13
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:

Կենտրոնի հիմնադիրը նախագահին է ներկայացրել դպրոցում ստեղծված արվեստանոցային պայմանները, կատարվող աշխատանքները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև դպրոցում իրականացվող տարբեր միջոցառումները։

Նախագահը շրջայց է կատարել նաև Կողբ գյուղի արվեստի դպրոցի հարևանությամբ կառուցվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դեռևս շինարարական փուլում գտնվող տարածքում, որտեղ կենտրոնի գործառնական բաժնի ղեկավար Թերեզա Քարիմյանը ներկայացրել է ապագա ծրագրերն ու աշխատանքները։

***

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։

«Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ ապրելու, ստեղծագործելու, զարգանալու հնարավորություն ընձեռելով։

Վստահ եմ՝ այս գիտակցումով եք դուք իրականացնում ձեր ծառայությունը։ Վստահ եմ՝ այս գիտակցումով է զորամասի հրամանատարությունը ձեզ առաջնորդում և դաստիարակում՝ որպես իսկական զինվորներ, ովքեր ցույց են տվել իրենց մարտունակությունը: Համոզված եմ, որ դուք կատարում եք այն կարևորագույն խնդիրը, որը ձեր առջև դրված է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանումն է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության պահպանումն է։

Ողջունում եմ ձեզ ևս մեկ անգամ, մաղթում հաջողություններ, բարի և խաղաղ ծառայություն»։

Այնուհետև Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։

«Շատ պատասխանատու գործ եք անում, և որպեսզի կարողանաք այդ գործը հաջողությամբ անել, առաջին հերթին, պետք է պրոֆեսիոնալ պատրաստակամություն ունենաք, ձեր գործը լավ իմանաք։ Սա և՛ զինվորական կյանքում է շատ անհրաժեշտ, և՛ նաև քաղաքացիական։

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Իմ խնդրանք է ձեզ՝ ջանք ու եռանդ մի խնայեք, շատ սովորեք, այն ինչ ձեզ սովորեցնում են՝ ավելի հարստացրեք և զարգացրեք ձեր հմտությունները»,- իր խոսքում մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։

***

 

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը:

Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ այցելել է Բերքաբեր գյուղ։ Գյուղի կենտրոնում՝ համայնքապետարանի բակում, Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով Հանրապետության նախագահին է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանի և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։ Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել գյուղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։

Նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։ Տեղում դիմավորել է ֆերմայի տնօրեն Սուրեն Կևորկյանը։ Շրջայցից հետո նախագահը մեծապես կարևորել է այն գործը, որն իրականացվում է։

***

 

Տավուշի մարզպետարանում Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել նախատեսված ծրագրերի ու դրանց արդյունավետ իրականացման շուրջ:

 

 

← Վերադառնալ