Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չիլիի Հանրապետություն
Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի Նախագահ Միշել Բաշելեի հետ:
Մինչ այդ, Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Չիլիի Նախագահի նստավայրում՝ «Մոնեդա» պալատում, ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Բաշելեի հանդիպումը:
Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես այն պարագայում, երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնելու տարիների այս բացը և հարաբերությունների նոր փուլ սկսելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:
Այս համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:
Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:
ՀՀ Նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:
Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի Նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:
Իր բաժակաճառում Նախագահ Միշել Բաշելետը ևս մեկ անգամ ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Չիլիում, ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է և ուրախություն առաջին անգամ Չիլի պաշտոնական այց կատարած Հայաստանի Հանրապետության Նախագահին հյուրընկալելը. «Ինչպես տեղյակ եք, պարոն Նախագահ, դեռևս տասնիններորդ դարից հայերը եկել են Չիլի բնակություն հաստատելու: Ընդհանրապես, Չիլին այն երկիրն է, որը միշտ հանգրվան է տալիս այստեղ եկող մարդկանց: Նրանք լայնորեն ընդգրկվել և կարողացել են լավագույնս ինտեգրվել մեր հասարակությանը, քանի որ Չիլիի հասարակությունն ունի մեծ հանդուրժողականություն և հարգանք: Ծագումով հայ չիլիացիները, ինչպես տեսաք և ես այսօր մեր զրույցի ընթացքում էլ ասացի, մեծապես նպաստել են Չիլիի հասարակության կայացմանն ու զարգացմանը` ինչպես քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակներում, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում: Փաստորեն, երբ ես պաշտպանության նախարար էի, այն ժամանակ մենք ունեինք ծովակալ Հեռնան Կույումջյան: Չիլին իր երախտագիտությունն է հայտնում այն աջակցության համար, որ հայազգի ներկայացուցիչները ցուցաբերում են:
Այսօր մեր դիվանագիտական հարաբերություններն արդեն հասել են հասունության մի շրջանի, որ մենք պետք է շարունակենք քաղաքականապես այն խորացնել: Ուզում ենք ևս մեկ քայլ անենք, որպեսզի կրճատենք այս աշխարհագրական հեռավորությունը: Պետք է չթողնենք, որ այդ հեռավորությունը մեզ իրարից բաժանի, այլ, ընդհակառակը` կարողանանք աշխատել և՛ առևտրի, և՛ տնտեսության ոլորտներում: Ինչպես ես քիչ առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ ասացի, Չիլին կարողացել է տնտեսական հարաբերություններ զարգացնել շատ երկրների հետ և կնքել ազատ առևտրի պայմանագրեր` զարգացնելով նաև իր տնտեսությունը: Եվ մենք կարող ենք շարունակել նման համագործակցությունը` հաշվի առնելով այն Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվեց մեր երկու արտգործնախարարությունների միջև: Այդ հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որպեսզի ավելի պաշտոնականացնենք մեր քաղաքական հարաբերությունները և խորհրդատվությունները, ճանապարհ բացենք առևտրատնտեսական հարաբերությունների համար:
Հարգարժան պարոն Նախագահ, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Ձեզ՝ այցի համար, այստեղ Ձեր ներկայության համար, որը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու և նոր ուղիներ փնտրելու համագործակցության համար:
Այժմ առաջարկում եմ բոլորս բաժակ բարձրացնենք Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև բարեկամության և մեր նոր համագործակցության համար»,- բաժակաճառի ավարտին ասել է Չիլիի Նախագահը:
***
***
Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Չիլիի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում և առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի և Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերը:
Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ Նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:
Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարևորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայմանորեն պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:
Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2007թ. հունիսին Չիլիի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի Նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ:
***
Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի Նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ Նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:
Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:
Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Հարգարժան ներկանե´ր,
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները:
Այս շարքը թերի կմնար, եթե դրան չավելանար ապակենտրոնացված համագործակցությունն ու հանրային դիվանագիտությունը, որոնց դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերություններում հետզհետե աճում է:
Մենք հատկապես կարևորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջև և արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ: