26
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն:

Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության:

Լիբանանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՀ նախագահ Միշել Սուլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

***

 Հանրապետության նախագահն այցի շրջանակներում նոյեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին:

 Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:

Սերժ Սարգսյանը և վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի և Լիբանանի գործարար շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատման համար: Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ Առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը:

***

Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից նոյեմբերի 26-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:

Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:

«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:

Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:

Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անթիլիասում համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է կաթողիկոսության Կիլիկյան Խաչի բարձրագույն շքանշանով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մեծ պարգևի և պատվի արժանացնելու համար: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադառնալով «Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայաստանով» կարգախոսին՝ Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն ոչ միայն կարգախոս է, այլ՝ կենսակերպ: Այդ կարգախոսը, Նախագահի խոսքով, պարտավոր ենք բոլորով միասին մեծ ջանքերով ի կատար ածել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով:

Հանրապետության նախագահը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղուց միայն հոգևոր կենտրոն չէ, այլ՝ հայապահպանության մի հզոր աղբյուր, որի կենարար ազդեցությունն իր վրա մշտապես զգում է ողջ հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջ հոգևոր դասի գործունեությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորությամբ. «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո:
Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար համալսարանների՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան (AUB), Լիբանանի ամերիկյան (LAU) և Սեն-Ժոզեֆ (Saint Joseph) համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:

«Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանում հյուրընկալվելը և ելույթով հանդես գալը յուրօրինակ զգացում է՝ ջերմ ու պարտավորեցնող: Այն հանգամանքը, որ սփյուռքյան միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը գտնվում է հենց Լիբանանում, վկայում է հայ-լիբանանյան առանձնահատուկ բարեկամության մասին: Ուրախալի է, որ լինելով Հայաստանից դուրս գործող համալսարան` Հայկազյան ճեմարանը կրթական օջախ է ոչ միայն հայերիս, այլև բոլոր ազգերի և կրոնների ներկայացուցիչների համար, ինչը համամարդկային արժեքներին համալսարանի հիմնադիրների նվիրվածության խոսուն վկայությունն է: Առանձնապես հաճելի է, որ Բեյրութի Հայկազյան ճեմարանի այս գեղեցիկ սրահում ներկա են նաև Լիբանանի հեղինակավոր համալսարանների` Բեյրութի ամերիկյան, Լիբանանի ամերիկյան և Սենթ Ժոզեֆ համալսարանների պրոֆեսորներ և ուսանողներ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը համալսարանականների հետ հանդիպմանը խոսել է նաև պատմությամբ ժառանգություն ստացած հայ-լիբանանյան բարեկամությունը շարունակելու, ավելի սերտացնելու, երկկողմ շփումներն ակտիվացնելու՝ հայ և լիբանանցի երիտասարդների առաքելության մասին, անդրադարձել՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին, մերձավորարևելյան տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակին և դրա հանգուցալուծման` Հայաստանի մոտեցումներին:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ծավալված բարեփոխումները, հեռանկարային մի շարք ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով դարերի պատմություն ունեցող հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնք Հայաստանի անկախացումից հետո էլ անցած քսան տարիներին մշտապես կարևորվել են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայերն ու լիբանանցիները եղել և մնում են տարածաշրջանի այն ժողովուրդները, որոնք ոչ թե ռազմատենչ ոգով ու թշնամանքով, այլ խաղաղասիրությամբ, կենսունակությամբ և աշխատասիրությամբ են վաստակել աշխարհի սերն ու հարգանքը:

«Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ կլինի արաբ եղբայրներին՝ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի ժողովուրդներին, ովքեր չհանդուրժեցին մարդկության դեմ կատարվող հանցագործությունը և ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ոճրագործությունից փրկված հայ փախստականներին:

Մեր ժողովուրդների բարեկամության անկեղծության և ամրության մեկ ապացույց է նաև Լիբանանի իշխանությունների, խորհրդարանի և ժողովրդի սկզբունքային դիրքորոշումը: Լիբանանը մերձավորարևելյան առայժմ միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը Ցեղասպանությունը դատապարտող երկու բանաձև է ընդունել»,-ասել է Հանրապետության նախագահը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները լիահույս են, որ շուտով արաբական աշխարհում խաղաղություն կտիրի, և մարդիկ հնարավորություն կստանան բռնել կայուն զարգացման ճանապարհը: Նախագահի խոսքով, Հայաստանը կողմ է այդ փոփոխությունների խաղաղ իրագործմանը՝ առանց զոհերի և ահաբեկչության։

