12
07, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցըն Արմավիրի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ:

Այցի շրջանակներում նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել թանգարանի հազվագյուտ հավաքածուին:

Թանգարան-արգելոցի տնօրեն Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահներով, տեղեկացել ընթացիկ ծրագրերի և իրականացվող պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հետաքրքրվել թանգարան-արգելոցի խնդիրներով և վերջիններիս լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատրյանն այցելել է Լեռնագոգ բնակավայր և ծանոթացել համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոր մանկապարտեզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարության ընթացքին:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է նաև «Կարաս Վայնս» գինու գործարան, ծանոթացել վերջին տարիներին գործարանի արձանագրած հաջողություններին և ընդհանուր գործունեությանը:

Արմավիրի մարզում նախագահն այցելել է նաև «Վանանդ Ագրո» Փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնված ինտենսիվ նշի այգիներ, ծանոթացել տնտեսվարողների գործունեությանն ու առաջիկա նախագծերին, տեղեկացել առկա խնդիրներին և վերջիններիս լուծման ուղղությամբ մասնավոր հատված-տեղական իշխանություն համագործակցության արդյունքում իրականացվող աշխատանքներին:

Այցերի ընթացքում Հանրապետության նախագահը շեշտել է բիզնեսի և պետական մարմինների սերտ համագործակցության դրական ազդեցությունն ամբողջ մարզի տնտեսական ներուժի լիարժեք կյանքի կոչման հարցում:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքներն ամփոփել է Արմավիրի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինության և մանկապարտեզաշինության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի վերաբերյալ ամփոփ տվյալներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում խմելու և ոռոգման ջրի, ճանապարհաշինության և պետական սուբսիդավորման միջոցով իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզի ինչպես հրատապ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով լուծում պահանջող հիմնախնդիրների չեզոքացման ուղղությամբ երկրի բարձրագույն և համայնքային իշխանությունների ձեռնարկներին:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է հայտնել վերջին շրջանում երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև մարզում տիրող սոցիալ-տնտեսական, իրավական և ընդհանուր մթնոլորտից:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մարզային և համայնքային խնդիրների քարտեզագրման և վերհանման գործում քաղաքացիների մասնակցայնության բարձրացման խթանմանն ուղղված ջանքերը:

***

 

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արմավիր քաղաքում տեղակայված ՊՆ զորամասերից մեկը:

Ողջունելով ներկաններին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, պաշտպանունակության ամրապնդման գործում մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի բանակում ծառայողներն իրենց ուժեղ զգան, իրենց վստահ զգան և համոզված լինեն, որ երկրի իշխանության ներկայացուցիչները մի միտք, մի ծրագիր ունեն՝ ունենալ ամուր բանակ: Միայն հզոր բանակով մենք կարող ենք մեր ինքնիշխանությունն ապահովել: Մենք դառը փորձեր ունենք և այդ ամեն ինչից համապատասխան եզրակացություններ ենք արել:

Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ապրում, շատ կարևոր է, թե դուք ինչպես եք զինված: Մենք հիմա նաև մեծ բարեփոխումներ ենք իրականացնում բանակում: Դուք եք նաև այդ բարեփոխումների իրականացնողները: Մենք իսկապես պետք է կարողանանք ամեն ինչով արագ բարեփոխվենք, այդ թվում՝ մեր մտածողությամբ, մեր մարտունակությամբ, մեր պատրաստակամությամբ: Մենք պետք է արագ բարեփոխվենք, որովհետև այսօրվա ժամանակակից բանակը լրիվ այլ բովանդակություն ունի, որին մենք պետք է պատրաստ լինենք:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ և՛ սպաներից, և՛ զինվորներից, այն աշխատանքի համար, որ դուք կատարում եք, այն ծառայության համար, որ դուք իրականացնում եք: Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ, որը լիարժեքորեն կկատարի իր պարտականությունը և կապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մեկ անգամ ևս, մաղթում՝ հաջողություններ և ամենամեծ ցանկությունն, իհարկե՝ խաղաղություն»:

Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել բարձր մարտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողներին:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է զորամասում, ծանոթացել զինծառայողների սննդին, կեցության, ժամանցի և ուսումնական գործընթացի իրականացման պայմաններին:

 

← Վերադառնալ