02
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանիաշխատանքային այցը Սոչի

album picture
album picture
album picture
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր աշխատանքային այցով Սոչի էր մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով Հայաստանի նախագահին, Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն անցկացվում են կանոնավոր կերպով. «Վերջին անգամ լիարժեք շփվել ենք Մոսկվա կատարած Ձեր այցի ընթացքում: Այցը բովանդակալից էր եւ երկխոսությունն այժմ շարունակվում է»:

Ռուսաստանի նախագահն իր նկատառումներն է ներկայացրել միջազգային հրատապ խնդիրների, արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները Հարավային Օսիայի իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումը կմշակեն շաբաթվա վերջին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում:

Հայաստանի նախագահն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ աշխատանքային հանդիպումները դարձել են բարի ավանդույթ: Սա լավ հնարավորություն է հանգիստ մթնոլորտում քննարկելու ինչպես երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այնպես էլ` բազմակողմ: Բացի այդ, Հայաստանը մի քանի օրից ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: Ընդամենը վերջերս Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժությունները, կայացավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, իսկ վաղը տեղի կունենա անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստը:

Ես կցանկանայի քննարկել տնտեսական խնդիրներ, ՀԱՊԿ շրջանակում մեր հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման հարցերը, եւ իհարկե, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Սա Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Վրաստանում տեղի ունեցած դեպքերից հետո մեր առաջին հանդիպումն է: Կցանկանայի եւս մեկ անգամ ցավակցություն հայտնել բազմաթիվ մարդկանց` Ռուսաստանի քաղաքացիների, խաղաղապահների մահվան կապակցությամբ եւ ցավում եմ, որ իրադարձությունները ծավալվեցին նման ձեւով, եւ ցանկանում եմ, որպեսզի հումանիտար աղետի հետեւանքները արագ կերպով վերացվեն: Ի դեպ, Հայաստանում արդեն երկու շաբաթ սպասում են դպրոցականների Հարավային Օսիայից: Ցանկանում ենք անել հնարավորը` այդ հետեւանքների վերացման համար»:

Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա ռազմավարական դաշնակցային փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչը բխում է եղբայրական երկու ժողովուրդների շահերից:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնումը բխում է բոլոր երկրների շահերից: Նախագահները շեշտել են, որ իրադարձությունների նման զարգացումը եւս մեկ անգամ ապացուցում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորման անհեռանկարայնությունը, ինչը հանգեցնում է անկանխատեսելի հետեւանքների:

Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության եւ ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրականացվող համագործակցության հեռանկարներին առնչվող խնդիրներ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը շուտով ստանձնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, ցանկանում է օգտագործել այդ ժամանակահատվածը կազմակերպության ադյունավետության էլ ավելի բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ: Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով եւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացին:

Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ: Նախագահները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների եւ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների վերջին տարիներին արձանագրվող աճը: Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների առանձնազրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ընթացքում, որից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան։

← Վերադառնալ