Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ուկրաինա
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա:
Մինչ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների մեկնարկը, Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Կիևում այցելել է Փառքի հրապարակ՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի գերեզմանին և Սովահարության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ուկրաինայի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցություններից հետո կողմերն ստորագրել ենք փաստաթղթեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ուկրաինայի ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև կառավարական կապի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության համագործակցության ծրագիր», «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի» հինգերորդ նիստի արձանագրությունը:
Այնուհետև նախագահներ Սարգսյանը և Յանուկովիչը բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի համար համատեղ հայտարարությամբ:
(Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ ամբողջությամբ ներկայացված է կայքի «Մամուլի ասուլիսներ» բաժնում)
***
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ:
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ այդ ոլորտում համագործակցության ներուժը լիարժեք օգտագործված չէ, և հնարավոր է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության նոր արդյունավետ ուղիներ գտնել՝ խթանելով երկու երկրների գործարար համայնքների շփումները և օգտագործելով միջկառավարական հանձնաժողովի ներուժը:
Նախագահ Սարգսյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին՝ նկատի առնելով, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում կան փոքրաթիվ, բայց ակտիվ գործունեություն ծավալող հայ պատգամավորի խումբ, որի ներուժը ևս կարելի է օգտագործել ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման:
Վլադիմիր Լիտվինը նշել է, որ շուտով այցելելու է Հայաստան, և այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի առաջին նիստը:
Երկուստեք կարևորվել է ինչպես սփյուռքի, այնպես էլ մշակույթի դերը երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական կապերի խորացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրերը Ուկրաինայում» և մյուս տարի՝ «Ուկրաինայի մշակույթի օրերը Հայաստանում»:
***
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել է հայ-ուկրաինական գործարար համաժողովի բացմանը:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը հայ-ուկրաինական գործարար համաժողովին ամբողջությամբ ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)
***
Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ուկրաինա: Հուլիսի 1-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:
Սերժ Սարգսյանն ընդունելության ժամանակ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին ջերմ ընդունելության համար և գոհունակություն հայտնել այցի արդյունքներից: Նախագահը նշել է, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Վիկտոր Յանուկովիչի անձնական մեծ ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այդ իսկ պատճառով, այսօր իր համար մեծ հաճույք էր Ուկրաինայի նախագահին՝ Հայաստանում խորապես հարգված Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչին հանձնել ՀՀ բարձրագույն պետական պարգևը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:
Ուկրաինայի նախագահի հրամանագրով, Նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևի` Իշխան Յարոսլավլ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ՀՀ նախագահին է հանձնել պարգևը:
Պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև հայ և ուկրաինացի ժողովուրդներին կապող ընդհանուր արժեքներին և այն մշակութային ժառանգությանը, որի շնորհիվ երկու ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Նրա խոսքով, Այվազովսկուց ու Սուրենյանցից մինչ Փարաջանով ու Ռոման Բալայան, հայ-ուկրաինական հարաբերությունների անցյալը, ներկան և ապագան ամրապնդվում են մարդկային սրտերի ջերմությամբ և խորը փոխադարձ հարգանքով:
Խոսելով իր պաշտոնական այցի արդյունքների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին հայ-ուկրաինական հարաբերությունները որակապես նոր բարձր մակարդակ տեղափոխելու փոխադարձ ցանկությունը: «Վստահ եմ, որ այս այցը ևս կօգնի մեզ նոր հորիզոններ, նոր սահմաններ բացել Հայաստանի ու Ուկրաինայի համագործակցության համար և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի անմիջական մարդկային շփումների համար, կամրապնդի բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուլիսի 2-ին Կիևում Հայաստանի նախագահն այցելել է Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա է գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Կիևո-Պեչերսկայա Լավրա, որից հետո հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: