05
10, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:


 

← Վերադառնալ