23
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հունիսի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Ողջունելով ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցը Մոսկվա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ակնկալում ենք, որ այսօրվա բանակցությունների ընթացքում մեր քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամպատասխանեն այն գործընկերային մակարդակին, դաշնակցային փոխգործակցությանը, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»:

Ըստ Դ. Մեդվեդեւի, բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական փոխգործակցության բաղադրիչը, տնտեսական, սոցիալական ոլորտի հարցեր, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային երկխոսության նախաձեռնությունները: Կդիտարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ընդգծել է այս հանդիպման կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համար:

Նա վստահություն է հայտնել, որ հետագայում եւս երկու երկրների միջեւ կապերը կզարգանան փոխըմբռնման, ռազմավարական գործընկերության հունով, Բարեկամության եւ փոխօգնության պայմանագրի, ինչպես նաեւ Դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն եւ տառին համապատասխան:

Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Նա ՌԴ նախագահին հրավիրել է իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան, ինչը շնորհակալությամբ ընդունվել է Դմիտրի Մեդվեդեւի կողմից:

Նախագահների հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է ռազմավարական համագործակցության շարունակականության ապահովումը երկու երկրների միջեւ, նշվել ինտենսիվ քաղաքական երկխոսությունը շարունակելու մտադրությունը: Կողմերը արձանագրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններում ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացման կարեւորությունը:

Ռուսական կողմի խնդրանքով Ս.Սարգսյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանրամասներ բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Նշվել է, որ ռուսական կողմը սատարում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու փոխադարձ ընդունելի լուծմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կողմերի համար ընդունելի ցանկացած լուծման:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրուցին հաջորդել են հայ-ռուսական ընդլայնված կազմով բանակցությունները:

Բացելով այն, ՌԴ նախագահը նշել է, որ երկկողմ բանակցությունների առաջին մասն արդեն ավարտվել է, քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զարգացող հարաբերությունները, խոսվել է քաղաքական հարցերի մասին, այդ թվում` անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Այնուհետեւ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է կենտրոնանալ առեւտրատնտեսական հարաբերություններին եւ նշել է. «Այս առումով առաջընթացը բավական լավ է. ապրանքաշրջանառության աճն էական է, գործնականում վերջին շրջանում 2/3-ով առաջընթաց է արձանագրվել: Այդ թիվն աճելով` արդեն մոտենում է միլիարդ դոլարի, եւ դա լավ արդյունք է: Աճում է նաեւ փոխադարձ ներդրումների ծավալը: Մասնավորապես, ռուսաստանյան ներդրումները գերազանցել են 1,2 մլրդ դոլարի սահմանը: Սա շատ էական սահմանագիծ է մեր հարաբերությունների, եւ շատ լավ հիմք` առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան վերընթաց: Նա համաձայնել է, որ ռուսաստանյան ներդրումները զգալի մակարդակի են Հայաստանում, երկկողմ առեւտրատնտեսական շրջանառությունն աճում է, «բայց մեր նպատակն այն է, որ 1 կամ 1,5 տարի անց այդ ցուցանիշները ոչ թե միլիոնով, հարյուր միլիոնով չափենք, այլ` միլիարդով»:

Դ. Մեդվեդեւը դա լավ մտադրություն է համարել: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ համագործակցության զարգացումը հումանիտար ոլորտում եւ ասել. «Պետք է ապագա սերունդներին փոխանցենք լավագույնն, ինչ ունենք»:

Ընդլայնված կազմով բանակցություններից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են համատեղ հայտարարություն:

Հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են հատկապես տնտեսական ոլորտին առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ եւ ՌԴ միջեւ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը` համոզմունք արտահայտելով, որ այն հնարավորությունների վերին սահմանը չէ, անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել այդ բնագավառում հնարավորությունների ամբողջական իրացման ու առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացման համար:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում, այդ թվում միջուկային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ: Ռուսական կողմն ընդգծել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ հետ «Գազպրոմի» համագործակցությունը բացառիկ է իր բնույթով եւ առանձնահատուկ պայմաններ է ստեղծում Հայաստան բնական գազի մատակարարման հարցում:

Նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Գազպրոմի հետ համագործակցությունն առաջիկայում եւս բարենպաստ պայմաններ կապահովի Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաեւ տրանսպորտի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Քննության են առնվել Հայաստանի երկաթուղային համակարգում կատարվելիք ռուսական ներդրումներին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխադարձ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստան-Իրան երկաթուղագծի կառուցման նպատակահարմարության ուսումնասիրման հարցում: Ռուսական կողմը երաշխավորել է լաստանավային փոխադրումների անխափան գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանում:

ՌԴ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ողջունել է «Գույք պարտքի դիմաց» ձեւաչափով Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունները մասնավոր կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը` հույս հայտնելով, որ այն կնպաստի նշված ձեռնարկությունների շուտափույթ գործարկմանը:
$$$
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ, ինչն իր դրսեւորումն է ստանում նաեւ միջխորհրդարանական համագործակցության բնագավառում: Կարեւորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում հետայսու արդյունավետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Միրոնովը քննարկել են նաեւ միջմարզային համագործակցության հեռանկարները: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովին` հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման եւ Սպիտակի երկրաշարժի քսանամյակի առիթով Գյումրիում զոհերի հիշատակը եւ փրկարարների կատարած աշխատանքի նկատմամբ հայ ժողովրդի երախտագիտությունը հավերժացնող հուշարձան տեղադրելու նախաձեռնության համար` Դաշնային ժողովի պատվիրակությանը հրավիրելով մասնակցելու հուշարձանի բացմանը:
$$$
Հունիսի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Ողջունելով ՀՀ նախագահին, Բ. Գրիզլովն ասել է, որ բավական սերտ հարաբերություններ են հաստատված երկու երկրների խորհրդարանների միջեւ, երկկողմ բարձրաստիճան հանդիպումները կրում են մշտական բնույթ:

Նրա խոսքով, Հայաստանում եւ Ռուսաստանում կայացած վերջին ընտրությունները նոր ազդակ կհաղորդեն հետագա գործակցությանը: Բ. Գրիզլովը կարեւորել է կողմերի համագործակցությունը միջազգային կառույցներույմ:

Պետդումայի նախագահն առանձնահատուկ նշել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվությունը` ընդգծելով, որ այս ոլորտում սերտ գործակցությամբ է նաեւ մեծապես պայմանավորվում այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը: Նա շեշտել է միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Պետդումայի նախագահը խորհրդարանականների անունից պատրաստակամություն է հայտնել այս մակարդակում եւս նպաստել երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Նախագահ Ս. Սարգսյանը եւս մեծապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը եւ խորհրդարանականների միջեւ առկա կապերը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր մակարդակներով ստորագրված է շուրջ 170 երկկողմ փաստաթղթուղթ, որոնց վավերացումը վերապահված է խորհրդարաններին: Նախագահի խոսքով նաեւ իրավական դաշտի ամբողջությամբ է մեծապես պայմանավորված երկու երկրների միջեւ ամենատարբեր գործակցության աշխուժացումը:

Ս. Սարգսյանը եւ Բ. Գրիզլովը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ նախագահը գրառում է կատարել Պետդումայի պատվավոր հյուրերի գրքում:

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել նաեւ Անհայտ զինվորի հուշարձանին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Սերժ Սարգսյանը զրուցել է Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, ճանաչված փորձագետների, նշանավոր մտավորականների հետ:

$$$

ՌԴ այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ի երեկոյան Մոսկվայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է.

«Նախ ցանկանում եմ ձեզ եւ ի դեմս ձեզ` ՌԴ-ում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ Հայաստանի բարեկամներին եւ գործընկերներին հաղորդել Հայաստանի ջերմ ոդջույնները: Ես նայում եմ այս դահլիճում հավաքվածներին, եւ մտածում, որ այսպիսի վառ անհատականությույնների հավաքը մեկ հարկի տակ պատիվ կբերեր յուրաքանչյուր ժողովրդի:

Դուք գիտեք, որ Ռուսաստանի հայ համայնքն առանձնահատուկ է շատ առումներով: Հայրենիքից դուրս ապրող ամենահոծ հայությունն է այստեղ: Իհարկե, ողջ Սփյուռքը հազարավոր թելերով կապված է Հայրենիքին, բայց դուք այն համայնքն եք, որի կապերը պատմական հայրենիքի հետ շատ ավելի ամուր են ու բազմաշերտ` թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական ու ազգակցական առումներով, եւ այս իրողությունները մեծապես իրենց դրոշմն են թողնում ռուսահայության եւ Հայաստանի հարաբերությունների վրա:

Վերջերս ես ավելի ու ավելի հաճախ եմ լսում Սփյուռքի ամենամեծ եւ ազդեցիկ կառույցների ղեկավարների շուրթերից, որ այսօր զգալիորեն փոխվել է Սփյուռք բառի շեշտադրումը:

Ռուսաստանի հայկական համայնքն այսօր աշխարհասփյուռ հայության կողմից դիտվում է որպես ամենամեծ, ազդեցիկ եւ լրջորեն ներգրավված համայնքը: Եւ դա, իրոք, այդպես է: Բավական է հպանցիկ հայացք նետել հենց այս լսարանին, հասկանալու համար, թե ինչպիսի նշանակալի ծավալով եւ ընդգրկվածությամբ է ներկայացված հայական Սփյուռքը Ռուսաստանի կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր ասպարեզներում:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հայկական Սփյուռքը նաեւ նվազ կազմակերպված է: Օբյեկտիվ պատճառներով այստեղ չկան խոշոր կառույցներ, լոբբիստական կազմակերպություններ, միություններ: Բայց ավելի մտահոգիչ է, որ այս հզոր համայնքը չունի համարժեք հայկական դպրոց, արդիական եւ լայն սպառում ունեցող մամուլ, մշակութային կենտրոններ: Բուհերում եւ գիտական հաստատություններում դեռեւս չունենք այնպիսի հայագիտական կենտրոններ, որոնք կկարողանային մրցակցել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում գործող այդպիսի կենտրոնների հետ:

Վստահ եմ, որ այսօր Մոսկվայի հայկական Սփյուռքը պատրաստ է ունենալու իր նոր «Լազարյան ճեմարանը», որտեղ ուսանելը պատվաբեր կհամարվի ո՛չ միայն հայազգիների համար, եւ որտեղ ուսանելու կգան հայեր ողջ աշխարհից, այդ թվում եւ Հայաստանից: Եւ դա այս դահլիճում ներկա յուրաքանչյուրիս պարտքն է: Այո, ֆինանսավորումը պետք է գա գործարար շրջանակներից, բայց մտքի, գաղափարի, հայեցակարգի, ի վերջո, այդ գործի առաջամարտիկները պետք է լինեն ներկա մտավորականները:

Իհարկե, կան ոգեւորիչ օրինակներ` հայկական եկեղեցու կառուցումը, Ռուսաստանի հայերի միության ջանքերը, «Երեւան պլազա» կենտրոնի շահագործումը, Մոսկվայի կենտրոնում հայկական ոգով տոգորված եւ Մոսկվայի ժամանակակից խորհրդանիշներից մեկը դարձած «Արարատ Հայաթ» հյուրանոցը: Բայց դա բավարար չէ: Մեր համայնքի ներուժը այս քաղաքում եւ այս հզոր երկում շատ ավելի մեծ է:

Այդ ամենը, անշուշտ, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն սկսվել դատարկ տեղից: Նրանք հիմնվում են բազմադարյան բարեկամության ու ուժեղ կապերի, մեր ընդհանուր պատմության, համագործակցության դարավոր ավանդույթների, հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների դաշնակցային մակարդակի վրա: Սա գիտակցում են բոլորը, եւ ասվածը ցույց է տալիս ռուսահայության առանձնակի դերը, որ նա կարող է խաղալ եւ շատ հարցերում արդեն խաղում է այդ հարաբերություններում:

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ: Սփյուռքի բացառիկ առաքելության գիտակցումն է մեզ հուշել ստեղծել առանձին` Սփյուռքի նախարարություն, որը կազմավորման ընթացքի մեջ է: Նպատակն այս ոլորտում մեր քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:

Մենք հավակնում ենք Հայաստանը դարձնել առողջապահական, բանկային, մտավոր ծառայությունների մատուցման, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն:

Խոսուն մի փաստ բերեմ. այսօր Հայաստանում կատարված ներդրումների ծավալով ռուսաստանյան կապիտալն առաջին տեղում է, ռուսաստանյան ներդրողներն իրենց լավ են զգում Հայաստանում: Դուք ունեք ե՛ւ տնտեսական, ե՛ւ մտավոր հսկայական ներուժ: Այդ ներուժի մի մասը պետք է փորձեք իրացնել Հայաստանում: Համոզված եղեք, որ ձեր արածը պահանջված է, որ ձեր ներդրումը կարեւոր է հայրենիքի համար: Ես երաշխավորում եմ բոլոր ներդրումների անձեռնմխելիությունը:

Աշխարհի բոլոր անկյուններում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ ցանկանում է Հայաստանը տեսնել ամուր ու բարեկեցիկ, կայուն ու բարգավաճ: Ցանկացած երկրում մեր հայրենակիցները խորհում են Հայաստանի զարգացման գործում իրենց դերակատարումն ունենալու մասին, ուզում են, որ հայրենիքից եկող լուրերը բարի լինեն: Հաջողության ու նոր նվաճումների այդ ավետիսները պետք է միասին ստեղծենք:

Վստահ եմ, որ Ռուսաստանի հայությունն աստիճանաբար կբարձրացնի կազամակերպվածության իր աստիճանը, կավելացնի հայապահպանության նպատակին ծառայող մշակութային ու կրթական օջախների թիվը, կմեծացնի ձեռնարկների քանակը:
Իմ այս լավատեսությունը հիմնված է մինչեւ այժմ արված մեր գործերի վրա:

Միաժամանակ, նաեւ վստահ եմ, որ այսուհետ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու, եւ Հայաստանը շատ ավելի գործուն է լինելու հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում:

Մինչ օրս մեծ է եղել Սփյուռքի դերը մեր պետության, մեր տնտեսության կայացման հարցում. եկել է ժամանակը, երբ Հայաստանի ավելացող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել. ո՛չ միայն Սփյուռքը դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, այլեւ Հայաստանը մեծ դեր ունի Սփյուռքի խնդիրների լուծման հարցում: Եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսուհետ սա է լինելու Հայաստան- Սփյուռք գործակցության սկզբունքը:

Սիրելի հայրենակիցներ,
Անհնար կլիներ ամփոփել այս ելույթը` առանց արագ անդրադարձ կատարելու երեք առանցքային հարցերի`
Առաջինը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է: Ես կուզեի, որ դուք ճիշտ ըմբռնեք եւ գնահատեք այն: Մի քաղաքական ուժ, որ ընտրություններից ամիսներ առաջ բացահայտ հայտարարում էր, որ չի ընդունելու ընտրությունների որեւէ արդյունք, բացի իր իսկ հաղթանակից, փորձում է քաղաքական շանտաժի միջոցով ապակայունացնել վիճակը երկրում:

Բազմիցս հայտարարել եմ, եւ դրան են ուղղված եղել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր իմ բոլոր քայլերը, որ պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարումը թուլացնելու ուղղությամբ` ընդդիմությունը հսկայական ծավալով եթեր է հրավիրվում բոլոր հեռուստաալիքների կողմից, ազատ են արձակվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել բռնություններին կամ ում մեղքի ամբողջական ապացույցները բացակայում են: Ընդարձակվել է խորհրդարանական ընդիմության իրավունքների ցանկը, ստեղծվել է դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում:

Այս քայլերն ու ջանքերը շարունակվելու են, սակայն հաջողությամբ ավարտվելու համար դրանք պետք է լինեն երկկողմ: Եւ որեւէ մեկին տրված չի կարող լինել ընտրված իշխանությունը տապալելու կոչերով, սպառնալիքներով եւ ահաբեկումներով խաթարել մեր պետականության կայունությունը:

Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը:

Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց:

Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը:

Երրորդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Դուք գիտեք, որ վերջերս կայացել են իմ բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: Մենք համաձայնեցինք շարունակել բանակցային գործընթացը հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում:

Տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ, ավարտելով խոսքս, առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության ամրապնդման, ռուսահայ համայնքի եւ մեր ժողովրդի բարօրության ու ավելի լավ ապագայի համար»:

Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչը ՀՀ նախագահին հանձնել է Համալսարանի Մեծ շքանշանը:
$$$
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ


Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահը, համակողմանիորեն ուսումնասիրելով ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները,

հենվելով Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ամուր պատմական կապերի եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ եղբայրության եւ փոխգործակցության բազմադարյա կապերի վրա, հիմնվելով 1997թ. օգոստոսի 29-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» Պայմանագրի անվերապահ կատարման եւ 2000թ. սեպտեմբերի 26-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» Հռչակագրի վրա, համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,

ընդգծելով միջազգային ասպարեզում գործունեության հետագա համակարգման եւ միջպետական հարաբերությունների բոլոր բնագավառներում սերտ համագործակցության կարեւորությունն ու նպատակահարմարությունը,

ձգտելով հասնել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու կատարելագործմանը, Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձացմանն ու առավել սերտ համագործակցությանն այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը,


հայտարարում են ներքոհիշյալի մասին.

1. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը լի են վճռականությամբ, ապա�այում եւս, խորացնել եւ ամրապնդել բարեկամությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ: Նրանք իրենց հարաբերությանները կկառուցեն լայնածավալ ռազմավարական համագործակցության հենքի վրա` փոխվստահության ոգով, ղեկավարվելով ինքնիշխանության հարգման, վեճերի խաղաղ կարգավորման եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխշահավետության սկզբունքներով:

2. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, արդի միջազգային խնդիրների նկատմամբ ունենալով համընկնող կամ մոտ դիրքորոշումներ, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունն արտաքին քաղաքականության բնագավառում` երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների եւ համաժողովների շրջանակներում` ի շահ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային չափաձեւով:

3. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու իրենց պատրաստակամությունը: Կողմերն ընդունում են Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային կառույցների աճող նշանակությունը` կոնֆլիկտների կանխարգելման եւ դրանց խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերը հավանություն են տալիս ՄԱԿ-ում անհրաժեշտ եւ իրատեսական բարեփոխումների իրականացմանը, որը նպատակ ունի բարձրացնել կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը, նրա` նոր մարտահրավերներին եւ վտանգներին հակազդելու ներուժը:

4. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ լուծման օգտին, բացառապես խաղաղ միջոցներով, արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքով, եւ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված խնդրի քաղաքական-դիվանագիտական լուծմանը:

5. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը համատեղ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով` ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդմանը եւ համագործակցության զարգացմանը:

6. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրեն Անկախ Պետությունների Համագործակցության կատարելագործման համար` նպատակ ունենալով հասնել Համագործակցության առավելագույն արդյունավետության` միաժամանակ բոլոր մասնակից պետությունների շահերը հարգելու պայմանով:

7. Կողմերն ընդգծում են Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպության նշանակությունը` որպես անդամ պետությունների անվտանգության ապահովման կարեւոր երաշխիք եւ ակտիվորեն կփոխգործակցեն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հարցում:

8. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը կզարգացնեն երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ:

9. Կողմերը մտադիր են ապագայում եւս ակտիվորեն նպաստել սպառազինության նկատմամբ միջազգային վերահսկողության գործընթացին` առանց վնասելու որեւէ պետության անվտանգությանը, ջանքեր գործադրել սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտի, ներառյալ վստահության ամրապնդման միջոցառումների եւ չտարածման ոլորտի բազմակողմ պայմանագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

10. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունն իրենց գոհունակությունն են հայտնում ահաբեկչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, այլ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում աճող երկկողմ փոխգործակցության կապակցությամբ:

11. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը առաջնահերթ նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը:


Կողմերը առավելագույնս կնպաստեն դեռեւս չօգտագործված տնտեսական ներուժի օգտագործմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, վառելիքաէներգետիկ հատվածում, տրանսպորտի եւ հաղորդակցման միջոցների բնագավառում, լեռնամետալուրգիական եւ վերամշակման բնագավառներում, ինչպես նաեւ մի շարք այլ, այդ թվում ինովացիոն ոլորտներում կոոպերացիայի զարգացմանը:

Կողմերը կաջակցեն արտաքին տնտեսական կապերի կարգավորման եւ խթանման մեխանիզմի կատարելագործմանը, այդ թվում նաեւ` Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ իրենց տնտեսավարող սուբյեկտների միջեւ:

Կողմերն ընդգծում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացման անհրաժեշտությունը:

Կողմերը կաջակցեն ֆինանսական եւ բանկային կառույցների փոխգործակցության հետագա զարգացմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրագործմանը:

12. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանդես են գալիս Կովկասում երկաթուղային եւ այլ տրանսպորտաjին ուղիների շուտափույթ վերաշահագործման օգտին եւ պատրաստ են այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:

13. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը համակողմանիորեն կնպաստեն երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա հոգեւոր — մշակութային կապերի պահպանմանը, կխորացնեն մշակույթի, գիտության, կրթության, տեղեկատվության, առողջապահության ոլորտներում փոխադարձ կապերը, կաջակցեն կազմակերպությունների եւ մշակույթի ու արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվական միջոցների միջեւ անմիջական կապերի հաստատմանը:

14. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները համոզված են, որ երկու երկրների միջեւ առկա փոխհարաբերությունների զարգացման ներկայիս փուլը բացում է դաշնակցային փոխգործակցության` բոլոր բնագավառներում կապերի առավել խորացման լայն հեռանկար` ելնելով ազգային տնտեսության եւ մշակույթի բազմակողմանի զարգացման, կովկասյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության, կայունության եւ երաշխավորված անվտանգության ապահովման շահերից:


Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի հունիսի 24-ին:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Ա. Սարգսյան

Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Դ. Ա. Մեդվեդեւ

← Վերադառնալ