Նշելով, որ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների անվտանգությունը մեծապես շաղկապված է, Նախագահը համալսարանականներին ասել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել և մշտապես ընդվզել է Ադրբեջանին բռնակցելու՝ խորհրդային իշխանությունների ապօրինի որոշման հետ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արցախցու ազատ ապրելու կամքը զենքի ուժով խեղդելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը համարժեք պատասխան ստացան: Արդեն գրեթե երկու տասնամյակ բանակցություններ են ընթանում, սակայն առայժմ չունենք խաղաղության համաձայնագիր միայն մեկ պատճառով. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի փոխզիջումային լուծման, իսկ նավթային հեշտ եկամուտները այդ երկրի ղեկավարների մոտ գլխապտույտ ու սին պատրանքներ են առաջացրել խնդրի ռազմական լուծման ուղղությամբ:

Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հրահրում են սպառազինությունների մրցավազք, հրաժարվում վստահության միջոցառումներից, փորձում մշտական լարվածություն պահել շփման գծում, մերժում համագործակցության, երկխոսության ցանկացած առաջարկ` այս ամենի համար վատնելով միլիարդներ: Սա իրական վտանգ է, որը թեժացնում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված մթնոլորտը` փոշիացնելով երկխոսության և խաղաղության հնարավորությունները»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորմանը, քանի որ գիտակցում է պատերազմի արհավիրքը ոչ միայն հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված ժողովուրդների, այլև ամբողջ տարածաշրջանի համար և այս կապակցությամբ բարձր է գնահատում նաև Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ:

Նախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, նշել, որ մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պետք է ստանա իր արժանի գնահատականը: Համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, դեռևս իր խոսքն ունի ասելու այս հարցում:

Ընդգծելով, որ հակամարտությունները և տարաձայնությունները քայքայում են կայունությունը մեր տարածաշրջաններում, խոչընդոտում են խաղաղ գոյակցության, բնականոն զարգացման և բարեկեցիկ կյանքով ապրելու հեռանկարը, Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանում արվում է հնարավորը՝ ապահովելու ապագա սերունդների առավել անվտանգ և ապահով ապագան` հավատալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության ճանապարհին:

***

 

 Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:

Միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջև, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարևորվել է նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Լիբանանի խորհրդարանականների համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի և Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին և այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի ԱԺ նախագահին ներկայացրել է մեր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:

Լիբանանի Հանրապետության Աժ նախագահի և խորհրդարանականների հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի եվ Լիբանանի խորհրդարանականների հետ հանդիպմանը

 

***

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ նոյեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, այցելել հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառ և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Նախագահը Զմմառում մասնակցել է «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այցելել ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակների, լուսավորության, մշակութային զարթոնքի, ինչպես նաև ֆիզիկական գոյության պայքարի՝ մաքառումներով լի էջեր: Անշուշտ, գոյատևման պայքարն ինքնին հերոսական է: Բայց համակվում ես հպարտության զգացումով, երբ գիտակցում ես, որ հայը ամենուր կարողացել է ստեղծել բարիք ու արժեքներ: Էջմիածնում թե Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Երուսաղեմում, Վիեննայում, թե լիբանանյան այս գողտրիկ անկյունում, հայ ժողովուրդը մշտապես դրսևորել է արարելու իր աննկուն հատկանիշը»,-Զմմառում մշակութային կենտրոնի բացման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության: «Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ի երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Հայ-լիբանանյան բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, հիմնված է մի կարևոր սկզբունք-գաղափարի վրա` դա լիբանանահայերի հարգանքն է Լիբանան պետության և Լիբանանի պետության հարգանքը` հայի հանդեպ:

Հանրապետության նախագահը նշել է, որ հպարտ է նաև Լիբանանի կառավարությունում և խորհրդարանում հայազգի նախարարների և պատգամավորների ներկայացվածության համար և կոչ է արել լինել համախմբված ու գործել համակարգված:

«Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի հոգևոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության կենտրոն, հայի լուսավորչական միտքը սնող երակ:

Ձեր համայնքը իրավատեր է փառահեղ պատմության: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ Լիբանանում պահպանվել, զարգացել և գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային ու հոգևոր կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական, բարեգործական ու կանանց միություններ, հայագիտական կենտրոններ:

Դուք հարուստ եք, այո՛, հարուստ՝ հոգեպես և մշակույթով, հարուստ մարդկային ներուժով: Այս համայնքում կողք կողքի, այսքան արգասաբեր գործում են Հայ Եկեղեցու երեք հարանվանությունները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքարանը և Հայ Ավետարանական եկեղեցին: Շնորհակալություն Ձեզ, հոգևոր Հայրեր, որ յուրաքանչյուրդ ձեր կրոնական համայնքում ծավալում եք ազգանվեր և հայապահպան գործունեություն, նպաստում եք համայնքի ազգային, մշակութային կյանքի վերելքին՝ սերմանելով սեր ու հավատարմություն հայության, հայրենիքի, հայոց պետականության հանդեպ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով հանդիպմանը ներկա հոգևորականներին, հասարակական գործիչներին, ուսուցիչներին, արվեստագետներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որ համաշխարհայնացման այս ժամանակաշրջանում, հայրենիքից հեռու շարունակում են դաստիարակել հայախոս, հայրենասեր ու ազգասեր սերունդ. սերունդ, որի ճակատագիրն անքակտելի կապերով միահյուսված է ազգի ճակատագրին:

Հանրապետության ղեկավարը երախտագիտության արժանի է համարել Սիրիայի հայ համայնքի փրկությունը համազգային խնդիր համարող լիբանանահայության, Լիբանանի հայկական կազմակերպությունների վերաբերմունքն ու հոգածությունը Լիբանանում ապաստանած Սիրիայի մեր հայրենակիցների հանդեպ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես յուրաքանչյուր սիրիահայի կողքին է՝ թե՛ Սիրիայում և թե՛ Հայաստանում:

Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը խոսել է նաև համայնքի մեծ ներուժի մասին, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, համազգային մյուս հիմնախնդիրների լուծման ճանապարհին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ լիբանանահայերը Հայաստանի կողքին են եղել 21-ամյա անկախ Հանրապետության բոլոր դժվարին պահերին: Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների դժվար օրերին զորավիգ են եղել և սատարել Հայաստանին ու Արցախին, նպաստել մեր Հայրենիքի կայացմանը, աջակցել երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին:

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների աճով: Եթե 2010 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 200-ից ավելի լիբանանահայ, ապա 2011թ. այդ թիվը գրեթե տասնապատկվել է, և այդ միտումը շարունակվում է առ այսօր: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը Հայաստանում մշտական բնակություն հաստատելը չէ. հայկական անձնագիրը ուղղակի իրավական կապն է պետության հետ: Անձնագիր, որը թե՛ իրավունքներ է ընձեռում և թե՛ պատասխանատվություն սահմանում:

Կարծում եմ, կհամաձայնեք, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ բացակայում են խնդիրները: Հայաստանում էլ դրանք քիչ չեն: Սակայն, քիչ չեն նաև ձեռքբերումները: Այսօր, ճիշտ է, Հայաստանը շարունակում է զգալ ձեր կարիքը, բայց ի զորու է նաև աջակցել ու սատար լինել ձեզ: Մեր ժողովրդի նվիրական պետության կայուն զարգացումն ու վերելքն այլևս անշրջելի են: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները նաև տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի արդյունքն են: Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այսօր նոր բովանդակություն և ռազմավարական նշանակություն է ստացել»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է Հայաստանի արտաքին և ներքին օրակարգային կարևոր խնդիրների մասին, ներկայացրել առաջիկա ծրագրերը:

«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ և այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, Սփյուռքի ու Հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչու՞ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով»,-Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանն իր ելույթի ավարտին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Նոյեմբերի 28-ին Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, նախագահների համոզմամբ, զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: 

← Վերադառնալ