Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Հունիսի 11-ի առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:
Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:
Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև ի պատիվ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
***
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման գործում և այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջև կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաև իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարևորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը:
Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև 2013թ. ապրիլի 30-ին Երևանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը հանդիսանում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասը և օգտվում է Վիեննայի կոնվենցիայով և դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
***
Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել է Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը:
Նախագահը նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001թ. ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է և կարևոր, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (2000թ. Վատիկանում և 2001թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):
Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարևորել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը:
ՀՀ Նախագահը և Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը գոհունակությամբ են փաստել, որ սերտ կապեր են ձևավորվել Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հետ, որոնց շրջանակներում համատեղ իրականացվում են կրթական ու մշակութային ծրագրեր:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիեննայի արքեպիսկոպոսին և Ավստրիայի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և աջակցության համար:
Վիենայում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերը հունիսի 12-ին Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:
Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման:
***
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ավստրիական տնտեսական համաժողովում
***
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:
Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների և հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետևողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին` Աֆղանստանից դեպի Եվրոպա և այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար: Հայաստանը նաև մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ-երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութերի տարածման դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի հոկտեմբերին Յուրի Ֆեդոտովի այցի արդյունքում համագործակցությունը գրասենյակի հետ ստացել է առավել ակտիվ ընթացք: Հանրապետության Նախագահը կարևորել է նաև ս.թ. ապրիլին գրասենյակի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարի գլխավորած պատվիրակության այցելությունը Հայաստան, որի ընթացքում պատվիրակության կողմից ուսումնասիրվել և գրասենյակի քննարկմանն են ներկայացվել համագործակցության հնարավոր շրջանակները՝ ծրագրեր մշակելու և հետագայում իրագործելու նպատակով:
Զրուցակիցները խոսել են նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցչության հիմնման կարևորության մասին, որը մեծապես կխթանի ավելի արդյունավետ համագործակցությանը, կհավասարակշռի կազմակերպության գործունեությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև` կնպաստի առաջացած խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ գտնելուն:
Այս համատեքստում Հայաստանի Նախագահն ընդգծել է, որ թեև աշխարհի բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանի համար թմրանյութերի օգտագործումը կամ դրանց շրջանառությունը առաջնահերթ խնդիր չի եղել, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչություններն անում են հնարավորինը՝ թմրանյութերի տարածման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի շրջանառությունը կանխելու և հանցագործությունների նկատմամբ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է այդ կազմակերպության առաքելությունը և բարձր գնահատում նրա ներդրումը՝ ուղղված աշխարհում աղքատության կրճատմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ընթացքը և հետագա անելիքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2015թ. սկզբին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի Հայաստան կատարելիք այցին: Այդ համատեքստում ընդգծվել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի և տեխնիկական աջակցության ծավալներն ընդլայնվել են, իսկ երկխոսության ինտենսիվացումը կնպաստի առկա ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ օրերին Երևանում կայանալիք միջազգային ներդրումային համաժողովին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը, համագործակցության ու իրականացվող ծրագրերի շարունակաբար ընդլայնումը:
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ հանդիպմանը Նախագահը նախ շնորհավորել է Լասինա Զերբոյին՝ կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղարի պաշտոնն ստանձնելու առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես համաձայնագրի անդամ պետություն, վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ընդհանուր նպատակները: Նախագահի խոսքով, Հայաստանը ակտիվ համագործակցում է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ՝ մասնակցելով հանձնաժողովի կողմից իրականացվող մի շարք միջոցառումներին: Այդ համատեքստում կարևորվել է երկկողմ հարաբերությունների առավել խթանումն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը:
Յուկիյա Ամանոյի հետ հանդիպմանը Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղադրիչ: Նախագահի հավաստմամբ, միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության համար, և Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել ԱԷՄԳ հետ միջուկային էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, մասնավորապես՝ Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգության ապահովման, ապաշահագործման ու նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման հարցերում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԱԷՄԳ-ՀՀ երկկողմ համագործակցությանը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործմանը, նոր միջուկային էներգաբլոկի և համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ԱԷՄԳ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել, որ հանձնառու են շարունակելու դրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին, միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հանրապետության Նախագահն վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Վարչապետ Վերներ Ֆայմանը նշել է, որ ցանկությունը փոխադարձ է և ինքն անձամբ հանձնառու կլինի այդ գործին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի Ավստրիա պետական այցի շրջանակներում կայացած տնտեսական համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Ավստրիայում Սերժ Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, միաբանության գրադարան և թանգարան: Նախագահն այցելել է նաև Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: