Ներհանրապետական այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Գյումրի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված ևս երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը:
Բազմաբնակարան համալիրը նախատեսված է 50 ընտանիքի համար, որտեղ բնակություն կհաստատեն ոչ միայն 1988-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, այլև 44-օրյա պատերազմում զոհված ու հենաշարժողական հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։
Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին շահագործման էր հանձնվել ևս երկու շենք ընդհանուր 36 բնակարանով, մանկապարտեզով և չորս արվեստանոցներով։
Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին, ասել է. «Շնորհավորում եմ այս գեղեցիկ իրադարձության կապակցությամբ: Իրականում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացումը վաղուց պետք է ավարտած լինեինք: Սակայն, քանի դրանք դեռ կան, ուրեմն իշխանությունը, պետությունը, մենք բոլորս պարտավորություն ունենք, որ այդ ամեն ինչը վերացնենք, և այս շենքերի կառուցումը հենց այդ նպատակն է հետապնդում:
Մենք իրականում բոլորս միասին պետք է ապացուցենք, որ մեր ձգտումն ավելի լավ ապրել, ավելի բարեկեցիկ երկրում ապրել անքննարկելի է և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար: Անշուշտ միայն շնորհիվ մեր համախմբվածության կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, մեր հայրենակիցներին Սփյուռքում, այս շենքերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած հատկապես Կալիֆորնիա նահանգում ապրող մեր հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր օգնել են «Հայաստան» հիմնադրամին իրականություն դարձնել այս ամենը, իրականություն դարձնել շատ մարդկանց երազանքները: Կարևոր է նաև օգտակար և աջակից լինելու այն ձգտումը, որն առկա է մեր հայրենակիցների մոտ:
Մենք կառուցում ենք նաև ճանապարհներ, ներդրում ենք կատարում ենթակառուցվածքների, տնտեսության մեջ, որպեսզի մեկ անգամ ևս ցույց տանք, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է իր խնդիրները լուծել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, այդ թվում նաև մեր գործընկեր երկրներին, որոնք իսկապես սրտանց պատրաստակամ են օգնել մեզ դժվարությունները հաղթահարելու համար:
Իրականում այն, ինչ տեղի է ունենում հիմա, նկատի չունեմ կոնկրետ այսօրվա իրադարձությունը, այլ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության շուրջ՝ ապացույցն է նրա, որ մենք իսկապես ուզում ենք ինքնուրույն ապրել, ինքնիշխան ապրել և մեր հնարավորություններով, մեր միջոցներով, մեր աշխատանքով մեր երկիրը զարգացնենք:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան» հիմնադրամին և բոլոր բարերարներին: «Հայաստան» հիմնադրամը 1992 թվականից սկսած ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում, առավելապես այնպիսի գործեր է արել, որոնք կարող էր անել միայն հիմնադրամը՝ շնորհիվ իր բարերարների: Կցանկանայի նաև, որ «Հայաստան» հիմնադրամի հետագա գործունեությունը ներառեր ավելի շատ կրթական, մշակութային, ստեղծագործական ծրագրեր: Այս շենքերի կառուցման գաղափարի մեջ կա նաև արվեստ և մշակութային ուղղվածություն: Այս միտքը ներդրվել է շենքերի կառուցման հիմքում, որովհետև հաշվի ենք առել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք Գյումրիում, որը մեր մշակութային, մեր գեղարվեստական ճաշակի ձևավորման կենտրոնն է:
Ես ուրախ եմ, որ Գյումրին վերականգնում է իր նախկին համբավը, որն ուներ երկար տարիներ: Վստահ եմ, որ գյումրեցիների, նաև գյումրեցիների աջակիցների շնորհիվ Գյումրին իսկապես կդառնա այն մեր երազած քաղաքը, որը մենք ուզում ենք ունենալ, որն հիմա վերագտնում ենք:
Շնորհավորում եմ բոլորին և մաղթում հաջողություններ, նոր ձեռքբերումներ և, իհարկե, խաղաղություն»:
Բնակելի շենքերի բացման արարողությունից հետո նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: