Ներհանրապետական այցեր
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց ներկայացուցիչների հետ
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:
Ավանդական դարձած ամենամյա այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփում են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, քննարկում ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Այսօրվա հանդիպմանը կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես հանրապետության ներքին կյանքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության մեծացմանը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին: