29
04, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի մի քանի համայնքների հիմնանորոգված կամ կառուցման ընթացքում գտնվող կրթական, մշակութային հաստատություններ, որտեղ իրականացված աշխատանքների զգալի մասը նախատեսված է եղել ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ծանոթացել է Ազատան գյուղի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներում իրականացված աշխատանքներին, այս հաստատություններում ստեղծված պայմաններին:

Նախագահն այցելել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Աշոցք գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ: 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2011թ. հուլիսին, նախատեսվում է ավարտել 2013թ. մայիսին:

Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված այս կենտրոնի պայմաններին, իրականացված աշխատանքների որակին:

Գյումրու վերակառուցված մարզադաշտում Հանրապետության նախագահը դիտել է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև ս.թ. ապրիլի 7-ին Գյումրու «Մուշ-2» թաղամաս իր նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, զրուցել նորակառույց այդ թաղամասում բնակարաններ ունեցող շահառուների հետ:

Գյումրիում Նախագահին զեկուցվել է նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող շինարարության ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքների ընթացքին ևս: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել այդ կապակցությամբ ՀՀ կառավարության և «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերության միջև երկարաժամկետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

← Վերադառնալ