Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-11-ը պաշտոնական այց է կատարել Բուլղարիա:
Նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում են եղել արտաքին գործերի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները, պաշտոնական այլ անձինք, հայտնի բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւան:
Դեկտեմբերի 10-ին Սոֆիայի "Սուրբ Ալեքսանդր Նեւսկի" հրապարակում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
Այնուհետեւտեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը: Նրանք նշել են, որ տնտեսական համագործակցությունը եւ ապրանքաշրջանառությունը, որը կազմում է շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, ետ են մնում քաղաքական երկխոսության մակարդակից, եւ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն ինչպես ապրանքաշրջանառության կառուցվածքի վերափոխման, այնպես էլ` տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում հայ-բուլղարական համագործակցությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով Բուլղարիայի նախագահին, ասել է, որ պատմության տարբեր դժվարին փուլերում բուլղար ժողովուրդը լավ է վերաբերել եւ ընդունել մեր հայրենակիցներին, ովքեր կարողացել են լիովին ինտեգրվել երկրի կյանքին:
Բուլղարիայի նախագահը եւս բարձր է գնահատել բուլղարա-հայկական հարաբերությունները, եւ նշել, որ երկու ժողովուրդների միջեւ առկա վստահության բարձր աստիճանը թույլ է տալիս ձեռնարկել նոր ծրագրեր` ավելի ընդգրկուն բովանդակությամբ:
Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ ու խնդիրներ ունեն, եւ շատ դեպքերում նաեւ միասին են դիմակայել մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանի խոսքով, երկու երկրներն ունեն նաեւ ընդհանուր ապագա, եւ այդ ապագան կառուցված է երկու ժողովուրդների կողմից դավանած ընդհանուր արժեքների վրա, որոնք են քրիստոնեական արժեքները, ժողովրդավարական արդի համակարգը, ազատականությունը, ինչը թույլ է տալիս նայել առաջ:
Հայաստանի եւ Բուլղարիայի ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ առկա լավ իրավապայմանագրային դաշտը, գործում են շուրջ հիսուն փաստաթղթեր: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են եւս չորս փաստաթղթեր. 2009թ-ին Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրերի եւ 2010թ-ին Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, արխիվային գործի բնագավառում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ` երկու երկրների միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Երկու երկրների նախագահներն ընդգծել են գործադիր իշխանության մարմինների եւ գործարար շրջանակների համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ նշել, որ վաղը /դեկտեմբերի 11-ին/ Սոֆիայում անցկացվելիք հայ-բուլղարական բիզնես ֆորումը գործարարների համար լավ առիթ է` ծանոթանալ միմյանց հնարավորություններին, նախանշել համատեղ ծրագրեր:
Երկու երկների նախագահները կարեւորել են նաեւ տրանսպորտային բնագավառում համագործակցությունը: Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը ` հույս հայտնելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ օգտակար կլինի նաեւ բուլղարական կողմի համար:
Երկու նախագահները համակարծիք են եղել, որ սահմանի բացման դեպքում, իրոք, տրանսպորտային, ավտոճանապարհային հաղորդակցության հնարավորություն կստեղծվի Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ուղիղ կապով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Իրանի հետ երկաթգիծ կառուցելու Հայաստանի մտադրությունը: Երկուստեք նշվել է նաեւ օդային հաղորդակցություն իրականացնելու անհրաժեշտությունը:
Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի ապրիլին Բուլղարիայում անցկացվելիք էներգետիկ ֆորումին:
Բուլղարիայի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին` Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակում փորձի փոխանակման եւ փորձագիտական օժանդակություն ցույց տալու առումով:
Հայաստանի նախագահը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին փոխանցել է շնորհակալական նամակ, որով հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի ժողովրդին եւ իշխանություններին` 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահը նման շնորհակալական նամակներ է հղել հարյուրից ավելի երկրների ղեկավարների:
Առանձնազրույցից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին:
Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող բազմաթիվ խնդիրներ:
Այնուհետեւ նախագահ Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի Ժողովրդկան Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ:
Քննարկվել են հայ-բուլղարական փոխգործակցությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես, կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության դրական ավանդույթների հետագա էլ ավելի խորացումը, ինչը էական նշանակություն ունի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Բուլղարիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ի երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Գեորգի Պրվանովը Սոֆիայի "Բուլղարիա" համերգասրահում մասնակցել են արվեստի հայ և բուլղարացի հանրաճանաչ գործիչների մասնակցությամբ կայացած տոնական համերգին: Արդեն ուշ երեկոյան Բուլղարիայի Նախագահ Գեորգի Պրվանովի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ` ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` Բուլղարիայի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցի:
Այսօր առավոտյան նախագահներ Սարգսյանի և Գեորգի Պրվանովի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացման արարողությունը, որտեղ երկու նախագահները, գոհունակություն հայտնելով երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակից, մեկ անգամ ևս շեշտել են գործարար փոխգործակցությունը տարբեր ուղղություններով խթանելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերելու բոլոր նախաձեռնություններին: Հայ-բուլղարական բիզնես ֆորումի շրջանակներում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր:
Երկու երկրների նախագահները մասնակցել են Բուլղարիայի Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում բացված Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցադրությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի` Բուլղարիա կատարած պաշտոնական այցը եզրափակվել է Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն այցելությամբ և դիվանագիտական անձնակազմի հետ հանդիպմամբ, ինչից հետո Հանրապետության Նախագահը վերադարձել է Երևան: