19
04, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ։

Նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:

Հանրապետության նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար, -ասել է Հանրապետության նախագահը և բոլորին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթել։ -Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին:

Բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաև ապրուստը հոգալու խնդրի առջև։ Նրանք առանձնացրել են նաև ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։

Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի և համայնքի մեջ մտնող Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:

Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

***

 

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Սյունիք այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-ասել է նախագահը։

Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախագահական ինստիտուտի կողմից խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները։

Պատասխանելով հնչած հարցերին և անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:

***

 

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Նախագահ Սարգսյանին դիմավորել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Նախագահը մոմ է վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների և կամավորականների հիշատակին։

***

 

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: «Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն»։

Այնուհետև նախագահ Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։

Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել:

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

***

 

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։

Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց բնակավայրերի խնդիրները՝ առաջնահերթ են համարել անվտանգության ապահովման հարցը։ Նշվել է, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։

Անդրադառնալով նշված հարցերին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն իրենց հողում։ «Մտածեք, առաջարկություններ արեք, դուք ինքներդ ավելի լավ կիմանաք, թե ինչ տեսակի գործունեություն է հնարավոր իրականացնել ձեր համայնքներում,-ասել է նախագահը։ -Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել, գտնել ուղիներ ու միջոցներ»։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև այցելել են Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Այստեղ ևս թե՛ բնակիչները, թե՛ բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները: Նրանք նաև ընդգծել են, որ ներկայումս սահմանամերձ համայնքները մեծ ուշադրության կարիք ունեն. «Հայաստանն սկսվում է հենց Ներքին Հանդից»,-ասել է տեղացիներից մեկը։

Արձագանքելով այդ դիտարկմանը՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ լիովին համաձայն է այդ տեսակետին և բազմիցս բարձրաձայնել է այդ մասին․ «Մեր խնդիրներից մեկն այն է, որ մտածում ենք, թե Հայաստանը Երևանն է։ Ոչ միայն Երևանում ենք ապրում, այլև չենք էլ այցելում մարզեր»։

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահը ցավով է արձանագրել, որ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է: Սահմանազատման խնդիրների մասին խոսելով՝ նախագահը նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավված լինեն մասնագետներ, ինչպես նաև՝ համայնքների բնակիչներ։ «Շատերդ ունեք փաստաթղթեր, որոնք կարող են վկայել, որ այս արոտավայրը, այս արտը կամ այս այգին ձեր սեփականությունն է եղել, և այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեք մարդու իրավունքների պաշտպանին,-ասել է նախագահը։ -Բացի միջկառավարական պայմանագրերից, քարտեզներից և մնացած բոլոր բանակցային գործընթացներից՝ կան նաև մարդու իրավունքներ»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով. «Մենք պետք է արձանագրենք ու ցույց տանք իրավական խախտումները, ապօրինությունները, դրանք կարևոր են նաև հետագայի համար»։

Պատասխանելով բնակիչների՝ նախագահական ինստիտուտի կողմից իրենց աջակցելու հնարավորությունների մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է անել ամեն ինչ, և համայնքներ այցելելն ու խնդիրներին անմիջապես տեղում տեղեկանալն այդ նպատակն ունեն: «Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում,-ընդգծել է նա։ -Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի»։

Հանդիպումների ընթացքում առաջարկվել է խնդիրները ձևակերպած ու ամբողջացված ներկայացնել Հանրապետության նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ նրանց իրավասության շրջանակում աջակցության հնարավորությունները քննարկելու համար:

***


Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։

Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հանդիպել բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում տարբեր, բայց ինչ-որ առումով նաև նույնատիպ են։ «Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում,-ասել է նախագահը: -Այդ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Անվտանգության խնդիրը հստակ պատկեր ունի՝ ադրբեջանցի զինվորներն են կամ նրանց դիրքերը, դրոշները կամ ցուցատախտակները։ Իրականում անվտանգության բացակայության խոր զգացողություն կա։

Եկել եմ այստեղ նախ և առաջ ձեզ լսելու, գյուղացիներին լսելու, տեսնելու, թե ինչով կարող եմ ես կամ նախագահի ինստիտուտն օգնել։ Անհատների կարծիքը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է համակարգված, ձևավորված կարծիքն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են և ղեկավարում են»։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցելել են նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև օդանավակայանի գործարկման հետ կապված, այդ թվում՝ անվտանգության խնդիրներին։

***

 

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանում։

Հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած նախորդ այցերից մեկի ժամանակ եղել էր թանգարանում, տպավորվել նրա առանձնահատուկ միջավայրով, ևս մեկ անգամ ծանոթացել Բակունցի ժառանգությանը: Նա տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանին խոստացել էր կրկին այցելել մշակութային օջախ, և հերթական այցելության ժամանակ նախագահը թանգարանին է նվիրել իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած գրքերի օրինակներ, ինչպես նաև տնօրենից հետաքրքրվել է թանգարանի վիճակով, իրականացվող աշխատանքներով ու մասնավորապես այցելություններով:

 

← Վերադառնալ