Այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մենք կարևորում ենք նաև Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:
Չինաստանը մեծ երկիր է, որն ուրիշ ժողովուրդների հետ իր հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության և ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին:
«Հայաստանը ողջունել է Չինաստանի Նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձևավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռևս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առևտրականների նավերը հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ, մասնավորապես Հոնգկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը:
Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միևնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:
Մեր երկու պետությունները մտադիր են նաև ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջև, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ և մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի և Չինաստանի միջև ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,-ասել է Հայաստանի Նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:
Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին:
Համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ավարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների:
Բոաոյում Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր: