07
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Արմավիրի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Այգեկ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել շենքում, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին:

Արմավիրում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի մի շարք ընկերություններ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են այդ ընկերությունների ընթացիկ աշխատանքն ու ներդրումային ծրագրերը: Նախագահը, մասնավորապես, եղել է Արևշատ համայնքում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, որտեղ արտադրական հզորությունների ավելացման նպատակով կառուցվում է մսատու թռչնի մայրական հոտի աճեցման և պահպանման համալիր, իսկ ս.թ. մարտին արդեն շահագործման է հանձնվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նոր կիսաֆաբրիկատների արտադրամասը:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում Հանրապետության ղեկավարն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջել ծաղկաբույսերի և սնկի աճեցման արտադրամասերում, ծանոթացել ջերմատների կառուցման աշխատանքներին:

«Բիգա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, կառուցել կոմպոստի արտադրության գործարան, որը լինելով միակը տարածաշրջանում` սունկ արտադրողներին կապահովի սնկի աճեցման համար պատրաստվող հումքով` կոմպոստով: Ընկերության ծրագրերի մեջ է նաև սնկի արտահանումը այլ երկրներ:

«Ամստեր Ֆլաուերս» ընկերության և հոլանդական «Ammerlaan Construction» ընկերության միջև 2010թ. կնքված պայմանագրի համաձայն, «Ամստեր ֆլաուերս»-ը նոր տեխնոլոգիաներով կառուցվելիք ջերմատներում նախատեսում է բարձր համային և որակական հատկանիշներով բանջարեղենի` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցում: Ընկերությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսված է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ առաջին բերքն ստանալ` հոկտեմբերի վերջին: Ներդրումների ընդհանուր չափը 1 մլն. 200 հազար եվրո է:

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Շենիկի ինքնահոս համակարգի գործարկմանը, որի շնորհիվ Տալվորիկ համայնքի ջրօգտագործողներն ապահովվում են ոռոգման ջրով: Նշվել է, որ նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի: Համաշխարհային բանկի և Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, և ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի հիմնական աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը:

Մարզի Արաքս համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:

← Վերադառնալ